USD483.48
EUR557.16
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Հարություն Խաչատրյան. «Երեք ամիս Կովկասում»

Հարություն Խաչատրյան. «Երեք ամիս Կովկասում»
23.02.2018 | 02:13

(Նախորդ մասը)

Խիստ գովելի է մահմեդական ժողովրդի հանդեպ նրա բարյացակամությունը: Երևանում հիմնվել էր մի մասնավոր խոհանոց, որով ամեն օր ձրի կերակուր էր բաժանվում մահմեդական գաղթականներին: Պրն Խատիսյանը հաջող է պաշտոնավարում: Նա քաջ գիտե հայ տարրի բարյացակամության անհրաժեշտությունը և ջանք չի խնայում դա խրախուսելու համար, բայց բազմաթիվ թուրք պաշտոնյաներ, որոնք ծպտյալ ողողել են ամբողջ Կովկասը, ի չիք են դարձնում այդ ուղղությամբ թափած բոլոր ջանքերը:
Ազգաբնակչության մեծամասնությունը դրսևորում է զոհողականության հիանալի ոգի: Հայ զինվորը հինգ տարի կռվում է, այժմ նա շատ հոգնած է: Նա չունի հագուստ, չունի կոշիկ և չի ստանում նույնիսկ նվազագույն սնունդ: Սակայն նա լուռումունջ շարունակում է կատարել իր սրբազան պարտականությունը: Գիտեմ, նա չունի եվրոպական բանակին հատուկ խիստ կարգապահությունը, բայց մի քիչ հանգիստը, բավարար սնունդը և հագուստը նրան կդարձնեն նախանձելի ուժ:


Տեսա բազմաթիվ հայ կտրիճներ, որոնց դեմքերի վրա դրոշմված էին սովամահության կանաչ-դեղին նշանները, և որոնք քաջ գիտեին, որ վաղը կամ մյուս օրը սովից մեռնելու էին, սակայն չէին հարձակվում ու չէին կողոպտում Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ալյուրի վագոնները, որոնք պիտի գնային ավելի թշվառ կացության մեջ գտնվող իրենց հայրենակիցներին փրկելու: Այո, տեսա նորաբաց գերեզմաններ, որոնց դիակները սովամահ հայերը հանել ու լափել էին, բայց երբեք հայերը միմյանց չէին սպանել տառապանքի ու սովամահության պատճառով: Մարդ զարմանում է` ինչպե՞ս է հնարավոր կարգուկանոն պահպանել այսպիսի սովամահ, մերկ ու ավերակ երկրում: Այս կարգապահությունը ցույց է տալիս հայի հոգեբանությունն ու նրա թաքուն գնահատելի հատկությունները:
Անշուշտ, եղել են և կան մի քանի սպանություններ ու գողություններ, սակայն դրանք ընդհանրական բնույթ չունեն, այլ անհատական չարագործություններ են: Դրանք աննշմարելի են, եթե նկատի ունենանք երկրի կացությունը: Վրաստանն ու Ադրբեջանը թե իրենց աշխարհագրական դիրքի և թե պատերազմի ժամանակ իրենց վարած քաղաքականության շնորհիվ այսօր հագուստի, նպարեղենի և այլնի տեսակետից շատ ավելի նպաստավոր պայմանների մեջ են, քան Հայաստանը: Սակայն նրանց համեմատ Հայաստանում այսօր կատարյալ ապահովություն կա: Վրաստանում նույնիսկ ամերիկացի պաշտոնյաները երկու անգամ կողոպտվեցին, Թիֆլիսում անգլիացի մի պաշտոնյա սպանվեց, իսկ Ադրբեջանում մարդասպանությունն ու ավազակությունը սովորական բաներ են:


Հայ գյուղացին շատ լավ հատկություններ ունի: Նա աշխատասեր, առողջ, հայրենասեր, բազմածին և հավատարիմ է: Ռուսական տիրապետության ժամանակ հողի ամենաանբարեբեր տարածքները հայ գյուղացուն էին հանձնված, և նրա հատվածը ռուս գյուղացու հողի մեկ երեսուներորդն էր կազմում: Բայց հայ գյուղացին ռուս գյուղացուց նյութապես միշտ ավելի նախանձելի վիճակում էր, շնորհիվ իր ջանասիրության ու մտավոր կարողությունների:
Անթիվ տանջանքների ենթարկվելով` հայ գաղթականները զգալի թվով կորուստներ կրեցին: Մնացածը հույսով է ապրում: Անկարելի է չոգևորվել, տեսնելով նրանց տոկունությունն ու հայրենասիրությունը: Այն գաղթականները, որոնք սկսել էին վերադառնալ իրենց բնակավայրեր, արդեն գրեթե մոռացել էին հինգ տարվա իրենց տառապանքներն ու կորուստները և իրենց ներկայիս մերկ ու սոված վիճակը: Անմոռանալի մի հրճվանք կար նրանց սմքած դեմքերին, քանի որ վերադառնում էին իրենց օջախները` դրանք կրկին վառ պահելու համար:


Շատ կարևոր է շուրջ 40000 որբերի խնդիրը: Ամենուրեք տեսնում ես նրանց` աղտոտ, ցնցոտիների մեջ, քաղցած ու ողորմելի: Մարդու սիրտը չի կարող անհաղորդ մնալ նրանց հանդեպ, ու երբ որևէ հայ ըմբռնի, որ ապագա անկախ Հայաստանի ողնաշարը պիտի կազմեն այդ կմախքացած ու լքյալ որբերը, այնժամ չի կարող անտեսել նրանց: Հայկական որբանոցներից շատերն իրենց հանձնված որբերին պատշաճ հոգ տանելու համար հարկ եղած միջոցները չեն կարողացել հայթայթել, հետևաբար ակնկալված խնամք ի վիճակի չեն եղել ապահովել: Ամերիկյան որբանոցների սաները համեմատաբար լավ վիճակի մեջ են: Ամերիկացիներին հանձնված որբին մի քանի շաբաթ անց հնարավոր չէ ճանաչել: Լավ սնունդը, մաքրությունն ու հոգատարությունը իրապես նոր մարդկային էակ են դարձնում այն որբուկին, որ ի բնե աշխատասեր է և ընդունակ: Ամերիկյան կոմիտեն մեծ ծառայություն է մատուցում` հաստատելով արհեստանոցներ և հայ որբերին ու մանկահասակ գաղթականներին արհեստներ սովորեցնելով: Մի ամերիկուհու հետ այցելեցի բազմաթիվ հայկական քաղաքներ: Տիկինը զինվորական թղթակից էր և ականատես էր եղել ահավոր տեսարանների: Քանի-քանի անգամ նա սկսեց լաց լինել, չդիմանալով այդ աներևակայելի սրտաճմլիկ տեսարաններին: Տիկինն անհույս էր հայության ապագայի հանդեպ և գտնվում էր շատ տխուր տպավորության ներքո: Երևանից մեկնելուց առաջ նա առիթ ունեցավ մի քանի ժամ շրջելու ամերիկյան որբանոցներում և արհեստանոցներում: Երբ հեռանում էինք Երևանից, նրա տրամադրությունը փոխվել էր և ասաց. «Հայության համար հույս կա, և նրա հույսը տեսա այսօր, երբ շրջում էի ամերիկյան հաստատություններում: Եթե այդ թափառական ողորմելի արարածները կարող են այդքան կարճ ժամանակում վերածվել սիրուն, խելացի ու եռանդուն փոքրիկների, ուրեմն պետք չէ հուսահատվել»:


Օտարների վրա շատ վատ տպավորություն թողեց հայ հարուստների մեծամասնության անտարբերությունը դեպի գաղթականները, որբերը և այլ պետքերը: Նրանցից ոմանք չարաչար շահագործել են ազգի խեղճ կացությունը: Օտարները միայն երկու հարցում կարող են խորթ աչքով նայել հայ ազգին և պատեհ առիթը բաց չեն թողնում դրանք չափազանցելով տեղեկացնելու իրենց կառավարություններին. այդ երկու խնդիրներն են` հայ հարուստի շահասիրությունն ու ոչ հայրենասիրությունը և հայ կուսակցականների կուսակցամոլությունը:
Հայաստանից դուրս հայության գլխավոր կենտրոններն են Թիֆլիսն ու Բաքուն: Թիֆլիսի ամբողջ բնակչությունը 1914-ին 345000 էր և ուներ հետևյալ կազմը` ռուսներ հարյուրից 23, հայեր` 38, վրացիներ` 20, և մահմեդականներ` 5: Թիֆլիսն այժմ վրացիների մայրաքաղաքն է, բայց այն գրեթե ի սկզբանե հայկական քաղաք է եղել: Տնտեսապես իշխող տարրը այժմ էլ հայն է: Քաղաքի շենքերի և հարստության գրեթե իննսուն առ հարյուրը հայերին է պատկանում: Հայը գերիշխող է նաև մտավորական ասպարեզում: Դժբախտաբար բարեկեցիկ դասի մեծամասնությունը զուրկ է հայրենասիրական ոգուց և ազգայնական արժանապատվությունից: Իրենց տներում հայերեն չեն խոսում, հայերեն չգիտեն և սովորելու էլ ցանկություն չունեն: Իրենց զավակներին շատ լավ կրթության են տվել: ՈՒսյալ երիտասարդներից և օրիորդներից շատերը, ռուսերենից բացի, խոսում են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և նույնիսկ վրացերեն, բայց ոչ` հայերեն: Անտարբեր են և չեն ամաչում մայրենին չգիտնալու համար: Հազիվ էր անգլիական բանակը Կովկաս հասել, երբ Թիֆլիսի հայ օրիորդներն սկսեցին անգլերեն սովորել և կարճ ժամանակ անց շատերը յուրացրին անգլերենը: Հիմա իտալական բանակը կհաջորդի անգլիացիներին, և ես վստահ եմ, որ մեր օրիորդները իտալերեն էլ կսովորեն:

Աններելի հանցանք է այսպիսի անտարբերությունը սեփական լեզվի ու պատմության հանդեպ: Թիֆլիսը պետք չէ շփոթել Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի հայկական գաղութների հետ: Հայերը շենացրել են Թիֆլիսը, և այն այժմ հայերի մի կենտրոն է, նրա բնակչության մեծամասնությունը հայկական է: Հայերն այդտեղ ունեն դպրոցներ, եկեղեցիներ, վանքեր, թատրոններ, տպարաններ և այլն, և այլն: Թիֆլիսի երիտասարդությանը չէի մեղադրի, եթե հայերեն սովորելու և գործածելու առիթներ չունենար, կամ անդրադառնար իր թերությանը ու գեթ մի քիչ ամոթապարտ լիներ: Բայց, ոչ, կարծես թե նրա համար պատիվ է հայերեն խոսել չկարողանալը:


Թիֆլիսում հայրենասեր հայ հարուստներ կան, բայց նրանց թիվը վերին աստիճանի սահմանափակ է: Ամենքն էլ նյութապաշտ են և անձնասեր: Այնքան ստոր ապրելակերպի մեջ գտնվողներ կան, որ մարդ ամաչում է դրանց հայ լինելու համար: Իրենց համար անձնական շահը գերադաս է ընդհանուրի շահից: Օտար հյուպատոսներից մեկը, որ պատերազմի ժամանակ զբաղվել էր նպաստի խնդրով և հայերին օգնել ըստ ամենայնի, հետևյալը պատմեց. «Ղեկավար հայերի հետ մի ժողով կազմակերպեցինք, որպեսզի գաղթականների և որբերի համար հանգանակություն կատարենք: Ծրագրեր մշակեցինք ու որոշումներ կայացրինք: Ներկաները զանազան գումարներ խոստացան, և նրանցից մեկը նշանակվեց որպես հանգանակիչ: Մի քանի օր անց նա բերեց ինչքան որ կարողացել էր հանգանակել և իր բաժինը պահանջեց: Հասկացա ու զարմացա, որ նա մի քանի տոկոս վարձ էր ուզում այն ընդհանուր գումարից, որ բարեսիրտ հայերը որպես ողորմություն տվել էին իրենց թշվառ հայրենակիցների համար: Անշուշտ, ոչ մի կոպեկ չտվեցի ու հանդիմանեցի, և նա առանց նույնիսկ ամաչելու հեռացավ»:


Ամերիկյան նպաստամատույց կոմիտեն շատ բարեսիրտ ու ոչ փորձառու մի կառավարիչ ուներ, և մի քանի իբր կրթյալ ու հայրենասեր հայ հարուստներ իրենց աջակցությունն էին բերել այդ գործին: Անցյալ ամիս ամերիկացի մի մասնավոր քննիչի կողմից հայտարարվեց, որ այդ ազգասեր պարոնները հինգ միլիոն ռուբլի էին յուրացրել, ընդ որում՝ գործարքները օրինական էին, ապօրինի ոչինչ չկար: Որևէ դատարան չէր կարող նրանց դատապարտել: Խղճմտանքի խնդիր է միայն: Իրենց տրված միջոցները փոխանակ գաղթականների ու որբերի, իրենց շահի համար էին գործածել:
Նույն կոմիտեն նյութապես նեղ կացության մեջ էր գտնվում, փոխանցումներն ուշացել էին: Նպաստի գործը դադարեցնելը կնշանակեր բազմաթիվ հայ թշվառների կյանքի հետ խաղալ, ուստի ստիպված մի մեծահարուստ հայի դիմեց, որպեսզի պետք եղած գումարը փոխ տա, մինչև կոմիտեն ստանար փոխանցումները, որոնք մի քանի օր անց տեղ կհասնեին: Պահանջված գումարը այդ միլիոնատեր հայի համար մի աննշան բան էր, բայց չուզեց փոխ տալ առանց տոկոս ստանալու:


Բաքվի (այժմ` Ադրբեջանի մայրաքաղաք) ամբողջ բնակչությունը 1914-ին 249000 էր և ուներ հետևյալ կազմը` ռուսներ` հարյուրից 27, հայեր` 23, մահմեդականներ` 41, և այլ ազգեր` 9: Քաղաքն ամերիկյան եռուզեռ ունի, և առևտրական ու մտավորական հայերն իրենց գործարարությամբ ամերիկացիներին են նմանվում: Կարճ ժամանակամիջոցում հայերը տիրել են քաղաքի հարստության գրեթե կեսին և նավթահանքերում կարևոր դերակատարում ունեն: Հայ ճարտարագետները (մոտավորապես 200 հոգի) հանդիսանում են նավթի գործարանների հարյուրից իննսունի գիտական ուժը: Բաքվեցիները, որոնք բնիկ ղարաբաղցիներ են, ավելի հայրենասեր են, քան Թիֆլիսի հայերը: Բաքվի մտավորականները շատ մեծ դեր պիտի կատարեն Հայաստանի վերաշինության գործում: Նրանք բոլորն էլ (անշուշտ, նրանք, ովքեր նավթահանքերի տեր չեն) մտադիր են տեղափոխվել Հայաստան, այսինքն` Միացյալ Հայաստան, և իրենց գիտելիքներն ու փորձառությունն ի սպաս դնել հայրենիքին: Բաքվի հայ հարուստներն էլ մշակում են շատ լուրջ հայրենասիրական ծրագրեր, որոնցից մի քանիսն արդեն սկսել են գործադրվել: Ամերիկյան նպաստամատույց կոմիտեն ամեն տեսակ աջակցություն գտնում է բաքվահայերի կողմից, և ամերիկացիները, ավելի, քան որևէ տեղ ամբողջ Կովկասում, գոհ են Բաքվի հայերի բարյացակամությունից և աջակցությունից:
Արդարև, Հայաստանի ներկան աննախանձելի է, բայց ապագան փայլուն պիտի լինի, որովհետև հայությունն իր մեջ շատ ատաղձներ ունի: Բոլոր անաչառ եվրոպացիներն ու ամերիկացիները ընդունում են այն իրողությունը, որ Մերձավոր Արևելքում հայերը հանդիսանում են ամենակարևոր տարրը` տնտեսական, արվեստի, մտավոր և այլնի տեսակետից, և ամենազարգացած ու քաղաքակրթված ազգն են: Սակայն սա իրողություն է միայն վրացիների, թաթարների, պարսիկների, քրդերի և թուրքերի համեմատությամբ: Հայերը տակավին չեն կարող համեմատվել ամերիկացիների և անգլիացիների հետ, բայց սրա պատճառներն էլ պետք է փնտրել:


Թաթարների բարեկամ անգլիացի գեներալ Դ. մի քանի ամիս առաջ Կովկասում ասել էր. «Եթե հայերն ազատ ասպարեզ գտնեն, առաջիկա հիսուն տարում կկարողանան իշխել Կ. Պոլսից մինչև Բաքու և Կովկասից մինչև Պարսից ծոց»: Մեկ այլ անգլիացի` գեներալ Բ., իբր կատակ, Թիֆլիսում ինձ ասաց. «Իմ հայ բարեկամ, եթե ձեզ ոչ թե մի ամբողջ, այլ կես առիթ տրվի, և հուսով եմ, դա անպատճառ տեղի կունենա այս պատերազմից հետո, դուք կտիրանաք ամբողջ Եվրոպային և նույնիսկ մեզ` անգլիացիներիս, կքշեք մինչև Իռլանդիայի արևմտյան ափեր»: Այս երկու անգլիացի գեներալների գաղափարները, անտարակույս, խիստ չափազանցված և անհեթեթ են, բայց դրանք ավետիսներ են` միտված Հայաստանի ապագային: Հայ ազգը երբեք չի ունեցել ավելի վտանգավոր ներկա և ավելի հուսալի ապագա, որքան այս պատերազմի ժամանակ: Վտանգը կարող ենք անցած համարել, իսկ ապագան կախված է հայերից:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ