«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Արարիչ Աստծուն որևէ ազգային պատկանելություն վերագրելն անհեթեթ է և հակագիտական»

«Արարիչ Աստծուն որևէ ազգային պատկանելություն վերագրելն անհեթեթ է և հակագիտական»
16.02.2018 | 01:30

«Իրատեսի» նախորդ համարում հրապարակված «Արև-Հայր Աստծո որդին հա՞յ է» վերտառությամբ հոդվածը տեղիք է տվել մեր ընթերցողների բուռն և իրարամերժ արձագանքներին: Այդ կապակցությամբ է մեր հարցազրույցը Գորիսի տարածաշրջանի հոգևոր հայր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ կարծիքի եք վերջին մեկ-երկու տասնամյակում ակադեմիկոս Պարիս Հերունու և այլոց կողմից տարբեր առիթներով արտահայտված-արտահայտվող այն տեսակետի առնչությամբ, որ Հայր Աստված հայ է, նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, իր բարության ուսմունքով նույնպես հայ է:
-Նախ պետք է տարբերակել «ԱՍՏՎԱԾ» գաղափարը ըստ հետևյալ չափորոշչի.
1. Մարդու Արարիչ Աստված:
2. Մարդու արարած աստված:
Եթե խոսում ենք մարդուն ստեղծած տրանսցենդենտալ էության մասին, ապա Նրան որևէ ազգային, սեռային պատկանելություն վերագրելը, ինչ-որ պանթեոնում թեկուզ և ամենապատվավոր տեղը շնորհելը, մեղմ ասած, անհեթեթ է և հակագիտական: Եթե խոսում ենք մարդկանց ստեղծած աստվածների կամ մարդկային անկյալ բնության կողմից «աստված» գաղափարի աղճատումների և համապատասխան դրսևորումների մասին, ապա այդ «աստվածները»՝ որպես ազգային-կրոնական «պրոդուկտ», ունեն համապատասխան ազգային պատկանելություն: Ինչպես ասել են մեր սուրբ հայրերը՝ Աստված «աներբ է և անուր»: Ազգերի և լեզուների ծագումը ժամանակի և տարածության տիրույթում է և, Սուրբ Գրոց վկայությամբ, տեղի ունեցավ մի պատմական իրողության արդյունքում, ինչը շատ պատմաբաններ համարում են առասպել. Բաբելոնյան աշտարակաշինության (Ծննդ.11.1-9):
-Ըստ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու, ո՞վ է Հիսուս Քրիստոսը` հրեա՞, հա՞յ, թե՞ ոչ մեկը, ոչ էլ մյուսը, այլ ուղղակի մարդեղացած Աստված:
-Հիսուս Քրիստոսի լավագույն բնորոշումը, թերևս, տալիս է Սբ Պողոս առաքյալը՝ Տիմոթեոսին ուղղված իր առաջին թղթի 3-րդ գլխի 16-րդ համարում: Այդտեղ նա բնորոշում է Նրան որպես «աստվածպաշտության մեծ խորհուրդ»: Որպես այդպիսին՝ Հիսուս Քրիստոս, լինելով հանդերձ մի խորհրդավոր և ճշմարիտ իրականություն, ազգություն չունի: Սակայն, որպես պատմական իրողություն, պատմական անձ, նա անշուշտ ունի ազգություն, տարիք և մարդկանց բնորոշ այլ առանձնահատկություններ: Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր թղթի 9-րդ գլխի 1-5 համարներում վկայում է, որ Հիսուս Քրիստոս ազգությամբ հրեա է: Իսկ Հովհաննես Աստվածաբան Ավետարանչի առաջին թղթի 4-րդ գլխի 1-6 համարներում գտնում ենք հետաքրքիր վկայություն այն մասին, որ Հիսուս Քրիստոսին որպես պատմական անձ չընդունողները նեռի հոգի ունեն:
-Հայր Աստված ոմանց կողմից ներկայացվում է իբրև Արև-Հայր Աստված: Ի՞նչ կարծիքի եք այս կապակցությամբ, կարելի՞ է այս հետևությունը կատարել` ելնելով այն փաստից, որ «Արա»-ի (ԱՐ-ի) պաշտամունքը, ինչպես գրել է, օրինակ, անգլիացի պատմաբան Արչիբալդ Սեյսը, ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում, ապա սփռվել հին աշխարհում:
-Այստեղ խոսքը արդեն «աստված» գաղափարի աղավաղումների մասին է: Մարդը կրոնական էակ է և ի սկզբանե ստեղծվել է ճշմարիտ աստվածպաշտության համար: Նա հեռացավ Աստծուց (նախքան դրախտից վտարվելը), բայց իր էության անքակտելի մաս կազմող կրոնականությունը չչքացավ, արդյունքում մարդը բառացիորեն արտադրում էր ամենաբազմազան աստվածներ՝ ներքին և արտաքին լայն սպառման համար:
-Հայտնի է, որ Հիսուսի ծննդյան օրն այցելել են երեք հայ մոգեր` Մելքոնը, Գասպարը և Բաղդասարը: Ի դեպ, ըստ Ավետարանի, մոգերը եղել են աստղագետներ, իսկ աստղագիտությունը, որպես գիտություն, ինչպես վաղուց ապացուցված է, առաջացել և զարգացել է հին, ավելի ճիշտ, հնագույն Հայաստանում: Ռուսական «Պատմության առեղծվածները» (N 30, 2013) շաբաթաթերթում հրապարակված Անդրեյ Վասիլևի «Փրկչի խոսքը» հոդվածում նշված է նաև 24 տարեկանում Հիսուսի հետ երեք մոգերի հանդիպման մասին: Ոմանք այս փաստերը նույնպես փորձում են ծառայեցնել այն տեսակետը հիմնավորելուն, որ Քրիստոսը հայ է: Մեր ընթերցողներին, կարծում ենք, կհետաքրքրի նաև այս առնչությամբ Ձեր կարծիքը: Համենայն դեպս, ըստ Ձեզ, զուտ պատահական համընկնու՞մ է այն, որ երեք մոգերը հայ են եղել, և եթե ոչ, դա ինչի մասին է վկայում կամ հուշում:
-Անհասկանալի է ընդհանրապես ամեն ինչ ու ամենքին «հայացնելու» մեր ազգային մոլուցքը, ինչը, մի կողմից, առկա թերարժեքության, մյուս կողմից` հպարտության կամ սնապարծության վկայություն է: Մենք սիրում ենք հպարտանալ մեր անցյալով և մեր մեծերով, սակայն այդ հպարտությունը մեր սեփական ստերջության ու սնանկության մոխրագույն ֆոնի վրա լավագույն կտավը չի ստեղծում: Ըստ ավանդության, մոգերը եղել են Մեծ Հայքի Մոկք (Մոգք-մոգեր) նահանգից: Դա ինքնին ոչ մի բանի մասին չի հուշում: Հիսուս Քրիստոս Աստված է, ում ամենայն ծունկ պետք է ծնրադրի, բոլոր ազգերն ու լեզուները փառաբանեն, և հայազգի մոգերի կողմից երկրպագվելը բնավ չի կարող փաստել Նրա հայ լինելը:
-Ասում են, թե Քրիստոսը խոսել, քարոզել, աղոթել է արամեերենով, այդ լեզվով են խոսել նաև նրա ընտանիքում: Եթե հրեա էին ինքն ու իր ծնողները, ինչու՞ էին եբրայերենով խոսելու փոխարեն արամեերենով խոսում: «Արամեերեն» ասելով, մարդ ընկալում է Արամի լեզու, ինչպես, օրինակ, հայերեն` հայի լեզու, անգլերեն` անգլիացու լեզու և այլն: Ո՞վ է այդ Արամը, եթե ոչ հայ, և ի՞նչ է արամեերենը, եթե ոչ հայերեն: ՈՒրիշները չէի՞ն կարող հայերենն արամեերեն անվանել, ինչպես, օրինակ, Հայաստանն անվանել են Արմենիա:
-Մտավորական թե շինական, պետք է գոնե մեկ անգամ ուսումնասիրի «Աստվածաշունչ» մատյանը, և այդ դեպքում նրա մեջ հարցեր չեն ծագի, եղածներն էլ կփարատվեն: Այն փաստը, որ արամեերենը հայերենը չէ, լրացուցիչ ապացույցի կարիք չունի: Ամեն դեպքում, Սուրբ գիրքը վկայում է, որ Արամը Սեմի սերունդներից է (Ծննդ.10. 22): Հիսուսի հայ լինելը «ապացուցող» ակադեմիկոսները նույն եռանդով կփաստեն, որ հայերը Հաբեթի սերունդներն են: Հայաստանն անվանել են Արմենիա. Արամը ոչ մի կապ չունի դրա հետ: Արամեերենը ծագել է սեմական միջավայրում և մեր նախահայր Արամի հետ կապ չունի: Եթե Հիսուսի պատմական միջավայրում խոսել են արամեերենով, դա չի նշանակում, որ նրանք հրեա չեն եղել: Արամեերենը ժամանակի խոսակցական լեզուն էր, եբրայերենը առավել՝ ծիսական:
-Բացառու՞մ եք, որ հետագայում ինչ-ինչ պատճառով կամ նպատակով արամեերեն է անվանվել և համարվել սեմական լեզվաընտանիքի հյուսիսարևմտյան խմբին դասվող այն լեզուն, որի գրերը` արամյան գրերը, բաղաձայն հնչյունակազմական գրերի համակարգ են, առանց ձայնավորների: Քրիստոսի լեզվի գրերը` առանց ձայնավորների՞… Եթե բացառում եք, ինչու՞, ի՞նչ հիմքով…
-Ցանկացած լեզվի գրեր կարող են լինել առանց ձայնավորների: Մարդեղացած Աստված Քրիստոսի լեզուն առանձնահատուկ չէր. Նա եկել էր հաղորդակցվելու «Իսրայելի տան մոլորյալ ոչխարների հետ» և պետք է խոսեր միևնույն լեզվով: Լեզուն հաղորդակցության միջոց է: Պողոս առաքյալը վկայում է, որ հրեշտակներն էլ ունեն իրենց յուրահատուկ լեզուն: Աստված Ինքը՝ որպես Ամենասուրբ Երրորդություն, չունի լեզու, և աստվածային անձերը հաղորդակցվում են կատարյալ սիրո, ներդաշնակության, համակամության մեջ: Հիսուս իր ժողովրդի հետ ոչ միայն խոսում էր հասկանալի արամեերենով, այլև խոսում էր առակներով, որովհետև լեզուն նաև մտածողություն է:
-Իրականությանը համապատասխանու՞մ է այն տեղեկությունը, որ Հիսուսի աշակերտների մեծ մասը արամեերենը հասկացել է միջնորդ լեզվի օգնությամբ, ինչից ենթադրվում է, որ Հիսուսի արամեերենը մյուս առաքյալների համար, ամենայն հավանականությամբ, թարգմանել են Նրա ամենասիրելի աշակերտներ, սուրբ Գրիգոր Տաթևացու խոսքերով, ավելի ուշիմ և ազնիվ Հակոբոսը, վերջինիս եղբայր Հովհաննեսը և Պետրոսը, հետևաբար պետք է եզրակացնել, որ հիշատակված առաքյալները հայազարմ են, և այդ պատճառով է, որ այդ երեք առաքյալները մշտապես ուղեկցել են Հիսուսին։
-Ինչպես ասացինք, արամեերենը կապ չունի հայերենի հետ: Իսկ աշակերտները բոլորն էլ խոսել են արամեերենով, որը ժամանակի լայն աշխարհագրություն ունեցող խոսակցական լեզուներից էր: Աշակերտների հանդեպ ընտրողական մոտեցման տերունական սկզբունքները միայն Տիրոջն են հայտնի, բայց կարծում ենք, այդ երեք աշակերտները շատ պարզ էին, խոնարհ, պատրաստակամ ու նախանձախնդիր, բացի այդ, Հովհաննեսն ու Հակոբոսը նաև Հիսուսի ազգականներն էին:
-Ի՞նչ կասեք հետևյալ տեղեկության կապակցությամբ. «Եվ չնայած հրեաների մոտ ծննդաբանությունը հաշվվում է մոր կողմից, ուղղափառ հրեաների համար Հիսուսը ոչ մի կերպ հրեա չէր»:
-Հրեաները չեն ընդունում, որ Տեր Հիսուս ծնվել է Կույս Մարիամից, նրանք աստվածանարգաբար համոզմունք են հայտնում, որ Տերը իբր ծնվել է հռոմեացի մի զինվորականի հետ Մարիամի անառակ կապի արդյունքում: Խնամքով նենգափոխված պատմական փաստերը հրեա հոգևորականները ներկայացնում են աշխարհին և մատուցում են սեփական ժողովրդին՝ իբրև ճշմարտություն:
-Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Գալիլիայում հայերը մեծամասնություն են կազմել, և, ինչպես գրված է «Պատմության առեղծվածները» շաբաթաթերթի վերոնշյալ հոդվածում, «Հիսուսին իսկությամբ կարող էին հասկանալ միայն Գալիլիայի բնակիչները», «Եվ պատահական չէ, որ Հիսուսն իրեն էր մոտեցնում և սիրում էր բոլորից առավել նրանց, ովքեր իրեն հասկանում էին, իր եղբայրներին, իր հայրենակիցներին։ Հրեաստանի բնակիչներն այդ ընտրյալ դասին չէին պատկանում»:
-Բնականաբար՝ ճիշտ չեն: Մեկնաբանություններն էլ ավելորդ են:
-Հետաքրքիր է նաև Ձեր կարծիքն այն տեղեկության վերաբերյալ, թե Հիսուսը ծնվել է ոչ թե այժմյան Իսրայելի տարածքում գտնվող Բեթղեհեմում, այլ Եփրատա Բեթղեհեմում, որը գտնվում է Բարձր Հայքի Դարանաղի գավառում՝ ներկայիս Դերսիմի տարածքում, Արևմտյան Եփրատի աջ ափին, Մնձուրյան լեռնաշղթայի արևմտյան վերջավորության շրջանում:
-Իսկ որտե՞ղ է մնում այդ դեպքում «հայաշատ» Գալիլիան: Բերված փաստերը իրար չեն համապատասխանում և միջակ աշակերտի կցկտուր շարադրանք են հիշեցնում:
-Ի՞նչ է հայտնի Քրիստոսի կյանքի 13-30 տարեկան հատվածի մասին, եթե հայտնի չէ, ինչու՞… Քրիստոնեական աստվածաբաններն ուղղակի անծանոթ էին և անծանո՞թ են իրենց ՈՒսուցչի կենսագրությանը։ Ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ կանոնական համարված ավետարանների հեղինակների գրած ավետարաններում նշված ժամանակահատվածի վերաբերյալ որևէ հիշատակություն չկա, նրանք, Հիսուսի ժամանակակիցները և հետագա շրջանի աստվածաբանները չե՞ն հետաքրքրվել Նրա անցյալի այդ հատվածով, նրանց դա հետաքրքիր չի՞ եղել, հարցուփորձ չե՞ն արել Հիսուսի մորը և նրանց, ովքեր գիտեին Փրկչի մորը, մյուս մերձավորներին, մի՞թե նրանց որևէ հարց չեն տվել Հիսուսի երկրային պատանեկության և երիտասարդության շրջանի մասին։ Օրինակ, Հովհաննես Ավետարանիչը, որը գրեթե մշտապես Հիսուսի կողքին է եղել, ինչպե՞ս կարող էր չիմանալ Հիսուսի անցյալից գոնե հրաշագործությունների մասին: Մի՞թե այս ամենի կապակցությամբ հարցեր չեն առաջանում:
-«Աստվածաշունչ» մատյանը զարմանալի կերպով հանդիսանում է և՛ միակ ճշմարտության աղբյուր, և՛ բոլոր հնարավոր հերետիկոսությունների ատաղձ: Մարդը կարող է մոտենալ Սուրբ գրքին այն Հոգով, որով գրվել է՝ ճշմարտության Հոգով, և կարող է այնտեղ իր սահմանափակ մտքին հարմար բառեր ու գաղափարներ պեղել ու «զարգացնել»: Ավետարանները Հիսուս Քրիստոսի կյանքը հանգամանալից չեն ներկայացնում, ինչի մասին հենց հիշատակված «սիրելի աշակերտը» վկայում է. «Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք. և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է: Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուս արեց, որոնք, եթե մեկը մեկ առ մեկ գրած լիներ, կարծում եմ, թե աշխարհն իսկ բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթե դրանք գրված լինեին» (Հովհ. 21. 24-25):
«Աստվածաշունչ» մատյանում ընդհանրապես և Ավետարանում մասնավորապես Տիրոջ մասին ներկայացվում է մեր հոգու փրկության մասին անհրաժեշտը, մնացածը էական և անհրաժեշտ չեն, դրանք զուտ մանրամասներ են: Սուրբ գիրքն ընթերցելիս մարդը պետք է ջանա հասկանալ աստվածային պատգամը, ոչ թե իր սահմանափակ ուղեղով ուղղումներ մտցնի կամ պահանջներ ներկայացնի:
Ղուկասի Ավետարանում (2. 25-35) հիշատակվում է Սիմեոն ծերունու մասին, բայց չի նշվում, թե նա ով է, սակայն ավանդությունից հայտնի է, որ նա եբրայերեն Հին կտակարանը հունարենի վերածող 72 թարգմանիչներից մեկն էր: Երբ թարգմանելիս նա հասնում է Եսայի մարգարեի գրքի 7. 14 հատվածին, կասկածում է և ջնջում «կույս» բառը՝ փոխարինելով «կին» բառով: Ջնջվածի տեղում կրկին գրվում է «կույս» բառը ոսկե տառերով: Այս ամենից կարելի է հետևություններ անել:
Աստծո խոսքին պետք է զգուշությամբ վերաբերվել: Սուրբ գրքի վերջին՝ Հայտնության գրքում կարդում ենք հետևյալը. «Վկայում եմ ես՝ Հովհաննեսը, ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը. եթե մեկը բան ավելացնի սրա վրա, Աստուած էլ նրա վրա պիտի ավելացնի այս գրքում գրված յոթ պատուհասները. և եթե մեկը բան պակասեցնի այս գրքի մարգարեության խոսքերից, Աստված պիտի պակասեցնի և պիտի կտրի նրա բաժինը կենաց ծառից և սուրբ քաղաքից՝ ինչպես որ գրված է այս գրքում: Ով այս մասին վկայեց, ասաց. Ես գալիս եմ շուտով: Ամեն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը լինի բոլոր սրբերի վրա: Ամեն» (Հովհ. 22.18-21):
Այս խոսքերը կարելի է վերագրել ամբողջ «Աստվածաշունչ» մատյանին:


Հարցազրույցը՝
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Հ. Գ.- Հարցազրույցի հեղինակը նույնպես այն համոզմունքն ունենալով, որ Քրիստոսը ոչ թե հայ, այլ Աստված է և ավելին է, քան հայը (քանզի Աստված առաջին մարդկանց՝ մեր վաղնջական նախնիներին, ստեղծել է ոչ թե իր պատկերով ու նույնությամբ, այլ իր պատկերով և նմանությամբ), Ահարոն քահանա Մելքումյանի հետ որոշ հարցերում ունի տարակարծություններ, որոնք, սակայն, այլ հրապարակման նյութ են:

Դիտվել է՝ 5302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ