USD483.62
EUR565.59
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Եվրոպան ու ԱՄՆ-ը` ճամփաբաժանին

Եվրոպան ու ԱՄՆ-ը` ճամփաբաժանին
22.02.2018 | 12:07

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, որ չի ցանկանում ամրապնդել ազատական աշխարհակարգը, Եվրոպայի ղեկավարները պետք է ստանձնեն սեփական անվտանգության պատասխանատվությունը: Միայն այդպես նրանք կարող են ապահովել տարածաշրջանի կայունությունը` ԱՄՆ-ի Ասիա շրջադարձի և Նեղոսից Հինդ լարվածության պարագայում` գրում է Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը The Strategist-ում: Մյունխենի անվտանգության անցյալ տարվա համաժողովում զգալի էր եվրոպական անվտանգության պատասխանատուների վախն ու անհանգստությունը: Դրանից 3 տարի առաջ Ռուսաստանը «բռնակցել էր» Ղրիմը և «սկսել ներխուժումն» ՈՒկրաինա: 2016-ին ընտրողների փոքր գերակշռությամբ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու որոշում ընդունեց, իսկ ԱՄՆ-ում ընտրվեց ՆԱՏՕ-ին քննադատաբար վերաբերվող ու բացահայտորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով հիացող նախագահ: Այնուամենայնիվ, մինչև հիմա Արևմուտքին հաջողվել է դիմանալ նախագահ Դոնալդ Թրամփի շրջանում: Չնայած շարունակվող բարդություններին Brexit-ի պատճառով ու խոչընդոտներին, որոնց բախվում է Գերմանիան նոր կառավարության ձևավորման շրջանում, ԵՄ-ն դիմակայեց: Պետությունների մեծ մասի տնտեսությունը դրական դինամիկա ունի, եվրոպական գաղափարին նոր կյանք է տալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:


Թեպետ Թրամփի վարչակարգը չի դադարել բազմանշանակ ազդանշաններ հղելուց, որ պատրաստ է կատարել իր ստանձնած պարտավորությունները, Վաշինգտոնը կատարեց նախկին նախագահ Բարաք Օբամայի` Մերձբալթիկայում ու Լեհաստանում ՆԱՏՕ-ի ռազմական դիրքերն ամրապնդելու խոստումը: ՆԱՏՕ-ի համաժողովից առաջ, որ այս տարվա ամռանն է, Սպիտակ տունը մատնացույց է անում, որ ՆԱՏՕ-ի անդամ մերձբալթյան, սկանդինավյան երկրների տարածքային ամբողջականությունը ապահովելու համար ավելին է արվելու: Տագնապը, որ փորձ կարվի Կրեմլի հետ նոր պայմանագիր կնքելու, ինչպես Յալթայի համաձայնությունը և արևելաեվրոպական երկրները ճակատագրի կամայականությանը կթողնվեն, բացարձակապես չարդարացավ: Հիմա տագնապալին ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ծայրահեղ լարված հարաբերություններն են, որ իրենց սրության մեջ հասնում են իռացիոնալիզմի: Մինչդեռ Ռուսաստանը ձգտում է իր զինված ուժերը դուրս բերել Սիրիայի դժվարլուծելի իրավիճակից, որտեղ մինչև հիմա ճիշտ է օգտագործել իր խաղաքարտերը: Նույնը չի կարելի ասել ՈՒկրաինայի մասին, որտեղ Կրեմլը հասկացավ, որ «ներխուժումը» բարեկամներ գտնելու լավագույն միջոցը չէ: Հարուցելով այրող հակակրանք ՈՒկրաինայում, Ռուսաստանը պատմական մասշտաբի աշխարհաքաղաքական պարտություն կրեց: Վաղ թե ուշ Ռուսաստանը կցանկանա կրճատել ծախսերն ու դուրս կգա Արևելյան ՈՒկրաինայից: Արդեն առաջադրվում է ՈՒկրաինայի արևելք ՄԱԿ-ի սահմանափակ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը: Թեպետ Ռուսաստանը ուկրաինառուսական սահմանի վերահսկողությունը զիջելու պատրաստակամություն չի հայտնել և առաջընթացի չի հասել ԱՄՆ-ի հետ բանակցոթյուններում, Կրեմլում, անկասկած, հասկանում են, որ իրավիճակն անվերջ չի կարող ներկա դրությամբ ձգվել: Դա նշանակու՞մ է, որ անցած տարվա համաժողովի անհանգստությունները անհետացել են: Բնավ ոչ: Վերջին տարիների ռազմավարական ցնցումները խոր ու երկարատև ազդեցություն են ունեցել Եվրոպայի երկրների վրա, որ հայտնվել են իրենց անծանոթ իրավիճակում:10 տարի առաջ ԵՄ ղեկավարները վստահորեն խոսում էին արտասահման կայունություն պրոյեկտելու մասին: Այսօր նրանց գերակայությունը ԵՄ-ի ներսում անկայունության տարածումը կանխելն է: Միևնույն ժամանակ շատերը սկսում են առավել հստակ հասկանալ, որ թեպետ ԱՄՆ-ը առաջվա պես մնում է եվրոպական անվտանգության հիմնական երաշխավորը, այդպես կարող է ոչ միշտ լինել: Նույնիսկ եթե ԵՄ պաշտպանական միություն ստեղծելու առաջարկը ուղեկցվում է ճոխ հռետորաբանությամբ, միության ղեկավարները ճիշտ են, որ պետք է կենտրոնանալ պաշտպանության ու անվտանգության հարցերի վրա ավելի շատ, քան նախկինում: Անկախ` այդ քայլերը ձեռնարկվում են «պաշտպանական-արդյունաբերական քաղաքականության» շրջանակներում կամ այլ կերպ, ԵՄ-ն պետք է զարգացնի կոշտ ուժի ապագա մարտահրավերներին համատեղ պատասխանելու իր ներուժը:


Դրա մեջ իմաստ կա, նույնիսկ եթե Կրեմլը փոշմանի 2014-ի իր գործողությունների համար, որ հանգեցրին Արևմուտքի զինված ուժերի ծավալմանը Ռուսաստանի սահմանների մոտ: Ի վերջո, Մոսկվան առաջվա պես պահում է Ղրիմը, որտեղ երկար ժամանակ ունի առանցքային ռազմաբազաներ: Բացի Ռուսաստանից, ԵՄ-ն շրջապատված է մշտական կոնֆլիկտներով` լարումն աճում է Հինդից Նեղոս և ամբողջ Հյուսիսային Աֆրիկայում, և ցանկացած ցնցում այնտեղ անմիջական հետևանքներ է ունենալու եվրոպական անվտանգության վրա: Միջերկրական ծովում պատ կառուցելն անհնար է: Անհանգստացնում է, որ Թրամփի վարչակարգը համարյա ոչինչ չի խոսում հետպատերազմյան ազատական միջազգային կարգի պահպանման մասին: Փոխարենը Վաշինգտոնը դիտարկում է աշխարհն իբրև ռազմավարական մրցակցություն զրոյական գումարով, որտեղ ԱՄՆ-ը պետք է բացառապես իր շահերը պաշտպանի: Ցավոք, աշխարհում, որտեղ չկան ինքնիշխան պետություններին միմյանց հետ կոնֆլիկտների սրումից զսպելու ընդհանուր ինստիտուտներ, նշանակալից մեծանում է լայնամասշտաբ պատերազմի ռիսկը:


Անկասկած, ԱՄՆ-ը հայտարարում է, որ ավելի շատ հակված է եվրոպական անվտանգությանը, սակայն եթե հաշվի առնենք Չինաստանի աճող ռազմական հզորությունը և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, ԱՄՆ-ն այլ ընտրություն չունի, եթե ոչ դեպի Արևելք շրջվելը: Իրականում, չնայած Թրամփի բոլոր բողոքներին, որ ԱՄՆ-ը վիթխարի ներդրում է անում ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ն արդեն իր ռազմական ծախսերի մեծ մասն ուղղել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան:
Թեպետ 2017-ին հիմնական տագնապները չարդարացան, եվրոպական ընկերակցության ղեկավաներն այլևս չեն կարող չստանձնել սեփական անվտանգության պատասխանատվությունը: Նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը վաղուց արդեն Թրամփը չլինի, եվրոպական ընկերակցության փափուկ ուժը չի բավարարի աշխարհը կոշտ ուժով կոնֆլիկտներից պաշտպանելու համար:

Strategist


Հ.Գ. Եվրամիությունը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ հերթական առևտրական պատերազմին: Եթե Վաշինգտոնի սահմանած պողպատի ու ալյումինի ներմուծման սահմանափակումները վերաբերեն և եվրոպական ձեռնարկություններին, մի քանի օրում Եվրահանձնաժողովը կարող է պատասխան մաքսադրույքներ սահմանել ԱՄՆ-ից արտահանվող կարևոր արտադրանքի վրա` փետրվարի 20-ին գրել է Frankfurter Allgemeine Zeitung-ը: Հղում անելով Եվրահանձնաժողովում իր աղբյուրին` թերթը գրում է, որ տուգանային տուրքերը կարող են սահմանվել ԱՄՆ ապրանքների ամենալայն տեսականու վրա` նարնջի հյութից մինչև մոտոցիկլետ ու վիսկի: Եվրահանձնաժողովի ցուցակում ԱՄՆ գյուղատնտեսական արտադրանքն է` ներառյալ կարտոֆիլն ու պոմիդորը: Եվրոպացիներն ուզում են ուժեղացնել պատասխան միջոցների ազդեցությունը, այդ պատճառով հարվածը ենթադրվում է այն ապրանքներին, որ հատուկ մեծ նշանակություն ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ընտրատեղամասերի համար: Խոսքը մոտոցիկլետների մասին է, որովհետև Harley Davidson գլխամասային գրասենյակը Վիսկոնսին նահանգում է, որտեղից առաջադրվել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Պոլ Ռայանը: Ցանկում է և Bourbon վիսկին, որ արտադրվում է Թենեսի ու Կենտուկի նահանգներում` Թրամփի մեկ այլ կողմնակցի` Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մակքոնելի հայրենիքում:

Տրանսատլանտյան գործընկերների առևտրական կոնֆլիկտները չեն դադարում: Վերջին մեծ վեճերից մեկը վերաբերում էր Airbus եվրոպական ընկերության լրավճարին, հետևաբար նաև ամերիկյան Boeing-ի: Փաստը, որ պողպատի ու ալյումինի հնարավոր մաքսատուրքերին կպատասխանեն տնտեսության բոլորովին այլ ճյուղերի ապրանքների մաքսատուրքերի բարձրացումով, ԱՀԿ-ի նորմերին չի հակասում: Անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ առևտրի նախարար ՈՒիլբուր Ռոսը առաջարկեց լայնամասշտաբ մաքսատուրքեր սահմանել 14 երկրներից ալյումինի ու պողպատի ներմուծման վրա` ապահովելու համար «ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»: Առաջարկվում է 3 տարբերակ` ներմուծման մաքսատուրքը բոլոր երկրների համար մեծացնել 24 %, կամ բարձրացնել մաքսատուրքը նվազագույնը 53 % 12 երկրների համար` ներառյալ ՌԴ-ն, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան, ՀԱՀ-ը, Թուրքիան և Վիետնամը: Երրորդ տարբերակը ենթադրում է «քվոտաներ բոլոր երկրների բոլոր ապրանքների վրա` 2017-ին նրանց արտահանման 63 %-ի չափով»: Առևտրական պատերազմը նաև ազգային անվտանգության մաս չէ՞:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ