Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ալիևի հայտարարությանը պետք է լրջորեն վերաբերվել

Ալիևի հայտարարությանը պետք է լրջորեն վերաբերվել
20.02.2018 | 01:35

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես արդեն հայտնի է, «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության 6-րդ համագումարում վերջերս հայտարարել է. «Երևանը մեր պատմական տարածքն է, և Ադրբեջանը պետք է վերադարձնի այս հողը»:
Բորենիների ոհմակի առաջնորդի այս ռազմաշունչ հայտարարությունը, անշուշտ, համարժեք արձագանք-հակադարձում էր պահանջում ՄԱԿ-ի, «միջազգային հանրություն» կոչվածի և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների արտաքին գործերի նախարարների կողմից: Սակայն բոլորը լռեցին։ Օտարերկրյա միակ պետական պաշտոնյան, որն Ալիևի հայտարարության առնչությամբ հանդես եկավ թեկուզ մեղմ, հայերիս այնքան էլ չգոհացնող քննադատությամբ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր: Վերջինս, հակադարձելով Իլհամ Ալիևի հայտարարությանը, ասել է. «Ռուսաստանը տեղյակ է Ադրբեջանի և Հայաստանի լարված հարաբերությունների մասին, և Ալիևի տեսակետները չեն օգնում լարվածությունը նվազեցնելուն»:


Հասկանալի է, որ Մարիա Զախարովան ավելի խիստ չի արտահայտվել, կաշկանդված լինելով, այսպես ասած, դիվանագիտական կոռեկտությունը պահպանելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև երկու պետությունների` Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները չվտանգելու մտահոգությամբ: Սակայն Զախարովայի նույնիսկ այս մեղմ քննադատությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում չեն մարսել, և Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հեքմաթ Հաջիևը դատապարտել է Զախարովայի հիշյալ հայտարարությունը:
Ադրբեջանի «Ազար Թաջ» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Հաջիևը Մարիա Զախարովայի հիշյալ քննադատության կամ մտահոգության առնչությամբ ասել է. «Հաշվի առնելով Բաքվի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցությունը, Զախարովայի հայտարարությունը Ալիևի մասին ճիշտ չէ»:


Որքան էլ անհիմն է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի այս բարբաջանքը, այն դիվանագիտական լեզվով արտահայտված ակնարկ ու նույնիսկ թաքուն սպառնալիք է պարունակում` Զախարովայի հայտարարությունը վտանգում է Բաքվի և Մոսկվայի միջև առկա ռազմավարական համագործակցությունը, և այս առումով սխալ է, եթե պաշտոնական Մոսկվան նույն կերպ շարունակի, երկու պետությունների ռազմավարական համագործակցությունը կարող է դառնալ անցյալ:


Ընդգծենք, որ Երևանը վերադարձնելու մասին Ալիևի վերոնշյալ հայտարարությունը նորություն չէ: Ադրբեջանի ղեկավարը նախկինում էլ մի քանի անգամ հանդես է եկել Երևանը և Զանգեզուրը վերադարձնելու մասին հայտարարություններով, և, հաշվի առնելով նաև այս իրողությունը, Ալիևի վերջին հայտարարությանը Հայաստանի իշխանությունների պետական մակարդակով արձագանքը մեղմ է և ոչ գոհացուցիչ:
Այս հայտարարությունը, ինչպես իրավացիորեն նշել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), Հայաստանի իշխանությունների կողմից պետք է միջազգային ասպարեզում քննարկման դրվեր:
Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով, հնարավոր է, որ քաղաքագետները լուրջ չեն ընդունում Ալիևի ասածները: «Բայց ես ուզում եմ ասել՝ Ադրբեջանը հենց այնպես չի խոսել»,- ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը:


«Թուրքն ինչ ասում է, հենց այնպես չէ, դա միայն դեմագոգիա չէ, մենք պետք է պատրաստվենք ռեալ մարտերի»,- փետրվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության մասին, ասել է առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
Վերջինիս խոսքով, Իլհամ Ալիևի հայտարարություններն ինչքան էլ ուղղված լինեն ներքին լսարանին, նա հաշվի է առնում զորքերի մարտական վիճակը:


«Դուք նայեք, թե ով է Իլհամ Ալիևը,- ասել է Վովա Վարդանովը:- Նա Ադրբեջանի նախագահն է, բայց, բացի դրանից, նա գլխավոր հրամանատարն է, նա զորավար է, նա ընդհանուր մերձկասպյան թուրքերի գլխավոր հրամանատարն է»:
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատարի կարծիքով, թուրքերը մասնակիորեն պատրաստ են հարձակումների:
«Նախիջևանը պատանդի վիճակից թուրքերի օգնությամբ այնքան է հզորացել, որ շատ վտանգավոր է դարձել հարձակողական մարտերի համար,- ասել է Վովա Վարդանովը:- Նա ունի հարձակողական մեծ պոտենցիալ, ունի բավականին հզոր տանկային խումբ, անձնակազմը 15 հազարից ավելի է»:


Նշենք նաև, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները չեն բացառել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա լարվածությունը 2018 թ. կարող է վերածվել Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնամասշտաբ մարտական գործողությունների, այսինքն՝ պատերազմի: Ըստ ամերիկյան որոշ ԶԼՄ-ների տեղեկության, այս մասին ԱՄՆ-ի սենատի Հետախուզության հարցերի կոմիտեի լսումների ընթացքում ունեցած իր ավանդական ամենամյա ելույթում հայտարարել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը:
Ընդգծենք, որ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի և այլոց կարծիքով, Ալիևը նախագահական ընտրությունները 2018 թ. հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու և արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումը կայացրել է այն նկատառումով, որ հասցնի այս տարվա ընթացքում պատերազմել, հակառակ պարագայում, եթե ընտրությունները հոկտեմբերին լինեին, իսկ երդմնակալության արարողությունը և նախագահի պաշտոնի ստանձնումը՝ նոյեմբերին, Ադրբեջանը ձմեռվա շեմին չէր կարողանա պատերազմել:


Իլհամ Ալիևի վերոնշյալ հայտարարությանը, կարծում ենք, իրոք, պետք է վերաբերվել ոչ թե ծաղրանքով` Երևանը վերադարձնելը նրա սոսկ երազանքը կամ զառանցանքը համարելով, այլ միանգամայն լրջորեն, ինչը հրամայական է դարձնում հատկապես Նախիջևանի և Գեղարքունիքի կողմից Ադրբեջանի հնարավոր ագրեսիային դիմակայելուն Հայաստանի պատշաճ պատրաստվածությունը:
Ադրբեջանը և անձամբ Իլհամ Ալիևը մտադիր չեն հրաժարվելու Սևանա լիճ հասնելու, Երևանը գրավելու իրենց պլաններից: Նաև այս նպատակով Ադրբեջանը շարունակում է զինվել ու հզորացնել իր բանակը: Օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է Լոնդոնում Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2018-2019 թթ. ռազմական համագործակցության ծրագրի մասին: Թե ինչ է պարունակում նշված ծրագիրը, մեզ դեռ հայտնի չէ, սակայն քննարկումներ են եղել նաև Ադրբեջան-Մեծ Բրիտանիա ռազմական համագործակցության հեռանկարի վերաբերյալ։


Բնավ պետք չէ խուճապի մատնվել, բայց անհրաժեշտ է գործնականում կարևորել այն, որ Ադրբեջանին սթափեցնել կարող է միայն հայկական բանակի հզորությունը: Այս առումով, կարծում ենք, Հայաստանը պետք է շուտափույթ ձեռք բերի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր, լրացուցիչ խմբաքանակներ, դրանք տեղաբաշխի Նախիջևանի և Գեղարքունիքի մարզին սահմանակից ադրբեջանական շրջանների դիմաց` նշանառության տակ վերցնելով այնտեղ գտնվող ռազմական և այլ թիրախներ, հատկապես Երևանի համար լուրջ վտանգ ներկայացնող նույնաբնույթ համակարգերը, որոնց գտնվելու վայրը և տեղաշարժը պետք է մշտապես հսկողության տակ պահի ԱԹՍ-ներով և հետախուզության այլ միջոցներով` իրական վտանգի դեպքում նախահարձակ լինելու համար:
Հուսանք, որ այս ամենը տվյալ հրապարակումից առաջ էլ գիտակցվում է և արվում է հնարավոր ամեն ինչ, որ թշնամին Նախիջևանից և Գեղարքունիքի մարզին սահմանակից Գետաբեկի և Դաշքեսանի շրջաններից չկարողանա Երևանի ուղղությամբ հարձակում իրականացնել:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ