Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ է ուզում Արևելյան Եվրոպան

Ի՞նչ է ուզում Արևելյան Եվրոպան
14.02.2018 | 09:12

Արևելյան Եվրոպան այսօր Հին աշխարհի ռազմավարական կենտրոններից մեկն է: Այդ երկրները խոցելի քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում են: 1989-ից մինչև այսօր պետությունները, որ երկար ժամանակ եղել են ԽՍՀՄ-ի ազդեցության տակ, ոտք են դրել իրենց նույնականության, պատմական հեռանկարների ու Եվրոպայում իրենց դերի որոնման երկարատև ու խորդուբորդ ճանապարհին` փորձելով ստեղծել ընդհանուր քաղաքական ու տնտեսական կառույց: Այսօր Արևելյան Եվրոպան հակասությունների ու հակապատկերների տարածք է` ինչպես վկայում է ամենակարևոր երկրի` Լեհաստանի, զարգացման ճանապարհը:

Այդ երկրից այլ երկրներ բազմաթիվ միգրանտներ են մեկնում, բայց պետությունը ղեկավարում է մարդ, որ դեմ է միգրանտներին: Արևելյան Եվրոպայի երկրները կոշտ քննադատում են ԵՄ ինստիտուտները, բայց, ըստ էության, նրանց ղեկավարում է Ատլանտյան ալյանսին խստիվ հավատարիմ էլիտան: Արևելյան Եվրոպայում պատմությունը տեղից չի շարժվում և այսօր էլ գլխավորը աշխարհաքաղաքականությունն է: Ազգային նույնականության դժվար վերաիմաստավորումը հանգեցնում է տարածաշրջանային նախաձեռնությունների վերաձևակերպման, որ խիստ հիշեցնում է անցյալը: Վիշեգրադյան խումբը, որ միավորում է Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան ու Չեխիան, անունը ստացել է քաղաքից, որտեղ 1335-ին տեղի է ունեցել այդ երկրների ղեկավարների պատմական հանդիպումը:

«Եռածովյան» տնտեսական նախաձեռնությունը մեզ ուղարկում է «Միջծովյան» ծրագրին, որ մշակվել է Յուզեֆ Պիլսուդսկու կառավարման շրջանում: Արևելյան Եվրոպան ուզում է ստեղծել իր սեփական ինստիտուտը, բայց չի կարողանում հաղթահարել քաղաքական խոցելիությունը, որ խորացնում են վերջին շաբաթներին կատարված կառավարությունների փոփոխությունները և վերջին ընտրությունների արդյունքները` ստեղծելով շատ անկայուն ու փոփոխական պատկեր:
Լեհաստանն այս պահին Արևելյան Եվրոպայում գերակայող պետություն է, հատկապես այն պահերին, երբ պետք է վետո դնել ԵՄ նախաձեռնություններին, որ Լեհաստանում ընկալվում են իբրև իրենց ազգային ինքնիշխանության սահմանափակում, կամ պետք է մշակել ԱՄՆ-ի հետ առանցքի ամրապնդման ճանապարհներ: Բայց այս միությունը նվազ համախումբ է ընդհանուր աշխարհաքաղաքական ռազմավարության մշակման անհրաժեշտության պահին: Վարշավան ղեկավար դեր ունի Արևելյան Եվրոպայում և փորձում է միավորել պետություններին, որ միաժամանակ քննադատաբար են վերաբերվում և Ռուսաստանին, և Գերմանիային, բայց այդ ընթացքում բախվում են տնտեսական սերտ կապերի խոչընդոտներին, որ միավորում են արևելաեվրոպական պետությունները ԵՄ-ի հետ:
Մատեո Տակոնին Limes ամսագրում Յարոսլավ Կաչինսկու ուղղակի կամ կողմնակի ղեկավարության օրոք ձևափոխված Լեհաստանն անվանում է պետություն` հիմնված երեք կանոնների վրա` կապիտալիզմ, ինքնիշխանություն և ինկլուզիվություն:

Կաչինսկին փորձում է մշակել աճի ռազմավարություն անսովոր հիմքերի վրա` տնտեսության մեջ պետության ուժեղ դերի, ակտիվների վերագնման ու գրավիչ սոցիալական քաղաքականության: Երկրի ղեկավարության մեջ վերջին վերադասավորումները և Շիդլոյի կառավարության նախկին զարգացման նախարար Մաթեուշ Մորավեցկու վերելքը վկայում են, որ կառավարող «Իրավունք և արդարություն» կուսակցության ներսում կան մարդիկ, որ ակտիվ քննադատում են վերջին մի քանի ամիսներին քաղաքական ու տնտեսական ինքնիշխանության ամրապնդման պայմանները: Նաև վկայում է, որ կա քաղաքականության փոփոխության անհրաժեշտության մշտական ճնշում:
Չեխիայում վերջերս իր դիրքերը նորից հաստատեց նախագահ Միլոշ Զեմանը պահպանողական «Քաղաքացիական իրավունքների» կուսակցությունից, որ մրցակցում էր անկախ թեկնածու Իրժի Դրագոշի հետ: Զեմանի հաղթանակը լավագույն նորությունն էր մագնատ Անդրեյ Բաբիշի համար, ում մինորիտար կառավարությունը պարտություն կրեց հունվարին կառավարության վստահության հարցով առաջին քվեարկության ժամանակ: Նա հույս ունի ստանալ նախագահի աջակցությունը, որ շարունակի կառավարության վերակառուցումը` աջ թեքումով: Չեխիայում ստեղծված վիճակը բնութագրական է Արևելյան Եվրոպայի համար: Զեմանն ու Բաբիշը պահպանեցին իրենց դիրքերը շնորհիվ ԵՄ-ի քննադատության, ազգային ինքնիշխանության ամրապնդման հայտարարությունների ու տնտեսական քաղաքականությունը բացահայտ նեոլիբերալ դիրքերի հետ միավորելու, որ նպաստում է սոցիալական ապահովության ազգային համակարգերը գործարկելուն: Նրանց գաղափարներն արձագանք գտան գյուղական բնակավայրերում, որ անհավասար պայմաններում էին հայտնվել մեծ քաղաքների համեմատությամբ: Պատահական չէ, որ Զեմանը տրիումֆալ հաղթանակներ տարավ Բռնոյում ու Օստրավայում` Մորավիայի քաղաքներում, որտեղ եկամուտների ու հնարավորությունների մակարդակը էականորեն տարբերվում է առավել ծաղկուն Բոհեմիայից, ընդ որում` նրա մրցակցի միջնաբերդը Պրահան էր: Երկրների միջև ներքին խզումը Արևելյան Եվրոպայում լարումի ևս մեկ գիծ է, որ պետք է հաշտեցնել տարածաշրջանի իշխանություններին` երաշխավորելու համար իրենց երկրների կայունությունը: Լեհաստանում ու Չեխիայում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս` որքան բարդ է համադրել ազգային ինքնիշխանությունը վերականգնող քաղաքականությունը այդքան մեծամասշտաբ անհավասարություն ներկայացնող ներքին ենթատեքստի հետ:
Անդրեա ՄՈՒՐԱՏՈՐԵ, Gli Occhi Della Guerra, Իտալիա


Հ.Գ. Փաստորեն` պատմությունը ոչ միայն հայերիս է հետապնդում, այլև բոլորին, որ փորձում են լուծել անցյալի առաջադրած քաղաքական հավասարումները, ունենալով ներկայի պատասխանները: Այն, ինչ կատարվում է ԵՄ-ին միացած Արևելյան Եվրոպայում, հիմնական գծերով կրկնվում է հետխորհրդային տարածքի երկրներում, որտեղ ազգային ինքնության ու ինքնիշխանության վերականգնման քաղաքական ու տնտեսական հարցերը շարունակում են մնալ օրակարգում և բախվում են այդ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական ու տնտեսական միավորումներին` ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին: Միակ ու էական տարբերությունը փոխհարաբերությունների որակն է` ԵՄ-ն չի պարտադրում, սահմանում է ընդհանուր կանոններ, խրախուսում ու պատժում է հավասարապես, ԵԱՏՄ-ն գործում է ԽՍՀՄ-ի սկզբունքներով` կան հավասարներ, ավելի հավասարներ ու ամենահավասարներ: Հավասարության ու անհավասարության այդ բախումն էլ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի համագործակցության անհնարինության պատճառն է: Միայն սկզբունքների փոփոխությունը կարող է հնարավոր դարձնել ոչ թե մրցակցությունն ու առճակատումը, պատժամիջոցներն ու թշնամանքը, այլ խաղաղ գոյակցությունը: Ժամանակն առայժմ աշխատում է ընդդեմ այդ հնարավորության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ