Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շահում է առավել ճկուն մտածողության տերը

Շահում է առավել ճկուն մտածողության տերը
16.02.2018 | 14:12

Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի առաջին չորս խաղը դիտելու պատիվն ունեցանք: Դրանցից առնվազն երկուսը շքեղ էին (ֆուտբոլասերը դրանց ավարտից հետո իսկ պատասխան դիմակայությունների սպասման մեջ է), մյուս երկուսը նույնպես պակաս չէին, պարզապես ինտրիգն է մարած: Ինչևէ, անցնենք գործի:

ԳՈՐԾ ՈՒՆԵՑԱՆ ԾՊՏՎԱԾ ՖԱՎՈՐԻՏԻ ՀԵ՞Տ
Այն, որ Թուրինում 0։2 հաշվով պարտությունից պրծնելը համարյա հաղթանակ է, դժվար վիճարկելի է, բայց դրա համար գելի սիրտ պիտի կերած լինել՝ հավելած պլոճիկը, քարաճիկն ու ձախ փուչիկը: Ինչ խոսք, որ վերջին երեքի անհրաժեշտությունը սակավ կարևորող մարդիկ էլ կլինեն, սակայն հիմա դա չէ առանձնապես գլխավորը: Շատ ավելի հանգուցայինն այն է, որ «Տոտենհեմին» դա հաջողվեց անել, ու եթե անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Մոուրիսիո Պոչետինոն խաղից հետո հայտարարում է, թե իրենք ավելի շատ հաղթանակի էին արժանի, քան ոչ-ոքիի, սրա մեջ էլ ճշմարտություն կա, այն էլ` հսկայական բաժնով:
Չընկնենք «պեչենու բաղերը»: Անհաջող մեկնարկից հետո մեկ թիմ չէ, որ Թուրինից գլխիկոր է հեռացել: Ընդ որում՝ կենսագրություն ունեցող, պատմություն կերտած ակումբներ: «Տոտենհեմն» այդպես չարեց, ու այդ խաղում իրապես անողն ինքն էր, որովհետև նաև ասողն էր ինքը: Այնպես որ, ասել, թե գլխապտույտ մեկնարկից հետո (արդեն տասներորդ րոպեին հաշիվը 2:0 էր) «բիանկոներիները» հետ քաշվեցին՝ ձեռք բերածը պահպանելու ձգտումով անցնելով խուլ պաշտպանության, կնշանակի ճշմարտության դեմ մեղանչել: «Ծեր սինյորան» ուղիղ հաշվով խաղաց այնքան, որքան թույլ տվեց «Տոտենհեմը»:
Առաջին տասը րոպեն հանած՝ խոշոր հաշվով այդ մրցակցությունն անգլիացիների կողմից 80-րոպեանոց անընդմեջ ճնշում էր՝ թոքերն օդ քաշելու կարճատև դադարներով: Մի խոսքով, ապշեցուցիչ մրցակցություն էր` հնարավոր երեքի փոխարեն Իգուաինի երկու գոլով (երկրորդ տասնմեկմետրանոցը ձախողել է), Հարի Քեյնի հնարավոր հեթ տրիկով (մի անգամ է միայն դարպասը գրավել), տուգանայինից Ջանլուիջի Բուֆոնին երեխայի պես անակնկալի բերած Էրիկսենի խաբուսիկ հարվածով:
Սակայն եթե իրապես «Տոտենհեմի» երկրպագուներից եք, պիտի որ նման մի խաղ էլ հիշեք այս հրաշալի ակումբի կատարմամբ, որը դարձյալ արտագնայում էր ու ճիշտ նույն հաշվով ավարտվեց: Այո, այո՝ խոսքը ներքին առաջնության «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» դիմակայության մասին է:
Ինչ ենք ակնարկու՞մ:
Որ «Տոտենհեմը» նման սցենարով արդեն իսկ մի անգամ գործե՞լ է:
Հնարավոր է, որ Դուք շատ էլ ճիշտ եք ընկալել ասելիքը, սակայն ամբողջությամբ չեք տեր կանգնել ճշմարտությանը: Բանն այն է, որ եթե նախկինում նման անհաջող մեկնարկից հետո «Տոտենհեմը» կարող էր գլուխը կորցնել ու, դիցուք, վերջնահաշվում զիջել խայտառակ հաշվով, ապա ներկայումս այն դուռ չունեցող պատի վրա դուռ բացող թիմ է, ու նրա հետ լրջորեն հաշվի չնստելը կարող է շատ թանկ արժենալ:
Արդ սպասվելիք պատասխան հանդիպման հնարավոր ելքի մասին:
Լոնդոնում պարտադրված գրոհողը պետք է լինի «ծեր սինյորան», ու այստեղ արդեն այն դեպքը չէ, որ դժգոհես օդային անբավարարությունից, երիկամներում եղած քարերից, տարիքի բերած այլ կարգի հիվանդություններից: Պիտի քեզ խելահեղ վազքի տաս՝ մրցակցի դարպասը կարմիր լաթի պես աչքի առաջ ունեցող ցլի պես: Պիտի խոյահարես խելագարի նման՝ անվերջ ու անդադար, քանզի ոչ 0:0-ն է քեզ դաշնակից, ոչ 1:1-ը, իսկ 2:2-ը մաքառումն անհայտ ելքով շարունակելու հնարավորություն է լինելու ընդամենը:
Ի դեմս Պոչետինոյի սաների, «Յուվենտուսը» դեմ է առել Չեմպիոնների լիգայի ծպտված ֆավորիտի՞:
Լրիվ հնարավոր է:
Այնպես որ, թուրինյան ոչ-ոքին շարքայիններից չէր, ու հնարավոր է, որ դրա համար «ծեր սինյորան» շա՜տ ու շատ ափսոսա:

ԱՆԱԿՆԿԱԼ ՉԷՐ ԷԼ ՍՊԱՍՎՈՒՄ
Օրվա մյուս հանդիպումը «Բազելի» ու «Մանչեստր Սիթիի» միջև էր: Այստեղ ի սկզբանե ամեն ինչ պարզ էր, մնում էր համոզվել՝ Գվարդիոլայի սաները հանդիպման ելքը որոշելը կթողնեն տնային խաղի՞ն, թե՞, ափսոսալով կտրած այդքան ճամփան, թեթև նախավարժանքը կուղեկցեն մեկ-երկու գոլ խփելով: «Սիթին» սպասվածից մի փոքր ավելին արեց, սակայն, հասկանալի է, որ դա ի վնաս դաշտի տերերի էր: Ի վերջո, արձանագրվել է 0։4 հաշիվը, «Բազելն» առանձնակի բան չի կորցրել, եթե չասենք, որ մի բան էլ դեռ շահել է նման հեղինակավոր մրցակցի հետ չափ մտնելով: Թող որ այն արդյունքի առումով բացասական է, սակայն փորձառու, ուժեղ հակառակորդների դեմ պայքարում է կոփվում վարպետությունը: Այնպես որ, առաջին օրվա այս դիմակայությունը միանգամայն կանխատեսելիների շարքից էր, ու կասկած չկա, որ «Մանչեստր Սիթին» ապրում է մեկ քառորդը հաջող ավարտելու ժամանակացույցով:

ԱՅԴՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ
«Պարի Սեն Ժերմենն» արդեն բավական երկար ժամանակ գնում է թոփ ակումբ դառնալու ճանապարհով, ու նրա խոշոր բարեբախտությունն է, որ դրա համար ամեն ինչ ունի: Սակայն ռեսուրսների առկայությունը, պարզվում է, դեռևս ամեն ինչ չէ: Չէ, մենք չենք վիճարկում ներքին առաջնության կտրվածքով նրա մեծ ակումբ լինելը, սակայն ներքին առաջնությունը մի բան է, բոլորովին այլ բան է Չեմպիոնների լիգան, որտեղ արդեն ոչ միայն ձգվել է պետք, այլև լարվել, քրտնել, կաշվից դուրս գալ ու սրա նման բազմաթիվ բաներ:
Մադրիդի «Ռեալի» հետ փարիզյան ակումբի այս բախումը սպասվում էր մեծ անհամբերությամբ, ու «արքայականի» հետ նրա այս մենամարտը Զիդանի թիմի համար դիտարկվում էր սթրեսայինների շարքից: Նման կարգի դատողություն անելու համար այստեղ, թերևս, չէր խանգարի փոքրիկ նախապատմությունը:
Վերջին ժամանակներս «Ռեալը» անկանխատեսելի հանդիպումներ է ունենում: Ներքին առաջնության վերջին յոթ խաղում տոնել է երեք հաղթանակ, ունեցել երկու ոչ-ոքի, կրել նույնքան պարտություն: Խոստովանենք՝ սա ֆուտբոլային գերակումբին վայել վիճակագրություն չէ: Խոշոր հաշվով, «արքայականի» ունեցած այս շարքի մեջ մեծ ակումբ ոչ մեկին էլ չես համարի ու ահա այսպիսի պաշարով եվրոպական մակարդակի քննություն աշխարհում լավագույն հարձակման գիծն ունեցող թիմի հետ, որի մյուս օղակներն էլ պակաս աստղերով համալրված չեն:
Կարճ կապենք: Ինչ եղավ իրականում: Ամբողջ խաղը տանելով ոչ-ոքիի ուղիով (մրցակիցն այլ բան անելու հնարավորություն չէր տալիս, իսկ դաշտում Զիդանի ձեռքի տակ եղած ռեսուրսն ավելիի հնարավորություն չուներ), ֆրանսիացի մարզիչը խաղավարտին մոտ արած երկու փոփոխություններով կարողացավ ուժերի առավելություն ստեղծել հարձակման ձախ թևում ու խաղի ելքը վճռել հօգուտ իր թիմի: Այո, այո՝ առաջին խաղակեսում Ռաբիոյի ու Ռոնալդուի փոխանակած մեկական գոլերից հետո էր, որը խաղավերջի տասը րոպեում այդ նույն Ռոնալդուն (այս անգամ ոչ 11-մետրանոցից) ու Մարսելոն ֆիքսեցին հանդիպման վերջնական հաշիվը՝ 3:1:
Մեկ անգամ էլ փորձենք հասկանալ, թե ինչ եղավ:
Եղավ այն, որ Զինեդին Զիդանը տակտիկապես «կերավ» իր վիզավիին՝ Էմերիին ու երկու հանդիպման մակարդակով գրեթե կասկածի տակ չթողեց այս մրցամարտի հնարավոր ելքը: Գուցե թե շտապում ենք` նման պատասխանատու հայտարարություն անելով, սակայն այս դիմակայությունում անգամ փարիզյան ակումբի համար հաջող ելքի պարագայում օրակարգում այնքան էլ հիմնազուրկ չի ներկայանում իսպանացի մասնագետին մեկ ուրիշով փոխարինելու խնդիրը, եթե, իհարկե, Էմերին թիմի համար չապահովի չեմպիոնների լիգայի գավաթը:
Իսպանացին իսկապես որակյալ մարզիչ է (բավական է հիշել, թե Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկություններում «Սևիլիայի» հետ նա ինչ պատմություն է կերտել), սակայն եթե «Պարի Սեն Ժերմենը» ծարավ է իսկապես մեծ հաղթանակների, նրա գլխին պիտի կանգնած լինի ստեղծագործական մտածողության անհամեմատ մեծ ջիղ ունեցող մարզիչ, ու այդ մարզիչը, եթե, իհարկե, Նեյմարը շարունակելու է մնալ ֆրանսիական ակումբում, պիտի կարողանա զսպել կոպտության վերաճող նրա անհարկի նյարդայնությունն ու անհատական պայքարով տարվելու մոլուցքը:
Թե չէ ի՞նչ դուրս եկավ կոնկրետ վերցրած այս խաղում: Վիճակագիրները հաշվել են, որ, ի տարբերություն Քրիշտիանու Ռոնալդուի երկուսի, բրազիլացին դրիբլինգով ավարտված իր միկրոմրցամարտերը շահել է տասներեք անգամ, սակայն պորտուգալացին, ի տարբերություն բրազիլացու զրոյի, մրցակցի դարպասը գրավել է երկու անգամ, ինչը ֆուտբոլում անհամեմատ ավելի հարգի վիճակագրությունների կարգից է: Խոստովանենք, որ Ռոնալդուի ու Նեյմարի ներդրումները այս խաղում անհամեմատելի են ու ակնհայտորեն ի վնաս բրազիլացու: Ահա այսպիսի բաներ:

ՏԱՔՍԻԻ ՏԵՍՔՈՎ ԼԻՎԵՐՊՈՒԼՅԱՆ ՀԱՄԲՈՒՅՐԸ
Տարբեր առիթներով մի քանի անգամ ասել ենք, որ երբ մի թիմ մյուսին պարտության է մատնում 5:0 հաշվով, նման հաղթանակները պատկերավոր անվանվում են տաքսի` նկատի ունենալով ծառայություն մատուցող այդ մեքենաների նստելատեղերի ավանդական քանակը: Սակայն հարկադրական այս բացատրությունով մեխանիկորեն ասացինք և այն, ինչի ներկայացումը պիտի փոքրիշատե ինտրիգով համեմեինք` ընթերցողի աչքին մեր արևին գործից իբր բան հասկացող մարդու կարգավիճակով: Չստացվեք: Ներող կլինեք:
Եթե անկեղծ, այս պարագայում երևի «Լիվերպուլի» անվան հիշատակումն էլ այնքան տեղին չներկայանա, քանզի ֆուտբոլի հետ գործ ունեցող մարդը իսկույն կհասկանա, որ հանդիպումը շահած թիմը պիտի որ անգլիական ակումբը լինի, ինչն իրականում այդպես էլ կա: Միայն ավելացնենք, որ դաշտից առանց գոլի չի հեռացել հրաշալի եգիպտացին` Սալահը, որին իրենց կազմում ունենալու համար կռվի են ելել աշխարհի գրանդ ակումբները, և որ երեք գոլի հեղինակ է դարձել Մանեն: ՈՒ որ բանը հասավ կոնկրետացումներին, հիշատակենք նաև մյուս գոլի հեղինակին, թե չէ մեկ էլ տեսար մի խելահեղի մտքով անցնի խտրականություն որակմամբ մեզ դատի տալ:
Ինչպես «Բազել»-«Մանչեստր Սիթի» դիմակայության պարագայում է, «Լիվերպուլի» ու «Պորտուի» պատասխան հանդիպումը նույնպես կրելու է խորհրդանշական բնույթ, քանզի նման արգելք հաղթահարելու համար պիտի «Բարսելոն» լինել: Չե՞ք հիշեր, ինչ է, անցյալ տարի սա… Չշարունակենք, թե չէ տժվժիկի պատմությունը մեջտեղ կգա, թեպետ 0:4 հաշվով պարտությունից հետո արժի անվերջ հիշել «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ կատալոնյան ակումբի 6:1 հաշվով ավարտած պատմական հաղթանակը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ