USD484.37
EUR565.50
RUB7.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
NCOA.Durgaryan/Madoyan
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«Я докажу - чья земля Карабах»

«Я докажу - чья земля Карабах»
16.02.2018 | 02:11

1988-ի մարտի երեքն էր: ՀՀ դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստն էր: Ընդարձակ դահլիճում բոլոր աթոռները զբաղված էին: Կարելի է ասել, որ այդ նիստին մասնակցում էին բոլոր շրջանների դատախազները, տեղակալները, քննիչները, դատախազության ստորաբաժանումների բոլոր դատախազները: Նիստին մասնակցում էր նաև ԽՍՀՄ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Կատուսևը, որն անառարկելի հեղինակություն էր դատախազության համակարգում:


Դահլիճը լարված էր: Ընդամենը մի քանի օր առաջ եղբայրական կոչված Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կատարվել էր մեծ ոճրագործություն` հայերի սպանդ: Թե իրականում ինչ չափերի էր պետականորեն կատարված այդ ոճրագործությունը, դեռևս հայտնի չէր մեզ: Կոլեգիայի նիստում հիմնականում խոսվեց մեկ տարվա ընթացքում դատախազության կատարած աշխատանքների մասին:
Անհամբեր սպասում էինք Կատուսևի ելույթին: Բոլորիս համար անսպասելի (անշուշտ, նա համոզված էր, որ եթե ինքը չխոսի այդ թեմայով, կամա թե ակամա նրան կուղղեին Սումգայիթի դեպքերին առնչվող հարցեր) նա փորձեց խոսել ոչ թե բուն ոճրագործության մասին, այլ…


Այժմ էլ բառացիորեն հիշում եմ նրա խոսքերը՝ ասված ամբիոնից. «Այստեղ բոլորն ասում են, թե Ղարաբաղը հայկական հող է, բայց երբ եղա Ադրբեջանում, այնտեղ «чуть ли не папирусы (չցանկացա այդ միտքը թարգմանել) показывают, что Карабах - исконнo азербайджанская земля. Кто сейчас докажет - чья эта земля?»: Դահլիճում դժգոհության ալիք անցավ: Բոլորն ատամները կրճտացրին, բայց և բացահայտ ելույթ ունենալ բարձրագույն ռուս չինովնիկի դեմ ոչ ոք չէր փորձում: Ես լավ գիտեի, թե որքան բութ է և մեծամիտ ռուս չինովնիկը ուրիշ ժողովուրդների պատմությանը, նրանց ցավին վերաբերող հարցերում: Տեղին է հիշել լեհ գրող Սենկևիչին, որն իր դրամաներից մեկում գրել է (այդ դրաման անցած դարի 80-ականներին բեմադրվել էր Վարշավայում և մեծ հաջողություն ունեցել). «Ահա հարյուր տարի է՝ Մոսկվան մեզ մոտ միայն գողերի և սրիկաների է ուղարկում»: Ճիշտ է, Կատուսևը բառիս բուն իմաստով գող չէր, բայց դասական իմաստով սրիկա էր, որ պատասխանատու ամբիոնից ելույթ է ունենում ավելի քան 300 դատախազների առաջ և դուրս է տալիս, չհարգելով ոչ իր կոչումը, ոչ պաշտոնը և ոչ էլ ազգային պատկանելությունը: Ասենք, նման կատուսևների պակաս այժմ էլ Ռուսաստանում չի զգացվում` Մարկով, Մարիա Զախարովա, Դմիտրի Կիսելյով, Վերոնիկա Կրաշեննիկովա, որոնք գիտակցաբար, թե անգիտակցաբար, լոկ իրենց շահից ելնելով, կարող են խեղաթյուրել ուրիշ ժողովուրդների պատմությունը:


Մեր դատախազներից մեկը՝ ուկրաինուհի Տամարա Ստեպանովնան, Սումգայիթի դեպքերից մի երկու օր հետո ինձ պատմեց, թե հայտնի լրագրող Գենրիխ Բորովիկը Երևանում, ոչ հայ շրջապատում, ասել էր, թե Սումգայիթը ևս 100 տարի հերիք է հայերին, որ լռեն: Սրանք անցյալի և մեր օրերի ռուս մտավորականության սերուցքն են, սերուցք, որը ոտքի տակ է առել ոչ վաղ անցյալի իր հզոր պետության փառավոր անցյալը:
Կատուսևը դեռ չէր վերջացրել իր «кто докажет - чья земля» խոսքը, ես վեր կացա տեղից և բարձրաձայն ասացի՝ «я докажу - чья земля Карабах»... Վեց հարյուր աչքեր սևեռվեցին ինձ վրա, իսկ դատախազ Օսիպյանը իր խիստ հայացքն ուղղելով ինձ հարցրեց. «По этому вопросу у вас особое мнение?»: Հակադարձեցի շատ հանգիստ` «Не особое, но свое мнение»:
-Լավ,- ասաց Օսիպյանը,- քեզ ձայն կտանք:


Իմ անակնկալ հարցից Կատուսևը ևս մեկ հիմարություն դուրս տվեց, որին այս անգամ արձագանքեց Մաշտոցի շրջանի դատախազ Վլադիմիր Գրիգորյանը: Երբ Կատուսևը փորձեց շտկել իրավիճակը, դարձյալ ոչ կոռեկտ արտահայտություն թույլ տվեց, որին այս անգամ միջամտեց դատարանների վրա հսկող վարչության դատախազ Կամոն: Տեսնելով, որ վիճակը դառնում է անվերահսկելի, Օսիպյանն ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո Կատուսևը չմասնակցեց աշխատանքներին: Համոզված եմ, որ Օսիպյանը հոգու խորքում գոհ էր պատմությունից տհաս ռուս չինովնիկին տված մեր դասերից:


Մեկ շաբաթ հետո դատախազների հետ հանդիպման էր եկել ԽՍՀՄ գլխավոր դատախազի օգնական Պոնոմարյովը, որին հիանալի դաս տվեց դատախազության վիճակագրության բաժնի պետ Վիգեն Գրիգորիչը: Ճիշտ է, դատախազությունում կային որոշ պետեր, քննիչներ, դատախազներ, որոնք պատրաստ էին պատժելու միտինգավորներին, բայց անկարող էին: Հետո, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, այդ «պատրաստի» պաշտոնավորները մեկեն դարձան պետականամետ պաշտոնյաներ և ակտիվորեն մասնակցեցին ՀՀՇ-ի ընձեռած պետական թալանին:
Աշխարհի բանն է այդպես:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ