Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ագուերոն պոկեր է անում, Ռոնալդուն՝ հեթ տրիկ, իսկ «Բարսելոնում» գոլային երաշտ է

Ագուերոն պոկեր է անում, Ռոնալդուն՝ հեթ տրիկ, իսկ «Բարսելոնում» գոլային երաշտ է
13.02.2018 | 08:27

Այսօր «Բազել»-«Մանչեստր Սիթի», «Յուվենտուս»-«Տոտենհեմ», վաղը՝ «Պորտու»-«Լիվերպուլ», «Ռեալ»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայություններով մեկնարկում են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղերը: Անցած հանգստյան օրերի մրցակցություններին այս ինֆորմացիայով անդրադառնալը բնավ էլ պատահական չէ: Մենք այդ հանդիպումների տեսությունով պարզապես փորձում ենք հուշել նաև, թե Չեմպիոնների լիգայի փլեյօֆյան փուլին մասնակցող թիմերը պատրաստվածության ինչ մակարդակում են՝ միաժամանակ հստակ գիտակցելով, որ անհամեմատելի են անհամեմատելիները:

ԱՆԳԼԻԱ
«Մանչեստր Սիթի»-«Լեստեր» դիմակայության առաջին խաղակեսը կողմերին հաշվի մեջ չի բերել առավելություն (Սթեռլինգի գոլին գոլով պատասխանել է Ջեյմի Վարդին, որն իրավամբ ձեռք է բերել «մարդ-գոլ» անվանումը), սակայն երկրորդում «քաղաքաբնակներից» գոլային առանձնակի անկշտությամբ է աչքի ընկել Սերխիո Ագուերոն՝ դառնալով պոկերի հեղինակ, ձեռքի հետ էլ ձևակերպելով մրցակցության վերջնական հաշիվը՝ 5:1: «Սիթին» ունի 72 միավոր, ինչը փետրվար ամսվա համար գերազանց արդյունք է:
«Նյուքասլի» նկատմամբ «Մանչեստր Յունայթեդի» հաղթանակը թիմին ավելի մեծ վստահություն կհաղորդեր արծաթե մեդալների համար պայքարում, սակայն շատ ավելի համեստ չափանիշներով առանձնացող տանտերերը զսպաշապկեցին Ժոզե Մոուրինյոյի գայլային ախորժակը՝ պարտադրելով համակերպվել պարտության մտքի հետ՝ 1:0: «Յունայթեդի» այս պարտությունն ավելի քան տեղին եղավ արտագնայում «Սաուտհեմպտոնի» նկատմամբ հաղթանակ տոնած (2:0) ու 54 միավորով երրորդ տեղում հայտնված «Լիվերպուլի» համար, որն արդեն երկու միավորով է հետ նրանից:
«Տոտենհեմի» հետ «Արսենալն» ունեցավ ծանրագույն մրցակցություն: Արձանագրվել է ընդամենը մեկ գոլ, սակայն հարկ է խոստովանել, որ Մոուրիսիո Պոչետինոյի սաները հյուրերին գերազանցել են ամեն ինչով: Հաղթանակը «Տոտենհեմի» շանսերն էականորեն բարձրացրեց մեդալների համար պայքարում (52 միավոր), իսկ ներքին առաջնության առումով ընթացիկում «զինագործները», ամենայն հավանականությամբ, կկենտրոնանան եվրագոտում մնալու վրա:
«Չելսի»-«Վեստ Բրոմվիչ» դիմակայությունը կայացել է երեկ: Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեի սաների ակտիվում էր 50 միավոր: Հաղթանակը նրան մեկ քայլի առաջընթացի հնարավորություն կտար, սակայն դա բավարար չէր լինի առաջին եռյակ ներխուժելու համար:


ԳԵՐՄԱՆԻԱ
«Շալկեն» համառեց, սակայն «Բավարիան» հյուրերին թույլ չտվեց միավոր վաստակած հեռանալ Մյունխենից (2:1), իսկ բավարացիների գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն այսուհետ պարտադրված է համակերպվելու այն մտքի հետ, որ Ռոբերտ Լևանդովսկին կրկնեց նրա տասնամյակների հնություն ունեցող ռեկորդը՝ ընթացիկի տնային հանդիպումներում չի եղել գեթ մի խաղ, որ Լևանդովսկին դաշտից հեռանա առանց դարպասի գրավման: Այս հաղթանակը «Բավարիային» ավելի ու ավելի շատ մոտեցրեց չեմպիոնական մեդալներին (56 միավոր), իսկ «Շալկեին» մղեց արդեն վեցերորդ հորիզոնական: Ահա թե ինչ է նշանակում կարևորագույն այս փուլում իրար վրա կրած երկու պարտությունը:
«Լայպցիգը» տնային խաղում երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Աուգսբուրգին»՝ 38 միավորով շարունակելով ամրագրած պահել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ առաջնությունում բավական վատ հանդես եկող «Համբուրգի» նկատմամբ սեփական հարկի տակ Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակը (2:0) վերջինիս նորից տեղ ապահովեց առաջին եռյակում (37 միավոր):
Գոլային առումով նկատելիորեն աշխույժ խաղ արձանագրվեց Ֆրանկֆուրտում, որտեղ տեղի «Այնտրախտը» հյուր եկած «Քյոլնի» հետ համատեղված ուժերով վեց գոլ հեղինակեց՝ լուսատախտակի վրա, ի վերջո, ֆիքսելով տանտերերի համար հաղթական 4:2 հաշիվը, ինչն էլ թիմին 36 միավորով հնարավորություն տվեց բարձրանալու բունդեսլիգայի չորրորդ հորիզոնական:
35 միավորով (հինգերորդ տեղ) եվրագոտում է սեփական հարկի տակ 0:2 հաշվով «Հերտային» զիջած «Բայերը»:

ԻՍՊԱՆԻԱ
Մադրիդի ու Սոսիեդադի «Ռեալների» դիմակայության հաշիվը կարող էր հենց այդպիսին էլ լինել՝ 2:2, եթե մի պահ «արքայականի» խաղում բացառենք Ռոնալդուի ներկայությունը, իսկ գոլային առումով այն եղել է ավելի քան ծանրակշիռ՝ պորտուգալացին դարձել է հեթ տրիկի հեղինակ:
«Ռեալի» հաղթանակը կարող էր սպառնալ «Վալենսիայի» դիրքերին, եթե վերջինս նույնպես հաղթանակով չավարտեր հանդիպումը «Լևանտեի» հետ: Վալենսիացիները դա արեցին ի հաշիվ խփած-բաց թողած գնդակների 3:1 հարաբերության: Այնպես որ, թիմերը 43 և 42 միավորով երրորդ-չորրորդ հորիզոնականներում են: Նկատենք, որ «արքայականի» ակտիվում պակաս անցկացված խաղ կա:
Տուրում համեստագույն հաշվով հաղթանակներով են բավարարվել «Աթլետիկոն» ու «Սևիլիան»: Արտագնայում մադրիդցիները գերազանցել են «Մալագային», անդալուզցիները սեփական հարկի տակ առավել են եղել «Ժիրոնայի» նկատմամբ: Ի դեպ, վերջիններս խաղավարտին մոտ 11-մետրանոցի հնարավորություն են ստացել, սակայն չեն կարողացել արդյունավետ իրացնել:
Անակնկա՞լ է, թե՞ ոչ՝ տնային խաղում «Վիլյառեալը» զիջել է «Ալավեսին»՝ 1:2:
Ինչ վերաբերում է «Բարսելոնին», ի դեմս «Խետաֆեի» այն ունեցավ բացառիկ համառ մրցակից՝ 0:0: Արդարությունը պահանջում է ասել, որ այդ օրը հյուրերի դարպասապահը, երևի, անցկացրեց իր կյանքի լավագույն խաղը, ու եթե թիմը տուն է դառնում միավոր վաստակած, դրանում անկշռելի է Գուաիտայի վաստակը:
59 միավոր ունեցող «Բարսելոնն» արդեն յոթ միավորով է առաջ «Աթլետիկոյից»: Երրորդ-չորրորդ հորիզոնականներում գտնվողների և ունեցածի մասին արդեն վերն ասել ենք՝ 37 միավորով հինգերորդ տեղում «Վիլյառեալն» է, նրանից մեկով պակաս ունի «Սևիլիան»:

ԻՏԱԼԻԱ
«Նապոլի»-«Լացիո» դիմակայությունը հյուրերի երկրպագուների համար սկսվել է շատ ուրախ ու ավարտվել տխուր նոտաներով, քանի որ նեապոլցիները չեն երկնչել արագ ընդունած գոլից, վերախմբավորվել են ու ծանրագույն հարված հասցրել նրան՝ 4:1: Արդեն որերորդ տուրն է, որ մեկ օր առաջ հանդես եկող «ծեր սինյորան» տանում է հաղթանակ՝ բարձրանալով առաջին հորիզոնական (հերթականում հյուր գնացած «Յուվենտուսը» 2:0 հաշվով պարտության է մատնել «Ֆիորենտինային») ու հաջորդ օրը պարտադրված նահանջում երկրորդ հորիզոնական, քանի որ «Նապոլին» նույնպես հաղթանակով է պատասխանում իր հետ չափ մտնողներին: Նեապոլցիներն ունեն 63, թուրինցիները՝ 62 միավոր: «Լացիոն» մնացել է ունեցած 46-ով:
Վերջին ութ խաղի տարբեր աստիճանի փորձություններից հետո վերջապես կարողացավ իր երկրպագուներին ուրախացնել «Ինտերը»՝ սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասնելով «Բոլոնիայի» նկատմամբ ու 48 միավորով բարձրանալով երրորդ հորիզոնական:
«Ռոման» խոշոր հաշվով հաղթանակ է տոնել «Բենևենտոյի» հետ դիմակայությունում (5:2) և 47 միավորով հանգրվանել չորրորդ հորիզոնականում:
«Վերոնայի» նկատմամբ «Սամպդորիայի» 2:0 հաշվով տնային հաղթանակը անփոփոխ է պահել սկուդետեում նրա ունեցած դիրքը՝ վեցերորդ տեղ, 41 միավոր:


ՖՐԱՆՍԻԱ
«Պարի Սեն Ժերմենը» տարավ հերթական հաղթանակը, սակայն զարմացնողն այն է, որ այն մեկ անգամից ավելի չկարողացավ գրավել «Թուլուզի» դարպասը, որքան էլ խաղն արտագնա էր:
Որքան էլ «Անժն» ունի ծանր մրցակցի համարում, մասնավորապես՝ սեփական դաշտում, այդուհանդերձ, «Մոնակոն» չորս անպատասխան գնդակով ավարտեց բրետանյան իր վոյաժն ու մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական, քանի որ «Սենտ Էտիենի» հետ արտագնա մրցակցությունում «Մարսելը» բավարարվել էր մեկ միավոր վաստակելով՝ 2:2:
Սակայն դիվիզիոնի հերթական տուրի ամենախոշոր անակնկալի հեղինակը դարձավ Լիոն մեկնած «Ռենը», որը վերցրեց ու ամբողջ երեք միավոր կորզեց տեղի համանուն թիմից՝ 2:0:
«Պարի Սեն Ժերմենն» ունի 65, «Մոնակոն»՝ 53, «Մարսելը»՝ 52, «Լիոնը»՝ 48 միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ