Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գերագույն հոգևոր խորհուրդը սթափության կոչ է ուղղում Պոլսո Աթոռի միաբաններին

Գերագույն հոգևոր խորհուրդը սթափության կոչ է ուղղում Պոլսո Աթոռի միաբաններին
24.02.2018 | 12:25

Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ է կատարվել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ և «կրկին իր մտահոգությունն է արտահայտում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդության պատճառով անցնող 10 տարիների ընթացքում Պատրիարքության և պոլսահայության կյանքում տեղ գտած անցանկալի զարգացումների առնչությամբ»։
«Պատրիարքական Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն և ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ մեր ժողովրդի մեջ: Փաստացի թափուր Աթոռի իրողության և նոր պատրիարքական ընտրություններ անցկացնելու հրամայականի առջև 2016-ին Պատրիարքության մեջ նոր զգայունություններ առաջացան, որոնց փարատման համար Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորով Սուրբ Էջմիածին հրավիրված Աթոռի եպիսկոպոսաց դասը հանձնառու եղավ հանգուցալուծման առաջնորդելու առկա խնդիրները։ Արդյունքում պատրիարքական տեղապահի ընտրությունը նոր հույս ներշնչեց պատմական Աթոռը գահակալով օժտելու և պոլսահայության բնականոն կյանքը վերականգնելու առումով։ Ցավով ենք արձանագրում, որ կարճ ժամանակ անց եկեղեցական պատասխանատու մարմինների ու անհատների անշրջահայաց քայլերի հետևանքով ստեղծվեց մի իրավիճակ, որն առիթ տվեց արտաքին ներազդեցությունների և Թուրքիայի իշխանությունների միջամտության՝ հանգեցնելով նորանոր հուզումների և վերստին ձախողելով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանն ի նպաստ ներդրված ջանքերը»։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ողջունել է պոլսահայության կամարտահայտությունը և իր զորակցությունն է բերել Աթոռի պատկան կառույցների կողմից առնվող որոշումներին։ Պոլսո Պատրիարքության Կրոնական ժողովի 2018-ի փետրվարի 9-ի որոշումը նկատի առնելով հանդերձ` սթափության կոչ ենք ուղղում Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և մնացյալ եկեղեցականներին՝ սեփական ձգտումներից ու միջանձնային հարաբերություններից վեր դասելու և առաջնային նկատելու Կ. Պոլսո Աթոռի շահը՝ ամենայն իմաստությամբ և հանձնառությամբ սրբագրելու արձանագրված սխալ գործընթացները և վերականգնելու խաղաղությունը, միասնությունն ու համերաշխությունը պոլսահայոց ալեկոծյալ կյանքում»,- հայտարարում է Գերագույն հոգևոր խորհուրդը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորն է Կրոնական ժողովի անդամներին և համայնքում հանգամանք ու հեղինակություն ունեցող աշխարհական հայորդիներին՝ միաբան ու համախորհուրդ, Հայոց Եկեղեցու կանոնների և օրինական պահանջների պահպանմամբ, հետամուտ լինել երկարամյա ծանր հիվանդության մեջ գտնվող Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքին անգործունյա ճանաչելուն և պետության հետ սահմանված ընթացակարգով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը` ի պայծառություն Պոլսո Հայոց Պատրիարքության և ի մխիթարություն մեր բարեպաշտ ժողովրդի: Մեր ակնկալությունն է Թուրքիայի իշխանություններից, որ ընդառաջեն Հայոց Պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին։ Հանդարտության հրավեր ենք ուղղում նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդին` ողջախոհությամբ և զսպվածությամբ առիթ ընձեռելու Պոլսո Աթոռին հաղթահարելու ստեղծված կացությունը»,- ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ