Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Չունենալով գնողունակ քաղաքացի` մենք հարցականի տակ ենք դնում տնտեսության զարգացումը»

«Չունենալով գնողունակ քաղաքացի` մենք հարցականի տակ ենք դնում տնտեսության զարգացումը»
23.02.2018 | 01:05

Այն, որ կառավարությունը և ԱԺ իշխանական մեծամասնությունը մերժեցին իրենց ընդդիմադիր գործընկերների առաջարկը՝ վերանայել հարկերը և իջեցնել վառելիքի ԱԱՀ-ի դրույքաչափը, կանխատեսելի էր: Գնաճի նվազման խնդիրը չլուծեցին նաև ԱԺ-ում կազմակերպված լսումները, ավելին, այդ ընթացքում որոշ ապրանքների գները նորից բարձրացան: Այսինքն, քաղաքական ուժերը հավաքվեցին, խոսեցին, համոզեցին, ընդդիմացան, բայց, ինչպես միշտ, ժողովուրդը չշահեց: ՈՒրեմն ինչի՞ համար էր այս ամենը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ:


-Այո, էական արդյունք չգրանցվեց, և մեր նախաձեռնությունը` վերանայել հարկային քաղաքականությունը, ևս չընդունվեց: Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է նախաձեռնությամբ հանդես գայինք, բոլոր դեպքերում, պառլամենտական քաղաքական ուժը պետք է ունենա իր հստակ տեսակետը և հնարավոր ամեն բան անի՝ սոցիալական լարվածությունը մեղմելու համար: Այն, ինչ առաջարկում է կառավարությունը գնաճի զսպման և հարկային փոփոխությունների առումով, ունի զուտ կոսմետիկ բնույթ և չի կարող էականորեն նպաստել գնաճի կանխմանը: Մեր՝ «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը նախատեսում է թոշակների և աշխատավարձերի բարձրացում, ինչն ինքնանպատակ չէ: Շատ լավ գիտակցելով, որ հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո ապրանքների գները բարձրանալու են, մեր ծրագրով նախատեսել էինք կանխարգելիչ միջոցառումներ՝ աշխատավարձերի, թոշակների բարձրացում: Եթե դա իրականացվեր, ապա այսօրվա գնաճն այդչափ զգալի չէր լինի մեր քաղաքացիների համար: Ստեղծված իրավիճակում խնդրի լուծման երկու տարբերակ եմ տեսնում. կամ պետք է գները չբարձրացնել, կա՛մ գնաճի համեմատ բարձրացնել եկամուտները, որպեսզի ունենանք գնողունակ քաղաքացի և կարողանանք աշխատեցնել տնտեսությունը: Չէ՞ որ տնտեսության ակտիվացումը պայմանավորված է նաև գնողունակությամբ: Այժմ մարդկանց գնողունակությունն իջել է, իսկ ապրանքների գները բարձրացել են:
-Կառավարության հավաստմամբ` իրենք ևս ցանկանում են բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, սակայն այս պահին այդ հնարավորությունը չունեն: Դուք ասում եք, որ հնարավոր է բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը՝ ինչպե՞ս:
-Ասեմ, այն հարկատեսակների շեմը, որ բարձրացրել են, դրանցից բյուջե լրացուցիչ կմուտքագրվի մոտ 100 մլրդ դրամ: Կառավարությունը, քանի դեռ այդ գումարը ամբողջությամբ չի հավաքագրել, չի ցանկանում գնալ թոշակների և աշխատավարձերի բարձրացման: Սակայն, քանի որ գների բարձրացումը նախատեսված մուտքերից առաջ ընկավ, կարծում եմ` այդ հարցը կարելի է որոշակիորեն լուծել արդեն 2018-ի հուլիսից: Այսինքն, նախատեսված 100 մլրդ դրամի մուտքի կեսը՝ 50 մլրդ դրամը, պետք է հունիսի վերջին հավաքագրված լինի, հետևաբար հուլիսի 1-ից կարելի է կենսաթոշակը բարձրացնել, ասենք 2,5 հազար դրամով՝ ծախսելով հավաքագրված 50 մլրդ դրամի 10 %-ը: Դասագրքային ճշմարտություն է` եթե գները բարձրանում են, բնակչությանը պետք է փող տալ, որ այդ ապրանքը գնվի: Սա պարզ տնտեսագիտություն է, մենք սա ենք առաջարկում:
-Ձեր այդ առաջարկը իշխանության հետ ներքին բանակցություններում ընդունվու՞մ է:
-Անկեղծ ասած, նման բանակցություններ չեն եղել: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ իսկապես ժամանակն է` բանակցությունների միջոցով հասնելու այդ հարցի լուծմանը: Չունենալով գնողունակ քաղաքացի` մենք հարցականի տակ ենք դնում տնտեսության զարգացումը:
-Ի դեպ, տնտեսության ակտիվացման տեմպի մասին: Պաշտոնապես նշվել է, որ տնտեսությունը 7,7 %-ով ակտիվացել է: Մի կողմից, իհարկե, նկատվում է ներդրումների ակտիվացում էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում, սակայն, եթե հաշվի առնենք հարկերի բարձրացումը, գնաճը և ԿԲ-ի կողմից դրամի վերաֆինանսավորումը, ապա ակնհայտ է, որ սրանք այն գործոններն են, որոնք ոչ ֆիսկալ առումով, սակայն ուղղակիորեն ազդեցություն են ունենալու տնտեսության աճի վրա՝ պետբյուջե ներգրավելով լրացուցիչ միջոցներ: Հիմա, ըստ Ձեզ, տնտեսության ակտիվացումը պայմանավորված է ուղղակի ներդրումների աշխուժացմա՞մբ, թե՞ այնուհանդերձ, վերը նշված երկրորդ գործոնով:
-Այստեղ պետք է հաշվի առնել նաև երրորդ գործոնը՝ կարողացել են լրացուցիչ հարկեր հավաքագրել տնտեսության մոնոպոլ դաշտից: Այսինքն, եթե 2016-ին ստվերը պայմանականորեն կազմել է 45 %, ապա 2017-ին այն հասել է 32 %-ի: Ստվերից լրացուցիչ մուտքեր են ապահովվել պետբյուջե:
-Դե, եթե կարողացել են ստվերից գումարներ բերել, դա լավ է:
-Ես կողմ եմ դրան, սակայն պետք է նկատենք, որ դա անսպառ աղբյուր չէ: Տնտեսական աճի ապահովման հաջորդ ուղղությունը, կարծում եմ, ապրանքների դիվերսիֆիկացիան է: Տնտեսական աճն ապահովվել է հիմնականում հանքահումքային ռեսուրսների շնորհիվ: Ո՞րն է այստեղ խնդիրը. վերցնենք Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը և պայմանականորեն ընդունենք, որ 2017-ին ընկերության արտահանումը 25 %-ով աճել է: Եթե այս թիվը միջինացվի, ապա կստացվի, որ Հայաստանի տնտեսության աճը ավելացել է 1 %-ով: Արդյո՞ք այդ գումարները ներգրավվելու են մեր տնտեսության մեջ։ Իհարկե ոչ: Որովհետև նման կազմակերպության սեփականատերերը օտարերկրյա քաղաքացիներ են, ինչը նշանակում է, որ այդ շահույթը գնալու է նրանց: Այդ իսկ պատճառով տնտեսական էֆեկտը փոքր է լինելու, քանի որ այդ գումարները, որոնք առաջացրել են տնտեսական աճ, չեն ներդրվելու մեր տնտեսության մեջ: Որպեսզի տնտեսական աճը լինի շարունակական, ապրանքային շուկաների առնվազն 50 %-ը պետք է ազատականացված լինի:
-Վատ չէր լինի, այդպիսով եկամտի վերաբաշխում կլիներ ժողովրդի շրջանում:
-Ինձնից առաջ ընկաք, այո: Կլուծվի մարդկանց աշխատատեղերի հարցը, սոցիալական լարվածությունը կնվազի: Մենք սա հուշում ենք կառավարությանը: Մենք մեկս մյուսի թշնամին չենք, այլ ընդամենը ցանկանում ենք, որ մեր երկրում տնտեսական աշխուժություն տիրի, որպեսզի մարդը կարողանա իր հայրենիքում եկամուտ ստանալ:
-Ամեն դեպքում, ըստ Ձեզ, 2017-ի տնտեսական աճը հարկերի բարձրացման շնորհի՞վ է արձանագրվել:
-Կարծում եմ` դա տնտեսության ակտիվացման շնորհիվ չէ, այլ հարկերի, գների բարձրացման արդյունքում ստացել են տնտեսության ակտիվացման էֆեկտ: Սա, ցավոք, ժամանակավոր է և չի ապահովի կառավարության նախանշած տնտեսական կայունության հիմքը:
-Ապրիլից հետո կառավարման համակարգի փոփոխություններն այդ խնդիրները կլուծե՞ն: Սովորաբար ընտրությունից ընտրություն մարդիկ հույս են կապում նոր նախագահի, իսկ այս դեպքում` վարչապետի հետ: Ըստ Ձեզ, գումարելիների տեղափոխությունից այս դեպքում գումարը կփոխվի՞:
-Զարգացումների հետևյալ պատկերն եմ տեսնում. եթե մինչ այս ներկա և նախկին վարչապետները ներկուլիսային զրույցներում նշում էին, որ իրենք ազատ չեն իրենց գործողություններում, չունեն ինքնուրույնություն, ապա կառավարման համակարգի փոփոխությունն այդ պատճառաբանությունը վերացնում է: Նոր սահմանադրությամբ վարչապետն ունի շատ լայն լիազորություններ, հետևաբար, հենց նա է պատասխանատու տնտեսության զարգացման համար: Կառավարման համակարգի փոփոխությունը հավասարակշռելու է ԱԺ-ի, նախագահի և կառավարության ինստիտուտները, և որևէ մեկն իր պարտականությունները չկատարելու դեպքում չի կարող մեղադրել երրորդ ուժին:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ