Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մարտի 1-ի մասին նախագիծը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մարտի 1-ի մասին նախագիծը
22.02.2018 | 12:21

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «2008-ի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։ Փաստաթղթում նշվում է, որ խորհրդարանը խստորեն դատապարտում է 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ՝ «2008-ի Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը ՀՀ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»:


ՀՀ իրավապահ մարմիններից պահանջվում է սեղմ ժամկետներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։ ՀՀ գլխավոր դատախազությանը «Ելքը» կոչ է անում «Մարտի 1, 2»-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։ Բացի այդ` պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին։


2008-ի նախագահական ընտրություններից հետո մարտի 1-2-ին զոհվել են ՀՀ քաղաքացիներ Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Պետրոսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գևորգյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը, Զաքար Հովհաննիսյանը։
«Մինչև հիմա նրանց մահվան հանգամանքները կամ սպանությունները բացահայտված չեն ու նրանց հարազատներին փոխհատուցում չեն տրվել։ ՀՀ իրավապահ մարմիններն անընդհատ խոստումներ են տալիս, որ առաջիկայում կունենանք արդյունքներ, սակայն սպանությունների բացահայտման առումով արդյունքներ այդպես էլ չենք տեսնում»,- հանձնաժողովի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մատնացույց անելով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` նա նույնպես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկվեն սպանությունները բացահայտելու առումով, սակայն իրական քայլեր չեն արվել։


«Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում եղել են քաղբանտարկյալներ և Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կան քաղբանտարկյալներ։ Եվ 2008 թվականը այս առումով առանձնանում էր նրանով, որ քաղբանտարկյալների թիվը անհամեմատ մեծ էր։ Այսօր էլ քաղբանտարկյալներ են Անդրիաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանը, ու սա շարունակում է մնալ խայտառակություն Հայաստանի համար, ցույց է տալիս, որ իրավական, ժողովրդավարական շապիկի տակ թաքնված է իրականում ընդդիմադիրներին հետապնդող և անընդհատ քաղբանտարկյալներ ունեցող համակարգ»,- հայտարարեց Փաշինյանը։

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ