Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երաժշտության առաքելությունը

Երաժշտության առաքելությունը
16.02.2018 | 12:52

«Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկեց մի նոր նախագիծ. «Երաժշտական հանդիպումներ Դանիել Երաժշտի հետ»։ Այն տեղի է ունենում ամիսը երկու անգամ և նպատակ ունի ոչ միայն երաժշտության խորհրդաբանությունը բացահայտելու, գեղեցիկի, իդեալի հետ հաղորդակցվելու, նրա առաքելությունը ճանաչելու, այլև համաշխարհային երաժշտության համապատկերում հայկականի տեղն ու դերը գիտակցելու և արժևորելու:


Առաջին հանդիպման թեման էր Գրիգոր Նարեկացու «Հաւիկ մի պայծառ տեսի» տաղը կոմպոզիտորների արվեստում։ Երեկոյին ներկայացվեց նախ Հարության տաղի վերլուծությունը, զուգահեռներ անցկացվեցին տաղի հիման վրա գրված` Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Վարդ Մանուկյանի, Երվանդ Երկանյանի, Սերգեյ Աղաջանյանի և այլոց ստեղծագործությունների միջև։ Այնուհետև հնչեցին Կոմիտասի և Շարա Տալյանի ձայնագրած տարբերակները, հատվածներ Էդգար Հովհաննիսյանի 1-ին սիմֆոնիայից, Վարդ Մանուկյանի «Հաւիկը»` ձայնի և դաշնամուրի համար, Տիգրան Մանսուրյանի և Դանիել Երաժշտի գործիքային մշակումները, որոնք բացահայտեցին մեկնաբանման լայն դիապազոնը, որը սփռվում է երկու բևեռների միջև` Տ. Մանսուրյանի կիլիկյան ոսկեղենիկ մանրանկարչությունը հիշեցնող, նրբագեղ, եթերային քնարականությունից մինչև Է. Հովհաննիսյանի ժայռեղեն սիմֆոնիայի տիեզերահունչ անդաստանները։ Այս ամենը վկայեց Նարեկացու պոեզիայի ու երգարվեստի վիթխարի ներուժի մասին, որոնք ի զորու են կյանքի կոչելու նորանոր, բազմաժանր ստեղծագործություններ։
Երկրորդ հանդիպումը նվիրված էր Գյոթեի «Վարդը» բանաստեղծության խոսքերով տարբեր կոմպոզիտորների գրած երգերի համեմատությանը։ Ներկայացվեց Գյոթեի երկի ստեղծման պատմությունը` կապված պոետի և Ֆրիդերիկայի սիրո հետ։ Զուգահեռներ անցկացվեցին քերթվածի և դրանից բխած երգերի տարբեր մեկնաբանությունների միջև։ Լսվեցին Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ռոմանսի ձայնագրությունները` Զարուհի Դոլուխանյանի և Միհրան Երկաթի կատարմամբ։ Հնչեցին Հայնրիխ Վեռների տարբերակը և Ֆրանս Լեհարի «Ֆրիդերիկա» օպերետի համապատասխան հատվածը։
Երրորդ հանդիպումը նվիրված էր Մոցարտի ծննդյան 262-ամյակին։ Ներկայացվեցին 25-րդ և 40-րդ սիմֆոնիաները, որոնցում առավել վառ կերպով են դրսևորվել Մոցարտի արվեստի հիմնական առանձնահատկությունները` դրամատիզմը և դեմոնիզմը։
Չորրորդ հանդիպման թեման էր «Մոցարտի «Մանուշակ» երգը` որպես դասական ռոմանսի առաջնեկ և նրա դերը ռոմանսի զարգացման գործում»։
Երեկոյին վերլուծվեցին և լսվեցին «Մանուշակ» բանաստեղծությունը և դրա հիման վրա գրված Մոցարտի, Յոհան Ռայխարդտի, կոմսուհի Աննա Ամալիայի, Կլարա Շումանի երգերը։ Մոցարտը ներկայացվեց որպես «ժանրեր պայթեցնող», որը «Մանուշակ» հովվերգական անպաճույճ քերթվածը վերածել է դրամատիկ տեսարանի, միջանցիկ զարգացմամբ հաղթահարել կուպլետային ձևը, դաշնամուրային նվագակցությունը զարգացրել մինչև երկրորդ «գործող անձի»։

Հնչեցին նաև Մոցարտի «Իրիկվան խոհեր» և «Ո՛վ իմ քնար» երգերը։
Հինգերորդ հանդիպումը նվիրված է Վահան Թեքեյանի ծննդյան 140-ամյակին։ Թեման է «Թեքեյանը և երաժշտությունը»։ Երեկոյին կվերլուծվեն պոետի «Երաժշտությունը», «Կոմիտաս Վարդապետ», «Գողթան երգիչներ», «Բեթհովենի սոնատի վրա» բանաստեղծությունները, կլուսաբանվեն Թեքեյանի պատկերացումները երաժշտության մասին։ Կհնչեն պոետի խոսքերով գրված «Եկեղեցին հայկական» խմբերգի ձայնագրությունը, Երվանդ Երկանյանի «Իրիկվան խորհուրդներ» շարքը, Արմենուհի Կարապետյանի «Քու հիշատակդ այս գիշեր» խմբերգը, Բեթհովենի 26-րդ սոնատը` Դանիել Բարենբոյմի ձայնագրությամբ և Դանիել Երաժշտի «Փափագ» երգը` Սոֆյա Թումանյանի կատարմամբ (տեսագրություն)։


Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3328

Մեկնաբանություններ