ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

1988 թվականի 30 արծաթը (բրդուճն ու ձկնկիթը)

1988 թվականի 30 արծաթը (բրդուճն ու ձկնկիթը)
16.02.2018 | 12:39

ՆԱԽԵՐԳ


Եվ ծուղրուղու կանչեցին հայոց կարմրակատար աքաղաղներն ու հակինթակտուց աղավնիները։ Եվ նրանց ազատականչ ծուղրուղուն թնդաց Արցախ աշխարհի Մռավ լեռան գագաթին ու դղրդալով արձագանքեց Երևան մայր քաղաքի Թատերական հրապարակում։ Եվ Մհերը մի պահ ոգեշնչվեց ու լքեց Ագռավաքարը։ Որտե՞ղ է այսօր Մհերը։

Իսկ 5 օր անց արցախյան զարթոնքի 30-ամյակն է, հերթական փառապանծ տարեդարձը պետություն չդարձող մեր երկրի կյանքում։ Երկիրը Երկիր Նաիրին է, իսկ նաիրյան վերջին պետությունը լքեց համաշխարհային պատմության թատերաբեմը 1375-ին։ Վերջի՞ն։ Ամենևին։ Զի 1918-ին` ճիշտ մեկ դար առաջ, Մհերը վերստին ոգեշնչվեց ու կրկին բացեց Ագռավաքարի դարպասները, և լույս աշխարհ եկավ 1-ին հանրապետությունը։ Սակայն, եթե Կիլիկիո հայոց թագավորությունը դիմակայեց, ծաղկում ապրեց 295 տարի, ապա 1-ին հանրապետության կյանքը անողոքորեն ակնթարթային էր` 2 տարի 6 ամիս։ Այ, այս պահին ալեկոծություն կբարձրանա 3-րդ հանրապետության «խիղճ և պատիվ» քաղբանտարկյալ-հայրիկյանակերպերի կոնյակով լի ըմպանակներում, զի համարձակվում եմ 2-րդ խորհրդային երկիր ՀԽՍՀ-ը համարել վերջին հայկական, անկախ պետությունը։ Այսպիսով 295, 2 և 70 տարի դիմակայեցինք որպես պետականություն։ 70-ը, կռահեցիք, իհարկե, ՀԽՍՀ-ի տարիքն է։ Այսպիսով, եղանք պետություն ուղիղ 367 տարի։ Կիլիկիո թագավորության անկումից հետո 683 տարի մենք ոսոխի լծի ներքո ենք պատսպարվել։ Բայց կներեք, չէ՞ որ, երբ Կիլիկիայում փողփողում էր մեր պետականության դրոշը, Հայկական լեռնաշխարհում, Տիգրանակերտից մինչև Վան, մինչև Երևան և մինչև անգամ Կիրանցի անտառները Երկիր Նաիրին ավարառվում էր զանազան կիրթ (Բյուզանդիայի և Պարսկաստանի) և զարմանալիորեն բարբարոս (սելջուկների, մոնղոլների և այլոց) էթնոսների սմբակների ներքո։ Եվ եթե վերջին 1000 տարին, այն է` հետնարեկացիական պատմափուլը դիտարկենք շաբաթվա հաշվարկով, ապա 5 օր կորուսյալ ենք եղել, 2 օր առնացի, այսինքն` անկախ։ Ինչ խոսք, կռահեցիք, թե ինչու վերջին 27 տարիները չեն ներառվում այս պատմաքաղաքական օրացույցում, զի դրանք ձևով անկախ-պետականակերտ էին, բովանդակությամբ, սակայն... Բայց այս մասին եկեք խոսենք «1988 թվականի 30 արծաթը» պատմաքաղաքական զարմանահրաշ ասքում։ Հետո կանցնենք մեր առօրյա հոգսերին` «Բրդուճն ու ձկնկիթը» սոցիալ-քաղաքական արձակ պոեմում։
Բարի վայելում։

1988 ԹՎԱԿԱՆԻ 30 ԱՐԾԱԹԸ
Իմաստուն մի այր ժուկով-ժամանակով հրովարտակել է` «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է յուր իշխանությանը, յուրաքանչյուր իշխանություն` իր ժողովրդին»։ «ՈՒրբաթօրյա հողմաղացը» անգութ սրտով կախաղան է բարձրացնում սույն իմաստությունը, քանզի երեսպաշտություն է իշխանությունների արատների սկզբնաղբյուրում փնտրել-գտնել ժողովրդի զանցանքը, առավել ևս, հանցանքը։ Մենք մի՞թե արժանի ենք մեր իշխանությանը։ Կասկածում եմ։ Օրհասական էներգետիկ ճգնաժամի քառամյակում իշխանական զմայլանքով ձևավորվեց 3-րդ հանրապետության գաղափարական մանկուրտացման տեսլականը` 1-2 ժամ էներգամատակարարմամբ։ Փլուզվեց երկրի հսկա տնտեսական համակարգը, հընթացս լուծվեց 2-րդ գերխնդիրը` սկիզբ առավ զանգվածային արտագաղթը։ «Մազութի գործը» երկրակեղեքման նոր որակ էր երկրի պատմության դատաստանագրքում։ Նշյալ գործը դասվեց առասպելների շարքում, որոնք, ինչ խոսք, ծնվել էին համաժողովրդական անհուսության և վիրավորանքի կիզակետում։ Նշյալ գործը երկնող և կառավարող պետական անձինք 1988-ին խանդավառ բերկրանքով դիմակայում էին խորհրդային ջարդարար զրահամեքենաներին, հընթացս կենդանացնելով գալիք անկախ երկրի մարմինն ու հոգին։ Ո՞վ և ինչպե՞ս խառնակեց նրանց միտքն ու հոգին` քսակ առ քսակ նվիրաբերելով 30-ական արծաթ։ Տարիներ անց «Մազութի գործը» հրապարակ իջավ` կառափնարան բարձրանալու հստակ նպատակով։ Արտակարգ լիազորություններով օժտված հանձնաժողովը Դավիթ Լոքյանի նախագահությամբ, հիմնահատակ վարուվերեց մազութային արհավիրքը։ Մեկ տարում գործի 10 տոկոսն ուսումնասիրվեց և պաշտոնապես հաստատվեց` 10 մլն դոլար չարաշահում է առկա։ Թվաբանական անգամ ծանծաղ գիտելիքը պարզ հուշում է` «Մազութի գործի» լիակատար բացահայտման պարագայում 100 մլն դոլարի չարաշահում ի հայտ կգար, և ծանրագույն պետական հանցանքների կատարման հիմքերով տասնյակ իշխանավորներ բազմահատոր հուշեր կգրեին ցմահ դատապարտյալների խցերում` «Ինչպես լափեցի այդ սարսափելի սև մազութն իմ վարդագույն խաս շուրթերով» խորագրով։ Հիմա պաղատում եմ, որ պարզաբանեք` իսկապե՞ս հայ ժողովուրդն արժանի էր յուր իշխանությանը։ Այն ժողովուրդը, որը կիսաքաղց և մրսած, վառարանի կողքին կքած, բայց և այնպես, սրտով արի, մտքով բարի, չէր ընդվզում, խռովության չէր անցնում, չզարմանանք, աղոթում էր վասն իշխանաց արևշատության, զի Արցախի ճակատներում կայանում էր հայկական պետականությունը 295, 2 և 70 տարի անց։

Ժուկով-ժամանակով 1988-ի հերոսներից մեկը, որը հետագայում արցախյան ճակատներում կոփում էր հայկական պետականությունը, գլխավորեց 3-րդ հանրապետությունը։ Գլխավորեց և թլպատեց երկրի ողնաշարը, ինչ-որ շինծու պարտքերի դիմաց վաճառահանեց հայկական «ոգելից մատենադարան» Երևանի կոնյակի գործարանը, ռազմավարական դաշնակից, սակայն հաճախ ռազմաքաղաքական անսիրտ վերակացու ՌԴ-ին նվիրաբերեց երկրի էներգետիկ համակարգը, «Մարս» անկործան գործարանը և այլն, և այլն։ Ժողովուրդն արժանի՞ էր վերոնշյալ տիտղոսակիր իշխանիկին։ Ի դեպ, Երևանի կոնյակի գործարանը հայկական ոսկեխունկ-ծփանք կոնյակի ռազմաքաղաքական ախոյանին վաճառվեց 30 մլն դոլարով։ (Պատվարժան զիմ ընթերցող, ռազմաքաղաքական հեռանկարով թերևս պիղատոսաբար խուսափում եմ ՀՀ 3-րդ նախագահի նախագահական վարքը բաղդատելուց։ Չեմ խուսանավում, խուսափում եմ և ահավասիկ, թե ինչու։ Նա եղել է ամենուր իր տեղում։ Թե՛ որպես պաշտպանության նախարար, թե՛ որպես ազգային անվտանգության և ներքին գործերի գերնախարար։ Նա համակարգային փոփոխություններ է կատարել, ի մասնավորի ՀՀ ՊՆ-ն նրա կառավարման օրոք ազատագրվեց «չաստ նայողի» չարաբաստիկ ինստիտուտից, զինվորը սնվեց և, չզարմանաք, ազատվեց ոջիլների անզուսպ գրոհներից։ Ամենաէականը` ցանկացած համակարգի ծառայակիցների համար նա ապահովել է արժանապատիվ ծառայություն և կեցություն։ Եվ ահա ես` ծառան ձեր հեզ, հույս եմ տածում, որ նրան կհաջողվի համակարգային փոփոխության ենթարկել 4-րդ հանրապետությունը և ապահովել արժանապատիվ կյանք երկրի բնակիչների համար)։

Վերջին 10 տարիներին հանրապետությունը լիուլի վայելեց 3 վարչապետների և նրանց վարչահրոսակային վարչակազմերի սանձազերծած բարեփոխումների պտուղները, որոնք ուղղակի կիսախակ էին։ Պաղատում եմ, որ պարզաբանեք` ժողովուրդն իսկապե՞ս արժանի էր նրանց։ Ժողովուրդը, ասել է թե` 27 տարի անընդմեջ նյութապես և բարոյապես անարգված հոտաղն ու գիտնականը, տնակային թաղամասի բնակիչն ու դափնեկիր երգահանը, ազատամարտի վետերանն ու անհատ ձեռնարկատերը, որոնց զավակներն են սահմանը պահում։

ԲՐԴՈՒՃՆ ՈՒ ՁԿՆԿԻԹԸ
Հրաշունչ գեղագիտության տեր է բանաստեղծ Արտեմը Հարությունյան, որի «Հայաստան` անկախ երկիր» քերթության այս հատվածը համահունչ է մեր ցավ ու դարդ ասելիքին.
Հայաստան, քո մաֆիոզ խմբերը (կարդա... պաշտոնյաները)
տանում են բյուջեի 70 տոկոսը։
Քո մաֆիան ավելի բազմազան է, քան
միջին դասն ու սովորական քաղաքացիներդ,
որ անցնում են փողոցով, ասես վշտի
պուպրիկներ, նոր փորձության փթանոց բռունցքի
տակ կքած, գրպանում` խոստումների
ուռճացած փուչիկը և 3000 լումա`
կեղծ-նիկելապատ...

Վերջին կառավարությունը, ըստ իս, պատմության մեջ պետք է մնա ահա այս հիշատակմամբ. «Սեղմիրան աղքատի համար»։ Կառավարությունն օրնիբուն, քուն թե արթուն փնտրում-հայտնաբերում է պետական բյուջեի ծախսերը կրճատելու հնարավորություններ։ Գտնում է, զի վեհանձն է նպատակը և հոգեշահ, բյուջեն խնայվում է, որպեսզի իշխանության և կառավարության վրա կատարվող ծախսերը դույզն-ինչ չնվազեն։ Օպտիմալացվում է հնարավոր ամեն բան` դպրոցները, մանկապարտեզները և բուժհաստատությունները։ Առայժմ այսքանը։


Տե՜ր իմ երկնավոր, օպտիմալացվում են հայոց գյուղերը, գյուղապետերով հանդերձ, այս նշանաբանի ներքո. «Ոչ մի հավելյալ լումա չպետք է ծախսվի ավելորդ ուտող բերանների վրա»։ Ցնցող է երկրապաշտական սույն նախաձեռնությունը։ Լուսաբանենք` լեռներում կորած (բայց մինչև օրս չմոլորված) Մարգարտաշաղ, Ցողապատ և Զարզանդ գյուղերը միավորվում են։ Հուշեմ հիշեք, որ նախկինում յուրաքանչյուր գյուղում կար 1 գյուղապետ, աշխատակազմի 1 ղեկավար, 1 քարտուղարուհի և 2, մշտապես գյուղապետարանի շլինքից կախված, անբան-գյուղաբնակ։ Գյուղերը օպտիմալացվեցին Զարզանդ գյուղի շուրջը։ Կրճատվեցին 2 գյուղապետ, 2 աշխատակազմի ղեկավար և 2 քարտուղարուհի։ Նաև 4 անբան կրճատվեց։ Մի՞թե երկիրը չշահեց։ Երկիրը` չգիտեմ, սակայն պետբյուջեն էապես շահեց և խնայված փողերը նպատակաուղղեց վարչական ապարատի պահպանման սրբազան գործին։ Եվ ահա պետականաշեն գործընթացը հասավ նպատակին` որքան թերասնվում է ժողովուրդը, նույնքան գերսնվում է վարչական ապարատը։ Ընդ որում, համաժողովրդական թերասնումը նպաստում է ներկա գերագույն նպատակին` արտագաղթի անհագ տեմպին։ Գերսնումը նույնպես։


Երանելի էին 1988-ի զարթոնքի օրերը։ Ներկա գերսնուցված վարչական ապարատայիններից շատերը, տակավին պատանի և դեռևս օրիորդ, բրդուճն առած ձեռքները, բոկոտն, բայց լուսահայացք և օրնիբուն խանդավառված մասնակցում էին երթերի և նստադուլերի, հացադուլերի ու հանրահավաքների։ Զի կայանում էր հայոց պետականությունը։ Նրանք մի՞թե երազում էին ներկա ամենօրյա ձկնկիթի մասին։

ՎԵՐՋԵՐԳ
Անհապաղ անհրաժեշտ է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և ՀՀ Սահմանադրության նախերգանքում քարագրել հետևյալ հիմնարար դրույթը. «3-րդ հանրապետությունում դեռևս բնակվող հայ ժողովուրդն ամենևին արժանի չէ իր իշխանությանը»։ Իսկ վերջում էլ` հետևյալը. «3-րդ հանրապետության դեռևս պահպանված իշխանությունը լիովին արժանի է ինքն իրեն»։

Եվ ծուղրուղու կանչեցին հայոց կարմրակատար աքաղաղներն ու հակինթակտուց աղավնիները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ