Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Նա շարունակում է հայ ազգային թատրոնի ու կինոյի լավագույն ավանդույթները»

«Նա շարունակում է հայ ազգային թատրոնի ու կինոյի լավագույն ավանդույթները»
16.02.2018 | 14:11

2017 թվականին լրացավ հանրապետության վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի առաջատար դերասան ՌՈՒԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ ներկայացվեց Սովաժոնի «Չաո» պիեսը, որի գլխավոր դերակատարն էր Ռուբենը։ Հանդիսատեսը ջերմորեն, բուռն ծափահարություններով ողջունեց սիրելի դերասանին։ Ռուբենին շնորհավորեցին խաղընկերները, դրամատիկի դերասանները։

2010-ին իմ «Օթյակ» հեղինակային շարքում ես պատրաստեցի հաղորդում Ռուբեն Կարապետյանի մասին։
Ռուբենին ճանաչում եմ 1971 թվականից, երբ նա եկավ դրամատիկական թատրոն։ Նա արդեն ուներ բեմական փորձ, չորս տարի խաղացել էր Լուսաշխի ժողովրդական թատրոնում, որի ղեկավարն էր հմուտ ռեժիսոր Վրույր Մանվելյանը։
-Վրույր Մանվելյանն ինձ թունավորեց թատրոնով,- պատմում է Ռուբեն Կարապետյանը:- Այդ տարիներին ես հասկացա` ինչ են թատրոնը, բեմը, դերը։ Մանվելյանին ես համարում եմ իմ առաջին ուսուցիչը, որն ինձ համար բացեց թատրոնի ճանապարհը։ Լուսաշխի թատերախումբը «Իմ կնոջ ամուսինը» վոդևիլով շրջեց Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում, խաղում էինք նույնիսկ դաշտերում։ Հանդիսատեսը մեզ ընդունում էր մեծ ոգևորությամբ։ Այդ վոդևիլը խաղացինք 200 անգամ` նաև Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում։
Ռուբենի ծնողները` Ցոլակն ու Վարդուհին, արհեստավորներ էին, և նրանց մտքով նույնիսկ չէր անցնում, որ իրենց որդին դերասան կդառնա։ Բայց, ինչպես խոստովանում է Ռուբենը, հենց ծնողները եղան նրա ներշնչանքի աղբյուրը։ Նրանք սիրում էին թատրոնը, բեմում տեսել էին մեծն Վահրամ Փափազյանին, ցնցված էին նրա Օթելլոյով։ Այդ մասին հաճախ էին պատմում տանը, հարևաններին։ Բայց մասնագիտության ընտրության հարցում վճռորոշ եղավ Տերյանը։ 7-րդ դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին հանձնարարեց Վահան Տերյանի հեղափոխական բանաստեղծություններից։
-Ես սիրահարված էի։ Թերթում էի Տերյանի ժողովածուն, և մի բանաստեղծություն շատ դուրս եկավ` «Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր...»։ Երբ դասարանում արտասանելու հերթը հասավ ինձ, այդ բանաստեղծությունն արտասանեցի։ Ամբողջ դասարանը ծիծաղեց, որովհետև ես չար, դաս չպատասխանող աշակերտներից էի, ու հանկարծ` քնարական բանաստեղծություն։ ՈՒսուցչուհին` ընկեր Կանեցյանը, ասաց, որ նորից արտասանեմ։ Այս, անգամ դասարանը լուռ էր։ «Նորից»,- լսվեց Կանեցյանի ձայնը։ Երբ ավարտեցի ասմունքը, ամբողջ դասարանը ծափահարեց, իսկ ուսուցչուհին ասաց. «Ռուբեն, դու պետք է գնաս թատերական ինստիտուտ»։ Հենց այդ ժամանակ ես մասնակցեցի «Ծաղկիր, իմ ռեսպուբլիկա» փառատոնին և դարձա դափնեկիր։ Ամեն ինչ որոշված էր։
Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում Ռուբենի ղեկավարն էր հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Զավեն Տատինցյանը։
-Ինստիտուտը դարբնոց դարձավ ինձ համար։ Երախտապարտ եմ Զավեն Տատինցյանին։ Նա շատ նվիրված էր իր ուսանողներին, շատ բան էր տալիս մեզ, նաև շատ էր պահանջում։ Կարողանում էր բացահայտել ուսանողի թաքնված հնարավորությունները։ Մեզ դասավանդում էին հիանալի մասնագետներ` Լուիզա Սամվելյանը, Հրաչուհի Ջինանյանը, Լևոն Ներսիսյանը, էնցիկլոպեդիստ Գեորգի Պետրովիչ Մարջանյանը։
Ինստիտուտում խաղացի 20 դեր, խաղացի երիտասարդ ռեժիսորների` Կառլեն Վարժապետյանի, Վահե Շահվերդյանի, Արմեն Խանդիկյանի ներկայացումներում։
Ռուբեն Կարապետյանը գերազանց ավարտեց ինստիտուտը։ Դրամատիկականում նրա առաջին դերերից էր Միկելեն` Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»-ում։ Այդ ներկայացումը բեմադրեց Եվգենի Սիմոնովը, իսկ երիտասարդ դերասանի խաղընկերներն էին ժողովրդական արտիստներ Էմմա Վարդանյանը և Լևոն Թուխիկյանը։
Հետագայում Ռուբենը խաղաց Հրաչյա Ղափլանյանի, Արմեն Խանդիկյանի բեմադրություններում։ Խաղաց ողբերգություններում, կատակերգություններում, խաղաց գլխավոր և դրվագային դերեր։
-Պարտական ու շնորհակալ եմ Հրաչյա Ղափլանյանին, որն ստեղծեց դրամատիկականը, ու մենք այսօր ունենք մեր տունը։ Սկզբնական շրջանում շատ դժվար էր. դրամատիկականում հավաքվել էին տաղանդավոր երիտասարդներ, և յուրաքանչյուրն իր տեղը պետք է զբաղեցներ։ Դերասանը դերը չի ընտրում, ստանում է։ Եվ դերասանի համար մեծ երջանկություն է, երբ դերը համապատասխանում է իր էությանը։ Այդպիսի երջանկություն ապրեցի, երբ ստացա պարոնյանական Աբիսողոմ աղայի դերը, Կլավդիոսը Շեքսպիրի «Համլետ»-ում, դերերը «Չաո»-ում և «Մակբեթ»-ում։
Իսկ Արմեն Խանդիկյանի լավագույն ներկայացումներից մեկում` Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին»-ում, Ռուբենը խաղում է առաջին իսկ ներկայացումից։ Երբ նշվում էր Ռուբեն Կարապետյանի 60-ամյակը, դրամատիկականի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանն ասաց. «Ռուբեն Կարապետյանը փնտրված դերասան է։ Նա զբաղված է թատրոնի լավագույն ներկայացումներում, ստեղծել է մեկը մյուսից արտակարգ կերպարներ շեքսպիրյան խաղացանկում։ Նա փայլուն տաղանդ է և իր տեղն ունի մեր թատրոնում։ Նա նաև լավ, հասնող ընկեր է»։
Ռուբեն Կարապետյանը հաճախ է հանդես եկել նաև հեռուստաթատրոնում, աշխատել է տաղանդավոր ռեժիսորներ Գրիգոր Արզումանյանի, Կառլեն Վարժապետյանի հետ։ Հեռուստատեսությունում ստեղծել է բազմաթիվ մենաներկայացումներ։ Ցավոք, դրանից պահպանվել է միայն «Խմբապետ Շավարշը», մնացածը ոչնչացվել է մութ ու ցուրտ տարիներին։ Ռուբենն ունի երազանք` խաղալ Ֆ. Կաֆկայի «Կերպարանափոխություն» մենաներկայացումը։ Ի դեպ, սցենարը վաղուց պատրաստ է (ինքն է գրել)։ Հուսանք, որ մի օր ներկա կլինենք պրեմիերիային։ Իսկ այսօր մենք սիրով լսում ենք Ռուբենի ասմունքը։ Պոեզիան նրա աշխարհն է, և նա հանդիսատեսին է ներկայացնում հայ պոեզիայի լավագույն նմուշները։
-Այսօր չկան երբեմնի հեռուստաներկայացումները, հեռուստատեսությամբ գրեթե չի հնչում ասմունք։ Դրանց փոխարինելու են եկել սերիալները, որոնցից մեկում ես էլ վերջերս նկարահանվեցի։ Բայց դրանք հոգևոր առումով քիչ բան են տալիս, շատ եմ ցավում նաև հեռուստաեթերի լեզվի համար։ Իմը թատրոնն է։ Ես երջանիկ եմ բեմում, մոռանում եմ առօրյան, կենցաղը։ Երջանիկ եմ, երբ կապ է ստեղծվում հանդիսատեսի և դերասանի միջև, երբ կարողանում ես ինչ-որ բան տալ մարդկանց։
Վերջերս Ռուբեն Կարապետյանը նկարահանվում էր Սանկտ Պետերբուրգում` ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսեյ ՈՒչիտելի ֆիլմում։ Նկարահանումներից հետո ՈՒչիտելը շնորհակալական նամակ է գրել Արմեն Խանդիկյանին։ Նա ընդգծել է Ռուբեն Կարապետյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, ստեղծագործական մեծ հնարավորությունները։ «Նա (Ռուբենը) շարունակում է հայ ազգային թատրոնի ու կինոյի լավագույն ավանդույթները։ Ամբողջ ստեղծագործական խումբը հաճույք էր ստանում Ռուբենի հետ շփվելուց, քանի որ Ռուբենն օժտված է նաև մարդկային լավագույն հատկանիշներով` բարությամբ, բարյացակամությամբ, նուրբ հումորով, հոգու շռայլությամբ»,- գրում է ՈՒչիտելը։
-Պատասխանատվության մեծ զգացումով էի նկարահանվում այդ ֆիլմում։ Չէ՞ որ ես հայ նոր դերասան էի ռուսական կինոյում և պետք է բարձր պահեի մեր ազգի և արվեստի պատիվը։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Հ. Գ. Անցյալ տարի կատարվեց Ռուբեն Կարապետյանի երազանքներից մեկը. նա խաղաց «Հաշվետվություն ակադեմիայում» (ըստ Ֆ. Կաֆկայի) մենաներկայացումը։ Դերասանն այն պատրաստել էր «Արմմոնո» փառատոնի համար, խաղաց նաև «Գոյ» թատրոնում։ Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց «Մենախոսությունը» (ըստ Ե. Չարենցի)։

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ