Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Խոստացել է դժոխք

Խոստացել է դժոխք
23.02.2018 | 02:33

Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի առաջին խաղերը կայացած իրողություն են: Դրանցից երեքում` «Լիվերպուլ»-«Պորտու», «Բեշիկթաշ»-«Բավարիա», «Մանչեստր Սիթի»-«Բազել», պատասխան հանդիպումները վերածված են ձևականության, թոփ ակումբներից կատաղի լարվածության դիմակայություններ են սպասվում «Բարսելոն»-«Չելսի», «Տոտենհեմ»-«Յուվենտուս» մրցակցություններում: «Պարի Սեն Ժերմեն»-«Ռեալ» դիմակայությունը վերջին երկուսից առանձնացրինք հստակ դիտավորությամբ, առանձնահատուկ նշելու համար, թե մրցակցին ինչ է խոստացել փարիզյան ակումբի մարզիչը` ասելով, որ նրանք (ներքին առաջնությունից նկատի է ունեցել նաև «Մարսելին») չեն էլ պատկերացնում, թե իրենց ինչ կարգի դժոխք է սպասում Փարիզում:

ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ «ՆՈՈՒ ԿԱՄՊՈՒՄ»


Իհարկե, հանդիպման ժամանակ արձանագրված 1:1 հաշիվը «Չելսիի» համար ցանկալի տարբերակը չէր, այն էլ սեփական դաշտում, սակայն սա էր օրվա իրողությունը: Իսկ եթե անկեղծ, արձանագրվածը միանգամայն գտնված բան է «թոշակառուների» համար, քանզի խաղի ընդամենը 27 տոկոսում գնդակին տիրապետել ու հասնել ոչ-ոքի արդյունքի «Բարսելոնի» պես թիմի հետ, եթե ոչ գերազանց, առնվազն լավ արդյունք է:
Արդ, պատասխանենք հնարավոր այն հարցին, թե Անտոնիո Կոնտեն իր հաշվարկներում ունե՞ր այն տարբերակը, որ կատալոնյան ակումբը մրցակցին առավելագույնս է զրկելու գնդակին տիրելու հնարավորությունից:
Իհարկե ուներ:


Չէր էլ կարող չունենալ, որովհետև, անկախ քաշային կարգից, «Բարսելոնի» հետ առնչվող յուրաքանչյուր մրցակից է բախվում այդ դաժան իրականությանը: Հետևաբար, իր տղաներին տրամադրվելիք սուղ ժամանակահատվածը հնարավորինս առավելագույն հատույցով օգտագործելն էր դառնալու Կոնտեի թիվ մեկ խնդիրը, ինչն էլ իտալացի մասնագետը հրաշալիորեն արեց, օգտվելով իր թիմի գլխավոր զենքից` ստանդարտ դիրքերի արդյունավետ իրացումից: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ Վիլիանն այդ նույն դիրքից ևս երկու անգամ սպառնաց «Բարսելոնին», ու վերջինիս բախտը բերեց, որ դարպասաձողը երկու անգամ էլ կատալոնյան ակումբի համար դարպասապահի դերում հանդես եկավ:
Պատասխան խաղում Վալվերդեն այդ գոտին վնասազերծելու խնդիր ունի, թեպետ դժվար թե Կոնտեն խաղային ձեռագրի փոփոխություն չանի, որքան էլ որ հայտնի ճշմարտությունն ասում է. «От добра добра не ищут»:


Ինչի հաշվին է կատարվելու այդ փոփոխությու՞նը:
Իհարկե` Ժիրուի, որն այս ձմեռային պատուհանից արդեն «Չելսիի» լիակատար անդամ է, և, ի դեմս նրա, Կոնտեն տեսնում է խաղացողի, որի շուրջը կարելի է թիմի խաղ կառուցել: Հարկավ, իր արագությամբ ու բարձր տեխնիկայով Օլիվիե Ժիրուն պիտի որ օգնի «թոշակառուներին» կտրուկ հակագրոհների մտահղացումով խաղը կազմակերպելու հարցում, սակայն դժվար է հավատալ, որ իր անակնկալը չի մատուցի և «Բարսելոնը», որն ակնթարթորեն օգտվեց տանտերերի կենտ հատիկ վրիպումից, ու չասենք, հա՞, թե ով էր այդ վրիպումը գոլի վերածածը:
«Նոու Կամպում» «Բարսելոնին» միանգամայն ձեռնտու է և 0:0 ելքով հանդիպումը, սակայն կատալոնացիները դժվար թե այդքան ժլատ լինեն սեփական երկրպագուի հարցում, էլ չասենք, որ ցանկացած մեկի կողմից առաջին գոլը խոստանում է դիմացինի համար խաղը վերածել կատարյալ դժոխքի: Այդ պարագայում սպասեք ամեն տեսակի կատակլիզմների` ցունամիից մինչև ավերիչ երկրաշարժ:

«ԵԹԵ ԱՆԳԱՄ ԴԱՆՈՒԲԸ ՀԱԿԱՌԱԿ ՀՈՍԻ…»


Խաղի արդեն 16-րդ րոպեից տասը հոգով մնացած «Բեշիկթաշը», բնականաբար, անելու բան պիտի որ չունենար «Բավարիայի» նման ահեղ մրցակցի հետ, այն էլ նրա դաշտում, որքան էլ թուրքական սփյուռքը մեծաթիվ է Գերմանիայում ու կարող էր մարզադաշտում առկա գերմանացի հանդիսատեսի թվակազմին լուրջ հակակշիռ լինել:
Առաջին անգամ Չեմպիոնների լիգայի այս փուլ դուրս եկած «Բեշիկթաշը» ծանրագույն պարտություն կրեց 0։5 հաշվով (դուբլի հեղինակ են դարձել Թոմաս Մյուլլերն ու Ռոբերտ Լևանդովսկին, մի գոլ էլ Կոմանի հաշվեկշռում է), ու եթե անգամ Դանուբը հակառակ հոսի (սա մի առիթով թուրք զորավարներից մեկի բերած համեմատության մասն է), միևնույն է, թուրքերն իրենց միսիան ավարտել են եվրոպական այս հեղինակավոր առաջնությունում, ավարտել են անփառունակ:


Իհարկե, Ստամբուլում թուրքերը կենդանության որոշակի նշույլներ կփորձեն ցույց տալ, մանավանդ որ համալրված են բարձր որակավորում ունեցող այլազգի աստղերով, սակայն եթե հանկարծ փորձեն լրջորեն չարացնել հյուրերին, գերմանական «սապոգը», հարկավ, մի անգամ էլ կանցնի նրանց վրայով` թողնելով կրունկի ու ոտնաթաթի ծանր հետքեր:
Նկատենք, որ այս 5:0 հաշիվը Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի համար ակամայից դառնում է բրենդային: Այդպիսի մի ծանր ապտակ էլ գրանցվել է մեկ շաբաթ առաջ շվեյցարական «Բազելի» ու անգլիական «Լիվերպուլի» դիմակայությունում` պատասխան հանդիպմանը տալով զուտ խորհրդանշական բնույթ:

ԻՐ ՏԵՍԱԿԻ ՄԵՋ ՄԻԱԿԸ


Արձանագրված հաշվով իսպանական «Սևիլիայի» ու անգլիական «Մանչեստր Յունայթեդի» դիմակայությունն իր տեսակի մեջ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի միակ հանդիպումն էր: Ժոզե Մոուրինյոն, որ մի քանի մականուն ունի, այս անգամ հիմնովին արդարացրեց դրանցից մեկը՝ Առանձնահատուկը: Այո, Առանձնահատուկն իր թիմով առանձնահատուկ խաղ ցուցադրեց Անդալուզիայում, չվախենանք կրկնելուց, ձեռք գցելով հեղինակավոր այս խաղարկության այս փուլի միակ գոլազուրկ ոչ-ոքին:
Ընթերցողը, բնականաբար, իրավունք ունի հարցնելու՝ «Մանչեստր Յունայթեդի» համար այդ ոչ-ոքին իրապե՞ս նվաճվածների շարքից էր:


Պատասխանեմ միջնորդավորված՝ այս հանդիպումից հետո «մանկունիացիները» պարզապես պարտավոր են դարպասապահ Դավիդ դե Խեյայի արձանը կանգնեցնել:
Խաղի զուտ մակերեսային ընկալման մակարդակով Ժոզե Մոուրինյոյի սաներն արտագնայում ապահովեցին իրենց համար միանգամայն ձեռնտու ոչ-ոքին՝ գործողությունների գրեթե լիակատար ազատություն ստանալով պատասխան խաղում, որն արդեն կլինի սեփական հարկի տակ, որտեղ ակտիվորեն կներգրավվի թիմի տասներկուերորդ խաղացողը՝ հանդիսատեսը: Հարձակողական ոճի խաղում իրեն իր տարերքի մեջ կզգա պաշտպանական գործողություններում լրջորեն թերացող Պոլ Պոգբան (հանգիստ եղեք՝ ֆրանսիացուն «քլնգելու» ժամանակը դեռ գալու է, ու Մոուրինյոն դրա ակտիվ սպասումների մեջ է. բա ի՞նչ, հնարավոր ձախողումների համար հո ինքը չի՞ պատասխան տալու. դա նրա մարդկային կերպի մեջ չի մտնում), անդալուզցիների պաշտպանությունն անխնա կքրքրեն Լուկակուն ու Սանչեսը, ու վերջնահաշվում, կարծես, կլինի այն, ինչը խաղից հետո լուրջ դեմքերով կհաստատեն մասնագետներն ու լրագրողները, գրելով, մրելով, ամեն կերպ բարձրաձայնելով, թե ավելի որակյալ կազմ ունեցող թիմն արժանիորեն դուրս եկավ հաջորդ փուլ՝ մոռանալով կամ միտումնավոր մոռացության տալով, որ այդ ավելի որակյալն արտագնայում ցույց տված բավականին տխուր խաղով, իսկ որ ավելի ճիշտ է, չխաղով միավոր կորզեց ու հաջորդ փուլում, որտեղ տրամաբանորեն պիտի ավելի ուժեղ մրցակցի հանդիպի, ի՞նչ է անելու նման խաղով:


Գուցե հարկ եղածից ավելի դաժան եղանք «Յունայթեդի» նկատմամբ, ձեռքի հետ փորձելով Մոուրինյոյի ղեկավարած թիմից հանել մեր Հենրիխ Մխիթարյանի մուռը, բայց դե թիմն ի՞նչ կապ ունի, երբ հայտնի ֆիլմը հստակ բանաձևել է՝ դու Իվանի պոչը բռնիր: Ասել է թե՝ գլխավորի:
Հարգելի ընթերցող, մենք էլ շոշափելիորեն տեսնում ենք, որ մի փոքր փիլիսոփայական ստացվեց «Սևիլիա»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայության սույն տեսությունը, բայց ներող եղեք, դուք էլ, հավանաբար, ամեն օր նույն տրամադրությամբ չեք արթնանում:

ԵՐԲԵՔ ՄԻ ԱՍԱ` ԵՐԲԵՔ


Սպասումները, թե «Շախտյոր»-«Ռոմա» դիմակայությունը կլինի պակաս հետաքրքիր, չարդարացան: Հանդիպումը լավ էլ դինամիկ ընթացք է ունեցել, գոլերի առանձնակի պակաս չի զգացվել, չգիտես թե ինչի վրա քիթ ցցած «Ռոման» լավ էլ հիմնավոր դաս է ստացել ուկրաինացիներից, չնայած վերջիններիս ունեցած խաղային պրակտիկայի բացակայությանը, ովքեր, ամեն ինչին վրադիր, կամայական հաղթանակ են տոնել՝ իտալացիների մեկ գոլին պատասխանելով երկուսով:
Ասում եք, թե պատասխան խաղում «Ռոման» կարող է իրավիճա՞կ փոխել: Հայտնի բանաձևում է՝ երբեք մի ասա` երբեք:
Ի դեպ, չէի ուզենա, որ սույնը կիրառելի համարեք միայն «Ռոմայի» տարբերակում: Չէի ուզենա ոչ թե նրա համար, որ «Շախտյորի» երկրպագու եմ, այլ նրա համար, որ սխալված չլինեք: Սա ձեզ ուղղված իմ մարդկային անկեղծ ցանկությունն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ