Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունները

Հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունները
23.02.2018 | 11:36

Լիբանանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի և Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Լիբանանի և Հայաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:


Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո


Մեկ անգամ ևս ջերմորեն ողջունում եմ Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանում: Պարոն նախագահ, սա Ձեր անդրանիկ այցն է մեր երկիր, որը, վստահաբար, նոր լիցք կհաղորդի ամուր պատմական կապերի վրա խարսխված մեր բարեկամական հարաբերություններին: Նախագահ Աունի հետ մեր զրույցն անցավ ջերմ մթնոլորտում՝ հայ-լիբանանյան բարեկամության ոգուն համապատասխան: Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության ողջ օրակարգի վերաբերյալ, վերահաստատեցինք մեր երկրների հաստատակամությունը՝ շարունակելու փոխադարձ վստահության հենքի վրա խորացնել և ամրապնդել մեր բազմոլորտ համագործակցությունը:
Թեև նախորդ տարի մեր դիվանագիտական հարաբերությունները թևակոխեցին քառորդ դարը, մեր ժողովուրդների բարեկամությունն ունի բազմադարյա պատմություն, որում, անխոս, իր ուրույն դերն ունի լիբանանահայ համայնքը: Երկուստեք գոհունակությամբ փաստեցինք, որ այս տարիներին մեզ հաջողվել է մեր բարեկամությանը հաղորդել նոր որակ՝ ձևավորելով փոխգործակցության ամուր կապեր քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում: Կարևորեցինք մեր երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պահպանումը՝ որպես բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության կարևոր խթան: Ընդգծեցինք միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման կարևորությունը՝ հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանն ապրիլից անցում է կատարում կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգի։


Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մեծապես կարևորեցինք տնտեսական բաղադրիչը: Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը: Լիբանանյան ներկայությունը Հայաստանում տեսանելի է բանկային, ծառայությունների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նախանձախնդիր ենք ավելի ընդլայնելու այս ձեռքբերումները: Պայմանավորվեցինք երկուստեք աշխատանք տանել երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։ Կա գրեթե ողջ տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ վստահության միջավայր է ձևավորում մեր գործարարների համար։
Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև կնքված հինգ տասնյակի հասնող փաստաթղթերը ամուր հիմք են ծառայում տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար: Բարձր գնահատեցինք միջազգային կառույցներում մեր երկրների արդյունավետ փոխգործակցությունը և փոխադարձ աջակցությունը հատկապես մեզ համար կենսական կարևորություն ներկայացնող հարցերում: Պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել մեր բազմակողմ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ: Լիբանանի նախագահին ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որևէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը: Իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի հիմնախնդրի կարգավորումը, հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում: Եվ պետք է ասեմ, որ պարոն նախագահի հետ մենք նաև համակարծիք էինք, որ Երուսաղեմի խնդրում ամենակարևորը բանակցային գործընթացն է, և ուժի կիրառմամբ այդպիսի խնդիրները չեն կարող լուծվել:


Արդեն ավելի քան 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց կան պատմական իրադարձություններ և երախտագիտության զգացում, որ վաղեմության ժամկետ չունեն։ Վերստին երախտագիտություն հայտնեցի Լիբանանի ժողովրդին և իշխանություններին՝ մեր պատմության այդ դաժան հատվածում հայ տարագիրներին սրտաբաց ընդունելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ ենք, որ այդ հանցագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր: Ցավոք, այսօր Մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում մենք շարունակում ենք ականատես լինել մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների: Այս առումով կարևորում ենք Լիբանանի գործնական և արդյունավետ ներդրումը ահաբեկչության և արմատականության դեմ պայքարում և բարձր ենք գնահատում այս տարիներին սիրիացի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնությունը: Հայաստանը ևս իր համեստ հնարավորությունների չափով օգնության ձեռք է մեկնել սիրիացի մեր քույրերին և եղբայրներին: Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության և անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ:


Լիբանանի նախագահի հետ պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել հայ-լիբանանյան ակտիվ շփումները և խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Ես շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը ընդունեց մեր հաջորդ հրավերը՝ աշնանը Հայաստան գալու և մասնակցելու Ֆրանկոֆոնհիայի գագաթաժողովին: Պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ և այժմ հաճույքով խոսքը փոխանցում եմ Ձեզ:


Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հայտարարությունը


Դրական և կառուցողական բանակցություններ վարեցինք նորին գերազանցություն նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Անդրադարձանք վերջին տարիների երկկողմ հարաբերությունների ընթացքին, արձանագրված շոշափելի առաջընթացին, ցայսօր դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացված հիմնական աշխատանքներին: Մեր հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, ինչն արտացոլում է մեզ միավորող մարդկային ամուր կապերը, հայ և լիբանանցի ժողովուրդների առանձնահատուկ հարաբերություններն ու հատկապես հայկական արմատներով մեծաթիվ լիբանանցիների առկայությունը: Այդ ներկայացուցիչներից շատերն այսօր ուղեկցում են ինձ՝ Լիբանանի կառավարության նախարարներ և պատգամավորներ:


Նախագահ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեցի այն իրողության վրա, թե մեր հասարակությունում ինչպիսի գնահատանք է վայելում այդ հատվածը՝ իր կենսունակությամբ, մշակույթով, քաղաքակրթությամբ, սոցիալապես և իրենց ազդեցիկ մասնակցությամբ քաղաքական, տնտեսական կյանքում: Քննարկեցինք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերը և բռնկված պատերազմները, հատկապես՝ մեր հարևան Սիրիայում: Մենք համաձայնեցինք այդ ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու և պատերազմական մեքենան դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, քանի որ բռնությունը միայն բռնություն ու ծայրահեղականություն է ծնում, ինչի ապացույցն է մեր տարածաշրջանում սկիզբ առած վերջին յոթ տարիների շարունակվող խռովությունները: Նախագահ Սարգսյանին ներկայացրի սիրիական պատերազմի հետևանքով Լիբանանի դիմագրաված մարտահրավերները, ահաբեկչական կազմակերպությունների ու նրանց բջիջների սպառնալիքների ներթափանցումը ինչպես մեր երկիր, այնպես էլ տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ: Ես վստահեցրի, որ Լիբանանը հաջողությամբ դիմակայել է այդ սպառնալիքները և ոչնչացրել ահաբեկչական բջիջները՝ խաղաղություն և կայունություն հաստատելով մեր հանրության մեջ: Մենք փոխադարձաբար համաձայնեցինք, որ կարևոր է, խարսխվելով առաջադիմության մշակույթի, անձանց և պետությունների իրավունքների հարգանքի վրա, ամրապնդել երկկողմ ու միջազգային համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ որևէ երկիր չի կարող զերծ մնալ դրա վտանգներից:
Մենք խոսեցինք նաև սիրիացի ներգաղթյալների խնդրի մասին, որն առավել բարդացել է Սիրիայի հարևան երկրներում, հատկապես՝ Լիբանանում: Նախագահին ներկայացրի, որ մեր երկիրը տնտեսական, սոցիալական, անվտանգության ճնշումների է ենթարկվում՝ ունենալով իր տարածքում ավելի քան մեկ ու կես միլիոն ներգաղթյալ՝ նրանց կարիքները հոգալու համար միջազգային օգնության բավարար չլինելու հետ միասին: Անհրաժեշտ է աշխատանք տանել հասնելու միջազգային փոխհամաձայնության, որը կապահովի սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկրի անվտանգ տարածքներ և կլինի սիրիական պետության վերահսկողության ներքո: Ես երախտագիտությունս հայտնեցի նախագահ Սարգսյանին միջազգային ատյաններում Լիբանանի և նրա խնդիրների կողքին գտնվելու համար, վստահեցրի, որ Լիբանանն իր հերթին կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա ժողովրդի, ինքնիշխանության, խաղաղության և բարգավաճման բնական իրավունքները պաշտպանելու գործում: Բանակցությունների ընթացքում անդրադարձանք Լիբանանին ուղղված իսրայելական սպառնալիքներին, որոնք առնչվում են բացառիկ տնտեսական գոտու նավթային մեր իրավունքներին, բաժանարար պատի կառուցմանը, որը հասնում է հարավային մեր սահմանին մոտ գտնվող վիճելի կետերին: Հաստատեցի, որ Լիբանանը պաշտպանել է իր ցամաքային ու ծովային սահմաններն օրինական բոլոր միջոցներով, և այդ գործում մենք ապավինում ենք միջազգային ընտանիքի մեր բարեկամներին՝ նրանցից ակնկալելով աջակցություն այդ սպառնալիքները դիմակայելու և իրավիճակը չսրելու խնդրում: Ես իմ երախտագիտությունը հայտնեցի նախագահին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու՝ ինձ ուղղված հրավերի համար և արձագանքեցի՝ մաղթելով գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին ամենայն հաջողություն:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ