Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խոստովանության կերպը ըստ Աստծո տասը պատվիրանների

Խոստովանության կերպը ըստ Աստծո տասը պատվիրանների
20.02.2018 | 00:16

«Ապաշխարեցեք, քանզի մոտեցել է Աստծո արքայությունը»: Հրապարակելով այս հոգևոր զրույցները, մենք հույս ունենք, որ դրանք կօգնեն որոշ մարդկանց լսելու և կատարելու աստվածային այս կոչը:

Մեզնից յուրաքանչյուրը իր կարողության չափով առօրյա կյանքում ձգտում է պահպանել մաքրությունը իր բնակարանում և հագուստի պարկեշտությունը: Կան նաև մաքրասեր մարդիկ, որոնք յուրահատուկ նախանձախնդրությամբ պահպանում են մաքրություն և կարգապահություն: Այդպիսիք անհանգիստ են դառնում, երբ այդ կարգն ու մաքրությունը ինչ-ինչ պատճառով խախտվում են: Նույնպես և մարդը, որ սովոր է հսկելու իր սրտի մաքրությունը, հոգու պարկեշտությունը, չի կարող ապրել առանց ապաշխարության, այդպիսին սպասում և ծարավում է հերթական խոստովանությանը, ինչպես ցամաքած հողը սպասում է կենդանացնող ջրին: Պատկերացրեք մի պահ մարդուն, որ չի լվացվել իր մարմնական աղտից ամբողջ կյանքի ընթացքում: Այդպես էլ հոգին է տենչում մաքրման: Եվ ի՞նչ կլիներ, եթե չլիներ ապաշխարության խորհուրդը` բժշկարար և մաքրագործող «երկրորդ ավազանը»:


Բոլորը տեսել են հաճախ, թերևս մանկությունից էլ կհիշեն, թե ինչպես ձմեռը երեխաները գլորում են ձնագնդերը: Փոքր, բռնցքաչափ գնդիկը վերցնում և գլորում են բլրից, և այն շատ արագ մեծանում, զորանում և դառնում է մեծ ձնագունդ: Նույնը կատարվում է մեր մեղավոր հոգու հետ: Հետևեք ինքներդ ձեզ և կտեսնեք՝ ինչպիսի կայծակնային արագությամբ է փաթաթվում, մեծանում մեղքերի գնդակծիկը (գունդը) և իր ծանրությամբ ճնշում այնքան ժամանակ, մինչև խոստովանության խորհրդի ընթացքում անկեղծորեն զղջացող մեղավորի գլխին քահանան, որ աստվածային շնորհով իշխանություն ունի արձակելու և կապելու մեղքերը, կարդա արձակման աղոթքը: Որից հետո ապաշխարողը կրկին միանում է սուրբ Եկեղեցուն և հաշտվում Տիրոջ հետ: Քանի որ մենք մեր մեղքերով վաղուց բաժանված էինք Աստծուց, Եկեղեցու շնորհատու ներքին հաղորդակցությունից, կտրեցինք հոգևոր կապը` այն պորտալարը, որով մեր հոգիները սնվում էին Ս. Հոգու շնորհներով: Դրա համար էլ քահանան` կատարելով խոստովանության կարգը, աղոթում է մեզ Եկեղեցուն միացնելու համար, որից բաժանվեցինք մեր մեղսական կյանքով:


Ընդհանրապես, մենք պետք է գանք խոստովանությանը՝ արդեն նախապես խորհելով մեր արարքների մասին, արդեն զղջալով Տիրոջ առջև մեր մեղսալի կյանքը, և յուրաքանչյուրը պիտի բերի անհատական իր զղջումը Ս. Խաչի և Ս. Ավետարանի առաջ:
Մեր ապաշխարությունը սկսելուց առաջ մենք պետք է բոլորին ամեն ինչ ներենք: Ներենք անհապաղ, ներենք իրապես, նույն ժամին, այլ ոչ թե «ես քեզ ներում եմ, բայց տեսնել քեզ չեմ ուզում և խոսել քեզ հետ չեմ կարող»: Անհրաժեշտ է ամեն ինչ ներել այնպես, կարծես ոչ մի խռովություն, վիրավորանք և հակակրանք չի էլ եղել: Միայն այս դեպքում մենք կարող ենք հուսալ Տիրոջից, որ ներում կգտնենք: Օգնի՛ր մեզ, Տեր, այս պահին ներելու բոլորին ամեն ինչ:
Մի անգամ, Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի օրոք նրան մոտեցավ մի օրենսգետ և հարցրեց. «Վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» և լսեց պատասխանը. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով… և քո ընկերոջը այնպես, ինչպես քեզ»:

Այս են գլխավոր պատվիրանները: Դա սերն է Աստծո և ընկերոջ հանդեպ, քանի որ մեր պարտականությունները Աստծո և մերձավորի հանդեպ տարբեր են, դրա համար էլ պատվիրանները բաժանված են տասի և ներկայացված են այնպես, որ առաջին չորսը վերաբերում են Աստծուն, իսկ մնացած վեցը՝ մերձավորին: Իսկ այժմ կտեսնենք, թե ինչպես ենք խախտում Աստծո օրենքը.
Եվ այսպես, առաջին պատվիրանը. «Ես եմ քո տեր Աստվածը, Ինձնից բացի ուրիշ աստվածներ չլինեն քեզ համար»: Ինչպիսի՞ պարտականություններ մենք պիտի ունենանք Աստծո նկատմամբ: Առաջին պարտականություն` մենք պիտի ունենանք Աստծո մասին ճշմարիտ գիտություն, իսկ ունե՞նք արդյոք ճշմարիտ գիտություն Աստծո մասին, ուղղափառ մեր հավատքի վարդապետության, եկեղեցու, որի անդամներն ենք մենք, սուրբ մկրտության մասին: Տե՛ր, ների՛ր մեզ՝ մեղավորներիս: Հաճախ մենք փորձում ենք արդարանալ, թե մեզ ոչ ոք չի սովորեցրել, կամ ոչ մի տեղից չենք կարող գտնել ճիշտ գաղափար Աստծո մասին, մենք չենք կարդում հոգեշահ գրքեր՝ պատճառ բերելով, որ դրանք չկան, իսկ բոլոր գրքերի գիրք Սուրբ Ավետարանը կարդու՞մ ենք, Նոր կտակարանը բոլորս էլ ունենք, իսկ եթե չէ, ապա դա նորից մեր անփութությունն է: Սակայն մենք ոչ միայն տանը չենք կարդում ավետարանը, այլև սուրբ տաճարում չենք լսում: Երկյուղած և աստվածավախ պահվածքը տաճարում անհրաժեշտ է միշտ, իսկ ավետարանի ընթերցման ժամանակ բոլորը խոնարհված գլխով ուշադրությամբ պիտի լսեն:


Ների՛ր մեզ, Տե՛ր, մեր անուշադրությունը, հանդգնությունը, թեթևամտությունը և սառնությունը, որ մենք ցուցաբերում ենք այն ընթերցման նկատմամբ, որը մեզ տալիս է Եկեղեցին աստվածապաշտության ժամերին:
Երկրորդ պարտականությունը, որը հրահանգում է առաջին պատվիրանը, ունենալ ճշմարիտ հավատ առ Աստված, հույսը դնել նրա վրա և սեր տածել Նրա նկատմամբ: Ամենամեծ և սոսկալի մեղքը այս պատվիրանի դեմ ամեն մարդու համար անաստվածությունն է, այսինքն` դա այն վիճակն է, որում գտնվում են հիմա շատ մարդիկ, մեր հայրենակիցները, մեր հարազատները, ընկերները և ծանոթները: Իսկ մենք, որ եկել ենք խոստովանության, արդյո՞ք ունենք հաստատուն, աներկբա հավատ, հավատու՞մ ենք մենք անմահությանը, որ մահից հետո կա հավիտենական կյանք և հատուցում մեր երկրավոր գործերին: Որքան դժվար է խոստովանել, որ կենդանի հավատք, որը կներթափանցեր մեր ողջ գիտակցության մեջ և կղեկավարեր մեր արարքները, չունենք: Տե՛ր, ների՛ր մեզ` Քո գոյությանը, մեր անմահությանն ու գալիք ահավոր դատաստանին կասկածողներիս:

Թարգմանությունը ռուսերենից`
Սիսիանի տարածաշրջանի
Դարբասի հոգևոր հովիվտեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ

Դիտվել է՝ 2192

Մեկնաբանություններ