Սիրիայում հայտնվում են անհեթեթ ալյանսներ

Սիրիայում հայտնվում են անհեթեթ ալյանսներ
22.02.2018 | 12:18

Պատերազմը Սիրիայում վերածվել է աշխարհաքաղաքական խելահեղ հարվածների փոխանակման: Պարզ է, որ կուլիսներից թելերը ձգում է Պուտինը` գրում է Օզան Դեմիրկանը Handelsblatt-ում: Այն, ինչ Սիրիայում մի քանի ժամում կատարվեց, ցանկացած երևակայությունից դուրս է: Ասադի դահիճները մի գիշերում 100 խաղաղ բնակչի սպանեցին: Հայտնի դարձավ, որ Դամասկոսը համագործակցում է ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների հետ (YPG), որ հակազդի հյուսիսում թուրքերի հարձակմանը: Ավելի անհեթեթ իրավիճակ հնարավո՞ր է: Հազիվ թե:

Յուրաքանչյուրը Սիրիայում ուզում է ասել իր խոսքը, միությունները ավելի ու ավելի արագ են հաջորդում իրար: Մեկ մարդ ամեն ինչ պահում է իր տեսադաշտում` Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը մտադիր է ցանկացած գնով աջակցել Ասադին: Այդպես նա կարող է թուլացնել ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում և աշխարհում, միաժամանակ մեծացնել իր ազդեցությունը Միջերկրականի ծովեզրին: Եվրոպան նրան գործողությունների ազատություն է տալիս: Դա սխալ է: Պուտինը թույլ տվեց Ասադին աջակցել YPG-ին: Նրա հաշվարկն է, որ այդ քայլը ճամփից կշեղի Վաշինգտոնին, որ ոչ մի դեպքում չի ցանկանում շփումներ ունենալ Սիրիայի նախագահի հետ: Լիովին հավանական է, որ ԱՄՆ-ը կարող է իր զորքերը հետ կանչել Հյուսիսային Սիրիայից: Արևմտյան դիտորդների կարծիքով` քաոսը մեծանում է: Կրեմլի կարծիքով` ամեն ինչ ծրագրով է գնում: Պուտինն ու Ասադը քայլ առ քայլ վերադարձնում են իշխանությունը երկրում:
Оզալան ԴԵՄԻՐԿԱՆ, Handelsblatt


Հ.Գ. Իհարկե, Սիրիայում քայլ առ քայլ հայտնվում են անհեթեթ ալյանսներ ու արագ էլ քանդվում են: Բայց բոլորովին այնպես չէ, որ որևէ մեկը տիրապետում է ամբողջ իրավիճակին ու կուլիսներից ձգում է թելերը, թեպետ բոլորն են ցանկանում այդ մեկը լինել` Էրդողանը, Նեթանյահուն, Ռոհանին, Թրամփը, Մակրոնը: Եթե թելերը Պուտինի ձեռքին լինեին, Դեր Զորում «Վագների խմբի» պայմանագրայիններին չէին սպանի և ամբողջ շարք իրադարձություններ չէին լինի, որ հաջորդում են իրար Սիրիայում: Ընտրություններից առաջ Պուտինին պետք է արտաքին քաղաքական նկատելի հաղթանակ` ոչ թե սպանվածներ ու քաոս Սիրիայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao