«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Օսմանյան բռունցքը» շատ վաղուց մահացել է Օսմանյան կայսրության փլատակների տակ»

«Օսմանյան բռունցքը» շատ վաղուց մահացել է Օսմանյան կայսրության փլատակների տակ»
16.02.2018 | 01:58

Մինչ քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման դարձել է քաղաքապետարանի ծեծկռտուքը, Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու իրական պատերազմ է ընթանում, որի արձագանքը, ցավոք, արդեն մեր երկրին է հասնում: Արդեն մի քանի օր է՝ խոսակցություններ են պտտվում, թե Հայաստանի սահմանը հատել են քուրդ ահաբեկիչներ: Մեր երկրի համապատասխան օղակներն այս օրերին, այսպես ասած, տագնապի ռեժիմով են աշխատում: Իրական վտանգը մեր դռանն է, իսկ մենք մեծ խանդավառությամբ քննարկում ենք՝ ավագանու անդամ կնոջը «ձե՞ռք են գցել», թե՞ ոչ:
Սիրիական ճգնաժամի, մասնավորապես Իրանի քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ «Իրատեսը» զրուցեց իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ:

-Սիրիայում գերտերությունների քաղաքականությունը տանում է առճակատումների: Երբ Թուրքիան սկսեց «Ձիթենու ճյուղ» օպերացիան, միայն Իրանը դատապարտեց այն, սակայն կարճ ժամանակ անց տեղի ունեցավ իրանա-իսրայելական օդուժի բախում: Այս թնջուկում ինչպե՞ս եք գնահատում Իրանի քաղաքականությունը:
-Ըստ էության, Իրանը Սիրիայում լուծում է մի քանի կարևոր խնդիր, որոնցից առաջնայինը Սիրիայի տարածքային ամբողջականության և ներկայիս ղեկավարության՝ Բաշար Ասադի իշխանության պահպանումն է: Իրանցիները կարծում են, որ այս վարչակարգը միակն է, որ պահպանում է իրանամետ Սիրիան, որը կլինի Իրանի դաշնակիցն ու բարեկամը: Ինչու՞ է Իրանին անհրաժեշտ Սիրիան: Մենք գործ ունենք աշխարհաքաղաքական խոշոր գործընթացի հետ, երբ իրանցիները ձգտում են աշխարհաքաղաքական իմաստով ոչ միայն ամուր դիրքեր ապահովել Մերձավոր Արևելքում, այլև ելք ապահովել դեպի Միջերկրական ծով: Իրանցիները ծրագրում են Իրաքի հյուսիսով, Սիրիայի տարածքով գազամուղ անցկացնել մինչև Միջերկրական ծով: Այս իմաստով խնդիրը աշխարհաքաղաքական և տնտեսական բաղադրիչներ ունի: Հետևաբար, Իրանը շահագրգիռ է, որ Սիրիայում հնարավորինս շուտ կայունություն լինի: Դրան հասնելու համար նրանք տարբեր գործիքակազմեր են օգտագործում՝ սկսած քաղաքական ազդեցության տարածումից, մինչև սիրիական բանակի և «Հըզբոլլահի» հետ ռազմական գործողությունների իրականացում: Սա, բնականաբար, տեղի է ունենում կամավորականների միջոցով, Իրանը պաշտոնապես զինվորական, ռազմական ներկայություն Սիրիայում չունի: Իրանը նաև ֆինանսական, ռազմական տարբեր օժանդակություն է ցուցաբերում Ասադի հավատարիմ ուժերին: Իրանցիների գործողությունները սիրիական այս քաոսում, անկասկած, պետք է դրական գնահատել: Եթե Հայաստանի շահերից ելնելով էլ դիտարկենք այս ամենը, մեզ անհրաժեշտ է, որ բարեկամական երկրում՝ Սիրիայում, լինի կայունություն և խաղաղություն: Հայաստանի համար շատ կարևոր է, որ այդ խաղաղության պայմաններում ապահովվի հայ համայնքի անվտանգությունը: Սիրիական ճգնաժամի պատճառով մեծապես տուժեց հատկապես Հալեպում կենտրոնացած հայ համայնքը:
-Իրանը Թուրքիայի և Ռուսաստանի հետ մասնակցում էր այն բանակցություններին, որոնք նպատակ ունեն Սիրիայում իրավիճակը կայունացնելու: Հնարավո՞ր է այդ ձևաչափով իրավիճակ փոխել:
-Սիրիայի վերաբերյալ այս եռակողմ համաձայնությունը, կարծես, չի դիմանում ժամանակի փորձությանը, որովհետև կա մի կարևոր խնդիր: Թուրքական կողմը հատել է այն կարմիր գիծը, որը նախանշված էր Սիրիայում նրա հնարավոր ներկայության համար: Այսօր ակնհայտ է, որ Իրանի և Թուրքիայի միջև կան լուրջ տարաձայնություններ` կապված Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունների հետ, հատկապես քրդաբնակ շրջաններում և Իդլիբի նահանգում, որտեղ կենտրոնացել են սուննիական ծայրահեղական խմբավորումներ: Բնական է, որ, լինելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կողմնակից, Իրանը նուրբ դիվանագիտական, ռազմաքաղաքական իրադրություն է ստեղծում: Ըստ էության, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Աֆրինի շրջանի քրդերը, որոնք ԱՄՆ-ի հովանու ներքո, աջակցություն են փնտրում Դամասկոսում, նախնական համաձայնություններ արդեն կայացվել են: Այսինքն, Իրանի վարած քաղաքականությունը հանգեցնում է այն բանին, որ քրդերի գոնե մի հատվածը դաշնակցելու է (լավագույն հեռանկարի պարագայում, հիմա դա բանակցային փուլում է) Սիրիայի կենտրոնական իշխանության հետ: Այսպիսով, Թուրքիան և ԱՄՆ-ը դուրս են մղվում տարածաշրջանից: Իրանցիների քաղաքականությունը Սիրիայի խնդրում չափազանց խելամիտ է և զուտ գործնական դաշտում ունի բազմաքայլ կոմբինացիայի տեսք:
-Տեսակետ կա, որ Իրանի հիմնական մտավախությունը պայմանավորված է Սիրիայում Իսրայելի դիրքերի ամրապնդմամբ: Դրա ապացույցն էր նաև Սիրիայի տարածքում Իրանի հենակետերին իսրայելական օդուժի հրթիռակոծումը: Սրան զուգահեռ, Իսրայելի ներսում խլրտում ևս կա, վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ: Ընդհանուր առմամբ, ի՞նչ է կատարվում Մերձավոր Արևելքում:
-Քաոսային իրավիճակ է, որը ստեղծվել է ներքին խնդիրների և արտաքին միջամտության պատճառով: Մերձավոր Արևելքում խնդիրներ կան և առանց դրանց հնարավոր չէր լինի արտաքին միջամտությամբ նման իրավիճակ ստեղծել: Արտաքին ուժերի կողմից այդ խնդիրները բորբոքելը, սրելը հանգեցնում են այս իրավիճակին: Կա կառավարելի քաոսի տեսություն, սակայն իրականությունը ցույց տվեց, որ այդ քաոսը ոչ միայն կառավարելի չի դառնում, այլև դրանից ծնվում են այնպիսի հրեշավոր կազմակերպություններ, ինչպիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցն է, որն իրականացրեց եզդիների ցեղասպանությունը: Հիմա տարածաշրջանում գործ ունենք ուժերի հետ, որոնց մի մասը քաոսը մեծացնում է, մյուսները փորձում են տարածաշրջանը սեփական ջանքերով դուրս բերել այդ քաոսից: Մերձավոր Արևելքում այսօր մրցակցում են մի քանի տարածաշրջանային ուժեր՝ Իրանը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, փորձելով իրենց ազդեցության տարածքները մեծացնել: Հետևաբար, գործ ունենք շահերի բախման հետ: Ակնհայտ է, որ այս առումով ամենալուրջ հաջողությունն արձանագրել է Իրանը՝ ոչ միայն մեծացնելով իր ազդեցությունը, այլև այս տարիներին ապահովելով իր երկրի ներքին կայունությունը, խուսափելով խոշորամասշտաբ ահաբեկչական գործողություններից, որոնք տեղի են ունենում աշխարհում: Մի դեպք ընդամենը գրանցվեց. ԻՊ-ի առանձին խմբավորում Իրանի խորհրդարանում ահաբեկչության փորձ կատարեց, բայց այն ձախողվեց. նկատի ունեմ այն մեծ ծավալները, որոնք ահաբեկիչները նախատեսել էին: Ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին, Իրանն այսօր անուղղակիորեն, բայց արդեն հասել է Իսրայելի սահմանին: Մինչ այդ էլ «Հըզբոլլահի» տեսքով ներկա էր Իսրայելի սահմանին, բայց այսօր կարողանում է նաև անօդաչու թռչող սարք ուղարկել Իսրայել (չնայած իրանական կողմը դա հերքում է): Այս իմաստով տարածաշրջանում Իրանի հետ հաշվի չնստելը կլինի ոչ խելամիտ քայլ: Նույնիսկ Իսրայելը փորձում է երրորդ, չորրորդ խողովակների միջոցով որոշակի նախնական երկխոսություն սկսել Իրանի հետ, որին վերջինս, բնականաբար, համաձայն չէ: Սա էլ ունի իր հիմնավոր պատճառը: Իրանցիներն այսօր շատ ավելի հզոր դիրքում են Մերձավոր Արևելքում, քան Իսրայելը: Նկատի ունեմ քաղաքական ազդեցությունը, Իրանի ռազմարդյունաբերական համալիրը: Աշխարհի քիչ երկրներ կան, որոնք ունեն սեփական հրթիռ արտադրելու հնարավորություն՝ զրոյից մինչև վերջ: Նույնիսկ Իսրայելը, առանց այլ երկրների տեխնոլոգիաների օգտագործման, նման հնարավորություն չունի:
-Իրանյան վերջին բողոքի ցույցերում արտաքին հետք կա՞ր: Իրանի ներքին դիմադրողականությու՞նն էր այդքան մեծ, որ արտաքին ուժերը չկարողացան այդ երկրի ներքին խնդիրներն ավելի սրել, իրավիճակն ավելի թեժացնել:
-Իրանում մինչ այդ էլ ավելի մեծ գործընթացներ են եղել, ինչպես, օրինակ, «Կանաչների» շարժումը: Այս երկրում կան որոշակի ներքին խնդիրներ, սոցիալ-տնտեսական բողոք, սա հերքելն անմտություն կլիներ: Իրանի իշխանություններն էլ սա ընդունում են: Այլ բան է, որ այդ տնտեսական բողոքին փորձ արվեց տալ քաղաքական ուղղորդում, ինչն արվեց հայտնի տեխնոլոգիական հնարքների միջոցով՝ սոցցանցերով, արբանյակային հեռուստաալիքներով: Սակայն Իրանի իշխանությունները կարող են կառավարել, վերահսկել բոլոր ռիսկերը, որոնք առաջանում են ցանկացած նման խոշոր պետությունում, որը տարածաշրջանային մեծ ներգրավվածություն ունի: Շատ դեպքերում իրանցիները ձեռնունայն են թողնում իրենց հակառակորդներին, որոնք երկարաժամկետ ծրագրեր են մշակում այս երկրում նաև ներքին անկայունություն հրահրելու համար:
-Վերադառնանք սիրիական ճգնաժամին. այս օրերին թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել են: Էրդողանը անգամ սպառնաց, թե գործի կդնի «օսմանյան բռունցքը»: ԱՄՆ-ը նախազգուշացնում է, որ Սիրիայում կա կարմիր գիծ, եթե Թուրքիան այն հատի, իրենք հակահարված կտան: Ի՞նչ զարգացումների սպասել այս հարթությունում:
-Էրդողանի վարչակարգը, ի տարբերություն Իրանի, վարում է չափազանց ագրեսիվ հռետորաբանության քաղաքականություն: Իրանական հռետորաբանությունը, նույնիսկ ԱՄՆ-ի հետ «հռետորական պատերազմում», բավական մեղմ է և հավասարակշիռ: Էրդողանը հաճախ անում է անհավասարակշիռ հայտարարություններ: Ակնհայտ է, որ «օսմանյան բռունցքը» շատ վաղուց գոյություն չունի, այն մահացել է Օսմանյան կայսրության փլատակների տակ: Այն էլ այնպիսի հզոր պետության՝ ԱՄՆ-ին, ցույց տալ բռունցքը, առանց որի ռազմական օգնության, չեմ կարծում, որ Թուրքիան կկարողանա լուրջ հաջողություն արձանագրել որևէ ասպարեզում: Նման հայտարարություններն առաջին հերթին միտված են սեփական թիրախային լսարանին: Առաջիկայում Թուրքիայում ընտրություններ են, և Էրդողանը փորձում է օսմանյան սուլթանի «լուսապսակով» գնալ այդ ընտրություններին` չունենալով որևէ հաջողություն: Չկա Թուրքիային սահմանակից մի պետություն, որի հետ այդ երկիրն ունենա անխոչընդոտ հարաբերություններ: Նույնիսկ Վրաստանում, որտեղ կան տնտեսական և այլ կապեր, թուրքամետ տրամադրություններ չկան, վրացական հասարակությունը իր երկրում Թուրքիայի ներկայությանը կողմ չէ: Բարդ իրավիճակ է թուրք-սիրիական սահմանին, Իրաք-Թուրքիա, Իրան-Թուրքիա սահմանին, որտեղ Թուրքիան փորձում է պատ կառուցել: Իմա՝ Էրդողանին պետք է մշտապես ամբոխահաճո հայտարարություններ անել, որպեսզի առնվազն Թուրքիայում կարողանա իր դեմքը պահել ու որոշակի հաջողություններ գրանցել: Նման անհավասարակշիռ հայտարարությունների, քայլերի, համոզված եմ, առաջիկայում էլի ականատես կլինենք: Այսօր այդքան չեն խոսում այս մասին, բայց Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի վերահսկողության տարածքում գտնվող զինված խմբավորումների կողմից: Եթե չենք կարող ասել, որ դա եղել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ, ապա օդանավը խոցվել է այն տարածքում, որը Թուրքիայի վերահսկողության տակ է: Թուրք-ռուսական հարաբերությունները բոլորովին էլ այն բարձր նոտայի վրա չեն, ինչը փորձ է արվում ներկայացնել՝ հաշվի առնելով նաև այն, որ Ռուսաստանի հանդեպ Արևմուտքը շատ անարդար պատժամիջոցների համակարգ է կիրառում: Անկախ ամեն ինչից՝ Ղրիմը ռուսական պատկանելության տարածք է, հոգեբանական, պատմական առումով էլ դա այդպես է: Ռուսները մի քանի պատերազմների միջոցով կարողացել են այն վերցնել Օսմանյան կայսրությունից: Այս խնդրի համար Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելն անարդար է: Այլ հարց է, որ գործ ունենք աշխարհաքաղաքական խաղի հետ՝ ստեղծել հակառուսական ՈՒկրաինա, որպեսզի Ռուսաստանը ուկրաինական «պատնեշով» անջատված լինի Եվրոպայից: Այսուհանդերձ, թուրք-ռուսական հարաբերություններն էլ անամպ չեն:
-Գանք Հայաստան. օրերս ՀՀ-ում Իրանի դեսպանը կարծես մեղադրեց Հայաստանի իշխանություններին մի քանի տնտեսական ծրագրեր չիրականացնելու համար: Ոչ իրանական կողմի մեղքով հետաձգվել է Մեղրու հէկի գործարկումը, Իրան-Հայաստան երկաթգիծը այդպես էլ գլուխ չի գալիս, Իրանը ցանկանում է գազ մատակարարել Հայաստան, սական այստեղ ցանկացող չկա: Սովորաբար Իրանի դիվանագիտությունը բավական նուրբ է ու ակնարկներով, բայց այս անգամ, կարծես, ավելի սուր խոսեց դեսպանը, ինչու՞:
-Չեմ կարծում, թե մեղադրանքի տարր կա: Հայտարարություններում կային ուղերձներ. իրանական դիվանագիտությունն աշխատում է գրեթե միշտ ուղերձների լեզվով: Կարծում եմ, դեսպանի խոսքերը պետք է ընկալել որպես Իրանի խիստ շահագրգռության արձագանք, որպեսզի տնտեսական ծրագրերը կյանքի կոչվեն: Գաղտնիք չէ, որ այդ ծրագրերի ձախողման համար հաճախ մեղավոր են լինում միջին օղակի պաշտոնյաները: Ե՛վ Հայաստանում, և՛ Իրանում միջին օղակի պաշտոնյան չի ցանկանում ջանք ու եռանդ ներդնել: Դեսպանի խոսքն ուղղված էր հենց այդ օղակի պաշտոնյաների աշխատանքի խթանմանը: Շատ դեպքերում ամենաբարձր մակարդակում կայացված որոշումները չեն կատարվում այդ պաշտոնյաների պատճառով: Դեսպանի ուղերձն այն է, որ իրանական կողմը կրկին պատրաստ է այդ ծրագրերն իրականացնելու, հայկական կողմն էլ պետք է ուղերձ հնչեցնի, որ այդ ծրագրերն իսկապես կարևոր են իր համար: Ինչ վերաբերում է ֆինանսական աղբյուրների հայթայթմանը, մենք պետք է Իրանի հետ կապված տրանսպորտային, էներգետիկ ծրագրերը համարենք ռազմավարական: Այս ծրագրերի միջոցով մենք ոչ միայն տնտեսական խնդիրներ ենք լուծելու, այլև Հայաստանի ապագայի հարցը. ունենալ թուրք-ադրբեջանական դաշինքով շրջափակված Հայաստա՞ն, թե՞ ունենալ այդ դաշինքի վրա «թքած ունեցող», տնտեսական խոշորածավալ ծրագրեր իրականացնող, տարածաշրջանում հզոր պետություն:
-Մշտապես արդիական է այն հարցը, թե ինչու Իրանի գործոնը մեզանում լավ չի օգտագործվում: Ո՞րն է Ձեր բացատրությունը:
-Բազմաթիվ պատճառներ կան: Առաջինը, թերևս, այն է, որ մենք ունենք փոխադարձ ճանաչողության անլիարժեք մակարդակ: Մենք ունենք իրանական կոդային լեզուն մեզ ավելի մատչելի դարձնելու խնդիր: Իրանական ողջ համակարգը շատ անգամ աշխատում է կոդերի լեզվով: Սա պետք է փոխադրել հայաստանցու համար հասկանալի լեզվի: Մեր ուղերձներն էլ պետք է կարողանանք թարգմանել իրանական կոդերով: Կա նաև միջին օղակի անարդյունավետ աշխատանք: Սա միտումնավոր չի արվում, պարզապես մեծ ջանք չի գործադրվում: Առկա է նաև օրենսդրական դաշտերի աններդաշնակություն: Բազմաթիվ մանր խնդիրներ կան, որոնց հանրագումարում ունենք ծրագրերի ուշացում, տապալում: Մեզ համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի աշխատելը: Հասարակությանը չպետք է հուսահատության ազդակներ հաղորդել: Հուսահատ, անկամ հասարակությամբ մենք ոչ մի տեղ չենք կարող հասնել: Մեզ պետք է ոգևորված, խանդավառված հասարակություն, իսկ այդ խանդավառությունը շատ հաճախ ստեղծվում է խոշորածավալ տնտեսական ծրագրերի իրականացմամբ:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ