Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ Թուրքիայի ձեռքերն ազատ են թողնում»

«Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ Թուրքիայի ձեռքերն ազատ են թողնում»
20.02.2018 | 01:30

Երբ սահմանադրական փոփոխություններն ասպարեզ եկան, որով Հայաստանը անցում պետք է կատարեր կառավարման խորհրդարանական համակարգին, հաճախ էր հնչում այն հարցը, թե այսօրվա խորհրդարանականներն ի վիճակի՞ են արտաքին քաղաքական հարցերում ճիշտ որոշումներ ընդունելու: Իհարկե, փորձը հուշում էր, որ ինչ համակարգ էլ լինի, որոշում կայացնողները նրանք չեն, այդուհանդերձ, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ խորհրդարանը պարտադրված լինի ծանրակշիռ խոսք ասելու, քանի՞ պատգամավոր պատվով դուրս կգա այդ փորձությունից: Թեմայի շուրջ զրուցում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

-Այն տպավորությունն է, թե մեր երկրում քաղաքական ուժերին հետաքրքրում են միայն ներքին ինտրիգները, մասնավորապես` ում ինչ պաշտոն կտան, ով կլինի կոալիցիայում, ով որքան «կպոկի» իշխանությունից, ով քաղաքական շոուով կգերազանցի մյուսին: Մինչդեռ մեր սահմաններից ոչ այնքան հեռու պատերազմ է, և ազդակները մենք արդեն ստանում ենք: Ի՞նչ եք կարծում, կառավարման խորհրդարանական համակարգին անցնող երկրի խորհրդարանը մտահո՞գ է այս խնդրով։


-Պատերազմը մեզ համար նորություն չէ, մենք պատերազմով անցած ժողովուրդ ենք: Կարծում եմ, որ կան համապատասխան պետական գերատեսչություններ, որոնք զբաղվում են այդ խնդիրներով՝ և՛ ազգային անվտանգությունը, և՛ պաշտպանական համակարգը, և՛ ոստիկանությունը: Քաղաքական կառույցները ևս պետք է աչալրջորեն հետևեն այդ խնդիրներին, որովհետև մենք դառնում ենք խորհրդարանական հանրապետություն, երբ պետության մեջ առաջնային դերակատարում է ստանձնելու խորհրդարանը: Նաև ուրախալի է, որ քաղաքական ուժերը հիմնականում սևեռված են ներքին խնդիրների վրա, որովհետև դա վկայում է այն մասին, որ պետական համապատասխան կառույցներն իրենց գործառույթները պատշաճ են կատարում։ Այդ իսկ պատճառով քաղաքական ուժերի համար առաջնային են համարվում ներքին խնդիրները՝ հարկային համակարգը, սոցիալ-տնտեսական իրավիճակը: Սրանք ևս պետության հոգածության տիրույթում են, բայց ավելին անելու անհրաժեշտություն կա, և միշտ էլ եղածը չի բավականացնում: Մենք պարտավոր ենք առաջընթացի համար պայքարել: Հիմնական շեշտադրումը ներքին խնդիրների վրա է նաև այն պատճառով, որ մեր սահմանափակ միջոցներն ուղղվում են երկրի պաշտպանությանը։
-Այս օրերին Սիրիայում բախվում են գերտերությունների շահերը: Ի՞նչ կարելի է սպասել նման իրավիճակում, հավանական զարգացումները կարո՞ղ են անդրադառնալ Հայաստանի վրա:
-Նայած զարգացումներն ինչ ընթացք կունենան, հնարավոր է և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցություն Հայաստանի վրա: Այս պահին աչալուրջ հետևում ենք իրադարձություններին: Թուրքիան Սիրիայում ագրեսիայի դիմեց, ինչը հաջորդեց Իրաքի հանդեպ ագրեսիային: Այդ երկիրը հետամուտ է Քրդական հարցի յուրովի լուծմանը: Համաշխարհային հանրությունը պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի, որովհետև մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ Թուրքիայի ձեռքերն ազատ են թողնում: Դրա վկայությունն է անցած դարասկզբին Հայկական հարցի լուծումը, երբ նպատակն աշխարհում ոչ մի հայ չթողնելն էր: Այսօր Թուրքիան ակնհայտ ցեղասպան քաղաքականություն է վարում Աֆրինում, ռմբակոծում է հիվանդանոցներ, հասարակական շինություններ: Սա պատերազմական օրենքների և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Ըստ զարգացումների հետագա սցենարի, մենք կդիմենք մեր ազգային անվտանգությունը երաշխավորող քայլերի, անկախ այն հանգամանքից, թե Թուրքիան ինչ ընթացք կհաղորդի իր գործողություններին, և ինչպես կարձագանքեն այդ ամենին ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ԵՄ-ը:
-Եթե իսկապես Հայաստան են ներթափանցել քուրդ զինյալներ, մենք, ունենալով ղարաբաղյան հակամարտություն, խնդիրների առաջ չե՞նք կանգնի:
-Վերջին օրերին սահմանախախտության մի շարք դեպքեր եղան, որոնք բացահայտված են: Մենք շատ ենք սիրում առաջնորդվել «Կիկոսի մահի» տրամաբանությամբ, չեղած բաների վրա սևեռվել և դրանից ողբերգություն սարքել: Իրականում ոչ մի պատկան մարմին չի հայտարարել, որ Հայաստանում ահաբեկիչներ կան: Քանի դեռ նման հայտարարություն չի եղել, մենք իրավունք չունենք հետևություններ կամ եզրահանգումներ անելու, թե հայ-թուրքական սահմանին սահմանախախտներ են հայտնաբերվել: Իսկ հայտնաբերված սահմանախախտներն էլ եղել են հովիվ կամ այլ քաղաքացի: Այսուհանդերձ, մինչ այսօր ոչ մի գերատեսչություն պաշտոնապես չի հայտարարել, թե սահմանախախտները եղել են ահաբեկիչներ, որոնց հաջողվել է ներթափացել Հայաստան: Իհարկե, քրդերը կփորձեն այս կամ այն տարածք ներթափանցել, հայ և ռուս սահմանապահները պետք է աչալրջորեն հետևեն և իրենց գործառույթը հստակ իրականացնեն: Ոչ միայն մեզ մոտ, այլև ողջ աշխարհում նման խնդիր կա: Պետք է պարզապես ամեն մեկն իր տեղում լինի, որ կարողանանք կանխել անցանկալի զարգացումը: Իսկ վտանգ միշտ կա, դրանից չպետք է վախենալ: Վախենալ հարկավոր է այն բանի համար, որ մենք մեր գործունեությունը չենք ուղղորդում վտանգը վերացնելուն:
-Սովորաբար գերտերությունների շահերի բախումից տուժում են փոքր պետությունները: Ռուս-ամերիկյան բարդ հարաբերություններն անդրադառնում են նաև մեզ վրա, ԱՄՆ-ը չի բացառում, որ պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ, եթե Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ խոշոր գործարքներ կնքվեն: Սա մեծ խնդիրներ չի՞ առաջացնի մեզ համար:
-Ռուսաստանից շատ երկրներ են զենք գնում, այդ թվում` Ադրբեջանը և մենք: ԱՄՆ-ը չի կարող առանձին, միայն մեր հանդեպ պատժամիջոցներ կիրառել, չի գնա այդ քայլին: Այսպիսի հայտարարությունը հետագայում որևէ սցենար ենթադրող բովանդակություն և նշանակություն ունի: Հայ-ամերիկյան հարաբերություններն այնպիսի բնականոն հարթության վրա են, որ նրանք շատ լավ հասկանում են Հայաստանի խնդիրները տարածաշրջանում և, առաջին հերթին, անվտանգության հարցը: Կարծում եմ, ԱՄՆ-ը Հայաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն չի իրականացնի:
-Այդուհանդերձ, ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետևանքները չեն կարող շրջանցել Հայաստանը:
-Ռուս-ամերիկյան հարաբերությունները միշտ էլ բարդ են եղել, խորհրդային տարիներին ավելի սառն են եղել, քան հիմա: Բնականաբար, այդ քաղաքականությունը կարող է անդրադառնալ նաև Հայաստանի տնտեսության վրա, սակայն տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, կարծում եմ, մեծ փոփոխություններ չեն լինի: Դրանք ավելի գլոբալ պայմանավորվածությունների արդյունք են: Ռուսաստանի ոտքը տրորելու մի սահման կա, որից այն կողմ ԱՄՆ-ը չի կարող անցնել, քանի որ այդ երկու գերտերությունները պատասխանատու են մոլորակի անվտանգության համար, դրա համար էլ երկուստեք կարմիր գիծը չեն հատում:
-Սիրիայում Թուրքիայի համար կարմիր գիծ էր սահմանվել, բայց վերջինս, ինչպես միշտ, այն խախտեց, ավելի առաջ էլ գնաց ու սպառնաց, թե դեռ «օսմանյան բռունցքը» չեն տեսել:
-Դա Էրդողանի հռետորաբանությունն է, որը էթնիկ դրսևորում ունի, Ալիևի մոտ էլ ենք նման բան տեսնում: Դրա համարժեք պատասխանը տվեց Պենտագոնի ներկայացուցիչը՝ այդ հայտարարությունը համարելով ծիծաղելի: Կարծում եմ` Սիրիայում ընթացող իրադարձությունները բխում են շատերի ընդհանուր շահերից: Թուրքիան «պատժում» է քրդերին, սա ձեռնտու է Իրանին, չնայած այդ երկիրը հայտարարում է, թե անօրինական են թուրքերի գործողությունները, բայց իրականում դա նրա շահերից է բխում: Թուրքիայի գործողությունները ձեռնտու են նաև Ասադին, քանի որ հյուսիսի քրդերը աչքի են ընկել անջատողական գործողություններով: Սիրիայի պաշտոնական իշխանությունների այն հայտարարությունը, թե Թուրքիան իրենց սահմանն է մտել, և երկրի տարածքային ամբողջականությունը խախտվել է, միայն արտաքին շղարշն է, իրականում ներքուստ նրանց դուր է գալիս քրդերից ազատվելը: Հետո էլ Թուրքիան չի ասում, թե գրավում է այդ տարածքները, հայտարարում է, թե քրդերից է դրանք մաքրում: Եվ իսկապես, Թուրքիան էթնիկ զտում է անում, որը հանցագործություն է, և ինչի առաջ աշխարհը աչք է փակում: Թուրքիայի գործողությունները ձեռնտու են նաև Իրաքին, քանի որ նրանք էլ քրդական խնդիր ունեն, այսօր Հյուսիսային Իրաքում բախվում են քրդական ինքնավարության գոյության փաստի հետ:
-Իսկ ռուսներին ու ամերիկացիներին ձեռնտու՞ է Թուրքիայի ագրեսիան:
-Ամերիկացիները. մի կողմից, ունեն քրդերին իրենց կողմը գրավելու խնդիր, մյուս կողմից՝ ի դեմս Թուրքիայի, ՆԱՏՕ-ական կարևորագույն, ռազմավարական դաշնակից: Մի կողմից` բավարարում են Էրդողանին՝ թույլ տալով Աֆրին մտնել, մյուս կողմից էլ ասում են, որ Մանբիջ մտնելու դեպքում հակահարված են տալու: Այսինքն, Թուրքիայի դեմ չափ են դնում: Ռուսաստանը մի պահ հովանավորում էր քրդական պայքարը, բայց հետո տեսավ, որ այնտեղ նաև ամերիկյան շահերն են խոսում, հետ կանգնեց: Գլոբալ տեսանկյունից տեսեք ինչ է կատարվում. տարածաշրջանում չորս պետություններ՝ Իրան, Սիրիա, Իրաք, Թուրքիա, համաձայն են, որ քրդական խնդիրը վերանա, քրդական պետության գաղափարը կոտրվի: Միայն այս հարցում են համակարծիք Թուրքիայի հետ, մնացած դեպքերում բոլորն էլ խնդիրներ ունեն այդ երկրի հետ:
-Այս տարածաշրջանում կա նաև Իսրայելի գործոնը: Հիշենք, թե ինչ կատարվեց իրանա-իսրայելական ճակատում:
-Իսրայելին ձեռնտու է քրդական շարժումը, որովհետև դրանով իր ախոյան Իրանին կարող է հարվածել, ոչ բարյացակամ Թուրքիային, Ասադին: Այս տարածաշրջանում բազմաձև շահերի բախում կա:
-Եթե ամփոփենք, այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, մեզ համար ոչ մի վտանգ չի՞ ներկայացնում:
-Այդ ամենը մեզ ուղղակիորեն չի առնչվում, անուղղակի կարող է մեզ վրա ազդել: Այնտեղ մի հարցի շուրջ է կոնֆլիկտը՝ քրդական հարց: Այսինքն, Սիրիայի ճակատագիրը որոշելիս ի՞նչ պետք է լինի՝ ամբողջակա՞ն Սիրիա, թե՞ այդ պետության հյուսիսում քրդական հատվածը ուղղակի կարգավիճակ պետք է ստանա: Եթե կարգավիճակ է ստանում, բնականաբար, ինքնավարության հետ նրանք կաշխատեն: Իրանական քրդերը կարող են ոտքի կանգնել: Թուրքիայում էլ միշտ քրդերը ակտիվ են: Այս ամենը ենթադրում է միասնական Քրդստանի ստեղծում: Այս գործընթացը չի կարող մեզ վրա ուղղակի ազդեցություն ունենալ: Մեր խնդիրներն այս համատեքստից դուրս են, այսինքն, ցեղասպանության ճանաչում, պահանջատիրություն, փոխհատուցում: Անուղղակի ազդեցությունն էլ այն է, որ եթե Իրանում խնդիրներ ստեղծվեն, մեզ համար բարդություններ կառաջանան, որովհետև մեզ անհրաժեշտ է, որ Իրանում կայունություն լինի: Իսկ Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացումն անհրաժեշտ է նախ և առաջ հայ համայնքի գոյության համար:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ