Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում լուսանկարչությունը զուրկ է պետական աջակցությունից

Հայաստանում լուսանկարչությունը զուրկ է պետական աջակցությունից
16.02.2018 | 13:06

Առաջիկայում Երևանում նախատեսված է լուսանկարչական միջազգային շարժական ցուցահանդես` նվիրված «photopodium.com» լուսանկարչական կայքի 10-ամյա գործունեությանը: Ի թիվս ութ տասնյակ լուսանկարիչների` ներկայացվելու են նաև Հայաստանի և արտերկրի մեր հայրենակիցների աշխատանքները: Ցուցահանդեսը կբացվի «Թեքեյան» կենտրոնում` փետրվարի 22-ին, 15:00-ին: Մթնոլորտն այստեղ ջերմ է, սրահը միշտ էլ տրամադրում են սիրով, բայց տարածքը մեծածավալ ցուցադրության համար փոքր է:
photopodium.com լուսանկարչական կայքի հայաստանյան ներկայացուցիչ, լուսանկարիչ ԱՐՄԵՆ ԵՆԳՈՅԱՆԸ փաստում է, որ Հայաստանում լուսանկարչությունը զուրկ է պետական աջակցությունից, ինչը տարօրինակ է, որովհետև այսօր թե Եվրոպայում, թե ԱՄՆ-ում լուսանկարչությունը բավականին լուրջ արվեստ է համարվում: Լուսանկարներ կան, որ գնահատվում են 3, 4, 7 միլիոն դոլարով: Հայ լուսանկարիչները նույնպես ներկայանում են թե մեզ մոտ, թե միջազգային ասպարեզում, բայց անհատական մակարդակով: Պետական մոտեցում չկա խնդրին: Իսկ խնդրի լուծման հնարավոր տարբերակներից մեկը, ոլորտի ներկայացուցիչների պնդմամբ, հայ լուսանկարչության թանգարանի հիմնումն է: Երեք տարի առաջ լուսանկարիչ ՎԱՀԱՆ ՔՈՉԱՐԸ սույն հարցով դիմել է Երևանի քաղաքապետարանին: «Խոստացան, որ կլինի, մշակույթի նախարարությունը (Հասմիկ Պողոսյանի օրոք) նույնպես ինչ-որ բան խոստացել է, Արմեն Ամիրյանի ժամանակ եկել են այն համոզման, որ պետք է բացվի Արա Գյուլերի թանգարան,- ասաց լուսանկարիչը:- Շատ զարմանալի միտք: «Ազգի» փետրվարի 2-ի համարում Ալեքսանդր Թոփչյանը, արձագանքելով «Իրատեսի» «Ոչ թե տեղանքն է դեր խաղում, այլ անունը» (23.01.2018թ.) հոդվածին, որտեղ ասվում է, որ Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցը «բանակցությունների» օրակարգում է, զարմանք է հայտնում` ինչու՞ Արա Գյուլերի անունով թանգարան, այն դեպքում, երբ Երևանում գործել է Անդրանիկ Քոչարը (իմ հայրը) և լուսանկարչության համար արել այն, ինչը չի կարող անել Գյուլերը Թուրքիայում, առավել ևս, որ նա այնտեղ իր թանգարանն էլ ունի, աշխարհի բոլոր կոչումներն էլ: Հոդվածի վերնագիրն է «Ապերախտություն»:


Վահան Քոչարի համար, սակայն, կարևորը անվանումը չէ, այլ հայ լուսանկարչության թանգարանի գոյությունը, որ կունենա մշտական ցուցադրության բաժին, հավաքատեղի կլինի լուսանկարիչների համար, դահլիճի առկայությունը կլուծի նաև ցուցադրության խնդիրը:
Վահան Քոչարը թանգարանին է նվիրելու իր հոր հավաքածուն (150 ցուցանմուշ), որը ներկայումս ի պահ է տվել Երևանի պետական թանգարանին: «1922-ին, երբ երկրում համաճարակ էր ու սով, հիմնեցին Ազգային պատկերասրահը, անհատ մարդ եմ, թանգարան եմ նվիրում, տարածք չեն տալիս»,- վրդովվեց լուսանկարիչը:


Տպագրության է պատրաստ նաև Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» գրքի չորսհատորյակը: Ժամանակին «Հայ լուսանկարիչներ» գիրքը, որտեղ ներկայացված էին 500 հայ լուսանկարչի աշխատանքներ, հրատարակվել է Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ: Վահան Քոչարը պատմում է, որ անմիջապես լուծում է տրվել խնդրին: Հաջորդ քայլը թանգարանն էր լինելու:
450-էջանոց գիրքն արդեն 1200 էջ է, 4 ու կես հազարից ավելի լուսանկարներ կան` սկսած 1858-ից (լուսանկարչությունը ծնունդ է առել 1839-ին): Տպագրության համար միջոցներ չկան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը` ՀԵՂԻՆԱԿԻ

Դիտվել է՝ 2819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ