Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նապոլիի» ու «Յուվենտուսի» «հանցավոր» համաձայնությունը

«Նապոլիի» ու «Յուվենտուսի» «հանցավոր» համաձայնությունը
20.02.2018 | 02:36

Մեկ շաբաթ առաջվա նյութի հանգույն այս մեկն էլ պիտի սկսենք Չեմպիոնների լիգայի այսօր-վաղը կայանալիք հանդիպումների հիշատակումով, որովհետև ներքին առաջնությունները որքան էլ արդիական են, մրցակցային առումով հետաքրքիր, այդուհանդերձ իրենց կշռով զիջում են ակումբային ֆուտբոլային Եվրոպայի գլխավոր խաղարկությանը: Եվ այսպես, տեսնենք, թե այսօրվա «Բավարիա»-«Բեշիկթաշ», «Չելսի»-«Բարսելոն» ու վաղվա «Սևիլիա»-«Մանչեստր Յունայթեդ», «Շախտյոր»-«Ռոմա» դիմակայությունների նախաշեմին ներքին առաջնություններում ինչպես են հանդես եկել այս ու եվրագոտում նրանց ընկերակցող մյուս թիմերը:


ԳԵՐՄԱՆԻԱ
«Վոլֆսբուրգի» հետ արտագնա խաղում «Բավարիան» շատ մոտ էր առնվազն երկու միավոր կորցնելուն, սակայն հավելյալ ժամանակում, 1:1 հաշվի պայմաններում, Ռոբերտ Լևանդովսկին իրացրել է 11-մետրանոցն ու մյունխենցիներին բերել կամային հաղթանակ: Նկատենք, որ սա այդ հանդիպման երկրորդ ու միակ արդյունավետ իրացված 11-մետրանոցն էր:
Նույն 2:1 հաշիվն է արձանագրվել նաև «Համբուրգ»-«Բայեր», «Շալկե»-«Հոֆենհայմ» դիմակայություններում: Առաջինում, մյունխենցիների պես, առավել հաջողակ են եղել հյուրերը, երկրորդում՝ տանտերերը:
Լարված է եղել նաև Մյոնխենգլադբախի ու Դորտմունդի «Բորուսիաների» մրցակցությունը. հաջողությունն ուղեկցել է հյուրերին, որոնք առավելության են հասել նվազագույն հաշվով:
Տուրի արդյունքներով «Բավարիան» 59 միավորով գլխավորում է բունդեսլիգան: Դորտմունդի «Բորուսիան» 40 միավորով երկրորդ տեղում է, երրորդում է Լևերկուզենի «Բայերը»՝ 38: Այն ունի ճիշտ այնքան, որքան «Լայպցիգը», սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել. «Այնտրախտի» հետ նրա հանդիպումը կայացել է երեկ ուշ երեկոյան: Հետաքրքրական է, որ այս հանդիպման հաղթական ելքը կողմերից երկուսին էլ հնարավորություն էր տալիս արմատական վերադասավորություն իրականացնելու մրցաշարային աղյուսակում: Նշենք, որ ֆրանկֆուրտցիներն ունեն 36 միավոր ու նույնպես գտնվում են եվրագոտին կազմած թիմերի շարքում:

ԻՍՊԱՆԻԱ
Առանց երկրպագուների նյարդերը սղոցելու, «Էյբարին» հյուրընկալված «Բարսելոնն» ամեն մի խաղակեսում մեկական գոլ է հեղինակել ու 62 միավորով մրցաշարային աղյուսակի ամենավերին հորիզոնականում է:
Աղյուսակային երկրորդ տեղը պահպանել է Բիլբաոյի «Աթլետիկին» ընդունած ու 2:0 հաշվով հաղթած «Աթլետիկոն», որի միավորներն արդեն 55-ն են:
Հաղթական հանդիպում է ունեցել նաև «Մալագային» նրա իսկ դաշտում պարտության մատնած «Վալենսիան» (2:1), ինչն էլ թիմին հնարավորություն է տվել 46 միավորով պահպանելու մրցաշարային աղյուսակում ունեցած դիրքերը:
45 միավորով ու պակաս անցկացրած մեկ խաղով շարունակում է «Վալենսիայի «պոչին» նստած մնալ «արքայականը», իսկ սա նշանակում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական: Նշենք, որ հյուրընկալվելիս «Ռեալը» հաղթական հանդիպում է անցկացրել «Բետիսի» հետ՝ 5:3: Դաշտից կրկին առանց գոլի չի հեռացել Քրիշտիանու Ռոնալդուն:
Հյուրընկալվելիս «Էսպանյոլի» հետ միավոր է կիսել «Վիլյառեալը» (1:1), ինչը «Լաս Պալմասին» նրա իսկ դաշտում հաղթած «Սևիլիային» հնարավորություն է տվել միավորներով շրջանցելու «Վիլյառեալին» (սա անդալուզցիների երկրորդ անընդմեջ հաղթանակն էր) ու բարձրանալու հինգերորդ հորիզոնական: «Սևիլիան» ունի 39, «Վիլյառեալը»՝ 38 միավոր:

ԻՏԱԼԻԱ
Այն, ինչ սկուդետեում անում են «Նապոլին» ու «Յուվենտուսը», ավելի շուտ «հանցավոր համաձայնություն» է հիշեցնում, միայն թե այդ համաձայնությունը հօգուտ առաջինի է: Այսպես, արդեն որերորդ տուրն է, հաղթում է «Յուվեն», մեկ օր անց հետևում է «Նապոլիի» պատասխանը, և այդպես էլ վերջինիս ունեցած մեկ միավորի առավելությունը օգնում է նրան մնալու մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականում: Այս վերջինում առաջնության ոսկու և արծաթի համար չափ ընկած այս երկուսն անգամ խփած գոլերի քանակով էին հավասար: «Յուվենտուսը» հաղթական միակ գոլով արտագնայում պարտադրել է հանձնվել «Թուրինին», նեապոլցիները նույնն են արել սեփական հարկի տակ. նրանց մրցակիցն է եղել առաջնության նորեկը՝ ՍՊԱԼ-ը: «Նապոլին» ունի 66, «Յուվենտուսը»՝ 65 միավոր:
2:0 հաշիվն է գրանցվել «Ջենովա»-«Ինտեր» և «ՈՒդինեզե»-Ռոմա» դիմակայություններում: Առաջինում հաջողությունն ուղեկցել է տանտերերին, երկրորդում՝ հյուրերին, ի հաշիվ ինչի էլ իտալական «գայլերը» 50 միավորով իրենցով են արել աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ այնտեղից դուրս մղելով 48 միավորով մնացած «Ինտերին»: Սակայն վերջիններիս նահանջը կարող էր և ավելի շոշափելի լինել, եթե «Վերոնայի» հետ երեկ սեփական հարկի տակ մրցած, ակտիվում 46 միավոր ունեցող «Լացիոն» դառնար դիմակայության հաղթող կողմը:
Ինչ վերաբերում է եվրագոտում գտնվող «Սամպդորիային», այն նվազագույն հաշվով զիջել է «Միլանին»՝ վերջինիս հնարավորություն տալով միավորներով՝ 41, հավասարվելու իրեն:

ՖՐԱՆՍԻԱ
Ընթացիկ մրցաշրջանում, հաշված նաև գավաթային հանդիպումը, «Պարի Սեն Ժերմենը» երրորդ անգամ էր մրցում «Ստրասբուրգի» հետ: Նախորդ երկուսում վերջինս թեև չի հաղթել մայրաքաղաքցիներին, բայց այնպես էլ չէ, թե դաշտում իր ներկայությունը զգալ չի տվել՝ դրանցից յուրաքանչյուրում երկուական անգամ սիրտը հովացնելով մրցակցի դարպասը գրավելու տեսքով: «Ստրասբուրգն» այս անգամ էլ ավանդույթներին մնաց հավատարիմ, թեպետ ցավալիորեն շատ գոլ է բաց թողել՝ 5:
Գոլառատ հանդիպում է արձանագրվել նաև «Մոնակո»-«Դիժոն» դիմակայությունում, սակայն այստեղ տոն տվողները եղել են մոնեգասկները, որոնք չորս անպատասխան գոլով են ճանապարհ դրել հյուրերին:
Առաջին խաղակեսում «Լիլին» հաղթելով 2:0 հաշվով՝ վերջնահաշվում «Լիոնը» չի կարողացել կոտրել տանտերերի դիմադրությունն ու բավարարվել է ընդամենը միավոր վաստակելով՝ 2:2:
«Բորդոյի» դարպասը խփած միակ գոլը «Մարսելին» բերել է երեք միավոր՝ դրանց թիվը հասցնելով 55-ի, ինչն արդեն վեցով է շատ «Լիոնի» ունեցածից:
Տուրի արդյունքներով, փաստորեն, ոչ մի փոփոխություն չի գրանցվել առաջին քառյակը կազմածների դասավորությունում. «Պարի Սեն Ժերմենն» ունի 68, «Մոնակոն»՝ 56, «Մարսելը»՝ 55, «Լիոնը»՝ 49 միավոր:

ԱՆԳԼԻԱ
Առաջին խաղակեսում դառնալով չորս անպատասխան գոլի հեղինակ՝ «Չելսին» «Հալ Սիթիի» հետ հանդիպման երկրորդ կեսում բավարարվել է նրանով, որ ոչ ինքն է շարունակել մրցակցի դարպասի խոցումները, ոչ էլ նրան է թույլ տվել այդ բանն անել:
«Շեֆիլդ Յունայթեդի» հետ խաղում «Լեստերը» հանդիպել է լուրջ դիմադրության, սակայն նրա գոլեադորը՝ Ջեյմի Վարդին, խփել է հանդիպման ելքը վճռած միակ գոլը: Հյուրընկալվելիս «Հադերսֆիլդի» նկատմամբ հաղթանակը (2:0) մեկ քառորդի դռները բացել է և «Մանչեստր Յունայթեդի» դիմաց: Մյուս հանդիպումներից «Բրայտոնը» հեշտությամբ է հաղթահարել «Կովենտրի Սիթիի» արգելքը (3:1), սեփական հարկի տակ «Վեստ Բրոմվիչը» որքան էլ փորձել է համառել «Սաուտհեմպտոնի» հետ մրցակցությունում, այդուհանդերձ, հարկադրված է եղել «սրբերին» զիջել (1:2), իսկ «Շեֆիլդ ՈՒենսդեյ»-«Սուոնսի» մրցակցությունում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, ինչը նշանակում է, որ ուժեղագույնին որոշելու համար կողմերը մեկ անգամ էլ պիտի իրար հետ հանդիպեն:
Գավաթի խաղերում արդեն երկրորդ անգամ է հանդիպումը վերախաղարկելու տհաճ խնդրի առաջ իրեն դնում «Տոտենհեմը», և սա այն դեպքում, երբ առջևում առանձնակի լարված, ծանր հանդիպումներ ունի, և ուժերի տնտեսումը բնավ չէր խանգարի դրանց ավելի հանգստացած, հավաք ներկայանալու համար: Ինչևէ: Մոուրիսիո Պոչետինոյի սաները մեկ քառորդը կարող են տեսնել միայն այն դեպքում, եթե հաղթահարեն անգլիական ֆուտբոլի նկուղային հարկերում գտնվող «Ռոչդեյլի» արգելքը, որը մրցավարի սուլոցից վայրկյաններ առաջ խփեց գոլն ու վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 2:2:
Գավաթային դիմակայությունների շարքից «ՈՒիգան»-«Մանչեստր Սիթի» մրցակցությունը երեկ ուշ երեկոյան էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ