USD481.66
EUR566.62
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Սև ու կարմիր մղձավանջ

Սև ու կարմիր մղձավանջ
20.02.2018 | 02:13

Գաղթականների խումբը ցավի կծիկ էր, գլորվում էր ու տնքում, գլորվում էր ու լալիս, փախչում էր՝ հետ նայելով, ծուռվիզ, աչքերը թողած հայրենի տան ավերակներում՝ հարազատների խոշտանգված մարմինների մոտ: Անդրանիկ Զորավարի առաջապահ և հետնապահ զինվորներն անընդհատ շտապեցնում էին, իսկ ուժասպառ ծերերը, կանայք ու երեխաները հազիվ քայլում էին: Օրերով հացի երես չտեսած մայրերը կրծքի վերջին կաթիլները քամելով՝ ծծկերների ցամաքած շուրթերի արանքը հենց նրանց մատիկներն էին դնում՝ ինչ-որ կերպ շեղելով տանջող քաղցից ու ծարավից: Խումբը ցավի կծիկ էր ու ահից գլորվում էր: Ցավը մշուշել էր Հմայակի աչքերը, ականջներում դեռ հնչում էին հոր՝ Սասունի Քոփ գյուղի ռես (տանուտեր) Արեի պատմությունները:


...Արեն դարդ ուներ: Քուրդ աշիրեթապետ, Մշո աշխարհի դահիճ Բշարե Խըլիլը սպանեց իր Մկրտիչ որդուն: Յոթ լեզու գիտեր Մկրտիչը ու նշանած աղջիկ ուներ: Արեն ցավ ուներ, հոր իրավունքով նեղսրտած, պայման դրեց ֆիդայիներին՝ «Խըլիլ պիտի սատկի»:
-Մենք ի՞նչ երեսով նայենք Արեի աչքերին,- շշնջաց Գևորգ Չավուշը Անդրանիկին, ու ֆիդայիներով լուռ հեռացան Արեի տնից:
...Բռնաշենի կիրճում որոտաց Անդրանիկի հրացանը, հետո մյուսներինը: Խըլիլն ընկավ ձիուց: Անդրանիկը դաշույնը դրեց Խըլիլի կոկորդին: Հետո դահճի գլուխը գցեցին պարկի մեջ:
-Տղե՛րք, Խըլիլի գլուխը առաջինը պիտի տանենք Քոփի ռես Արեի մոտ, նա մեծ ցավ ունի, նա սպասում է:
Արեն տեսավ ֆիդայիների մոտենալը, բայց տեղից չշարժվեց, հոգին խռով էր աշխարհից, նաև՝ ֆիդայիներից... Գևորգ Չավուշը պարկը նետեց Արեի դեմ: Արեն անխոս վերցրեց ու անմիջապես նստեց վրան:
-Արե՛, դու ի՞նչ գիտես պարկի մեջ ինչ է, որ դրեցիր տակդ,- հարցրեց Անդրանիկը:
-Ես գիտեմ՝ դրա մեջ էն շան գլուխն է, դուք առանց դրա իմ տուն չէիք գա,- ոտքի կանգնեց Արեն:- Մի քանի ոչխար մորթեք, էն պահած անուշ գինու տիկերը բերեք, ֆիդայիների հետ քեֆ պիտի անեմ:


...Հմայակը սթափվեց, դիմացի քարին նստած աղջիկը մտքի մեջ ու մեկ-մեկ էլ բարձրաձայն սպանված ծնողների հետ էր խոսում: Արևի ցոլքն ընկել էր արցունքի կաթիլի մեջ: Հմայակը դանդաղ մոտեցավ.
-Քույրի՛կ, դու ո՞ր գեղից ես, հարազատ չի՞ մնացել քեզ, դու մենակ կողբաս:
-Ախպերացու՛, ես Սասունի Գըրմավ գյուղի ռես Ստեպոյի աղջիկն եմ, իմ անուն Անահիտ է:
-Ես էլ Սասունի Քոփ գյուղի ռես Արեի տղան եմ, իմ անունը Հմայակ է: Երկուսս էլ նույն ցավի տեր ենք:
Լուռ ու երկար նայեցին իրար աչքերի մեջ Հմայակն ու Անահիտը, բառեր չկային, ու ցավն էր խոսում:

1916-ն էր: Գաղթականների խումբը հասավ Ալեքպոլի (Գյումրի) որբանոց: Զորավարն անմիջապես կարգադրեց ղեկավարներին. «Գաղթականներն ու որբերը ոջիլի մեջ կորած են, բոլորի մազերը խուզեք, լողացրեք, հագուստներ ու սնունդ տվեք»: Հետո մտախոհ դիմեց գաղթականներին. «Մենք այստեղ բաժանվելու ենք: Դու՛ք որոշեք, թե ուր եք գնալու և ապրելու: Մեծ ցավի տեր եք, մենակ շատ դժվար կլինի: Մի մասդ կին եք կորցրել, մի մասն էլ՝ ամուսին: Միասին գաղթի ճամփա եք անցել, ու շատերդ արդեն իրար ճանաչում եք: Խորհուրդ կտամ՝ հենց հիմա էլ ընտրեք կին ու ամուսին և որոշեք ձեր ճակատագիրը: Աստված ձեզ պահապան»: Հուզմունքի թաքուն կաթիլները Զորավարի աչքերից ցած չգլորվեցին, իջան սիրտը, խառնվեցին մյուսներին: Հմայակը ափերի մեջ սեղմեց Անահիտի դողացող ձեռքը. «Անահի՛տ, մենք էս պահից մենակ չենք, մենք ընտանիք ենք»: Անահիտը մեկ տարում առաջին անգամ ժպտաց:


Մի քանի հայրենակիցներով հասան Արագածի բարձրադիր լանջին՝ Ալեքպոլի գավառի Թալինի Դիան գյուղը, որտեղից Մասիսն ու Էրգրի ճամփան աչքի առջև են:
...Երեսունականների սև ուրվականը հասավ նաև աշխարհից կտրված և ձմռան բքերին ամիսներով օտարական չտեսնող Դիան գյուղը: Այդ ուրվականը թևեր ուներ, սայլի կամ ձիու ճամփան իրեն հարկավոր չէր: ՈՒրվականը սողալով եկավ ու չոքեց Հմայակի շեմին: 1932 թվականն էր:
-Հմայա՛կ, դու դաշնակ ես ու էս կարգերի թշնամի,- մի օր սպառնաց գյուղսովետի նախագահի կերպարանքով երեսունականների սև ուրվականը:
Հմայակը գիշերը մոլորված թողեց իր ընտանիքը, ղաչաղ դարձավ: Մյուս ղաչաղների հետ թաքնվում էին սարերում ու ձորերում: Միլիցիայից հատկապես գիշերները անսպասելի հայտնվում էին, ստուգում ամեն ծակուծուկ, նույնիսկ եղանի մետաղե սուր ատամները խրում էին բակում կուտակված թրիքի կույտերի մեջ:


Լուսադեմին միլպետի գլխավորությամբ միլիցիայի աշխատակիցները շրջապատեցին տունը: Հմայակը չհասցրեց անհետանալ:
-Վերջապես բռնվեցի՛ր, ղաչաղ Հմայակ, ես քո...,- գոռաց միլպետը հայհոյանքով: Միլպետի կողքին հայտնված հարևան Լուսվարդը նույն վայրկյանին ձեռքի թավան շրմփացրեց միլպետի գլխին. «Քո՛ արևը մեռնի...»: Խառնվում են իրար, մի քանի վայրկյանում Հմայակը շրջանցում է միլիցիոներներին ու անհետանում: Քիչ հետո գյուղի բարձունքին Հմայակը մաուզերով կրակում է երկու անգամ. «Հեռացեք մեր տնից, ես այլևս գյուղ չեմ գա»:
Մեծ տղային՝ Գեղամին, հեռացնում են հինգերորդ դասարանից որպես ղաչաղի որդու: Հմայակը, իր ընտանիքին չհալածելու խնդրանքով, նամակ է գրում Հայաստանի լուսավորության մինիստրին և գաղտնի ուղարկում տուն: Մայրը Գեղամին ոտքով տանում է Երևան: Գարուն էր, տրեխները խրվում էին ցեխի մեջ: Երբ մինիստրության միջանցքով քայլում էր Գեղամը, տրեխներից կախված չոր ցեխագնդերը շխկշխկում էին: Նախարարը կարդում է ղաչաղ հոր նամակը, նայում է հինգերորդ դասարանցի երեխային, նրա վախեցած ու հարցական աչքերին. «Աստված իմ, ինչո՞վ է մեղավոր այս երեխան: Գուցե ինձ մեղադրեն դաշնակի երեխային պաշտպանելու համար, բայց ես չեմ կարող իմ մեջ սպանել ծնողը»:
-Երեխան ծնողի փոխարեն չպիտի պատասխան տա,- դանդաղ և առարկություն չընդունող տոնով ասաց մինիստրը՝ թաքցնելով իր ներքին երկյուղը: Գեղամին վերականգնում են, բայց ընտանիքի նկատմամբ հալածանքը ուժեղացնում:


Հմայակը անլուսին գիշերներին սարերից երբեմն աննկատ տուն էր իջնում: Նավթի ճրագը հանգցնում էին: Մթի մեջ Անահիտն ու երեխաները մատներով շոշափում էին Հմայակի դեմքը, վախով շշնջում... Այդ օրերին պատերն էլ ականջ ունեին:
-Տե՛ր Աստված, կեղնի՞ մի օր ցերեկով ու գիշերն առանց ճրագ մարելու նայինք Հմայակին,- Անահիտը մթի մեջ շշնջալով դիմեց Աստծուն: Լուսնի կաթնագույնը չերևաց թոնրատան երդիկից, շորով փակել էր, վրան քար դրել, որ լրտեսները հանկարծ բան չնկատեն:
-Անահի՛տ, ես չգիտեմ՝ իմ վերջը ինչ է լինելու, բայց հաստատ մի օր լույս է բացվելու, և իմ յոթ զավակները կմեծանան, իրար թև ու թիկունք կլինեն: Թող ութերորդն էլ ծնվի:
Տաք թոնրի շրթին նախշազարդ կարպետին Անահիտը զավակների անուններն էր շշնջում՝ Գեղամ, Լուսիկ, Սիրանուշ, Արուս, Իշխան, Հայկուշ, Մանյա...
-Հմայա՛կ, որ ութերորդը տղա ծնվի, անունը ի՞նչ դնենք:
-Անահի՛տ, մի հայ գեներալի մասին եմ լսել՝ Հովհաննես Լազարյան, ռուսները նրան Իվան Լազարև են ասել... 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմին ինքն է թուրքերից գրավել Կարս քաղաքը, արի նրա պատվին Լազարև դնենք: Կինը լռությամբ ու վախվորած վայելում էր ամուսնու տաք ներկայությունը:

Դիանի ձորալանջին գիշերահավքը կանչեց:. Հմայակը աննկատ դուրս եկավ թոնրատնից: Մի քանի ամիս անց Չեկան բողոք ստացավ. «Եթե դաշնակ Հմայակը ընտանիքի հետ իրոք կապ չունի, բա ինչպե՞ս է, որ նրա կինը հղի է...»: Անահիտին կանչում են շրջկենտրոն: Երևանից մասնագետ են հրավիրում: Երեք օր Անահիտը մնաց միլիցիայի մեկուսարանում: Բժշկուհին զննում է Անահիտին. «Դու՛ երեքամսական հղի ես»: Մայրական բնազդը գալարվեց, վախի ուրվականը պղտորեց արյունը: Անահիտը հասկացավ, որ բժշկի տեղեկանքով իր ընտանիքը ամենամեղմը Սիբիր է աքսորվելու: Նա արագ վեր կացավ, հիսուն կարկատան ունեցող տելեգրեյկան հանեց, ձախ թևի տակի կարկատանը քաշեց, ափի մեջ լցվեց ութ ոսկի: Անահիտը ոսկիները խրեց բժշկուհու ափի մեջ. «Ես յոթ զավակ ունեմ, խնդրում եմ էրեխեքիս վիզը ծուռ չթողնես»: Բժշկուհին մայր էր ու հասկացավ, որ թաքցնելու դեպքում հնարավոր է ինքն էլ Սիբիր գնա, բայց դողացող մատներով տեղեկանք գրեց. «Անահիտը հղի չէ»: Ծոցվորած Անահիտը ոտքով ճանապարհվեց Դիան:
-Իմ անու՜շ բալա, դեռ չծնված՝ երեք օր բանտ նստար,- մայրը ճանապարհին խոսում էր դեռ չծնված զավակի հետ:


1935-ին միլիցիան հայտարարում է, որ ընտանիքներին չեն անհանգստացնի, եթե ղաչաղները կամավոր հանձնվեն: Հմայակը որոշել էր ֆիդայի Մորուք Կարոյի և մյուս ղաչաղների հետ գաղտնի անցնել Պարսկաստան: Գիշերը խմբով մտնում են Արաքս գետը: Ջրի պղտոր ալիքները արդեն ծածկում էին կուրծքը, հանկարծ Հմայակը կանգնեց. «Մորու՛ք, ես իմ ութ էրեխեքին որբ չեմ թողնի, դուք առանց ինձ գնացեք»: Գալիս հանձնվում է՝ թեև հոգու խորքում այդ խոստումին այնքան էլ չէր հավատում: Երկու տարի անց՝ հոկտեմբերի 13-ին, կանչում են շրջկենտրոն՝ հարցաքննելու պատրվակով: Հինգ օր անց Տրոյկան գնդակահարություն է որոշում: Անմիջապես տանում են: Իսկ զրպարտիչները «ժողովրդի թշնամու» ընտանիքին շարունակում են հալածել անգամ պատերազմի տարիներին: Գրել էին, որ Գեղամը ավելի շատ է սերմացու ստացել, քան իր հողն է: Նա յուրացրել է կոլխոզի սերմացուն: Մասնագետ են բերում, հողը չափում՝ իրոք սերմացուն շատ է ստացվում: Դիանցի Մկրոյի աչքը հողաչափի գործիքին էր:


-Կթողի՞ք ես էլ չափիմ,- մռայլադեմ ստուգողին մոտեցավ Մկրոն: Սկսեց չափել, բայց աչքերին չէր հավատում՝ նույնը ստացվեց: Մկրոյի բիբերը զարմանքից լայնացան՝ «Վա՜յ ձեր տունը քանդվի, չա՛փն էլ եք կեղծել, փոքրացվել է»: Ստուգողները սուսուփուս, բայց թաքուն վրեժխնդրությամբ հեռացան:
Լուրեր էին տարածում, թե Հմայակը իբր ողջ է ու 1946-ին գիշերով հայտնվել է, բայց Անահիտը նրան չի ընդունել՝ չվտանգելու ընտանիքը: 1954-ին դատախազությունից ծանուցում եկավ. «Հմայակ Արեի Հարությունյանը արդարացվել է»: Իսկ տարիներ անց պարզվեց մեղադրանքը՝ Հմայակը իբր եղել է Դիլիջանում 1920-ի Մայիսյան ապստամբության ճնշողներից մեկը:
...Շամշադինից մի բուժքույր՝ Արփիկ Եսայանը, գործուղվել էր Դիանում աշխատելու: Կոմունիստ էր: Գեղամը ամուսնանում է Արփիկի հետ: Նրան տեղեկացնում են, որ այն ընտանիքին, որում կոմունիստ կա, չեն աքսորում: Բայց էլի բանսարկուները չեն հանգստանում: Հոր արդարացումից հետո Գեղամը դիմում է կուսակցության շարքերն ընդունվելու. առանց դրա ոչ մի կերպ չէր կարող աշխատանք ու անդորր գտնել:
1963-ին կուսշրջկոմը որոշում է Դիան գյուղը վերաբնակեցնել Արարատյան դաշտ: Գեղամին կանչում են շրջկոմ:


-Գեղա՛մ, գյուղը պետք է վերաբնակեցնել, բայց ժողովուրդը չի կամենում: Եթե դու համաձայնվես, բոլորը կհետևեն քեզ,- պահանջում է կուսշրջկոմի առաջին քարտուղարը:
-Ա՛յ ընկեր քարտուղար, ես հոր գերեզման չունեմ, բա մորս գերեզմանը ու՞մ թողեմ,- մերժում է Գեղամը:
Վեճը թեժանում է: Գեղամը կուսակցական տոմսը խփում է սեղանին՝ «Սրանո՞վ ես ինձ վախեցնում, ես մորս գերեզմանը անտեր չեմ թողնի»:
Իշխանությունները բանսարկության և զրպարտանքի նոր առիթներ էին փնտրում: Գործ են սարքում, որ իբր Գեղամը հայհոյել է եզդի Գյուլիզարին: Իրավապահները գալիս են գյուղ վճիռ կայացնելու: Գյուլիզարը ազդվում է իր գրած սուտ բողոքից և գոռալով շրջվում է իրավապահներին. «Ես ղոչաղ կնիկ եմ, եթե Գեղամը ինձ էդպիսի խոսքեր ասեր, ես իր գլուխը կջարդեի: Ոնց որ իր հոր գլուխը կերան, հիմի էլ ուզում են տղայի գլուխն ուտել: Շառ են անում: Դրանցից մեկն էլ իմ մարդն է, է՜, էնտեղ, պատի տակ նստած, նայում է: Էն շայկեն կտեսնե՞ք, նրանք ինձ ստիպեցին գրել»: Հարցը փակվում է, իրավապահները հեռանում են՝ նոր առիթներ գտնելու հույսով:


...1963-ի մարտյան մայրամուտին ձյան խոշոր փաթիլները Անահիտի աչքին իր ապրած օրերն էին բերում: Դա ձյուն չէր, ցավի փաթիլներ էին իջնում, ծանրանում հողին: Անահիտի մահճակալը բոլորել էին զավակները, թոռները, հարազատները:
-1916 թվին գաղթի ճամփին Անդրանիկ Զորավարը մեզ հրաժեշտ տվեց. «Մեծ ցավի տեր եք, մենակ շատ դժվար կլինի...»: Հա՛, Փաշա՛ ջան, մենակ դժվար է, ժամանակն է՝ էրթամ Հմայակի մոտ,- աչքերը փակ՝ Անդրանիկի ու Հմայակի հետ էր խոսում մայրամուտի հետ մարող Անահիտը:
Ձյան խոշոր փաթիլների միջով Անահիտը դանդաղ բարձրանում էր գարնան հողմահալած ամպերից վեր, շա՜տ վեր, որ գնա միանա մենակ մնացած Հմայակին: Ախր երկնքում էլ մենակ դժվար է...

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Yerevan PerspectivesMarketers CommunityԱռողջ սիրտ