Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մի՞թե Սիրիայում արդեն սկսվել է Երրորդ համաշխարհայինը, բայց դեռ չենք գիտակցում

Մի՞թե Սիրիայում արդեն սկսվել է Երրորդ համաշխարհայինը, բայց դեռ չենք գիտակցում
20.02.2018 | 01:59

Շատ մարդիկ, ովքեր հետևում են Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ընթացքին, գնալով տագնապում են` մի՞թե այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում ու Սիրիայի շուրջ, Երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանքն է: Պատերազմ, որը գուցե արդեն սկսվել է աշխարհի հզորների միջև, բայց շատ քչերն են այն գիտակցում, քանի որ դեռ չի վերածվել բացահայտ ու մեծամասշտաբ առճակատման, առավել ևս` միջուկային պատերազմի:


Հարցերը շատ են` արդյոք ընդհանրապես հնարավո՞ր է պատերազմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, պարտադի՞ր է, որ այն միջուկային բնույթ ունենա, թե՞ կարող է նաև սովորական, բայց դարձյալ ավերիչ մեծ ուժ ունեցող զենքերի գործադրմամբ ծավալվել… Պարտադի՞ր է, որ այդ պատերազմն ընթանա ԱՄՆ-ի և Ռուսաստանի տարածքներում, թե կարող է լինել այլ պետության կամ պետությունների տարածքներում` թեկուզ նույնիսկ զանգվածային բնաջնջման զենքի կամ զենքերի կիրառմամբ: Եթե միջուկային պատերազմ ծագի գերտերությունների միջև, կարո՞ղ է այն հանգեցնել կամ կարճ ժամանակում հանգեցնել ամբողջ մարդկության ոչնչացման, թե՞ ոչ: Ճի՞շտ է, արդյոք, Հովհաննեսի Հայտնությունում գրվածից իբրև մեկնաբանություն բխեցվող այն կարծիքը, որ Երրորդ համաշխարհային պատերազմը սկիզբ է առնելու այն երկրից կամ պետություններից, որոնք գտնվում են Եփրատ մեծ գետի մոտ… Հարցեր, հարցեր, որոնց, սակայն, մեկ հրապարակմամբ հնարավոր չէ պատասխանել: Իսկ ինչի՞ մասին են վկայում փաստերը:


Փորձագետները սրանից առնվազն 5 տարի առաջ էին այն կարծիքն արտահայտում, որ Սիրիայում սկսված պատերազմը մեր տարածաշրջանում կարող է վերաճել մի «մեծ պատերազմի», որում կներգրավվեն նաև այլ պետություններ, մասնավորապես` Իրանը, Իսրայելը…
Ինչպես Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քանիցս ընդգծել են, որ որևէ պարագայում անթույլատրելի են Սիրիայի մասնատումը և այդ պետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչը Ռուսաստանը չի հանդուրժի: Ի լուր աշխարհի հայտարարել են, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը Ռուսաստանի համար եղել ու մնում է սիրիական ճգնաժամի կարգավորման գլխավոր սկզբունք: Բնականաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ… Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ Սիրիայում 2011 թվականից սկսված արյունահեղության հետևում կանգնած են Իսրայելը, ԱՄՆ-ը, այդ պետության նախագահի և այլ ղեկավարների տիկնիկավարները` նպատակ ունենալով մասնատել Սիրիան և այն աշխարհի քարտեզից վերացնել որպես պետություն։


Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելը գիտակցել են, որ Սիրիայում իրենց պլանները Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի «Հըզբոլլահի» ջանքերի արդյունքում ձախողվել են, անցել են ավելի կոշտ ու բացահայտ միջոցների կիրառման: Նրանք մի կողմից զինել, աջակցել, հովանավորել ու պաշտպանել են Սիրիան մասնատելու և իրենց պետությունը հիմնելու նպատակ ունեցող Սիրիայի քրդերին, այնտեղ իրենց չարագործությունները շարունակող, Ասադի վարչակարգը տապալել ձգտող ահաբեկչական կազմակերպություններին ու Սիրիայի հակակառավարական ուժերին, մյուս կողմից գործի դնելով իրենց ավիացիան, Սիրիայում սիրիական թիրախներից զատ, վերջերս հարվածել են նաև իրանական թիրախներին և ռուս զինվորականներին:
Նկատի ունենալով, որ իրավիճակն արդեն մոտենում է կրիտիկական կետի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2018 թ. փետրվարի 13-ին արդեն ստիպված է եղել ի լուր աշխարհի հայտարարել, որ «ԱՄՆ-ը վտանգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը» և շեշտել, որ «ԱՄՆ-ը Սիրիայում գործում է միակողմանի, վտանգավոր եղանակով և վտանգում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը»:
«Ռաշա թուդեյ» կայքի տեղեկացմամբ, փետրվարի 13-ին Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռինդերզի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել է. «Ամերիկացիները փորձում են միակողմանի ու վտանգավոր քայլեր կատարել և այդպիսով ձգտում են Եփրատ գետի արևելյան ափամերձ շրջանում Սիրիայի տարածքների մեծ բաժինը մասնատել ու կեղծ երկիր ստեղծել»:


ՌԴ արտգործնախարարը հավելել է` «Մոսկվայի կարծիքով, ԱՄՆ-ը ձգտում է մշտապես հաստատվել Սիրիայում», ապա հույս հայտնել, որ ՄԱԿ-ը կաջակցի Սիրիայում սահմանադրական գործընթացների թափանցիկությանը:
Ինչպես ընդգծել է Սերգեյ Լավրովը, «Ռուսաստանի Դաշնությունը դեռևս պնդում է Սիրիայի խաղաղության գործընթացում քրդերի մասնակցության վրա, առանց որի հնարավոր չէ կարգավորել այդ երկրի ճգնաժամը»: Սակայն քիչ հավանական է, որ մի կողմից` ԱՄՆ-ի տված զենքերով զինված, Սիրիայի տարածքում սեփական պետությունը հիմնելու` Միացյալ Նահանգների խոստումից ոգևորված և ԱՄՆ-ի կողմից քաջալերվող, մյուս կողմից` իրենց վրա հարձակվող Թուրքիային չզսպելու պատճառով Ռուսաստանից և Իրանից, մեղմ ասած, նեղացած Սիրիայի քրդական ուժերն առաջիկայում մասնակցեն Սիրիայի խաղաղության գործընթացին, հետևաբար Սիրիայում ճգնաժամն ու արյունահեղությունը կշարունակվեն:


Փետրվարի 14-ին հայտնի դարձավ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ը պահպանելու է Սիրիայում իր ռազմական ներկայությունը: Դրանից բացի, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է նաև այն բանի վրա, որ տեղական ուժերը, որոնց իրենք պատրաստել են, լինեն արդյունավետ: Խոսքը Սիրիայի հակակառավարական ուժերի մասին է:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 19-ին Մոսկվայում, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում կազմակերպված «Ռուսաստանը Մերձավոր Արևելքում. խաղ բոլոր դաշտերում» կոնֆերանսի կուլիսներում հանդես գալով լրագրողների առջև, ԱՄՆ-ին կոչ է արել Սիրիայում կրակի հետ չխաղալ և ուղղել իր քայլերը, իսկ կոնֆերանսում ասել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում սկսել է շատ վտանգավոր խաղ խաղալ:


Թեև ԱՄՆ-ը հայտարարում է, թե իր զինուժը Սիրիայում է իբրև թե «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով, սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օրերս հայտարարել է, որ «Մոսկվան Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի և այդ երկրում քաղաքական լուծման հանգելու ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից որևէ ակտիվություն չի նկատում»: Եթե սա փորձենք շարադրել դիվանագիտական նրբությունները մի կողմ թողնելով և անմիջականորեն, ապա պաշտոնական Մոսկվայի ասածը հետևյալն է` ԱՄՆ-ը Սիրիայում ահաբեկչության դեմ չի պայքարում և բնավ շահագրգռված չէ այդ երկրում քաղաքական լուծման հանգելու ուղղությամբ, ավելի ճիշտ, ամեն կերպ փորձում է խոչընդոտել քաղաքական լուծմանը:


ԱՄՆ-ի վերոնշյալ քաղաքականության վտանգները կարծես քիչ են, Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ավիացիան փետրվարի 7-ի գիշերն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող ռուս զինծառայողներին, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, ներգրավված են եղել ռուսական «ЧВК Вагнера» մասնավոր ռազմական ընկերությունում, և փորձել են առաջ ընթանալ դեպի Դեր Զորի արևելքում գտնվող նավթավերամշակման գործարանի շրջան և հետախուզական-որոնողական գործունեություն իրականացնել ընդդեմ «Իսլամական պետության», այսպես կոչված, «քնած բջիջների»: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հավաստմամբ, տվյալ գործողությունն իրենց հետ համաձայնեցված չի եղել: Մեկ այլ տեղեկության համաձայն, «ճԹԽ ԹՈչվպՐՈ»-ի վարձկաններն իրականացնելով իրենց ստացած մասնավոր պատվերը, փորձել են գրավել այդ շրջանում եղած նավթային դաշտը, որտեղ կան մի շարք նավթահորեր, և քանի որ մասնավոր պատվեր են կատարել, չունենալով Ռուսաստանի կամ Սիրիայի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ-ի աջակցությունը, եղել են անպաշտպան:


Ռադիո «Սպուտնիկի» եթերում հանդես եկած քաղաքագիտության թեկնածու Դմիտրի Եվստաֆևի հավաստմամբ, Սիրիայում ԱՄՆ-ի նպատակը տարածաշրջանի ապակայունացումն է: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում ձգտում է հսկողություն սահմանել նրա ակտիվների նշանակալի մասի վրա, այդ թվում` Դեր Զորի շրջանում նավթարդյունահանման և նավթավերամշակման օբյեկտների:
Ըստ ամերիկյան կողմի, իրենց հարձակման պատճառը եղել է այն, որ Սիրիայի կառավարամետ զինված խմբավորումները Դեր Զորի նահանգում, Եփրատի մոտ հարձակվել են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վրա: Ինչպես հայտնի է, «Սիրիայի դեմոկրատական ուժերը» Սիրիայի զինված ընդդիմությունն է, որը կռվում է Բաշար Ասադի վարչակարգի դեմ, և որին աջակցում է ԱՄՆ-ը: Պենտագոնի պատճառաբանությամբ, դրանք իրենց պատասխան ավիահարվածներն են եղել, այսպես կոչված, «չհրահրված հարձակման», ինչի պատճառով Սիրիայում այս ամիս 100 մարդ է զոհվել: Մինչդեռ, «Bloomberg»-ի նոր զեկույցի համաձայն, զոհերի թիվը կարող է հասնել 300-ի, իսկ զոհերի մեծ մասը ռուս պայմանագրային կամ վարձու զինվորներ են: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա, ըստ «Bloomberg»-ի, առաջիկա առճակատումը տասնամյակների ընթացքում ամենահզորը կլինի սառը պատերազմի հակառակորդների միջև: Ընդգծենք, որ ամերիկյան և ռուսական ուժերը Սիրիայում հակառակ կողմերում են կռվում:


Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, ավիահարվածից վիրավորվել է սիրիական 25 աշխարհազորային: Ակնհայտ է, որ խիստ հակասական են ինչպես միջադեպի պատճառների, այնպես էլ զոհերի թվի վերաբերյալ ասպարեզում առկա տեղեկությունները: Ի դեպ, զոհերի թվի վերաբերյալ տեղեկությունները հակասական են նաև հենց ամերիկյան աղբյուրներում: Օրինակ, ըստ CNN-ի, զոհվել է ոչ թե մոտ 300 կամ ավելի քան 200, այլ ավելի քան 100 մարդ, որոնց թվում եղել են նաև մի քանի ռուսաստանցիներ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռմբակոծության գոտում ռուսական զինծառայողներ, այսինքն` ռուսական բանակի զինծառայողներ չեն եղել (վարձկանները, թեկուզ ազգությամբ ռուս, ռուսական զինծառայողներ չեն համարվում, այդպիսիք համարվում են միայն պետական պաշտպանական կառույցում ծառայողները):


Փետրվարի 15-ին ոչ պաշտոնական աղբյուրին հղում կատարած ռուսաստանյան ԶԼՄ-ների հրապարակումներից հայտնի դարձավ, որ Դեր Զորում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից վիրավորված ՌԴ քաղաքացիները տեղափոխվել են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հոսպիտալներ: Հայտնի դարձավ նաև, որ կոալիցիայի ավիահարվածները հասցվել են հրետանու և ավիացիայի միջոցով, օգտագործելով նաև F-15E կործանիչներ, Ըհ-130 թռչող մարտկոցներ, «AH-64 Apache» ուղղաթիռներ ու նույնիսկ B-52 ռազմավարական ռմբակոծիչներ: Նույն օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից, նախնական տվյալներով, կարելի է փաստել ենթադրաբար Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հինգ մարդու զոհվելու մասին, որոնք զինծառայողներ չեն: Խոսքը, ինչպես հասկանալի է, ռուսական «ЧВК Вагнера» մասնավոր ռազմական ընկերության ռուս վարձկանների մասին է: Այլ տեղեկությունների համաձայն, զոհված ՌԴ քաղաքացիների թիվն ավելի մեծ է: Օրինակ, ՌԴ նախագահի թեկնածու, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին փետրվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասել է.


«Հիմա Սիրիայում մեծ խումբ է զոհվել: Այսինքն` այրիներ են մնացել: Կարևոր չէ, որ նրանք պաշտոնապես զինծառայողներ չէին, նրանք մերն էին, ռուս տղամարդիկ էին: Եվ 300 ընտանիք մնաց առանց հոր, առանց ամուսնու»: Մինչդեռ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 19-ին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում կազմակերպված հիշյալ կոնֆերանսի կուլիսներում լրագրողներին ասել է, որ տեղեկությունները, որ իրենք կարդում են Սիրիայում հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ռուսաստանցիների զոհվելու մասին, փորձ են անպիտան միջոցներով սպեկուլյացիայի ենթարկելու պատերազմը, որը, ցավոք, Սիրիայում շարունակվում է:
«Այդպիսի փորձերը (սպեկուլյացիայի ենթարկելու- Ա. Հ.) ես համարում եմ նվազագույնը ոչ այնքան կոռեկտ»,- ասել է Լավրովը և հավելել, որ այդ տեղեկությունները հրապարակող որոշակի շրջանակի ԶԼՄ-ներն այդպես են վարվում թեժ նորություններն առանց որոշակի փաստերի ներկայացնելու ճանապարհով, ու չեն սպասում հետաքննության արդյունքներին, որը շարունակվում է:
«Հետաքննությունը շարունակվում է, ցուցաբերեք, խնդրում եմ, համբերություն»,- իր խոսքը եզրափակելով, լրագրողներին կոչ է արել ՌԴ արտգործնախարարը:
Անկախ ամեն ինչից, փետրվարի 7-ին Սիրիայում տեղի ունեցածով, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող ահաբեկչական խմբի կողմից դրանից մի քանի օր առաջ ռուսական ռազմական «հց-25» գրոհային ինքնաթիռի կործանմամբ մերձավորարևելյան այդ երկրում ռուս-ամերիկյան դեռ բացահայտ առճակատման չվերածված դիմակայությունը թևակոխել է նոր փուլ: Սակայն սա դեռ ամենը չէ։


Փետրվարի 15-ին հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն հրապարակեցին թուրքական «Daily Sabah» պարբերականում հրապարակված նույն լրատվամիջոցի սյունակագիր Յահյա Բոստանի աղմկահարույց հոդվածի վերաբերյալ: Բոստանը մասնավորապես գրել է, որ Սիրիայում պատերազմը դադարել է քաղաքացիական լինելուց ու վերածվել է ցածր ինտենսիվությամբ Երրորդ համաշխարհային պատերազմի։ Հոդվածագիրն այս եզրակացությանն է հանգել՝ գնահատելով ռազմական գործողություններին մասնակցող երկրների թիվը։
«Այլևս չկա այն լարվածությունը գրոհայինների մեծ ու փոքր խմբերի և ահաբեկչական կազմակերպությունների միջև,- գրել է Յահյա Բոստանը:- Դիմակայությունը տեղի է ունենում հետաքրքրված կողմերի միջև։ Դրանցից խոշորներն են Թուրքիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Իրանը։ Հակամարտության պատճառով առաջացել է լարվածություն Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Իսրայելի և Եմենի միջև։ Հետաքրքրված կողմերը հետագայում կորոշեն դրա ինտենսիվությունն ու զարգացումը։ Մերձավոր Արևելքի ապագան ունի չափազանց անորոշ ուրվագծեր»:
Այո, միանգամայն ճիշտ է թուրքական պարբերականի սյունակագրի դիտարկումը տարբեր պետությունների միջև առկա լարվածության վերաբերյալ: Ընդգծենք, որ այդ լարվածությունը գնալով աճում է: Այն բանից հետո, երբ Սիրիայի օդային տարածքն ավիահարվածներ հասցնելու նպատակով խախտած Իսրայելի «F-16» կործանիչը խոցվել է Սիրիայի բանակի ՀՕՊ համակարգի կողմից, Իսրայելը բազմաթիվ ինքնաթիռներ օդ բարձրացնելով, զանգվածային բնույթի ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող սիրիական և իրանական ռազմական թիրախներից 12-ին: Սիրիայի վրա իսրայելական ինքնաթիռների այդպիսի զանգվածային գրոհ յոթնօրյա պատերազմից հետո թերևս չէր եղել:


Սիրիան պատրաստվում էր տալու վերոնշյալ գրոհի պատասխանը, ինչից հետո, ինչպես դժվար չէ ենթադրել, փոխադարձ հարվածներն ավելի մասշտաբային բնույթ էին ստանալու և վերածվելու պատերազմի: Սակայն Իսրայելին այս պահին ձեռնտու չէր պատերազմը, դրա ժամանակը դեռ չի եկել: Իսրայելը սպասում է, որ Սիրիայի հարցերը լուծվեն այլ պետությունների, մասնավորապես` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջոցով, որպեսզի ինքն իզուր տեղը թեկուզ փոքրաթիվ զոհեր չունենա` նկատի ունենալով, որ տարածքը մոտ, նույնիսկ սահմանակից է Սիրիային և այդ առումով գտնվում է վերջինիս հրթիռների, հրետանու և ավիացիայի հարվածի գոտում: Այդ իսկ պատճառով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելական ինքնաթիռների զանգվածային գրոհից հետո հեռախոսով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ վերջինս միջնորդի, զսպի Սիրիային և Իրանին` Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելուց: Կարծում ենք, միաժամանակ նաև ակնարկել է, թե հակառակ դեպքում ինչ հետևանքներ են սպասվում: Եվ քանի որ Ռուսաստանին ձեռնտու չէ Սիրիայի և Իսրայելի, Իրանի և Իսրայելի միջև պատերազմի բռնկումը, Ռուսաստանը, հավանաբար, բավարարել է Նեթանյահուի խնդրանքը, համենայն դեպս, Սիրիան և Իրանը ձեռնպահ մնացին պատասխան հարվածներից: Այնուհանդերձ, պաշտոնական Դամասկոսը զգուշացրել է Իսրայելին, որ իր վրա կրկին հարձակվելու դեպքում Իսրայելը պատասխան հարձակումների է ենթարկվելու:


«Ամեն անգամ, երբ սիոնիստական ռեժիմը փորձի հարձակվել Սիրիայի վրա, այդ երկրի բանակն իր հակադարձ քայլերով անակնկալի կբերի ռեժիմին»,- ՍԱՆԱ գործակալության հաղորդման համաձայն, հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Իմեն Սուսանը: Չնայած այս զգուշացմանը, Իսրայելի հետախուզական ինքնաթիռը փետրվարի 14-ին ներթափանցել է Սիրիայի օդային տարածք, բայց որոշ ժամանակ անց Սիրիայի ՀՕՊ-ը հարկադրել է հեռանալ:
Սիրիան, սակայն, իր ամենամեծ վտանգն այսօր զգում է ոչ թե Իսրայելից, այլ ԱՄՆ-ից, թերևս նաև Ֆրանսիայից:


Սիրիայի ԱԳ նախարարությունն ավելի քան տասն օր առաջ հայտարարել էր. «ԱՄՆ-ի վերջին հայտարարությունն առ այն, որ Սիրիայի բանակը Դամասկոսի մոտակայքում ահաբեկիչների ու խռովարարների դեմ քիմիական զենքեր է կիրառել, անհիմն է»:
Ինչպես հայտնի է, Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքի նկատմամբ քիմիական զենքի կիրառումը վերագրելով Սիրիայի կառավարությանը, Միացյալ Նահանգներն անցյալ տարվա ապրիլին մի քանի տասնյակ «Թոմահավք» թևավոր հրթիռներով հարվածեց Սիրիայի Ալ-Աշիրաթի «Շայրաթ» ավիաբազային, և հայտարարեց, որ պատրաստ է ավելին անելու, եթե դրա կարիքը զգացվի:


Սրվող իրավիճակի համապատկերում, անդրադառնալով Սիրիայի կառավարությանը քիմիական զենքերի կիրառման մեջ վերջերս մեղադրելուց հետո ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հեդեր Նաորթնի այն հայտարարությանը, որ «Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում ռազմական քայլեր ձեռնարկելու Սիրիայի դեմ», Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Մեղդադը փետրվարի 14-ին զգուշացրել է քիմիական հարձակումների պատճառաբանությամբ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր դավադրության մասին:
«Արևմուտքի սպառնալիքը համարվում է Սիրիայի դեմ նրանց թշնամական քայլերն արդարացնելու փորձ»,- ասել է Ֆեյսալ Մեղդադը:
Սիրիայի «Ալ Ախբարիա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Սիրիայի արտգործնախարարի տեղակալն ասել է. «ԱՄՆ-ը ցանկանում է երկարաձգել Սիրիայի պատերազմը: Սակայն նրա քաղաքականության հետևանքներն անդառնալի են լինելու»:
Դատելով ամենից, ԱՄՆ-ը Սիրիայի նկատմամբ շատ մեծ սադրանք է նախապատրաստում ու նպատակ ունի այդ պետության դեմ պատերազմին մասնակից դարձնելու նաև ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, մասնավորապես` մասոնական Ֆրանսիային, որի նախագահին արդեն նախապատրաստել է Սիրիայի նկատմամբ ռազմարշավ իրականացնելու համար: Այդ մասին է վկայում փետրվարի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետևյալ հայտարարությունը. «Եթե ապացուցվի, որ Սիրիայի կառավարությունն օգտվել է քիմիական զենքից, այդ երկրի դեմ ռազմական քայլ կձեռնարկենք»:


Ինչպես հայտնի է, պաշտոնական Դամասկոսը բազմիցս հերքել է քիմիական զենք կիրառելու կապակցությամբ իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, ավելին` միջազգային հանրության ձեռքի տակ չկա որևէ ապացույց` Սիրիայի բանակի կամ կառավարամետ ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Համաձայն սիրիական կողմի պաշտոնական հաղորդումների, ահաբեկիչներն են Սիրիայում և Իրաքում քիմիական զենք օգտագործել:
Կասկածից դուրս է, որ Սիրիայի կառավարությանը քիմիական զենք օգտագործելու մեջ մեղադրելը ոչ միայն հասարակական կարծիքն ապակողմնորոշելու, ահաբեկիչների նկատմամբ Սիրիայի բանակի վերջին հաղթանակները չմարսելուց հետո, իրականությունը գլխիվայր ներկայացնելու, այլև այդ ինքնիշխան պետության նկատմամբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական ագրեսիան նախապատրաստելու ու պատրվակելու նպատակն ունեն: Բաշար Ասադը և, ընդհանրապես, Սիրիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հիմար չեն, որ ներկա լարված իրավիճակում, ԱՄՆ-ի նման հզոր պետության հարձակման իրական սպառնալիքն աչքի առաջ ունենալով, առավել ևս` 2017 թ. ապրիլին նույն պատրվակով իր ռազմաօդային բազայի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո, անցյալ շուրջ մեկ տարում քիմիական զենք կիրառեին որևէ մեկի նկատմամբ, եթե, իհարկե, ընդհանրապես ունեն քիմիական զենք, այսինքն` ամբողջությամբ չեն ոչնչացրել այն:


Օրերս «Task and Purpose» պորտալը և մի շարք այլ ԶԼՄ-ներ տեղեկություն հրապարակեցին այն մասին, որ ԱՄՆ-ի բանակն արագացնում է ցամաքային մասշտաբային պատերազմի նախապատրաստությունը: Մասնավորապես` ԱՄՆ-ի զինված ուժերը 155- միլիմետրանոց հաուբիցների համար շուրջ 150000 արկի և մերձամարտի համար նախատեսված «Էկսկալիբուր» ռեակտիվ արկերի գնման հայտ են ներկայացրել:
«Մենք պատրաստվում ենք հատուկ վճռականություն պահանջող մի բախման մեջ մարտի»,- ԱՄՆ բանակի բյուջեի գծով տնօրեն, գեներալ-մայոր Պոլ Չեմբեռլենի խոսքն է մեջբերել վերոնշյալ պորտալը:


Գրեթե միաժամանակ, փետրվարի 16-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի ցամաքային զորքերը կրճատում են իրենց արտասահմանյան առաքելությունները, Քուվեյթում գտնվող զրահատանկային ստորաբաժանումը և արտերկրում գտնվող այլ ստորաբաժանումներ վերադարձնում են ԱՄՆ, որպեսզի բարձրացնեն զինծառայողների մարտական պատրաստվածությունն ավելի կարևոր գործողությունների կատարման համար:
Նույն օրը հրապարակվեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը, որ բախումների ժամանակ քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջը միանգամայն լուրջ է, և Վաշինգտոնն ավելի վաղ Սիրիային ցույց է տվել, թե ինչպիսին կարող են լինել հետևանքները: Պետդեպարտամենտի ղեկավարն ասել է նաև, որ ԱՄՆ-ի կարծիքով, Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է կրում Սիրիայում այդպիսի հարձակումներին վերջ տալու և այն պարտավորությունների առումով, որոնք իր վրա վերցրել է քիմիական զենքի ոչնչացման համար:


Դատելով ամենից, վերոնշյալը Սիրիայի դեմ ցամաքային զորքերի ներգրավմամբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարձակման քաղաքական-քարոզչական նախապատրաստություն է Ռուսաստանի դեմ` իր պարտավորությունները չկատարելու սին մեղադրանքի բաղադրիչով, որպեսզի հետագայում ՄԱԿ-ում հակադարձի վերջինիս հնարավոր քայլերին: Միանգամայն հնարավոր է, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի նախապատրաստվող ագրեսիայի սուր սլաքն ուղղված է Պուտինի և Ռուսաստանի դեմ, քանի որ ՌԴ նախագահը, ելնելով մի շարք տեղեկություններից, առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու դեպքում մտադիր է Ռուսաստանը դուրս բերել կիսագաղութային վիճակից, որում երկիրը հայտնվել է Արևմուտքի կողմից ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Հնարավոր է նաև, որ Պուտինին ծանր կացության առաջ կանգնեցնելու և նրա վարկանիշին հարված հասցնելու նպատակով, Սիրիայի նկատմամբ Միացյալ Նահանգներն իր ագրեսիան սկսի Ռուսաստանի նախագահական ընտրություններից առաջ կամ այդ ժամանակ` օգտվելով այն խառը իրավիճակից, որը, հավանաբար, նախապատրաստել է և ենթադրում է, որ լինելու է Ռուսաստանում:
Վերջում անդրադառնանք Հովհաննեսի Հայտնությունում առկա մարգարեությանը, որում հիշատակվում է Եփրատ մեծ գետի մոտ չորս հրեշտակների ազատագրման մասին: Դա, ըստ որոշ մեկնաբանների, Հովհաննեսի մարգարեությունն է ապագա համաշխարհային պատերազմի մասին:


Հովհաննեսն այսպես է գրել իր Հայտնության մեջ. «Եւ վեցերորդ հրեշտակը փողը փչեց, եւ ես մի ձայն լսեցի այն ոսկի սեղանի չորս եղջիւրներիցը որ Աստուծոյ առաջին էին, որ ասում էր վեցերորդ հրեշտակին որ փողն ունէր. Արձակիր այն չորս հրեշտակները որ Եփրատ մեծ գետի վերայ կապուած են: Եւ այն չորս հրեշտակներն արձակուեցան, որ պատրաստուած էին այն ժամի եւ օրուայ եւ ամսուայ եւ տարուայ համար, որ մարդկանց երրորդ բաժինը սպանեն» (Հայտն. 9, 13-16):
Որոշ մեկնաբանների կարծիքով, Եփրատի մոտ ազատագրված չորս հրեշտակների մասին Հայտնության բառերը վերաբերում են այն չորս պետություններին, որոնց տարածքով հոսում է տվյալ գետը: Խոսքը Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի մասին է, որոնց տարածքներում բախումներից էլ սկիզբ է առնելու Երրորդ համաշխարհային պատերազմը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ