USD483.80
EUR554.58
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Թուրք-քրդական պատերազմը վերսկսվել է հենց Թուրքիայի ներսում

Թուրք-քրդական պատերազմը վերսկսվել է հենց Թուրքիայի ներսում
20.02.2018 | 02:05

Փետրվարի լույս 8-ի գիշերը Սիրիայում շիական աշխարհազորի դիրքերին (միանգամից մի քանի) ամերիկյան ավիացիայի հասցրած օդային հարվածները, իհարկե, նպատակ ունեն օգնություն ցուցաբերելու թե՛ ահաբեկիչներին, թե՛ Թուրքիային, որոնք հիմա սիրիական պատերազմի նոր ճակատներ են բացել և բնավ էլ ոչ միայն Աֆրինում: Շատ են ահաբեկչության դեմ պայքարում զոհված մարտիկները, հաղորդագրություններ են ստացվում նաև սիրիական կանոնավոր բանակի զինծառայողների շրջանում եղած կորուստների մասին: ԱՄՆ-ն արդարանալու համար պնդում է, թե դա, իբր, եղել է Եփրատ գետի ափին «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) ընդդիմադիր ամերիկամետ խմբավորման շտաբի վրա կառավարամետ զինյալների «չհրահրված հարձակման» պատասխանը: Իբր, «այդ պահին բազայում են եղել ամերիկյան հրահանգիչներն ու խորհրդականները»: «Կոալիցիոն և գործընկերային ուժերի պաշտպանության համար կոալիցիան հարվածներ է հասցրել գրոհող ուժերին, որպեսզի հետ մղի «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ պայքարին մասնակցող զինակիցների հանդեպ ագրեսիայի ակտը»,- ասվում է «ամերիկյան կոալիցիայի» պաշտոնական հայտարարության մեջ: ABC հեռուստաալիքի տվյալների համաձայն, որը վկայակոչել է ամերիկյան մի անանուն պաշտոնյայի, օդային հարվածի արդյունքում սպանվել է հարյուրից ավելի մարդ: Հեռուստաալիքի զրուցակիցը հայտարարել է, որ SDF-ի շտաբի վրա հարձակումը լավ համակարգված է եղել, մասնակցել են տանկեր ու հրետանի:


Հիշեցնենք, որ հենց այդ տարածքից էին նկատվել տարբեր խմբավորումների ահաբեկիչների կանոնավոր գրոհները, որոնք հարձակվում էին կառավարական բանակի պարեկախմբերի վրա, ինչպես նաև զենք էին փոխադրում սիրիա-իրաքյան սահմանի վրայով: Այդ վայրերի մոտակայքում ամերիկացիների գտնվելու մասին, օրինակ, քրդական աղբյուրները հաղորդել էին, և այդ բանը հաստատել էր նաև բրիտանական Reuters գործակալությունը դեռ հունվարի 22-ին: Բայց այն հաղորդագրություններում խոսվում էր ամերիկացիների Ռաքքա գալու մասին. «ԱՄՆ-ի միջազգային գործերի գործակալության ղեկավար Մարկ Գրինը երկուշաբթի օրը՝ հունվարի 22-ին, ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ջոզեֆ Վոտելի հետ այցելել էր Սիրիայի հարավում գտնվող Ռաքքա քաղաք»: «Իրադրությունը քաղաքում այժմ հարմար է, որպեսզի տեղահանված մարդիկ վերադառնան իրենց տները»,- ասել է Գրինը լրատվական գործակալությանը: ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց այցը «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ գտնվող շրջաններ, որտեղ YPG-ն (ամերիկամետ SDF-ի միջուկը) առանցքային դեր է խաղում, տեղի է ունենում Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքի վրա թուրքական հարձակման ժամանակ: Ռաքքան գտնվում է Եփրատից ոչ այնքան հեռու, բայց, այնուամենայնիվ, ո՛չ «Եփրատի ափին», այդ ջրային երակի ափին SDF-ի ինչ-որ շտաբի վրա իբր «չհրահրված հարձակման» պատճառով էլ ԱՄՆ-ը դիմել է ռազմական հանցագործության, միաժամանակ ահաբեկիչներին ու Թուրքիային ռազմական աջակցության ցուցաբերման: Չէ՞ որ արդեն գաղտնիք չէ, որ Սիրիան և կառավարամետ աշխարհազորերը համագործակցում են Աֆրինի քրդերի հետ, Բաշար Ասադի կողմնակիցները անարգել թույլ են տալիս, որ իրենց մարտական դիրքերով անցնեն քրդական ջոկատներն ու օգնության հասնեն Աֆրինի քրդերին:


Պաշտոնական Դամասկոսն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել աշխարհազորայինների սպանությունը, թեև վաղ թե ուշ Սիրիան գնահատական կտա ԱՄՆ-ի ռազմական հանցագործությանը: Բայց չէ՞ որ դա ԱՄՆ-ի հովանու ներքո գտնվող կոալիցիոն ուժերի առաջին նման քայլը չէ: Անցած գարնանը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը երկրի հարավում գտնվող Թանֆ քաղաքի արվարձաններում հարված հասցրին կառավարամետ ուժերին:

Ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, դա եղավ ամերիկացիների պատասխանը Դամասկոսի կողմից կռվող ջոկատի և Վաշինգտոնի աջակցությունը վայելող խմբավորման միջև ծագած միջադեպին: ԱՄՆ-ը պնդում էր, թե սիրիացի զինվորականներին գնդակոծել է կործանիչների ցուցադրական թռիչքներից ու նախազգուշական կրակոցներից հետո: Բայց բոլորին է հայտնի, որ Թանֆի ուղեկալում է գտնվում Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական բազաներից մեկը, որտեղ վարժվում ու սպառազինություն են ստանում սիրիական «ընդդիմադիր ուժերն» ու վարձկանները: Ավելին, Թանֆը փաստորեն դարձել է ԱՄՆ-ի և Անգլիայի հետախուզական ծառայությունների՝ հարևան Հորդանանում գտնվող բազաների առաջնադիրքը: Այժմ Ռուսաստանն ու Իրանը շտապ ուսումնասիրում են իրադրությունը, «Եփրատի ափին» ԱՄՆ-ի հանցավոր հարվածի մանրամասները: Այստեղ ինչպե՞ս չհիշես դեռ 2017-ի դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի և Իրանի փորձագետների արտահայտած կարծիքներն այն մասին, թե «Սիրիայի պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել ամերիկյան օկուպացիան»: Ինչպե՞ս չհամադրես ԱՄՆ-ի լկտի վարվեցողությունը փետրվարի 4-5-ին Իրաքից ստացված հաղորդագրությունների նկատմամբ, որոնցում ասվում էր, որ, նախ, ինչպես հաղորդել է Associated Press-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմական կոալիցիայի և Իրաքի իշխանության ներսում ունեցած աղբյուրները, հիմա ամերիկյան ռազմական տեխնիկան և զինվորականներին սկսել են Իրաքի բազաներից նետել Աֆղանստան: Իսկ փետրվարի 7-ին «Իրանի աջակցությունը վայելող «Ալ Հաշդ աշ Շաաբի» շիական ուժերի կազմի մեջ մտնող մի խումբ աշխարհազորայիններ սպառնում էին հարված հասցնել Իրաքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե սրանք չհեռանան երկրից»: «Մենք լրջորեն տրամադրված ենք զենքի ուժով դուրս քշելու ամերիկացիներին, որովհետև նրանք ուրիշ ոչ մի լեզու չեն հասկանում»,- հայտարարել է «Kataib Hezbollah» խմբավորման ներկայացուցիչ Ջաֆար ալ-Հուսեյնին Բեյրութի «Al Mayadeen TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին փետրվարի 6-ի մամուլի ասուլիսում Թուրքիայից կտրականապես պահանջել է «ամենակարճ ժամկետներում» դադարեցնել ռազմական գործողությունն Աֆրինում, հայտարարելով, որ պատերազմը մահ ու ավեր է բերում բոլոր ժողովուրդներին, այդ թվում նաև «քուրդ եղբայրներին»:


Կասկած չկա, որ Աֆրինի քրդերի դեմ թուրքերի պատերազմական գործողությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի նման գործողությունները, որ տեղի ունեցան փետրվարի լույս 8-ի գիշերը, նպատակամղված են այն բանին, որ երկարացնեն զավթիչ ուժերի ներկայությունը Սիրիայում, որովհետև թուրքերն ու ամերիկացիներն այդ երկրում անօրինականորեն են գտնվում, ինչը և հերթական անգամ բարձրաձայնեցին Թեհրանից. «Մեր գլխավոր հարցն այստեղ այն է, որ մի երկրի զինված ուժերի միջամտությունը պետք է խարսխվի ընդունող երկրի համաձայնության վրա»,- փետրվարի 6-ին պարզաբանել է Իրանի նախագահ Ռոհանին: Իսկ աշխարհը շատ լավ է հիշում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նման հրավեր չի ուղարկել ո՛չ Թուրքիային, ո՛չ ԱՄՆ-ին: Այսպիսով, նախ, թերևս, 90-ական թվականներից հետո առաջին անգամ է Իրանից հնչել, որ իրանցիները մտահոգ են ոչ միայն սեփական անվտանգությամբ, այլև «քուրդ եղբայրների» ապագայով: Երկրորդ, Թեհրանը ԱՄՆ-ի և Թուրքիայի համար ծայրաստիճան ցավագին (Իրաքի շիական շարժումների հետ մեկտեղ) է հիշեցրել, որ նրանց «խաղերը» Իրաքում և Սիրիայում պետք է վերջ ունենան, նրանց զինծառայողները պետք է անվերապահորեն հանվեն այդ երկրներից:


Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ աշխարհը գործ ունի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Իսրայելի հատուկ ծառայությունների խիստ երկայնաշար և, բացառված չէ, վաղուց ծրագրված գործողության հետ: Իսրայելը հերթական անգամ ցույց է տվել, որ, չնայած Սիրիայի իրադարձություններին անմասն լինելու մասին Թել-Ավիվի բազմիցս արած հայտարարություններին, հենց իսրայելցիներն են սիրիական ողբերգության սկզբնաղբյուրը: Եվ հենց Իսրայելն է «ղեկավարում» նույն Ամերիկային ու Թուրքիային, երբ խոսքը վերաբերում է Սիրիային: Մի հայացք նետենք իրադարձությունների զարգացման ընթացքին: «Չգիտես ով» խփում է ռուսական ՌՏՈՒ-ի Cy-25 գրոհային ինքնաթիռը, «չգիտես ով» սպանում է ռուս օդաչու Ֆիլիպովին: Այդ ամենը տեղի է ունենում Իդլիբի նահանգի «խաղաղ գոտու» թուրքական մասում: Հետևում է ամբողջ երկու «հատուցման» պատժիչ գործողություն՝ օդային, ռուսական ՌՏՈՒ-ի մասնակցությամբ, և ցամաքային, երբ հատուկ ծառայությունների ուժերը, ընդ որում` բացահայտորեն խառը կազմով, ոչ միայն սիրիացիներ ու ռուսներ, բառացիորեն «սրի են քաշում» թուրքամետ խմբավորումներին Cy-25-ի խոցման և անկման տեղում: Համենայն դեպս, համացանցը լի է համադրելի կադրերով. ահա թուրքը կամ թուրքմենը սրտանց ուրախանում ու ծիծաղում է` պղծելով զոհված Ֆիլիպովի դիակը: Իսկ ահա նա, պիկապի թափքում, մեռած, անճանաչելիորեն այլանդակված վիճակում:


Դրան հետևում է ամերիկյան ակցիան ընդդեմ Սիրիայի կառավարամետ խմբավորումների, դրանից հետո մի շարք ուկրաինական կայքեր և մի անկապ անձ, ոմն Ստրելկով-Գիրկին (հայտնի է Սլավյանսկի դավաճանությամբ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն) սկսում են քարոզչական աղմուկ բորբոքել այն մասին, թե ԱՄՆ-ի ավիացիան, իբր, ոչնչացրել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) 200 ռուս վարձկանների և այլն, և այլն: Ինչպես արդարացիորեն նկատել են սոցցանցերի նույնիսկ հայ օգտատերերը, զուտ միայն օդաչու Ֆիլիպովի զոհվելու պարագայում թեման չէր իջնում ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ Արևմուտքի լրատվամիջոցների «էջերից», իսկ այստեղ լռություն է: Հասկանալի է, որ խաղարկվում է հերթական փիառ-պատերազմը: Իսկ ես ավելացնեմ. «Եփրատի ափի» այն վայրում, որտեղ ռմբակոծել են ամերիկացիները, ո՛չ շիաներ, ո՛չ սիրիական բանակ վաղուց չկան: Դրա անուղղակի ապացույցներ կան իրանական լրատվամիջոցների հաղորդագրություններում, որոնք հպանցիկ հայտնել են ամերիկյան օդային հարձակման ժամանակ զոհված 20 ռազմական խորհրդական սպաների մասին: Որպես կանոն, Իրանը հաղորդում է միայն իր և շիա կամավորականների կորուստների մասին: Դա չի նշանակում, թե Սիրիայում «չկան և չեն կարող լինել» ռուսական որևէ ՄՌԸ-ի ներկայացուցիչներ կամ նույնիսկ ռուսաստանցի կամավորականներ: Դա չի նշանակում նաև, թե նման մարդիկ Սիրիայում չեն զոհվում, բայց հարցն այն է, որ ամեն ինչ, մի տեսակ, «հարթ» ու «միագիծ» է ստացվում: Ասեմ նաև, որ այնտեղ, որտեղ կան իրանցի ռազմական խորհրդականներ, հազիվ թե լինի 2-3-ից ավելի, թող լինի 10 ռուսաստանցի ռազմական խորհրդական: Եվ հազիվ թե իրանական նման նշանակալի հրամանատարական կազմի պարագայում ռուսաստանցի որևէ մեկը համաձայներ գործել իրանցիների հրամանատարության ներքո:


Իսկ ահա դրանից հետո Իսրայելի երկու կամ նույնիսկ երեք օդային հարված Դամասկոսի արվարձաններին՝ ինչ-որ «Իրանի հրամանատարական կետերին» ու սիրիական բանակի տեղաբաշխման վայրերին: Այս անգամ էլ (արդեն երկրորդ դեպքն է) իսրայելցիների վրա պատասխան կրակ է բացվել: Սիրիացիները պնդում են, որ կրակել են ՀՕՊ միջոցներով և խփել են «մի քանի իսրայելական ինքնաթիռ»: Իսրայելը հարկադրված է եղել ընդունել F-16 տիպի մեկ ինքնաթիռի «անդառնալի կորուստը». ինքնաթիռի այրված բեկորները ցուցադրվում էին ամբողջ համացանցում: Մենք չգիտենք, թե քանի ինքնաթիռ է, ի վերջո, կորցրել Իսրայելը, և ովքեր են, ըստ էության, խփել դրանք՝ սիրիացինե՞րը, թե՞, այնուամենայնիվ, ռուսները, որոնց թե՛ մասնագետներն են շատ, թե՛ ՀՕՊ միջոցներն են ավելի արդիական: Բայց ուշագրավ է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը անվերապահորեն բռնել է Իսրայելի կողմը և ակնարկել, թե Ռուսաստանը «պետք է հեռանա Սիրիայից»: Իսկ ահա Իրանն ու լիբանանյան «Հըզբոլլահը» իրենց մեկնաբանությունն են տվել. «Իսրայելի խփված F-16-ը նշանավորում է տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխություն և նոր ռազմավարական փուլի մեկնարկ»: Փետրվարի 12-ին Իրաքի շիաները, ի դեմս «Ասայիբ Ահլ ալ-Հաքք» ռազմականացված խմբավորման («Արդարների լիգա», մտնում է «Ալ-Հաշդ աշ Շաբիի» կազմի մեջ) գլխավոր հրամանատար Կաիս Հազալիի, նախազգուշացրել էին Իրաքում գտնվող ամերիկյան զորքերին հնարավոր հարվածների մասին, եթե վերջինս «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո չհեռանա երկրից՝ հաղորդել է համաարաբական Al Arabiya հեռուստաալիքը: ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական հաղորդագրությամբ, ըստ էության, Իսրայելին մեղադրել է իրադրության ապակայունացման մեջ և, Իսրայելին ու Սիրիային զսպվածության կոչ անելով, եզրահանգել է. «Հարկավոր է անվերապահորեն հարգել Սիրիայի, տարածաշրջանի մյուս երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը: Միանգամայն անթույլատրելի է սպառնալիքների ստեղծումը ռուս զինծառայողների կյանքի ու անվտանգության համար, որոնք Սիրիայում են գտնվում նրա օրինական կառավարության հրավերով՝ ահաբեկչության դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար»:
Ինչու՞ է ամեն ինչ այսպես ցավագին ընթանում: Որովհետև թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Իսրայելը իրենց հարվածները բացահայտորեն հարմարեցրել էին Իրանում կատարված իսլամական հեղափոխության (փետրվարի 11) 39-րդ տարեդարձին: Սիոնիստները դա չեն էլ թաքցնում. հենց փետրվարի 11-ին Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը նախօրեին Սիրիայի տարածքում կառավարական զորքերի օբյեկտներին հասցված օդային հարվածները անվանեց «հստակ ազդանշան» Իրանին: Սակայն, պարզվում է, հրեաները կարճ հիշողություն ունեն: Իզուր: Օգտակար կլիներ հիշել, որ Իրանը չի մոռանում ոխը: Եվ Իրանի ոխը, պատմական առումով, երբեմն տևում է դարեր: Հետաքրքիր զուգադիպություն. հենց փետրվարի 11-ին քրդերը թուրքական ռազմական ուղղաթիռ խփեցին: Ի վերջո, Իսրայելն ու ԱՄՆ-ը կարող են «պատասխան տալ» նաև Թուրքիայի գծով:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ