Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քրիստոս Աստված վեր է, քան մարդը, բնականաբար, վեր է որևէ ազգի պատկանելությունից

Քրիստոս Աստված վեր է, քան մարդը, բնականաբար, վեր է որևէ ազգի պատկանելությունից
23.02.2018 | 00:14

«Երբ կույրն է կույրին առաջնորդում, երկուսն էլ փոսն են ընկնում»,- ասաց Հիսուս՝ Աստծո Միածին Որդին։
«Վե՛ր ես, քան Խոսքն է և կամ պատկերը աննկարելի, ավելի՛ վեր, քան որքանությունն է կշռության»
«Ընդարձակությունդ երբե՛ք չի փակվում տարրերի կողմից, անամփոփելի առավելությու՛ն բացարձակության»
Հիսուս Քրիստոսի աստվածության մասին այսպիսի և առավել այլ վկայություններ էլ է գրում աստվածաբան-աստվածատես սուրբ Գրիգոր Նարեկացին


Առաքյալներն իրենց կանոններում Քրիստոսին անվանում են «Արդարության Արեգակ»: Ծննդոց գրքից գիտենք, որ սկզբից բանական Լույսը եղավ: Եվ ողջ ստեղծագործությունը՝ բնություն, կենդանական աշխարհ և մարմնավոր արեգակը, և առաջին Ադամ մարդը ներառյալ՝ Աստված Սուրբ Հոգով և Բանական Լույսի, այսինքն` Քրիստոսի միջոցով ստեղծաբանեց:
«Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մօտ էր, և Բանը Աստուած էր: Նա սկզբից Աստծու մօտ էր: Ամէն ինչ նրանով եղաւ. և առանց նրա չեղաւ ոչինչ, որ եղել է: Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, և խաւարը նրան չճանաչեց»,- Քրիստոսի մասին գրում է Հովհաննես Ավետարանիչը իր Ավետարանի սկզբում:
Այսինքն՝ Քրիստոս Աստված վեր է, քան մարդը, ու երբ վեր է, քան մարդը, բնականաբար, վեր է որևէ ազգի պատկանելությունից, քանի որ ազգերը ևս Նրանով եղան:


Եվ հայտնի է, որ ադամական հանցանքով ողջ մարդկությունը դարձավ խոտելի, մեղքի ու մահվան վարակակիր, արժան ամբողջովին ոչնչացման, և միայն Նոյի արդարության շնորհիվ հույս մնաց՝ նորոգել աղետվածը: Եվ Աստված այդպես էլ արեց. ողջ մարդկությանը ջրհեղեղով մատնեց ոչնչացման, թողնելով միայն Նոյի ընտանիքը, թվով ընդամենը 8 մարդու: Եվ երբ մարդիկ բազմանալով՝ կրկին անօրինացան, այդժամ նրանց լեզուները խառնակելով՝ բաժանեց նրանց, վերածեց ազգությունների:
Այսինքն, երբ ասում ենք՝ Քրիստոս, մենք առնչվում ենք Արարիչ Հոր հետ Տիեզերքները ստեղծող, դրանք կենդանի կյանքով լցնող, ներդաշնակող, իսկ երկրում մարդկության հարահոս շեղությունները կարգավորող, բժշկող, ուղիղ նպատակներ սովորեցնող, իսկ անտանելի հանցանքների չափազանցման ժամանակ, հարկ եղած դեպքում գործողներին իրենց իսկ մեղքերի պատժին հանձնող Արարչի Որդուն:


Եվ միայն Արարչի Որդին էր կարող հանուն մեղքով վարակակիր մարդ արարածի փրկության առաջնորդելու համար մարդ ծնվել՝ արդեն որպես «Նոր Ադամ», քանի որ, ի հակադրություն հին Ադամի, միայն Նա էր ի վիճակի Իր իսկ տված Աստվածային կյանքի օրենքները կատարյալ պահել, այդպես իսկ՝ ողջ ադամական մարդկության ապաշխարությամբ փրկության համար հենարան դառնալով, և հատկապես նրանց, «ովքեր հավատան», այսինքն` վեր ազգություններից:
Սա՝ Քրիստոս Աստծո մասին, որ անկարելի է, թե Նա որևէ ազգության պատկաներ, քանի որ բոլոր ազգերը, և մարդն ընդհանրապես, Նրանով եղան:


Իսկ ինչ գալիս է այն վիճարկությանը, թե որպես մարդ Հիսուս Քրիստոսը ո՞ր ազգությունից ծնվեց, ապա սա նախ Աստծո Որդու առաջնային խնդիրը չէր: Սակայն որպեսզի ապագայում նման անխելամիտ վիճարկությունները լռեցվեն, Մատթեոսի Ավետարանում պարզորեն տրված է Հիսուս Քրիստոսի ազգաբանությունը, մի՛ զլացեք ևս մեկ անգամ կարդալ։
«Գիրք ազգաբանության Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու, Աբրահամի որդու:
Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը՝ Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային և նրա եղբայրներին... Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուսը, որ անվանվեց Քրիստոս:
Արդ, Աբրահամից մինչև Դավիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. և Դավթից մինչև Բաբելոնի մեջ գերությունը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչև Քրիստոսը՝ տասնչորս սերունդ» (Մատթեոս 1:1-17):


Նաև Ղուկասի Ավետարանով ունենք Հիսուսի ծննդաբանությունը, սակայն արդեն սկսած Հովսեփից դեպի հետ՝ մինչև Ադամ, որ Աստծուց ստեղծվեց:
«Եւ ինքը Յիսուս շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունէությունը: Եւ, ինչպէս կարծում էին, որդին էր Յովսէփի, և սա՝ Յակոբի, եւ սա՝ Հեղիի, եւ սա՝ Մատաթէի, եւ... եւ սա՝ Նոյի, եւ սա՝ Ղամէքի, եւ սա՝ Մաթուսաղայի, եւ սա՝ Ենոքի, եւ սա՝ Յարեդի, եւ սա՝ Մաղաղայէլի, եւ սա՝ Կայնանի, եւ սա՝ Ենոսի, եւ սա՝ Սէթի, եւ սա՝ Ադամի, եւ սա՝ Աստծու» (Ղուկաս 3:23-38)։
Ավետարանները Աստծո Սուրբ Հոգով տրված փաստաթղթեր են, և առնվազն մեծ մոլորություն, անխելամտություն և սուտ բարերարություն կլիներ դրանց դեմ դուրս գալը կամ դրանց հակառակ ապացույցներ որոնելը: Այսինքն` «Հիսուսը հայ է» հպարտացնող «միտքը» «ախորժելի» փափուկ բլիթ է միայն թվում, որ մղում է անիմաստ-սնափառ վեճերի ու դատարկ տարաձայնությունների, որ Սողոմոն Իմաստունի խոսքով. «Քամու աշխատանք է», ոչ միայն անպտուղ ու անօգուտ, այլև անիրավ հպարտացում որոնողների ձեռքով` վնասակար:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2524

Մեկնաբանություններ