«Պենդերեցկու փառատոնը Երևանից սկսելը կարևոր նշաձող է մեզ համար»

«Պենդերեցկու փառատոնը Երևանից սկսելը կարևոր նշաձող է մեզ համար»
18.02.2018 | 13:48

Երևանյան համերգասրահներում չորս օր շարունակ հնչում էր Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտությունը: Աշխարհահռչակ լեհ կոմպոզիտորի 85-ամյակին նվիրված փառատոնը սկսվեց Երևանից: Փառատոնը փակվեց Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» մեծածավալ ստեղծագործության երևանյան պրեմիերայով: Բազմախորհուրդ երաժշտությունը հնչում էր ոչ միայն բեմից, այլև դահլիճի խորքից:

Ինչպես նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, առանձնահատուկ կազմ էր հավաքված բեմում՝ նվագախումբ, երգչախմբեր, հարվածային գործիքների մի ամբողջ խումբ: Առանձնահատուկ էին նաև տուբաֆոնի հնչյունները: Մեր տեղեկություններով՝ մեծածավալ գործիքը Մաեստրոն ստեղծել է հենց այս ստեղծագործության համար: Հայաստանյան բեմը զարդարող տուբաֆոնը պատրաստել են հայ վարպետները:

7- մասանոց ստեղծագործությունը Մաեստրոն գրել է Երուսաղեմի քաղաքագլխի պատվերով՝ Սուրբ քաղաքի 3000-ամյակի առթիվ: Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ թե նվագախմբի, թե երգչախմբերի համար շատ բարձր է պատասխանատվությունը, քանի որ լավագույն դիրիժորներ են ղեկավարել ստեղծագործությունը, բացի այդ, համերգին ներկա է հեղինակը: Նկատեց նաև՝ հոբելյանական տարին Երևանից սկսելը կարևոր նշաձող է մեզ համար:
Համերգի վերջում չդադարող ծափողջյունների ներքո Մաեստրոն բեմ բարձրացավ: Նրա խոսքով՝ հայ հանդիսատեսը ֆանտաստիկ է, մթնոլորտը՝ ջերմ, ամեն բան արվում է բարձր մակարդակով, երաժշտությունն այստեղ ամենուր է: Հանդիսատեսը փառահեղ որակեց համերգը:


«Երուսաղեմի 7 դարպասները» «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը: Մենակատարներն էին Իվոնա Հոսսան, Կարոլինա Սիկորան, Մալգորզատա Պանկոն, Ալեքսանդր Կունախը, Պյոտր Նովացկին, ասմունքը՝ Սլավոմիր Հոլանդի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao