USD483.62
EUR565.59
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«Հայաստանյան բեմում պատասխանատվությունն ավելի բարձր է»

«Հայաստանյան բեմում պատասխանատվությունն ավելի բարձր է»
16.02.2018 | 13:02

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հետևողականորեն հանրությանն է ներկայացնում հայ տաղանդավոր պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներին: Փետրվարի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ՀԱՖՆ-ի և ջութակահարուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր ԴԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ համատեղ համերգը: Կհնչեն Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան, Բրուխի ջութակի կոնցերտը և Բրամսի թիվ 2 սիմֆոնիան: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:


Դիանա Ադամյանը 2010-ից ելույթ է ունենում հայ և արտասահմանյան նվագախմբերի հետ: Բազմիցս համերգներ է ունեցել ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ սա երկրորդ համերգն է: Պատանի ջութակահարուհին մեծ պատիվ է համարում ազգային նվագախմբի հետ նվագելը: Բրուխի կոնցերտը Դիանան ներկայացնելու է նաև ապրիլին Ժնևում անցկացվող Եհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթում, որտեղ ամբողջ աշխարհից ընտրվել են 44 երիտասարդ երաժիշտներ:
Ինչու՞ Բրուխ: Մրցույթի կազմակերպիչներն առաջարկել են մի քանի կոնցերտ, Դիանան ընտրել է Բրուխինը, որը տեխնիկապես բարդ, բայց գեղեցիկ կոնցերտ է և շատ հոգեհարազատ իրեն: «Ջութակի համար գրված բոլոր կոնցերտներն էլ բարդ են»,- հավելեց ջութակահարուհին:


Հայաստանյան և արտասահմանյան բեմերի մասին խոսելով՝ մեր զրուցակիցն ասաց, որ այստեղ պատասխանատվությունն ավելի բարձր է, բայց նաև հանգիստ է զգում իրեն, քանի որ հարազատ միջավայրում է. «Դրսի բեմերը յուրովի հետաքրքիր են, հանդիսատեսը՝ անծանոթ ու շատ տարբեր: Ամեն անգամ նորովի ես ներկայանում»: Խոսելով միջազգային մրցույթների մասին՝ ասաց, որ այսօր երաժիշտների որակը չափազանց բարձր է, մրցակցությունը՝ բարդ. «Երբեմն այնպիսի երաժիշտներ են մասնակցում մրցույթի, որ դժվար է պատկերացնել, թե այդպիսի մակարդակ կարող է լինել»: «Երաժշտի համար կարևո՞ր նախապայման է երկրի սահմաններից դուրս գալը» հարցին ի պատասխան ասաց, որ սովորելու, նորություններ քաղելու համար պետք է շրջագայել. «Խորհրդային դպրոցն ուրիշ նախատիպեր ունի, ամերիկյանը՝ ուրիշ, եվրոպականը՝ ուրիշ: Այդ բոլորը պետք է վերցնել, անցկացնել ներսով, հասկանալ՝ որն է քեզ ավելի հոգեհարազատ»:


Մեր վերջին հարցը հայ ժամանակակից երաժշտությանն էր առնչվում: Հետաքրքի՞ր են ժամանակակիցները, կատարու՞մ է կամ նպատակ ունի՞ կատարելու նրանց ստեղծագործությունները: Դիանան ասաց, որ ներկայումս աշխատում է Ա. Խուդոյանի սոնատի վրա, մարտին ներկայացնելու է ՀՀ նախագահի երիտասարդական մրցույթին. «Նրա սոնատը, առհասարակ մերօրյա կոմպոզիտորների ստեղծագործություններն ամեն երաժիշտ կարող է յուրովի ընկալել: Երաժիշտը միջնորդ է, նա պետք է կարողանա կոմպոզիտորի գրածը, նրա զգացածը լավագույնս հասցնել ունկնդրին»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ