«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մենք կարող ենք դուրս գալ փակուղուց

Մենք կարող ենք դուրս գալ փակուղուց
23.02.2018 | 01:40

Քառորդ դարից ավելի է, որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, մեր անկախ հայրենիքում: ՈՒնենք «մեր սեփական» իշխանությունները, որ արդեն քառորդ դար «ծառայում» են մեզ, մեր պետականությանը: Տասնամյակների ընթացքում իշխանությունները ներկայացնող անձինք փոխվել են՝ ինչ-որ սահմանադրական պարբերությամբ, չնայած վերջին այդպիսի փոփոխության վերաբերյալ հիշողություններն այնքան են աղոտացել, որ կարծես նման բան չի էլ եղել: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, որոնք հիմնավորվում են «սահմանադրական փոփոխություններ» կոչվող պայմանով, նման փոփոխություններ այլևս չեն նախատեսվում: Թե ինչեր են կատարվել մեր երկրում այդ տասնամյակների ընթացքում՝ թվարկելու և մեկնաբանությունների կարիք կա, չնայած բազմաթիվ մարդիկ բազմիցս դա արդեն արել են: Բացի այդ, ՀՀ ներկա կամ նախկին յուրաքանչյուր քաղաքացի մատների վրա կարող է ներկայացնել այն ամենը, ինչի միջով անցել է այս ժողովուրդը: Այո, դրանք ծանր փորձություններ են եղել, մեկը մյուսից կորստաբեր: Եվ դրանց համար միշտ վճարել է քաղաքացին՝ իր չեղած բարեկեցությամբ, փլուզված հույսերով ու կորցրած նպատակներով, ոտնատակ տրված իրավունքներով:


Դրանք քննարկելու և հասկանալու կարիք կա:
Ի՞նչ ունենք այժմ: Աշխարհաքաղաքական տարաբնույթ թակարդների ու ծուղակների մեջ խեղված պետականություն, հաշմված, տարբեր ոլորտներում արդեն մեռած տնտեսություն, շեշտակիորեն նվազող, ծերացող հասարակություն, հանրային, պետական շահի նկատմամբ հոտառությունը, մտածողությունն ու վերաբերմունքը կորցնող ժողովուրդ: Սա իրողություն է: Այսօր մենք այնպիսի հանգրվանում ենք, երբ բազմաթիվ ծանրագույն հարցերի պատասխան պիտի տանք, պիտի պարզենք ինքներս մեզ համար, եթե պատրաստ ենք մեր կյանքի մնացած մասն էլ ապրելու այստեղ, եթե համարձակություն ունենք մեր զավակների ապագան այս երկրում՝ մե՛ր երկրում, տեսնելու:


Մենք պետք է պարզենք՝ արդյո՞ք չենք անցել վերադարձի կետը, և մեր ջանքերն իզուր են: Եթե դեռ չենք անցել, ապա որտե՞ղ ենք: Ի՞նչ պետք է անել: Ի՞նչ նպատակներ կան, դրանց հասնելու ի՞նչ ճանապարհներ: Ո՞վ է անելու դա: Ինչպե՞ս:
Անմիջապես ասեմ՝ ես այս հարցերին մանրամասն, հիմնավորապես փաստարկված պատասխանելու հավակնություն չունեմ: Դրանք ամբողջությամբ հասկանալու և գնահատելու համար բազմաթիվ մարդկանց կարծիքներ է պետք լսել, գնահատել, համադրել: Պետք է արտահայտել սեփական կարծիքը և փաստարկել այն, լսել մյուսների կարծիքը: Բանավիճել: Մի խոսքով՝ ես հավակնում եմ դրանց զննությունը դարձնելու հասարակական լայն քննարկման նյութ:


Մեր վիճակի անկանոնությունն այն է, որ ներկա իշխանությունները, լիովին օգտագործելով երկիրը կառավարելու համար օրենքով իրենց հատկացված ժամանակը, այդ ընթացքում բոլոր հնարավոր միջոցներով ու եղանակներով փակելով դեպի իշխանություն տանող ճանապարհը քաղաքականության մեջ հայտնված այն անհատների ու կուսակցությունների առաջ, որոնք իրենց հետ չեն, երկրի ներկա վիճակի համար իրենց պատասխանատու չհամարելով, մտադիր են երկրի կառավարման ղեկն իրենց ձեռքում պահել հնարավորինս երկար: Ո՛ղջ տեսանելի ապագայում: Եվ նրանց համար ոչ մի նշանակություն չունի, թե իրենց իշխանավարության հաջորդ տարիներն ինչ կարժենան երկրի ու ժողովրդի համար, ոչ մի նշանակություն չունի, թե աշխարհաքաղաքական փակուղի քշված կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար կառավարման նախագահական ձևից խորհրդարանականին անցումը ինչ նոր վտանգներ ու ռիսկեր կարող է հավելել արդեն այդպիսի վտանգներից ու ռիսկերից կքած ժողովրդի ուսերին: Իսկ որ այդպիսի վտանգներ կան, և որ դրանք ավելանալու են, ոչ ոք, հատկապես իշխանությունից, ոչ մի հոդաբաշխ մեկնաբանությամբ չի ժխտել: Իշխանություններն իրենց կառավարման ողջ ընթացքում շարունակաբար ունեզրկել են բնակչությանը, մյուս կողմից՝ իրենց ցանկությունները ներկայացրել են որպես գործողության ծրագիր և ապագայի իրական տեսլական: «Ապահով Հայաստան», «Բարեկեցիկ Հայաստան», «Անվտանգ և զարգացող Հայաստան»: Այսպես կարելի է շարունակել էպիտետները՝ ծաղկեցնելով այնչափ, որչափ արձակված են բարոյական արգելքները: Մինչև «Պայծառ ապագա»: Ընտրությունից ընտրություն փոխվող նշանաբանի տրամաբանությունը հուշում է, որ մենք արդեն պետք է գտնվեինք ապահով, բարեկեցիկ, անվտանգ և զարգացող Հայաստանում՝ մեր երազների՛ Հայաստանում: Գուցե այդպե՞ս է: Այսինքն, կա՛ն մարդիկ, որոնց երազած Հայաստանը սա՛ է: Իսկ մենք մեր չար հոգուց չկամ հայացքով նայում ու չենք տեսնում այն: Իսկ 2040-ի հեռանկա՞րը: Այն բացահայտ ակնարկ է իշխանությունների հավակնությունների մասին: Այդպիսի ժամանակային միջակայք յուրացնելու իշխանությունների ցանկության համար «Հանրապետականը» թույլ զինվոր է, դրա համար առաջ քաշվեց «Ազգ-բանակ»-ը: Եթե մեր պատկերացումները ինչ-որ չափով համընկնում են իշխանությունների մտադրություններին, ապա այս հայեցակարգի իրական նպատակները հաջողելուց հետո հասարակ քաղաքացուց մինչև ամենաբարձր պաշտոնյան, ներառյալ վարչապետը, նախագահը, կդառնան շարքային զինվորներ (կարևոր չէ, թե ինչ ուսադիրներով՝ մեկ գլխավոր հրամանատարով): Հետևապես, առավե՛լ քան կարևոր է մեր երկրի, ազգի ներկա վիճակի համազգային քննարկումը: Որպեսզի հետո մեզնից ոչ ոք իրավունք չունենա ասելու՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»:


Այժմ վերադառնանք քննարկման կարոտ հարցերի մեր ճանապարհային քարտեզին: Որտե՞ղ ենք, եթե դեռ չենք անցել վերադարձի կետը. ոչ միայն քաղաքականության, տնտեսության, այլև, որ ամենակարևորն է, հասարակական գիտակցության մեջ: Թվարկված ու չթվարկված հարցերի քննարկմանը մեր մասնակցության աստիճանը և եզրակացությունների բովանդակությունը կդառնան այն ցուցիչը, թե կարո՞ղ է արդյոք հասարակությունը դուրս գալ անտարբերության թմբիրից, համախմբվել համազգային նպատակների շուրջ:
Քննարկման ենթակա խնդիրների մի մասի վերաբերյալ ես իմ մտքերը ներկայացրել եմ «Իրատեսի» էջերում: Դրանցում շոշափվել են մեր երկրի տնտեսության վիճակը, մենաշնորհները, բանկային համակարգը, հանրային ծառայությունները, հարկային, մաքսային, ներդրումային քաղաքականությունը, կառավարության ղեկավարի փոփոխության հետ կապված սպասելիքների անիմաստությունն ու ընտրական գործընթացում վարչապետի կատարած դերի բացասական նշանակությունը, արտաքին քաղաքականությանը, Արցախին վերաբերող հիմնախնդիրներ:


Կարիք կա մի քանի բառով վերադառնալու վարչապետի փոփոխությանը: Երբ նախընտրական շրջանում երկրի ղեկավարը վարչապետին փոխելու անհրաժեշտություն դրեց, խոստանում էր այդ փոփոխությամբ երկրի կյանքում լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումներ սկսել: Խոստանում էին ամեն ինչ. է՛լ բարեկեցություն, է՛լ աշխատատեղ, է՛լ արտագաղթի կրճատում, է՛լ ներդրումներ, է՛լ առաջընթաց, է՛լ անվտանգություն: Ամեն ինչ՝ մեկ փաթեթի մեջ, մեկ կուսակցության թղթապանակում և մեկ ընտրության արդյունքում: Եթե երկրի ղեկավարը մտադիր էր բարեփոխելու տնտեսությունը, ապա դրա առաջին պայմանը մենաշնորհների վերացումն է, մենաշնորհային դիրք զբաղեցնող օլիգարխների տնտեսական գործունեությունը օրենքի և վարչարարության համար տեսանելի ու հարկելի դարձնելը: Բայց մեր իշխանական համակարգը մինչև կոկորդը թաղված է օլիգարխիկ շահերի որոգայթում և այնտեղից դուրս գալու ոչ միայն հնարավորություն, այլև ցանկություն էլ չունի, քանի որ դրանք արդեն սեփական շահեր են, և որոգայթը հյուսելու մենաշնորհն էլ իր ձեռքում է: Իսկ վարչապետը ոչ մի լիազորություն չունի տնտեսության ողնաշարն ուղղելու: Կարողություններ ունի, թե ոչ՝ նույնպես վիճարկելի է: Հակառակ դեպքում, հենց սկզբից, երբ նրա համար գծել էին իր լիազորությունների շրջանակը, նա պետք է հասկանար, որ այդ լիազորություններով իրական նորոգումներ կատարել հնարավոր չէ: Հետևաբար, համաձայնելով ղեկավարել կառավարությունը և ժողովրդին սին խոստումներ տալով համոզել ձայնը տալ գործող իշխանություններին, նա պարզապես ծառայել է՝ վարչապետական «դրայվը» վայելելու հրապույրին չդիմանալով: Վարչապետի գործունեության պսակը նախընտրական քարոզարշավին նրա մասնակցությամբ իրականացվող և հետընտրական շրջանում երկրի կյանքում բեկումնային փոփոխություններ ապահովող գործարար պլանների բացահայտման շոուներն էին, որտեղ նա իրեն զգում էր պահանջված: Այժմ, երբ արդեն անցել են ընտրություններ կոչվող գետը, ձիերը փոխելու ժամանակն է: Եվ ավելի քան տարօրինակ է, որ դեռևս կան մարդիկ, որոնք հույսեր են կապում վարչապետ պաշտոնյայի ու անձի հետ:
Թե իրականում իրենից ինչ էր ներկայացնում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի ներկայացրած և խոստացած ներդրումային հրավառությունը, առավել քան տեսանելի է դարձնում մեկ դրվագ, որի մասին ուզում եմ հիշեցնել ընթերցողներին: Խոսքը Սպիտակի վերելակաշինական գործարանի արտադրական մասնաշենքերի ճակատագրի մասին է: Ինչպես վարչապետն ինքն էր հայտարարել, նրա հանձնարարությամբ տարածքային կառավարման նախարարը պետք է իրականացներ գույքագրում ողջ երկրի տարածքում՝ պարզելու համար, թե ինչ պոտենցիալ կա, և եղածն ինչ նպատակների կարելի է ծառայեցնել: Չգիտենք՝ տարածքային կառավարման նախարարի կազմած և վարչապետին ներկայացրած Լոռու մարզի գույքագրման ցուցակում Սպիտակի վերելակաշինական գործարանի արտադրական մասնաշենքերը ներառվա՞ծ էին, թե՞ ոչ: Եվ արդյո՞ք դրանց հետագա ճակատագրի հետ կապված մեր վարչապետի ու նրա թիմի մեջ որևէ բիզնես ծրագիր չառաջացավ: Իսկ հիմա, երբ դրանք հողին են հավասարեցված, կառավարությունից որևէ մեկը կարո՞ղ է հաշվարկել, թե այդպիսի մի շինություն կառուցելու համար որքան ներդրում պետք է բերել: Մեր երկրում, որտեղ աղետալիորեն քիչ է կառուցվում (հատկապես արտադրական մասնաշենք, հատկապես մայրաքաղաքից դուրս, հատկապես աղետի գոտում), որևէ շինության ապամոնտաժման, քանդման հնարավորությունը պետք է լինի անհնար, եթե միայն խնդիրը շինության տեխնիկական վիճակին և մարդկանց անվտանգությանը չի առնչվում:


Մյուս զարմանահրաշ փաստը՝ 2040-ի լեգենդը: Եթե հիշում եք, հեռուստադիտողների աչքի առաջ, ՀՀ զարգացման համար այսօրվա ձևաչափով պատասխանատուների կազմով նստած և նրանց դիմելով՝ ՀՀ նախագահը բարձրաձայնում է այն միտքը, որ մեր իշխանությունները այսուհետ այնպիսի քաղաքականություն պետք է իրականացնեն, որ 2040 թ. մեր երկրի բնակչության թիվը դառնա չորս միլիոն: Ճիշտ է, ներկաների հայացքներն ավելի խոսուն էին, քան նրանց խոսքերը, որ կարող էին հնչեցվել. հանգիստ, անմասնակից: Չէ՞ որ նախագահն այնպիսի խելամիտ ժամկետ է ընտրել որպես սահմանագիծ: Նախագահը «վստահեցնում» է, որ մենք ունենք այդ հնարավորությունը, կարծում է, որ մենք կարող ենք լուծել նման խնդիր:

Ի՞նչ է սա: Մի պարզած թաշկինա՛կ, որով ցանկանում են ծածկել հորիզոնը: Բայց հորիզոնը մեր շուրջն է, մենք արդեն թաթախված ենք այդ հորիզոնի իրական հյութերի մեջ: Այդ հորիզոնը ճահիճ է, իսկ ճահիճը երկար չի հանդուրժում իր գիրկն ընկածին, և պատկերացնել, թե ինչ կլինի քսան տարի հետո, եթե այդպես շարունակվի, մարդու համարձակությունը չի հերիքում:
Եթե ուզենանք դրա մասին մի բան հարցնել, ու՞մ հարցնենք: ՈՒմի՞ց կարող ենք մի հոդաբաշխ պատասխան ստանալ՝ «ինչպե՞ս, ե՞րբ, ումո՞վ»: Կարո՞ղ ենք ենթադրել, որ պատասխանատուն վարչապետն է: Իհա՛րկե կարող ենք: Հետևաբար, կարող ենք հարցն ուղղել վարչապետին՝ 2040-ի մեր ռազմավարության վերաբերյալ: Իրականում այդպիսի ռազմավարություն գոյություն չունի, ինչպես բոլոր նախորդ խոստումները բարձրաձայնելու և դրանց չկատարման ժամանակ: Մենք այլ կերպ պատկերացնել չենք կարող, որովհետև մեզ ոչ ոք ոչ մի ժամանակացույց չի ներկայացրել, որտեղ կմեկնաբանվեին այդ նպատակի բովանդակությունը, այն իրականացնելու համար ձեռնարկվելիք տնտեսական, քաղաքական, հասարակական, մշակութային և այլ աշխատանքներն իրենց ծավալներով ու ուղղություններով, դրանց բաղադրիչները, որպես ամբողջի մասեր և դրանցից յուրաքանչյուրին որպես էտապային ձեռքբերման հասնելու ժամկետները: Չկա աշխատանքային խումբ, չկա աշխատանքի բաժանում, չկան պատասխանատուներ: Իսկ կառավարությունն իր 2018-ի բյուջեով այդպիսի գործունեության համար ոչ մի նախադրյալ չի ստեղծում: Այս բյուջեի մեջ հեռանկարներ չկան: Բոլոր պատուհանները փակ են: Փակվում են նաև հետնամուտքի դռները: Բաց է միայն շքամուտքը՝ իշխանության և օլիգարխիայի համար: Չկան անգամ նախընտրական շոուների ժամանակ վարչապետի ներկայացրած հսկայածավալ ներդրումներն իրենց մուլտիպլիկատիվ էֆեկտով հանդերձ: Կառավարությունը հաստատման է ներկայացնում մի բյուջե, որով կրճատում է սոցիալական ծախսերը, կրճատում է գիտությանը, կրթությանը հատկացվող գումարները, ձեռնպահ է մնում կենսաթոշակների ու նվազագույն աշխատավարձի բարձրացումից: Այս և շատ ապրանքների, ծառայությունների խիստ թանկացման ֆոնին նախագահը առաջ է քաշում 2040-ի լեգենդը: Ամենատեսանելին այս ուղերձում ժողովրդի հայացքը այսօրվանից, ներկայից կտրելու, «հանրային գիտակցությունը» հեռանկարի անհասկանալի, անմեկնելի հրապույրով պարուրելու փորձն է:

Այժմ, երբ թանկանում են դիզելային վառելիքը, բենզինը, սեղմված գազը և էլի ինչ-որ ապրանքներ ու ծառայություններ՝ իրենց «մուլտիպլիկատիվ էֆեկտով» հանդերձ, որոնց պատճառը նոր գործողության մեջ մտած հարկային օրենսդրությունն է, նախագահը ցուցադրաբար ընդունում է ֆինանսների նախարարին և… հորդորում բիզնեսի համար հարկային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի: Խորհրդարանական լսումներ կազմակերպելու հանձնարարություն է տալիս խորհրդարանի իշխանահպատակ թևերին, որ «անկողմնակալ» քննարկման արդյունքում պարզեն դրանց պատճառները, հետևանքները: Իրականում ի՞նչ կերպ դա կարելի է հասկանալ: Առաջինը, որ թե՛ ՊԵԿ-ը, թե՛ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, թե՛ հակամենաշնորհային մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը, թե՛ Կենտրոնական բանկը, թե՛ Ազգային ժողով կոչվող ՀՀԿ-ի ակումբը, դրանք բոլորը մեկ թիմի մեջ են, նրանք բոլորը նույն շահերի համար են պայքարում՝ ընդդեմ ժողովրդի: Ենթադրել, որ նախագահը տեղյակ չէ թե՛ դրանց պատճառներին, թե՛ հետևանքներին, անլուրջ է: Մենք արդեն վստահ ենք, որ նա ոչ միայն լավատեղյակ է, այլև ամենը կատարվում է իր անմիջական հանձնարարությամբ: Սա գործելաոճ է՝ մեխին ու պայտին խփելու: Իսկ մեր պաշտոնյաների, պաշտոնական լրատվամիջոցների խոսնակների կեղծ, բացահայտ ապակողմնորոշող տեղեկատվությու՞նը նույն երևույթների մասին: Աճպարարությու՛ն թե՛ գործի, թե՛ լրատվության մեջ: Սա ոչ թե տեղեկության մատուցում է, այլ ճռվողյուն՝ երկինքը կապու՜յտ է, արևը պայծա՛ռ է… Լրագրողական հանրության մեջ որոշակի մղում է նկատվում նախագահի քայլերը ներկայացնելու (լինեն դրանք ներկուսակցական, միջկուսակցական, ներխորհրդարանական, ներկառավարական, թե հասարակության տարբեր խմբերին վերաբերող) որպես հղկված շախմատային խաղարկումներ, դրանց կատարման վարպետությամբ հիանալու մշակույթ է ձևավորվում՝ երկրորդ պլան մղելով դրանց բովանդակությունն ու դերը հասարակության ու երկրի կյանքում: Կարևորը՝ նախագահը միշտ կարողանում է հասնել իր նպատակին, և որ նախագահի ցանկացած ձեռնարկ հաջողվելու է: Հետադարձ միտքը, որ բխում է սրանից, նույնպես հաղորդակցական մի ուղերձ է, որը կոչված է հասարակության մեջ արմատավորելու պարտվողականության այնպիսի մտայնություն, որ ոչ մի ճանապարհ չկա, որը կարող է մեզ հասցնել իշխանափոխության, քանի որ դրանց բոլոր տարբերակները խաղարկված են և արդյունքները՝ հայտնի:
(շարունակելի)

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4154

Մեկնաբանություններ