USD482.02
EUR557.50
RUB7.59
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Նեթանյահուի կռիվը Թեհրանի հետ

Նեթանյահուի կռիվը Թեհրանի հետ
21.02.2018 | 12:54

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Մյունխենի անվտանգության համաժողովում բազմանշանակ հայտարարություններ արեց Իրանի վերաբերյալ, որ մի քանի մասի է բաժանվում:
Առաջին` Նեթանյահուն հայտարարեց, որ «Իրանի մտադրությունները Սիրիայում միանգամայն պարզ են` նրանք ուզում են միավորել Թեհրանն ու Տարտուսը և ստեղծել մեկ պետություն» ու ինքը «վաղուց դա գիտի»: Արաբական որոշ լրատվամիջոցներ` հղում անելով ամերիկյան գաղտնի աղբյուրներին, գրել են, որ ապագայում անխուսափելի է Սիրիայի մասնատումը, երբ «ալավիտներն ու նրանց շիական կողմնակիցները կստանան իրենց շրջանը Տարտուսում»: Այդ սցենարի իրականության վերաբերյալ դատողությունները սկսել են զբաղեցնել մեծ քաղաքականության խաղացողների մտքերը: Երկրի մասնատման վտանգի մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ նախկինում հայտարարել է, որ «ԱՄՆ-ը կարող էր Սիրիայի տրոհման քաղաքականություն վարել, որովհետև հրաժարվել է ավելի վաղ Մոսկվային տված խոստումներից, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ԱՄՆ-ի ներկայության միակ նպատակը ԻՊ-ի դեմ հաղթանակն է»: Այդ դեպքում հարց է ծագում` ինչպե՞ս կընկալվի ռուսական ռազմածովային բազան Տարտուսում, եթե ի գիտություն ընդունենք Նեթանյահուի խոսքերը Սիրիայում «Թեհրանն ու Տարտուսը միավորող միասնական պետության մասին»:

Ռուսական բազայի գոյությունը այդօրինակ պետության տարածքում պատկերացնելն առայժմ անհնար է թվում: ԶԼՄ-ներում` հղում անելով սիրիական աղբյուրներին, ենթադրություններ եղան, որ իբր «Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայնել է Իրանին իրավունք տալ ռազմածովային բազա ունենալու Հմեյմիմի օդակայանից ոչ հեռու, որտեղից զինյալների դիրքերի վրա հարվածներ է հասցնում ռուսական ավիացիան»: Իրանը Ռուսաստանի ու Թուրքիայի հետ ալյանսի մեջ է սիրիական ուղղությամբ, Սիրիայում իրավիճակի դիվանագիտաքաղաքական ճանապարհով կարգավորման Աստանայի գործընթացի մասնակից է և ապաէսկալացիոն գոտիների ստեղծման երաշխավոր: Այստեղ կարևոր նյուանս կա: Սիրիայի տարածքում Թեհրանի ու Մոսկվայի ռազմական ներկայությունը լեգիտիմ է Սիրիայի կառավարության հետ կնքած համաձայնությամբ: Տեսականորեն կարելի է ենթադրել, որ Դամասկոսը կարող է Իրանի հետ առանձին համաձայնագիր կնքել` իր տարածքում մշտական հիմունքներով իրանական բազաներ տեղակայելու մասին: Թեպետ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքով` երկիրը «ռազմաբազաներ ու զինծառայողներ չունի Սիրիայում»: Պաշտոնական մակարդակով Սիրիայում միայն ռազմական խորհրդականներ ու հրահանգիչներ կան Իրանից:

Ոչ պաշտոնական տվյալներով` Սիրիայում կռվում են Իրանի զինված ուժերը, նախ և առաջ` Իսլամական հեղափոխության պահնորդները, նաև Իրանի աջակցությունը ունեցող Լիբանանի շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը: Իհարկե, նրանք ինչ-որ տեղ բազավորված են և նրանց ժամանակ առ ժամանակ Իսրայելը հրթիռակոծում է` նրանց ներկայությունն իր համար համարելով էքզիստենցիալ սպառնալիք: Իսրայելի համար Թեհրանի ու Դամասկոսի փոխհարաբերության սկզբունքները ծայրահեղ հստակ են: Ամեն ինչ ակնհայտ չէ մյուս հարցում` ինչպե՞ս են կառուցվում Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունները սիրիական տարածքում, իրանական ռազմական գործողություններում Մոսկվան կատարու՞մ է մոդերատորի դեր: Ֆրանսիական Intelligence online-ը գրում է, որ Իրանը մեծ մասամբ գործում է կամ ինքնուրույն, կամ ինքնիշխան: Հենց այդ գործոնով են ֆրանսիացիները բացատրում, որ երբ իսրայելյան ավիացիան հարվածում է Սիրիայում Իրանի դիրքերին, Մոսկվան «պերճախոս լռում է»: Իհարկե, Նեթանյահուի համար հարցերի լուծման իդեալական տարբերակը կլիներ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետ հաղորդակցությունը: Բայց հաճախ Իսրայելը ավիահարվածներ է հասցնում սիրիական օդային տարածքում` չտեղեկացնելով Մոսկվային: Եվ դա բավականին լուրջ խնդիր է, որ վաղ թե ուշ պետք է լուծեն Սիրիան, Ռուսաստանն ու Իրանը: Ընդ որում` Թեհրանը Սիրիայում խաղը տանում է իր զուգահեռ սցենարով: Ռազմական փորձագետների գնահատականով` ևս մեկ խնդիր է, որ եթե Թեհրանը հանկարծ որոշի դուրս գալ Սիրիայի կոնֆլիկտից, Դամասկոսի համար շատ դժվար կլինի պահել իր վերահսկած տարածքները: Ո՞վ կփոխհատուցի այդ ուժերը: Իրանը հայտարարում է, որ «սիրիական բանակն ի զորու է համարժեք պաշտպանելու իր տարածքը», բայց վստահություն չկա:


Մյունխենի համաժողովում Նեթանյահուի հայտարարության երկրորդ մասից հետևում է, որ «Իսրայելը զսպելու է Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու Իրանի փորձերը»: Այստեղ բարդ ինտրիգ է: ԱՄՆ-ը ամենակոշտ հռետորաբանությունն է օգտագործում Մոսկվայի ու Թեհրանի հասցեին` միևնույն ժամանակ պաշտպանելով Իսրայելի ու Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքը, թեպետ Անկարայի դեպքում ամերիկացիները բարդ խաղ են վարում, օգտագործելով սիրիացի քրդերի խաղաքարտը: Իսրայելը դեմ չէ Սիրիայում ռուսական ռազմական ներկայությանը, բայց թեթևակի քննադատում է Թուրքիային` գլխավոր ուշադրությունը կենտրոնացնելով Իրանի վրա: Ավելին` Իսրայելը չընդհատվող կապի մեջ է Մոսկվայի ու Վաշինգտոնի հետ` ստանձնելով ինքնատիպ կամրջի դեր: Բայց մեծ հաշվով Իսրայելը չգիտի` ինչպե՞ս ու դեպի ո՞ր կողմը ապագայում կզարգանան իրադարձային ալյանսները: Առայժմ միայն ակնհայտ է, որ Նեթանյահուն ձգտում է իրանական խաղաքարտով խաղալ Մոսկվայի հետ, որ Մոսկվայի միջոցով ազդի Իրանի քաղաքականության վրա և Սիրիայում, և տարածաշրջանում` թիկունքում ունենալով Վաշինգտոնի ու Թեհրանի դիմակայությունը:


Մերձավոր Արևելքի հարցերով Deutsche Welle-ի փորձագետ Ժիլ Մուրչիանոն կարծում է, որ Իսրայելը չի բացառում ռազմական դիմակայությունը Սիրիայում Իրանի հետ և սկսում է ակտիվ պրպտող քաղաքականություն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նկատմամբ, որ առավել հստակ պատկերացում ունենա նրանց հետագա ծրագրերի մասին Սիրիայում ու առավել շահավետ ռազմավարական դիրք գրավի: Մուրչիանոյի խոսքով` «Իսրայելի տեսակետից` հարց չէ, որ էսկալացիան հաջորդ մակարդակին կհասնի, հարցը ե՞րբն է»: Նեթանյահուն Մյունխենի անվտանգության համաժողովում ձևով հուզական, բովանդակությամբ լուրջ ելույթ ունեցավ: Տարածաշրջանային փոփոխական ալյանսները նոր ձևեր են ընդունում: Եվ հիմա գլխավորն է գտնել գործիքներ, որ կարող են զսպել Սիրիայում Իսրայելի ու Իրանի լարումը, որ թույլ չտան մի իրավիճակ, երբ Իսրայելը, զգալով ռեալ վտանգ իր անվտանգությանը` քաղաքական հռետորաբանությունից կանցնի ուժային գործողությունների: Եվ ոչ միայն Սիրիայում, այլև այլ շրջաններում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Սիրիայում Իսրայելի ու Իրանի հնարավոր բախումը դառնում է ապագայի հարց: Հիմա Թեհրանն ու Թել Ավիվը պետք է պատասխանեն մեկ հարցի` ինչպե՞ս վերաբերվել Անկարային ու Դամասկոսին, երբ ռեալ է դարձել թուրք-սիրիական պատերազմի հնարավորությունը Աֆրինում: Ինքնին հասկանալի է, որ Թեհրանը կնախընտրի Դամասկոսին աջակցել, չի բացառվում, որ Թել Ավիվն ընտրի Անկարային, թեպետ թուրք-իսրայելական հարաբերությունները իրենց չլուծված խնդիրներն ունեն: Նեթանյահուն կարող է չեզոքություն պահպանել` սպասելով հերթական մարտի ավարտին: Ավելի բարդ է չեզոքություն պահպանել Մոսկվայի համար` մի կողմում հին դաշնակից Ասադն է, ում իշխանության պահպանման համար ռուսները մտան Սիրիա, մյուս կողմում` Էրդողանը, ում Ռուսաստանը Ս-400-ներ է վաճառում: Ռուսներն ամենայն հավանականությամբ` կգերադասեն միջնորդ-հաշտարարի դերը: Բայց ի՞նչ պայմաններով: Էրդողանը չի ուզում Սիրիայից դուրս գալ, Ասադը չի ուզում երկիրը մասնատվի: Նույնքան բարդ է Վաշինգտոնի վիճակը` դաշնակից ու ՆԱՏՕ-ի գործընկեր Անկարան խփում է իր աջակցությունն ունեցող քրդերին, նրանց հետ փորձում է միավորվել ու նրանց պաշտպանել Ասադը, ում հրաժարականն է պահանջում Սպիտակ տունը: Քաղաքական ու տնտեսական շահերի բարդ հանգույցում հնարավոր է դարձել նոր արտաքին խաղացողների անմիջական ներգրավումը: Էրդողանը բացահայտ Սաուդյան Արաբիային է կոչ անում մասնակցել «խաղաղության հաստատմանը»: Իրադարձությունների զարգացումը միանշանակ ունի հիմնական սցենար, բայց իրավիճակը հաճախ է շեղվում սցենարից ու մատուցում անկանխատեսելի քայլեր` արտաքին խաղացողների դաշտում ուժերի վերադասավորման ու տեսակետների վերախմբագրման հետևանքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ