Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչե՞ց, թե՞ չճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչե՞ց, թե՞ չճանաչեց Հայոց ցեղասպանությունը
24.02.2018 | 11:03

Մի զարմացեք հարցից: Այո, Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան Թուրքիայում 1915-ի հայերի զանգվածային սպանդը ցեղասպանություն ճանաչելու 2 օրինագիծ` վերահաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004-ի որոշումը և այս տարվա ապրիլի 24-ից 5 տարին մեկ Երևան կգա Նիդերլանդների ներկայացուցիչը` մասնակցելու Հայոց եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

Այո, Թուրքիան փորձում էր կանխել օրինագծերի ընդունումը` Անկարայի դժգոհությունը արտահայտելու համար ԱԳՆ էր հրավիրվել Նիդերլանդների գործերի հավատարմատարը։ Այո, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց.
ՙՀայաստանը բարձր է գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»:
Այսքանով` ճանաչեց: Բայց խորհրդարանում հարցի քվեարկությունից առաջ ԱԳ նախարար Սիգրիդ Կաագը հայտարարեց, որ կառավարությունը չի հետևելու խորհրդարանի որոշմանը։ Ի՞նչ է դա նշանակում: Նվազագույնը, որ երկրի արտաքին քաղաքականության վրա որոշումը ոչ մի ազդեցություն չի ունենալու և նիդերլանդաթուրքական հարաբերությունները մնալու են նույն ուղեծրում` ինչ կային:


Այսինքն` մենք ունենք ևս մեկ բարոյական հաղթանակ: Գործնականում ոչնչով: Պատահական չէ, որ որոշումից հետո տեղնուտեղը Թուրքիան ՙխստորեն դատապարտել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի որոշումները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը՚. «Սրեբրենիցայի ցեղասպանությունը կողքից դիտող երկրի խորհրդարանի կայացրած անհիմն որոշումները տեղ չունեն ոչ պատմության, ոչ էլ արդարադատության մեջ։ Այսպիսով դրանք իրավաբանական տեսանկյունից ոչ պարտադիր են, ոչ էլ վավեր»,- հայտարարեց Թուրքիայի ԱԳՆ-ն` հավելելով. «1915-ի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է պատմական փաստերի և իրավական նորմերի վրա: Եվրոպական օրենսդրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները հաստատում են մեր ճշմարտացիությունը՚: Եվ ամենակարևորը հայտարարության մեջ. ՙՄենք հիմք ենք ընդունում Նիդերլանդների կառավարության հայտարարությունը, որ «այն չի հետևելու խորհրդարանին՝ ճանաչելով 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, և որ Երևան ներկայացուցիչ ուղարկելը չի նշանակում ճանաչել ցեղասպանությունը»:
Հիմա ինքներդ որոշեք` Նիդերլանդները 2018-ին ճանաչե՞լ, թե՞ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թուրքիայի արձագանքը ինքնին հասկանալի էր ու այս պարագայում անկարևոր: Կարևորն այլ հարց է` ժամանակը չէ՞, որ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության ճանաչումը պահելով օրակարգում, Հայաստանը համահայկական օրակարգի առաջին կետ դարձնի Արցախի Հանրապետության ճանաչումը` նաև սփյուռքի ուժերը նպատակաուղղելով այդ հարցին: Նույնիսկ եթե ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները Հայոց ցեղասպանությունը ճանաչեն, կարևորը մնում է Թուրքիայի ճանաչումը: Հայոց ցեղասպանությունը փաստ է, որ ներկա ազգայնական Թուրքիան իր ազգայնական նախագահով ու ազգայնական կառավարությունով չի ընդունելու նվազագույնը այնքան, որքան իշխանության է Էրդողանը` սա մեկ: 2015-ին մենք հայտարարեցինք մեր պահանջատիրության ՙԹղթածրարի՚ մասին, որ այդպես էլ հրապարակային չդարձավ, ուրեմն և հրապարակային քաղաքականության գործուն զենք չի լինելու` սա երկու: Եվ` երրորդ` Արցախի Հանրապետության ճանաչմանը նպատակաուղղելով ողջ հայության քաղաքական ու ֆինանսական ռեսուրսը` մենք լուծելու ենք ապագային միտված հարց, որը հեշտացնելու է նաև անցյալից եկող հարցի լուծումը: Հայաստանի ու Արցախի համար կենսական այս հարցի լուծումը տարածաշրջանում ու աշխարհում Հայաստանի դիրքերը ամրապնդելու է, մեծացնելու է Հայաստանի սուբյեկտությունը, ապահովելու է անվտանգությունը և տնտեսական զարգացման հնարավորություններ է բացելու: Սա է առաջնայինը արդեն 30 տարի, իսկ մենք շարժվում ենք իներցիայով: Հայոց ցեղասպանությունը մեզ համար բացարձակապես վիճարկելի հարց չէ և անընդունելի են ինչ-որ հանձնաժողովներ ստեղծելու, քաղաքական գործիչների քաղաքական ոճիրը պատմաբանների դատին հանձնելու թուրքական տարատեսակ առաջարկները: Դա սրբապղծություն է: Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը հարգելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացումն է ու պահանջատիրության ոչ միայն իրավական, այլև ֆինանսատնտեսական հիմքերի ստեղծումը: Սա է խնդիրը: Գերխնդիրը, որի լուծման առաջին քայլ պետք է դիտարկել Արցախի Հանրապետության ճանաչումը:

Դժվար է, իհարկե, հայկական սփյուռքին վերանպատակուղղելը, բայց 21-րդ դարում գլոբալացված աշխարհում պետությունները նախ և առաջ սպասարկում են իրենց շահերը, հետո` իրենց շահերի հետ համընկնող այլ պետությունների շահերին են անդրադառնում: ՈՒ դա գիտեն բոլորը: Գիտեն, բայց գործողությունների հիմք չեն դարձնում: Ապարդյուն ժամանակ ենք կորցնում: Պետք չէ սպասել, թե այս ու այն պետությունը Թուրքիայի հետ իր հարաբերությունների շրջագծում` ե՞րբ ու ինչպե՞ս կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պետք է դիվանագիտական ու քարոզչական ողջ ներուժը կենտրոնացնել Արցախի Հանրապետության ճանաչմանը: Այդ արդյունքի հետևանքը դառնալու է Հայոց ցեղասպանության ճանաչումը միանշանակ:

Դիտվել է՝ 3246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ