«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Միայն ապրիլյան տրանսֆորմացիաներից հետո է ամեն ինչ սկսվելու

Միայն ապրիլյան տրանսֆորմացիաներից հետո է ամեն ինչ սկսվելու
23.02.2018 | 01:25

Եվ այսպես՝ հայաստանյան քաղաքական, վերլուծական, լրատվական դաշտի գերակշիռ հատվածը ՀՀ վարչապետի և չորրորդ նախագահի շուրջ դիլեման լուծված է համարում. վարչապետի պարագայում այդ դիլեման լուծված է համարվում Սերժ Սարգսյանի օգտին, իսկ նախագահի պարագայում, ինչպես հայտնի է, ընդհանրապես այլընտրանք գոյություն չունի։ Այդուհանդերձ, այս օրերին ռուսամետ աշխարհաքաղաքական բևեռի հետ ասոցացվող վերլուծաբաններից ոմանք խորհուրդ են տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա. ռուսական փորձագիտական շրջանակները թեև նշում են, թե ՀՀԿ նախագահի թեկնածուն առանձնապես ռուսներին չի հետաքրքրում, և նրանք ավելի շատ սևեռվում են վարչապետի վրա, այնուամենայնիվ, վերջիններիս սկսել են մտահոգել Սերժ Սարգսյանի կողմից իշխանության վերին օղակներում կատարվող կադրային դասավորությունն ու ուժերի հարաբերակցությունը։ Ըստ նույն աղբյուրների, ընդգծված՝ մոսկովյան չեզոքությունը կարող է խախտվել, քանի որ վերադասավորումների ընդհանուր համատեքստում նկատվում է որոշակի շեղում դեպի աշխարհաքաղաքական մյուս բևեռը՝ դեպի Արևմուտք։ Եվ ենթադրվում է, որ այդ հավասարակշռության խախտումը կարող է պայմանավորված լինել Արմեն Սարգսյանի՝ քաղաքական թատերաբեմ ներմուծմամբ։


Ըստ ռուսաստանյան վերլուծական հանրության որոշ շրջանակների, հատկանշական է, որ Արմեն Սարգսյանի ինտեգրումը ՀՀ իշխանական նոր ձևավորվող բուրգին իրականացվում է ոչ այնքան և ոչ միայն Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, որքան որոշ արտաքին համակարգերի կողմից։ Ըստ այդմ, Արմեն Սարգսյանի թեկնածությունն անգամ ինչ-որ չափով պարտադրված է դրսից։ Այդ առումով որոշակի հիմնավորումներ կան. օրինակ, հատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկը՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնը, ընդունել էր ՀՀ նախագահի դեռևս ոչ պաշտոնական թեկնածու Արմեն Սարգսյանին։ Սա ըստ էության ուղերձ էր, որ Արևմուտքը, հատկապես անգլիական թևը, որն ավանդաբար մեծ ազդեցություն ունի համաշխարհային քաղաքականության վրա, իր աջակցությունն է ցուցաբերում Արմեն Սարգսյանին և արդեն հիմա փորձում է բարձրացնել նրա քաղաքական կշիռը։ Ի դեպ, ուշագրավ է, որ այդ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Արցախի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող խնդիրներ։ Ստացվում է, որ նախագահի թեկնածուն, որն ըստ Սերժ Սարգսյանի հայտնի չափորոշիչների, չպետք է քաղաքականացված լինի, ուղղակիորեն թաթախվում է ամենակարևոր քաղաքական հարցի մեջ՝ բանակցություններ վարելով Մեծ Բրիտանիայի կառավարության բավականին ազդեցիկ գործիչներից մեկի հետ։


Իհարկե, Արմեն Սարգսյանի վերաբերյալ ռուսական գնահատականները նաև ակնհայտորեն քարոզչական տարրեր են պարունակում, սակայն միևնույն ժամանակ գրեթե ուղղակիորեն փոխանցում են արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանյան իսթեբլիշմենթում առկա որոշ տրամադրություններ։ Այս առումով հետաքրքրական է, որ Հայաստանում արևմտյան աշխարհաքաղաքական վեկտորը ներկայացնող քաղհասարակության, հասարակական կարծիք ձևավորող սեգմենտի որոշ ներկայացուցիչներ, կարծես հակազդելով Հյուսիսից եկող տրամադրություններին կամ փորձելով քողարկել Արմեն Սարգսյանի՝ արևմտյան թեկնածու լինելու մասին վարկածը, միահամուռ սկսել են թերահավատություն հայտնել ՀՀԿ նախագահի թեկնածուի արևմտամետության վերաբերյալ՝ առաջին պլան մղելով չորրորդ նախագահի թեկնածուի Եվրասիական տարածքում ակտիվ գործունեությունը, ԱՊՀ երկրների ղեկավարների ու նրանց ընտանիքների (մասնավորապես Նուրսուլթան Նազարբաևի) հետ ունեցած սերտ կապերը և խորհրդային անցյալի որոշ նրբերանգներ։ Այս համատեքստում հիշատակվում են Արմեն Սարգսյանի՝ նախկին հարցազրույցներում արած հայտարարությունները, թե ինքը տիպիկ խորհրդային մարդ է և այլն։ Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ հիմնականում Սորոսի հիմնադրամի աջակցությամբ սնվող աղբյուրների շնորհիվ շրջանառության մեջ դրվեց Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու խնդիրը։ ՈՒ թեև ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուն համառորեն պնդում է, թե բրիտանական քաղաքացիությունից հրաժարվել է դեռևս 2011-ին, սակայն, օրինակ, «Հետք» էլեկտրոնային հետաքննական լրատվամիջոցի կողմից հրապարակվեցին փաստաթղթեր, որոնցից բխում է, որ 2014 թվականին Արմեն Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Փորձագետների կարծիքով՝ չնայած իշխանություններն այս խնդիրը կլուծեն, ինչպես միշտ են լուծել՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից, բայց Արմեն Սարգսյանի՝ որպես ՀՀ նախագահի լեգիտիմության հարցն առկախ կմնա և անհրաժեշտության դեպքում կդառնա շահարկման առարկա ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Եվ ո՞վ գիտի, գուցե այս արտահոսքերի և քարոզչական արշավի մինիմում ծրագիրն էլ հենց սա է։


Այսպիսով, Արմեն Սարգսյանի մուտքը հայաստանյան իշխանական համակարգ բավականին լուրջ մտահոգություններ է առաջացնում, անկախ այն բանից, թե նա ինչ լիազորություններով է օժտված լինելու։ Եթե սկզբնական փուլում մեծ ուշադրություն չէր դարձվում նոր նախագահի ինստիտուտի վրա՝ համարելով, որ նա երկրորդական, երրորդական գործառույթներ ունի, ապա Արմեն Սարգսյանի մեկամսյա շրջագայությունները և որոշ հայտարարություններ նույն մոսկովյան աղբյուրներին հիմք տվեցին համոզվելու, որ, ի դեմս Արմեն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանը բավականին խորամանկ կոմբինացիա է սկսում՝ փորձելով սահմանադրորեն թույլ պաշտոնյայի միջոցով քողարկված կերպով ուժեղացնել Հայաստանի արևմտյան վեկտորը, մանավանդ որ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպմանը ուղղակիորեն հայտարարեց, որ պատրաստվում է զբաղվելու նաև արտաքին քաղաքականությամբ և արտաքին տնտեսական գործունեությամբ։ Փաստորեն, ՀՀ ապագա նախագահը, բացի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, զբաղվելու է նաև գուցե շատ ավելի կարևոր գործառույթներով, որոնք ամրագրված չեն մայր օրենքում։ Դրանք ըստ էության միտված են լինելու ռուսական ծագմամբ կապիտալի ազդեցության գործոնը չեզոքացնելուն կամ գոնե նվազեցնելուն։


Որոշ ռուսական շրջանակների ակնհայտորեն մտահոգում է այն փաստը, որ Արմեն Սարգսյանը ներմուծվում է որպես ներքին հակակշիռ այն ուժերին, որոնք ապրիորի ասոցացվում են Ռուսաստանի հետ. խոսքն առաջին հերթին գործող վարչապետ Կարեն Կարապետյանի մասին է, որին այսօր արդեն շատերը, կանխորոշված համարելով վարչապետի հարցը, ժամանակից շուտ վերագրում են առաջին փոխվարչապետի լիազորությունները։ Կարեն Կարապետյանն ակնհայտորեն սկսել է ավելի քիչ ակնարկել իր վարչապետական նկրտումների մասին, ինչը շատերին հիմք է տալիս կարծելու, որ որոշակի պայմանավորվածություններ կան պաշտոնների հետագա կոնֆիգուրացիայի հարցում։


Սակայն նաև ակնհայտ է, որ վարչապետի թեմայի շուրջ քննարկումներն առաջիկայում դառնալու են «Ելք» դաշինքի քաղաքական օրակարգը։ Դրա վկայությունն է մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում։ Վերջինս ուղղակիորեն մեղադրեց Սերժ Սարգսյանին, որ դրժում է 2014 թ. իր հրապարակային ելույթում տված խոստումը նախագահ և վարչապետ չդառնալու մասին։ Ավելին, այդ ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը, ինչպես ինքն է ասում, «քցել է» Կարեն Կարապետյանին։ Առաջին հայացքից թվում է, թե «Ելք»-ի քաղաքական այս օրակարգը գուցե որևէ արդյունքի չհանգեցնի, սակայն կարող են անընդհատ Սերժ Սարգսյանին հիշեցնել վերջինիս համար բավականին զգայուն և ոչ հաճելի այդ թեման։


Չի բացառվում, որ այս օրակարգով «Ելք» դաշինքը փորձում է տեղավորվել ներիշխանական ինտրիգների արանքում։ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, ակնարկեց, որ չի բացառվում՝ իրենք էլ վարչապետի թեկնածու առաջադրեն, ընդ որում՝ այդ թեկնածուն կարող է լինել հենց Նիկոլ Փաշինյանը։ Այս քայլը «Ելք»-ի համար ապահովում է լրացուցիչ ամբիոն, որտեղ նա ժողովրդի այլընտրանքային թեկնածուի կարգավիճակում կարող է բացահայտ առճակատման գնալ իր ուղղակի մրցակցի՝ ՀՀԿ վարչապետի թեկնածուի հետ։ Մյուս կողմից՝ սա գուցե նոր լրացուցիչ ռեսուրս հանդիսանա ներիշխանական ինտրիգներում գործող ուժ դառնալու համար։
Վերադառնալով ռուսական մտահոգությունների թեմային՝ պետք է արձանագրել, որ ՌԴ-ում շատ լավ հասկանում են, որ ապրիլյան վերջնական վերադասավորումներից հետո ամեն ինչ չի վերջանում, այլ խոշոր առումով նոր փուլի սկիզբ է դրվում։ Ընդ որում՝ այդ նոր փուլը իսկապես դառնալու է նոր ժառանգորդի փնտրտուքի կամ նոր ժառանգորդին աստիճանաբար լիազորություններ հանձնելու փուլը։ Այս պարագայում շատերի համար նոր մեկնարկային պայմաններ են ստեղծվում։ Եվ նույն Կարեն Կարապետյանի համար շատ կարևոր է, որ շահեկան մեկնարկային դիրքեր զբաղեցնի։ Դրա համար նախ և առաջ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծի գործող վարչապետը՝ պայմանավորվելով Սերժ Սարգսյանի կամ դրսի ու ներսի ուժերի հետ, առաջին փոխվարչապետի պաշտոնում ունենալ այն նույն լիազորությունները, ինչ ուներ մինչ այդ։ Ընդ որում՝ դա պետք է հասկանա ու ընդունի ամբողջ վարչական ապարատը։ Պետք է բոլորն ըմբռնեն, որ կառավարման համակարգում ոչինչ չի փոխվում. պարզապես նախագահ-վարչապետ կառավարչական տանդեմը վերածվում է վարչապետ-առաջին փոխվարչապետ տանդեմի։ ՈՒ այստեղ, ինչպես արդեն նշեցինք, շատ կարևոր է լինելու մեկնարկային դիրքը։ Եվ եթե Կարեն Կարապետյանը ապագայում նույնպես իշխանական հավակնություններ է ունենալու, ապա իր գործունեությունը նոր պայմաններում՝ ժառանգորդական մրցապայքարում, պետք է սկսի բոլոր մյուս հավակնորդներից գոնե կես քայլ առաջ՝ հաշվի առնելով անցած 1,5 տարիներին արված աշխատանքը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ