Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ե՞րբ է գրվել այս կինոյի սցենարը

Ե՞րբ է գրվել այս կինոյի սցենարը
16.02.2018 | 02:02

Այն բանից հետո, երբ օրենսդրական դաշտը խորհրդարանական համակարգին և սահմանադրական նոր նորմերին լիակատար համապատասխանեցնելու համար օրինագծեր սկսեցին բերվել խորհրդարան, հասարակական կարծիքը գերակշռող մեծամասնությամբ հակվեց նոր թրենդային գաղափարի՝ ամեն ինչ տանում է դեպի սուպերվարչապետական համակարգի։ Համակարգ, որտեղ վարչապետի մոտ դեյուրե և դեֆակտո կենտրոնանում են բոլոր քաղաքական, տնտեսական, պաշտպանական ու անվտանգության հարցերը։ Իրոք, ըստ ամենայնի ապագա վարչապետի ձեռքում ամբողջանալու են ինչպես այսօրվա նախագահի, այնպես էլ ներկա վարչապետի բոլոր լիազորությունները։ Թերևս, բացառություն են լինելու խաղաղ ժամանակներում գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները։

Ինչպես հայտնի է, նման բան ապագա վարչապետին վերապահվում է միայն պատերազմական շրջանում։ Սակայն, չլինելով անգամ գերագույն գլխավոր հրամանատար, վարչապետը՝ որպես Անվտանգության խորհրդի ղեկավար, իր ձեռքում է պահում պաշտպանության, սահմանների անվտանգության հարցերը, որոշումներ ընդունում, ընդ որում՝ առանց խորհրդարանի վավերացման։ Այսպիսով՝ ապագա վարչապետի անվտանգության և պաշտպանության բնագավառում ունեցած լիազորությունները լիովին բավարար են, որպեսզի խաղաղ պայմաններում կառավարության ղեկավարը պաշտպանության ոլորտում շարժվի այնպես, ինչպես կցանկանա։
Սուպերվարչապետական համակարգի ներդրումը և գործընթացների տրամաբանությունը շատերին հուշում են, որ համակարգը ձևավորվում Սերժ Սարգսյանի համար։ Ըստ էության, թե՛ փորձագետները, թե՛ վերլուծաբանները, թե՛ քաղաքական գործիչները գրեթե բացառում են, որ եթե Սերժ Սարգսյանը նպատակ ունենար թեկուզ որոշ ժամանակով «թայմ աութ» վերցնելու և հեռանալու կառավարման համակարգից (իհարկե ՀՀԿ ղեկավարի կարգավիճակում), ապա, հաշվի առնելով երկրի, այսպես կոչված, էլիտայում գերիշխող բարքերը, դժվար թե որևէ մեկին վստահեր նման լիազորություններ, նույնիսկ ժամանակավոր։ Ինչևէ, այս վարկածի օգտին է թերևս խոսում նաև այն փաստը, որ հանրապետականները որոշ դադարից հետո կարծես նորից սկսում են ակտիվորեն շրջանառության մեջ դնել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության ու անվիճելի առաջնորդության մասին թեզը։

Եվ դրա ամենացայտուն դրսևորումը եղավ «Ազատություն» ռադիոկայանին տված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցազրույցը, որտեղ վերջինս ուղղակի նշում էր, որ ապագա վարչապետի հարցում, ըստ էության, երբևէ որևէ ինտրիգ էլ չի եղել, պարզապես բոլորը դիտում էին մի ֆիլմ, որի վերջաբանը բոլորի համար էլ կանխատեսելի էր և հայտնի։ ՈՒ թեև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ինչպես միշտ, ավելի զգույշ եղավ՝ ասելով, թե համոզելով կամ խնդրելով վարչապետ չեն դառնում, այնուամենայնիվ, զգացվում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գաղափարը կրկին դառնում է թրենդ. բոլոր շահագրգիռ թևերը կարծես եկել են ինչ-որ կոնսենսուսի, իսկ կողքից տեղի ունեցողը լոկ ուղեկցող ֆիլմ է։


Իհարկե, այսօր դժվար է միանշանակ ասել՝ ամեն ինչ ի սկզբանե կանխորոշվա՞ծ էր, թե՞ ոչ։ Սակայն ամեն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը և նրա մերձավոր շրջապատը որոշում էին կայացրել սահմանադրությունը փոխելու, երկրի ղեկավարի կողմից հնչեց այլևս նախագահ և վարչապետ չլինելու մասին հայտնի և սենսացիոն քաղաքական հայտարարությունը։ Դժվար է պատկերացնել, որ այդ հայտարարությունը ժամանակին արվեց զուտ բլեֆի կամ ուշադրություն շեղելու համար, թեպետ, ինչպես հայտնի է, գոնե ընդդիմությունը միշտ էլ համոզված է եղել ՀՀ նախագահի՝ վարչապետի կարգավիճակում վերարտադրվելու հարցում։ Ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ առանձնապես մեծ քաղաքական լարվածություն, ընդդիմադիր լուրջ ուժեր ասպարեզում չկային, որոնք կխոչընդոտեին Սերժ Սարգսյանի վերարտադրությանը։ Ամենայն հավանականությամբ, բլեֆ է հենց այսօր շրջանառվող թեզը, թե ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված էր։ Որոշ վերլուծաբանների համոզմամբ 2014 թ., երբ Սերժ Սարգսյանն անում էր իր հայտնի հայտարարությունը, ձեռքի տակ ուներ մի քանի սցենար։ Բնականաբար, սցենարներից մեկի համաձայն՝ իրոք վարչապետ էր դառնալու հենց ինքը։ Հաջորդ սցենարը՝ բազմաթիվ հակակշիռներով, տարբեր մեխանիզմներ կիրառելով՝ ՀՀԿ ղեկավարը նշանակում է մի վարչապետի, որը խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում իրավաբանորեն և, ամենակարևորը, փաստացի գտնվում է կատարյալ վերահսկողության ներքո։ Այսինքն՝ նախագծված էին մի շարք տարբերակներ՝ պլան Ա, Բ, գուցե նաև պլան Գ և այլն։ Եվ կոնկրետ տվյալ ժամանակաշրջանի և այդ պահի տարաբնույթ իրողություններից բխող ռազմավարական պլանի ընտրությունից էր կախված օրինագծերի մշակումը։ Այս պարագայում թերևս կարելի է համաձայնել այն փորձագիտական դիտարկումների հետ, որ եթե գործի դրվեր ոչ թե պլան Ա-ն՝ իրականում Սերժ Սարգսյանի վերարտադրության տարբերակը, այլ պլան Բ-ն, ապա այսօրվա գերվարչապետական համակարգի մասին խոսք չէր լինի։ Պայմանական իքս թեկնածուի դեպքում (ասենք նույնիսկ Կարեն Կարապետյանի պարագայում) կընդունվեին օրենքներ, որոնք կհակակշռեին կառավարությանը, վարչապետին, խորհրդարանին, նոր նախագահին, անվտանգության խորհրդին և այլն։


Վերադառնալով այսօր վերլուծական հանրության շրջանում գերիշխող տեսակետներին՝ արձանագրենք, որ ըստ վերոնշյալ շրջանակների՝ հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի մոտ գործի է դրվել պլան Ա-ն՝ իր վարչապետության սցենարով։ Այս տարբերակով առաջին փոխվարչապետ, եթե իհարկե որևէ ֆորս մաժոր չլինի, կդառնա Կարեն Կարապետյանը։ Արդյունքում այսօր գործող նախագահ-վարչապետ տանդեմն ապրիլից հետո ներդաշնակորեն կվերափոխվի ու կշարունակվի վարչապետ-առաջին փոխվարչապետ ձևաչափով և լիազորությունների նույն բաժանմամբ։ Բայց որպեսզի վարչապետի և առաջին փոխվարչապետի կարգավիճակները հատուկ ընդգծվեն, գնացել են ոչ սովորական մի քայլի, որն ավելի շատ ասիական մոդել է հիշեցնում. վարչապետն ունի առանձին նստավայր և ոչ թե այսօրվա կառավարության շենքում, այլ Բաղրամյան 26-ում՝ իր հսկայական աշխատակազմով, ենթակառուցվածքներով և այլն։ Այսպիսով նաև ենթադրվում է, որ ներիշխանական վարչապետական ինտրիգը գոնե այս պահի դրությամբ հանգուցալուծման է գնում։
Ահա դերերի այսպիսի բաժանում է, որին դրսից միջամտելը շատ բարդ է լինելու։ Դա վերաբերում է նաև որոշ ընդդիմադիր ուժերի։ Մասնավորապես, «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրերս բավականին ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու հնարավորությունից զրկելը դառնում է իրենց ամենագլխավոր քաղաքական օրակարգը։ Այս տեսակետից քննարկելով այդ հայտարարությունը, կարող ենք եզրակացնել, որ ընդդիմության առաջնորդի դերին հավակնող «Ելքը» ձեռքերը ծալած չի նստում, այլ փորձում է, այնուամենայնիվ, ընդդիմադիր օրակարգ ստեղծել։

Նախ՝ փորձեց տեղավորվել ներիշխանական ինտրիգներում՝ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև հնարավոր առճակատման համատեքստում, սակայն երևի թե հասկանալով կամ ինֆորմացվելով, որ ամեն ինչ, այնուամենայնիվ, անհամեմատ հարթ է անցնելու, և այդ դաշտում ընդդիմությունը` ի դեմս «Ելքի», առանձնապես հեռանկարներ չունի, սեփական քաղաքական օրակարգն է փորձում ձևավորել։ Օրակարգ, որը առանձնապես չի փայլում ինքնատիպությամբ։ Մեր բոլոր ընդդիմադիրների պահանջները գրեթե նույնն են՝ երկրի ղեկավարի հրաժարական։ Մյուս կողմից՝ ինչպես ցույց տվեց ապրանքների գների բարձրացումների դեմ տարեսկզբյան պայքարը, հանրությունը գտնվում է շատ խոր ապատիայի մեջ, և նրան նույնիսկ չեն մտահոգում իր գրպանի ու անգամ ստամոքսի խնդիրները։ Մենթալիտետային այս ճգնաժամը հատկապես մտահոգիչ է իրական վտանգները կանխատեսելու, զգալու առումով։ Եթե հասարակությունը չի զգում ներքին վտանգները, որևէ կերպ չի կարող համարժեք արձագանքել արտաքին վտանգներին։ Եվ ընդդիմության համար այսօր միամտություն ու ուտոպիա է հույսը հասարակության վրա դնելը և նրա աջակցությունն ակնկալելը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ