Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կոյուղին որպես հուսահատության ճիչ

Կոյուղին որպես հուսահատության ճիչ
23.02.2018 | 01:58

Եվ այնուամենայնիվ հնարամիտ ու զավեշտասեր ժողովուրդ ենք հայերս: Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքամայր Երևանի ավագանու հարթակում, անտարակույս ուրույն տեղ կգրավի իշխանության դեմ մղվող պայքարի ձևամիջոցների մեջ կոյուղու դերի բացահայտման ու հաստատման (կիրառման) ասպարեզում: Անվերապահորեն կարելի է հայտարարել, որ համաշխարհային առաջադեմ հասարակության պատմության մեջ աղբատար խողովակի արգասիքն առաջին անգամ իր «բուրմունքով» դարձավ քաղաքական պայքարի հիրավի աննախադեպ ու ինքնատիպ զենք:


Ձեզ չի՞ թվում, որ սա խոր անբավականության արտահայտություն էր առհասարակ երկրի ղեկավարության հանդեպ: Ինչքա՜ն չպիտի սիրեն իրենց առաջնորդներին մարդիկ, որ կոյուղու բովանդակությունը պահածոյացված տեսքով ներկայացնեն առայժմ քաղաքային ղեկավարությանը: Թեև, եթե անկեղծ լինենք, ներկայիս քաղաքապետը հազիվ թե վերնախավի վատագույն ներկայացուցիչն է: Պարզապես այս անգամ որպես իշխանության խորհրդանիշ նա դարձավ քաղաքացիների ծայրահեղ դժգոհության թիրախը:
Հայոց նորագույն պատմության ամենաթերի կողմերից մեկն այն է, որ անկախ հռչակված պետության նորաթուխ ղեկավարները կատարելապես թքած ունեն հասարակական կարծիքի վրա՝ սիրու՞մ է իրենց ժողովուրդը, անտարբե՞ր է, թե՞ զզվում է՝ միևնույն է, գրոշի նշանակություն չունի: Մի նպատակ ունեն նրանք՝ շահել ու վայելել իշխանությունը, պարարտանալ ու ինքնասիրահարվել այն աստիճանի, որ մտահոգության միակ առարկան դարձնեն իշխանության ինքնավերարտադրումը, ընդհուպ այն ցմահ դարձնելու մտադրմամբ: Եվ հուսահատված մարդիկ, չկարողանալով դիմակայել այս իշխանապահական աներեսությանը, հայակործան ագրեսիվությանը, համակվում են պայքարի անգամ էկզոտիկ զինապաշարների հայտնաբերման մոլուցքով: Այս անգամ՝ ի կոյուղի:


Իշխանատյացների այս գործողությունը շատերը համարեցին խուլիգանություն: Ինչ խոսք, քաղաքական օպերացիան (տակտիկական, թե ստրատեգիական՝ հետո կերևա) հեռու էր սանիտարաէսթետիկական բովանդակությունից: Սակայն հուսահատ մարդը երբեմն նույնիսկ ինքնասպանության է դիմում: Լավ, մի՞թե Հայաստանի ղեկավարները չեն հասկանում կամ չեն ուզում ընդունել, որ մարդիկ, մեղմ ասած, հոգնել են նույն անձանց երեսը տեսնելուց, որ նրանց հետ ոչ մի հույս չեն կապում, որ երկրին պետք են նոր դեմքեր բառի բուն և փոխաբերական իմաստներով: Չասենք, թե Հայաստանում նույնքան չսիրված Պուտինին բոլորն են պաշտում ռուսաց աշխարհում: Բայց, այնուամենայնիվ, այս մարդու քաղաքական երկարակեցությունը իր երկրում արդարացվում է պետության ու ժողովրդի հանդեպ մեծ ծառայություններով, որոնցով հաշվետվության կարգով Պուտինն ինքը ներկայանում է քաղաքացիների դատին ավանդական դարձած ուղիղ հեռուստահանդիպումների ժամանակ:


Նշանավոր կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը իր «Բեսոգոն» հեռուստահաղորդաշարի օրերս կայացած հերթական (հետկոյուղիական) թողարկման մեջ խոսեց Արևմուտքում նկարահանված «Ստալինի մահը» ֆիլմի մասին: Ժապավենում գռեհիկ խեղկատակության են վերածված բոլոր հերոսները` Ստալինը, Բերիան, Ժուկովը, Խրուշչովը և ժամանակի մյուս երևելի կառավարիչները (պարզվեց, որ մարշալ Ժուկովը հարյուրավոր գորգեր է գողացել «խեղճ» գերմանացիներից): Սակայն, Միխալկովի կարծիքով, կինոնկարի հեղինակներն ըստ էության խնդիր են դրել ոչ թե սարկազմի ենթարկել պետության ղեկավարներին, այլ այն անորակ ժողովրդին, որը հանդուրժել է այդ ոչնչություններին, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը:


Առայսօր Հայաստանում դժգոհության արտահայտման գլխավոր ձևը եղել ու մնում է զանգվածային արտագաղթը: Եվ, ըստ երևույթին, միօրինակությունից խուսափելու համար պրպտուն հայաստանցիները որպես անարդարությունների դեմ ուղղված անբավականության պոռթկման շարժիչ ուժ առաջարկում են... կոյուղու կարողությունները: Ցավալի նորամուծություն է: Նույնքան ցավալի էր տեսնել, թե քաջարի հայ «տղամարդիկ» ի՜նչ արիությամբ էին տեղը դնում «լաչառացած» հայ կանանց պորտը: ՈՒ՛մ դեմ և ու՛մ օգտին էին նրանք կիրառում իրենց «առնական» ուժը:
Հետաքրքիր է, երկրի ավագանու բարձրագույն հարթակում մտավախություն չկա՞, որ հանկարծ նրա պատերի ներքո այս անգամ էլ կտարածվի Հայաստանը համակած... զիբիլանոցների «բուրմունքը»:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 5621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ