Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ-բուլղարական բանակցություններ Երևանում

Հայ-բուլղարական բանակցություններ Երևանում
13.02.2018 | 09:01

Հայաստանի նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ, ապա երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացման փաստաթղթերի ստորագրման արարողություն: Ստորագրվել են գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության, աշխատանքային միգրացիայի կանոնակարգման, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության համաձայնագրերը, մշակույթի բնագավառում 2018-2020 թթ. համագործակցության գործնական ծրագիրը:


Նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով, պատասխանել են լրագրողների հարցերին: «Վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-բուլղարական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ»,- ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով. «Այդ հանձնառության վկայություններն են նաև քիչ առաջ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ստորագրված փաստաթղթերը, որ համալրելու են մեր երկրների միջև 50 համաձայնագիր ներառող հարուստ իրավապայմանագրային դաշտը»։ «Շնորհավորեցի իմ հարգարժան գործընկերոջը ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ ԵՄ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, ուստի սա ևս մի ուղղություն է, որտեղ հայ-բուլղարական փոխգործակցությունը խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Հույս հայտնեցի, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը, ի թիվս այլ հարցերի, առաջընթաց կարձանագրի նաև Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում»,- նշել է Սերժ Սարգսյանը:


«Քննարկեցինք տնտեսական ոլորտի հարցերը․ գոհունակությամբ փաստեցինք, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել: Միաժամանակ, ներուժը շատ ավելին է, և պետք է աշխատենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, շատ տարբեր ոլորտներում և, իհարկե, հաղորդակցության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Գոհունակությամբ արձանագրեցինք նաև բուլղար գործարարների հետաքրքրության աճը Հայաստանում ընդլայնելու տնտեսական հնարավորությունները․ խոսքս թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության, ՀՀ-ԵՄ համագործակցության նոր դաշտի մասին է, թե երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող հնարավորությունների: Երկուստեք նշեցինք մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների խրախուսման կարևորությունը»,- ասել է Հայաստանի նախագահը: Նշելով, որ անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Սերժ Սարգսյանը փոխանցել է․«Այդ կապակցությամբ ես նշեցի, որ մեզ համար չափազանց կարևոր է մեր գործընկերների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող գործընթացին, ինչը համահունչ է նաև ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը։ Կարևորում ենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ամրագրում է ԵՄ լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը և նրանց առաջարկած կարգավորման սկզբունքներին»։ Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ հայ-բուլղարական քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը ավելի կընդլայնվեն և կզարգանան: «Ես նաև վերահաստատեցի իմ հրավերը պարոն նախագահին՝ աշնանը մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, և իհարկե, մեծ հաճույքով ընդունեցի պարոն նախագահի հրավերը՝ այցելելու բարեկամ Բուլղարիա»,- ասել է Սերժ Սարգսյանը:


«Իմ այցի նպատակը ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի վրա գտնվող մեր շփումների ակտիվացումն է, այլև քննարկելը շահագրգիռ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը: Մեզ համար կարևոր է, որ մի շարք ոլորտներում մենք որոշակի առաջընթաց ունենանք: Դրա համար մեր պատվիրակության մեջ կան շատ ներկայացուցիչներ` և գործարար համայնքից, և խորհրդարանից: Մեր ժողովուրդները մեզնից ակնկալում են ավելի սերտ և արդյունավետ համագործակցություն»,- հայտարարել է Բուլղարիայի նախագահը: «Համարում ենք, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը բավարար չէ: Մենք կարող ենք ավելի բարձր մակարդակի հասցնել և առավել ընդլայնել ոլորտները: Գոհունակությամբ ուզում եմ ասել, որ այսօր առավոտից սկսեցինք աշխատել. փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներն ու գործատուներն արդեն աշխատում են միմյանց հետ, և որքան ինձ հայտնի է՝ պայմանավորվածություն են ձեռք բերել հունիսին Բուրգասում անցկացնելու մեծ գործարար համաժողով, որին ներկա կլինեն մեր երկու երկրների գործարարները: Այդ այցի ժամանակ հուշագիր կստորագրվի երկու երկրների գործատու կազմակերպությունների միջև, որը մեծ առաջընթաց է»,- փոխանցել է Ռումեն Ռադևը: «Հայաստանի նախագահի հետ միասին մենք ընդհանուր դիրքորոշում ունեցանք, որ մեր երկրները ռազմավարական նշանակություն ունեն, ուստի մենք պետք է արդյունավետ օգտագործենք մեր այդ նշանակությունը՝ օգտագործենք Պարսից ծոց-Սև ծով ուղղությամբ բազմամոդել միջանցքի առկայությունը մեր փոխհարաբերությունների զարգացման գործում: Այդ կապակցությամբ ողջունում եմ պարոն Սարգսյանի գաղափարը՝ կազմակերպելու այս հարցում շահագրգիռ բոլոր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում»,- նշել է Բուլղարիայի նախագահը: Նա շատ կարևոր է համարել համաձայնագրերի ստորագրումը, «հատկապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ստորագրած աշխատանքային միգրացիայի վերաբերյալ համաձայնագիրը»: «Մենք ողջունում ենք ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, դա մեծ հնարավորություն է տալիս, որ մեր երկու պետությունների տնտեսությունների միջև ավելի զարգանան տնտեսական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը»,- ասել է Ռադևը: «Մենք խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, որը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Ես ուզում եմ ընդգծել, որ Բուլղարիան հայտարարեց իր ամենակարևոր գերակայություններից մեկը՝ Արևմտյան Բալկանների հարցը մեր նախագահության ընթացքում: Բայց Բուլղարիան հանձնառու է Արևելյան գործընկերության ծրագրի կատարման, Սևծովյան տարածաշրջանի և Կովկասի զարգացման գործում»,- հայտարարել է Բուլղարիայի նախագահը: Ռումեն Ռադևը շեշտել է, որ «հայկական համայնքը Բուլղարիայում ոչ միայն պահպանել է իր ազգային ինքնությունը, այլև լավ և արդյունավետ ինտեգրված է Բուլղարիայի հանրությանը, ներկայացված է մշակութային և գիտական կյանքում: Կենդանի կամուրջ է երկու պետությունների միջև, որը մենք պետք է ամրացնենք»,- ասել է նա:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ