Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մարդ, որն իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը»

«Մարդ, որն իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը»
16.02.2018 | 11:54

Փետրվարի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությամբ կեզրափակվի լեհ մեծանուն կոմպոզիտոր և դիրիժոր ՔՇԻՇՏՈՖ ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒՆ նվիրված քառօրյա փառատոնը: Աշխարհի տարբեր երկրներում նշվելու է կոմպոզիտորի 85-ամյակը: Միջոցառումների շարքը սկսվել է Երևանից:


Մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ խոսքով՝ մաեստրոյին ոչ թե պատվում ենք նրա հայկական արմատների, այլ համաշխարհային մեծության համար. «Քշիշտոֆ Պենդերեցկին համաշխարհային մեծության աստղ է, մարդ, որն իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, մարդ, որն իր արվեստով գունավորեց մեր կյանքն ու ապագան»: Նախարարը մեջբերեց նաև Պենդերեցկու հարցազրույցներից մի հատված, որտեղ երաժիշտն ասել էր, թե իր ստեղծագործության վրա լրջագույն ազդեցություն են ունեցել Բախը և Կոմիտասը, նշել նաև, որ զարմանալի, յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին էր:


Քշիշտոֆ Պենդերեցկին ասաց, որ միշտ էլ տիկնոջ հետ մեծ սիրով է գալիս Հայաստան, լսում բարձր մակարդակով կատարվող հիանալի երաժշտություն, հանդիպում հրաշալի մարդկանց հետ և զգում իրեն ինչպես իր տանը: Միայն ցավում է, որ հայերեն չգիտե: Խոսելով հայկական թեմաներով իր ստեղծագործությունների մասին՝ կոմպոզիտորը նշեց, որ հայկական արմատներ ունի՝ տատը Սպահանից է։ Հիշատակեց նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով գրված իր «Սաղմոս 3» ստեղծագործությունը:
Ժամանակակից երաժշտարվեստի զարգացման մասին խոսելով՝ ասաց, որ ոչ ոք միանշանակ չի կարող ասել, թե ապագայում երաժշտությունը ինչպիսի զարգացում կունենա: Երաժշտություն սկսել է գրել 6-7 տարեկանից, 1960-ականներին ավանգարդ արվեստը լիովին փոխել է նրա երաժշտությունը: Հետագայում շրջվել է դեպի դասական երաժշտություն՝ փորձելով այն մեկ-երկու քայլ առաջ տանել:


Անդրադառնալով «Իրատեսի»՝ «Ինչպե՞ս եք գնահատում համագործակցությունը երևանյան կոլեկտիվների հետ» հարցին` մաեստրոն ասաց, որ ամեն անգամ Հայաստանում ունկնդրում է իր գործերը. «Հրաշալի դիրիժորներ ունեք, որոնց ղեկավարությամբ ներկայացվում են իմ ստեղծագործությունները, և ես նրանց շատ շնորհակալ եմ դրա համար»:
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, կոմպոզիտորն ասում է, որ տարեկան մոտ 60 կոնցերտ է գրում և խոստովանում, որ ծրագրերը բավականին շատ են։
Պենդերեցկուն նվիրված փառատոնի չորս համերգների ընթացքում ներկայացվել է նրա սիմֆոնիկ և կամերային երաժշտությունը, ստեղծագործություններից շատերը Հայաստանում կատարվել են առաջին անգամ:


Պենդերեցկու փառատոնն իր շուրջն էր համախմբել հայաստանյան տարբեր կոլեկտիվներ. ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), ինչպես նաև արտասահմանից ժամանած անվանի մենակատարներ։
Վաղը փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Սիմֆոնիա թիվ 7՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը. մենակատարներ՝ Իվոնա Հոսսա (սոպրանո), Կարոլինա Սիկորա (սոպրանո), Մալգորզատա Պանկո (մեցո-սոպրանո), Ալեքսանդր Կունախ (տենոր), Պյոտր Նովացկի (բաս), Սլավոմիր Հոլանդ (ասմունք)։


Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ