Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քանդելու մոլուցք

Քանդելու մոլուցք
16.02.2018 | 12:05

Վերջերս տխուր առիթով հայրենի գյուղում էի: Վերակառուցված առանձնատան կողքին ուշադրությունս գրավեց փոքր չափերի մի կիսախարխուլ տուն, դեռևս գյուղական ծածկով: Հիշեցի, որ տանտերը մի երևելի այր էր, որ ժամանակին բարձր պաշտոններ էր զբաղեցրել, շատերին օգնել բնակարաններ ձեռք բերելու Երևանում (և ոչ միայն), ում առաջին ճիչը հենց այդ տանն էր հնչել: Իր վերջին հանգրվանն էի ճանապարհում բարեկամիս, բայց տխրության հետ մի տեսակ ուրախ զգացում էլ ունեցա, որ հարևան-հարազատները այս տունը պահպանել են: Ոչ ոք չի ապրում, չի վերակառուցել, բայց կարևոր է, որ չի քանդել, չի ավերել: Գրեցի «քանդել» բառը և հիշեցի երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի հեղինակած «Գիտելիքների շտեմարանի» երկրորդ հատորում «Հանված արձաններ» վերնագրի տակ նախորդ երեկոյան կարդացածս. «Ղուկաս Ղուկասյան (1899-1920 թթ.), տեղադրվել է 1935 թ., ուսանողական այգում, պետական համալսարանի դիմաց: Պայթեցվել է 1990 թ: Քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան»: Հայը պայթեցրել է հայի քանդակած արձանը, ինչու՞… Որտեղի՞ց այս քանդման և ավերման մոլուցքը: Ի վերջո, արձանը կարող էր հանվել` տեղափոխվելով այլ վայր:

Ի դեպ, նույն քանդակագործի հեղինակած Մեշադի Ազիզբեկովի արձանն իր անունը կրող (այժմ` Ա. Սախարովի անվան) հրապարակից ապամոնտաժվել է, չի պայթեցվել: Իսկ ու՞մ էր խանգարում «Բանվորի արձանը», որ հեղինակել էր ճանաչված քանդակագործ Արա Հարությունյանը: Մտորում էի, ու աչքիս առաջ եկավ քարհանքի վերածված Երևանի երիտասարդական պալատի տարածքը: Տարիներ առաջ մեկ օր եմ ընդամենը առիթ ունեցել գիշերելու Երևանի «Սևան» հյուրանոցում, բայց շատ անգամ է աչքիս առաջ եկել խոշոր ու նրբատաշ քարերով այդ ամրակուռ ու գեղեցկատես շենքը:


Մեր ձեռքով մեծ կողպեքներ կախեցինք, հետո էլ քանդեցինք հսկա գործարաններ, ապամոնտաժեցինք կիսակառույց շենքերի մոտ տեղակայված վերամբարձ կռունկները… Մետաղը դուրս տանելով` չնչին արժեքով սկսեցինք մետաղ ներմուծել` վճարելով շատ ավելի թանկ: Տրամվայը հանեցինք, գծերը քանդեցինք: Գոնե մի կարճ երթուղի կարող էինք, չէ՞, պահպանել, թեկուզ հետաքրքրության համար: Քանդել… քանդել սոցիալիզմի տարիներին ստեղծվածը: ՈՒ՞ր մնաց հայի շինարար ոգին, որ քաղաքներ է կառուցել նաև օտար հողում, որտեղի՞ց այս քանդման մոլուցքը: Մտածում եմ ու պատասխան չեմ գտնում, կամ գտնում եմ, բայց ցանկություն և վճռականություն չունեմ բարձրաձայնելու: Միևնույն է, երկու դեպքում էլ նույն հարցականներն են: Իսկ գուցե քանդողին կուրացրել է շահ ստանալու՞ մոլուցքը: Ինչու՞ ուրիշ տեղերում չենք քանդում: Ո՞վ կթողնի` սա էլ մեկ այլ հարցական: Մի ուրիշ հարցական էլ կապված է մեր համատարած անտարբերության հետ: Հարցականները շատ են, փորձենք միասին գտնել ազգանպաստ պատասխաններ ու լուծումներ:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ