Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանի դեսպանը խոսեց բաց, բայց ի՞նչ ասաց

Իրանի դեսպանը խոսեց բաց, բայց ի՞նչ ասաց
13.02.2018 | 09:14

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իրանագիտության դասասենյակի բացումից հետո Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին փաստացի հանպատրաստից ասուլիս է տվել երեկ` պատասխանելով լրագրողների հարցերին: Թերևս դեսպանը իրականում շատ ասելիք է ունեցել, այլապես բոլոր հարցերին էլ կարող էր տալ հույժ դիվանագիտական` երկարաբառ ու ոչինչ չասող պատասխաններ: Սեյեդ Քաջեմ Սաջադին խոսել է հայ-իրանական օրակարգի համարյա բոլոր հարցերի մասին, այնուամենայնիվ փակագծում թողնելով իրական պատասխանները: Օրինակ նա ասել է, որ Իրանը պատրաստ է գործարկել Հայաստան-Իրան երկաթգիծը. «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, և մենք պատրաստ ենք գործարկել երկաթգիծը: Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել»:

Հյուսիս-հարավ մայրուղու վերաբերյալ՝ նորից կարևորել է համատեղ ներդրումները. «Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»: Մեղրու հիդրոէլեկտրակայանի մասին` «Մեղրու ՀԷԿ-ը հունվարի վերջին պետք է գործարկվեր: Առաջիկայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որ փորձի նաև այս ծրագիը վերջնական տեսքի բերել: ՈՒշացման պատճառը մենք չենք եղել: Մեղավորը ընկերություններն են՝ Հայաստանի կառավարությունն էլ մեղավոր չէ: Կառավարությունները միշտ լավ աշխատում են»: Պայմանավորվածության համաձայն, Իրան արտահանվելիք էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը գազ կստանա: Դեսպանն ասել է, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին: «Մենք այս հարցը քննարկում ենք, և ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք: Եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա, կարծում եմ, շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի, որ Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն»,- ասել է Սեյեդ Քաջեմ Սաջադին: Նրա գնահատականով` Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտում շատ լավ համագործակցում են: «Մենք ծրագրում ենք SUAP-ի շրջանակներում ևս համագործակցություն ձևավորել»` ասել է դեսպանը: Իրան- Հայաստան 400 կվ երրորդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից հասցնել 1000 ՄՎտ-ի:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ` դեսպանն ասել է. «Մենք միշտ եղել ենք և հիմա էլ խաղաղության կողմնակից ենք, մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ և թույլ չենք տա, որ այլ երկրներ ոտնձգություններ կատարեն ու խարխլեն մեր հարաբերությունները»: «Դուք էլ չպետք է թույլ տաք, որ այն խաղաղ կյանքը, որ հաստատվել է ձեր երկրում, խարխլվի»,- ասաց նա՝ հավելելով. «Այն իրանցին, որ այցելում է Հայաստան, խաղաղ իրավիճակի համար է այցելում: Եթե դա չլինի, բնականաբար, իրանական կողմին ընդունելու հնարավորություն չէիք ունենա»: Առաջարկին, որ Իրանը կարող է օգտվել ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցությունից, դեսպանը առարկել է` Իրանը որևէ շոշափելի բան չի նկատել: «Եթե դուք նկատել եք, մեզ տեղեկացրեք»:


Այսքանը դեսպանի պատասխանների մասին: Հիմա հարցերի, որ առաջացնում են նրա պատասխանները.
1. Իրանը պատրաստ է գործարկել Իրան-Հայաստան երկաթգիծը, Հայաստանը պետք է ներդրողին ներկայացնի: Շատ լավ, իսկ ի՞նչ է «ներկայացնում» Իրանը:

2. Հյուսիս-հարավ մայրուղու վերաբերյալ՝ «Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»: Այսինքն` Թեհրանը մտավախություն ունի, որ Հայաստանին մայրուղին պետք չէ՞, կամ` Հայաստանն ազատ չէ՞ իր ցանկությունների մեջ:
3. Մեղրու հիդրոէլեկտրակայանի մասին` «Մեղավորը ընկերություններն են», ի՞նչ ընկերություններ և ինչու՞մ են մեղավոր:
4. Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին: Ի՞նչ է նշանակում «հարմար գին»: Ավելի էժա՞ն, քան ռուսական գա՞զն է: Հայաստանի տարբեր պաշտոնյաներ միշտ ասում են, որ Իրանի առաջարկած գազն ավելի թանկ է: Այդպե՞ս է, թե՞ ոչ: Կարո՞ղ էր դեսպանը գին ասել: Մոտավոր: Թե՞ դա կոմերցիոն գաղտնիք է:
5. Ի՞նչ է նշանակում` «Եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա, կարծում եմ, շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի, որ Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն»: Ակնարկ է Մոսկվայի՞ն, որ արգելակում է էներգետիկ ոլորտում «աշխուժանալը» և հատկապես աշխատատեղերի ստեղծումը:
6. Ի՞նչ է նշանակում «Թույլ չենք տա, որ այլ երկրներ ոտնձգություններ կատարեն ու խարխլեն մեր հարաբերությունները»: Ակնարկ Իսրայելի՞ն, ուր ԱԳ նախարարից հետո Գագիկ Մինասյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունն է մեկնել, թեև ծրագրում, կարծես, հանդիպումների առատություն չկա: Իսկ Իրան-Ադրբեջան հարաբերություննե՞րը:
7. Դե իսկ ԵԱՏՄ-ի մասով դեսպանը խոսել է բաց` Իրանը որևէ շոշափելի բան չի նկատել: «Եթե դուք նկատել եք, մեզ տեղեկացրեք»: Սա արդեն կոնկրետ է, բայց իրականում հասցեատերը Երևանը չէ, այլ` Մոսկվան: Գուցե նաև Կարեն Կարապետյանը, որ Դավոսում ում տեսնում էր` խոսում էր Մեղրու ազատ առևտրի գոտու ու ԵԱՏՄ-ի հնարավորությունների մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նուրբ ու բարդ է արևելյան դիվանագիտությունը: Պարսկականը` հատկապես: Իրանի ներկա վիճակում` առանձնապես: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական քաղաքականությունը վտանգում է 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը, որով Իրանը կարողացավ մասնակի ազատվել պատժամիջոցներից ու տնտեսության արդիականացման խնդիր դնել: Առայժմ ԵՄ-ն ու ՌԴ-ն դիմադրում են, բայց Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս կգա համաձայնագրից, եթե ԵՄ-ն նոր համաձայնագիր կնքելու հարց չբարձրացնի: Հավելեք, որ Սիրիայի հարցում ևս Ռուսաստան-Իրան-Թուրքիա ալյանսի գոյությունն ու գործունեությունը սկսում են ճաքեր տալ: ԱՄՆ-ը ու Իսրայելը դեմ են Իրանի ներկայությանը Սիրիայում, ու այդ խնդիրը դառնում է առաջնահերթ փոխհարաբերությունների օրակարգում:
Իրանն ակնկալում է Հայաստանի աջակցությու՞նն ունենալ ինչ-որ հարցերում, չեզոքությու՞նը, թե՞ հայտնում է դժգոհությունը: Գուցե հայ-իրանական հարցերով առավել մեծ հաջողությամբ զբաղվի մարտի 2-ին ընտրվելիք ՀՀ նախագա՞հը:

Դիտվել է՝ 2083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ