Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անդրանիկ Քոչարյանը, հղում անելով «մոռացված 008 հրամանը», հուշեց՝ որտեղ է «Մարտի 1»-ի բացահայտման հիմնական առանցքը

Անդրանիկ Քոչարյանը, հղում անելով «մոռացված 008 հրամանը», հուշեց՝ որտեղ է «Մարտի 1»-ի բացահայտման հիմնական առանցքը
24.02.2018 | 12:35

Մարտի 1-ի իրադարձությունների հարցով լուծարված փաստահավաք խմբում ՀԱԿ-ը ներկայացրած փորձագետ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական լսումներում ելույթը սկսեց՝ անդրադառնալով ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկումներին: Նա նշեց, որ հետևել է քննարկումներին և դիմելով դահլիճում նստած նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նշեց, թե նրա գնահատականի հետ համաձայն չէ, որ ինքը դեպքերից 5 տարի հետո էր դարձել դատախազ և հետագա բացահայտումները բարդ էին լինելու: Քոչարյանը նշեց, թե փաստահավաք խումբը բավական նյութեր է հավաքել, գուցե դրանց մի մասը հնացել է, բայց չի նշանակում, որ նախկինում արվածը չպետք է արժանանա իրավական գնահատականի: Քոչարյանը նշեց, թե դեպքերից 10 տարի հետո 3 գլխավոր դատախազ է փոխվել, բայց ոչ ոք այդպես էլ չներկայացրեց քննությունը տեղից շարժելու և բացահայտման ճանապարհը ցույց տալու հնարավորությունը:


Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ փաստահավաք խմբից ինքը և «Ժառանգությունը» ներկայացնող Սեդա Սաֆարյանը պատրաստել են 5-րդ զեկույցը, որտեղ անդրադարձել են բանակի ներգրավվածությանը, ինչը, սակայն, ներառված չէ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոյանի զեկույցներում, ներառվել են միայն մյուս երեք զեկույցները: Ըստ նրա՝ բոլոր տեղեկությունները ներկայացվել են հինգ զեկույցով: Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ խմբի՝ իշխանություն ներկայացնող 2 անդամները հետո անհետացան տարածքից ու այլևս չերևացին, սկզբում ասելով, թե արձակուրդ են գնում, թեև նրանցից ոչ մեկի համար արձակուրդ նախատեսված չէր: «Բացահայտումները կենսական անհրաժեշտություն են պետության համար, բացահայտումների հնարավորություններն այսօր էլ կան, և եթե կան մարդիկ, որոնց մեղավորությունն ապացուցելի չէ, կան գործում ներգրավված մարդիկ էլ, որոնց մասնակցությունն ապացուցելու կարիք չի զգում»,- ասաց նա: Փաստահավաք խմբի նախկին անդամը նշեց, որ մինչ այդ դիպուկահարի պատմությունը հստակ փաստով արձանագրված չէր, այդ ուղղությամբ լուրջ աշխատանք են տարել, և փաստերի համադրությամբ պարզել, որ նրանից մեկը, երկուսը չեն եղել, տեղադրված է եղել Ձկան խանութի մոտակայքում, սակայն ժամանակի սուղ լինելու պատճառով մինչև վերջ չեն ուսումնասիրել: Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց փետրվարի 29-ին ոստիկանությանն Ազգային անվտանգության ուղարկած հաղորդագրությունը, որ հիմք դարձավ ուժային գործողություններ կատարելու համար: Ըստ նրա՝ գործակալական հաղորդագրությունում նշվում էր, որ ցուցարարները հավաքում են զենք-զինամթերք, փայտեր և այլն, բայց հաղորդագրության հեղինակը դրանց որևէ հիմնավորում չէր ներկայացրել: Զեկույցի հեղինակը նշեց, որ ԵԽԽՎ բանաձևով պահանջվում էր փաստահավաք խմբի համար որևէ խոչընդոտ չստեղծել՝ որևէ հարցի պարզաբանման համար, սակայն շատ հարցերում իրենց չհաջողվեց ճեղքել պատնեշը: «Փաստահավաք խումբը լուծարվեց և հնարավոր չեղավ հասնել փաստի հիմնավորմանը: Այդ հաղորդագրությունը հիմք է եղել կրակի ու ուժի կիրառման, թե դիպուկահարներ եղել են, չեն եղել, որոնք ոչ թե մեկը կամ երկուսն են եղել, ժամանակ էր հարկավոր՝ հասնելու այդ փաստի հիմնավորմանը»,- ասաց նա:


Անդրանիկ Քոչարյանը խնդրեց զինդատախազին և գլխավոր դատախազին հատկապես ուշադրություն դարձնել իրենց ամենակարևոր՝ 5-րդ զեկույցին, որ հաջողվել է ներկայացնել ամբողջությամբ, թեև նրա տակ ստորագրել են երեք անդամ, քանի որ երկուսը գնացին և չվերադարձան: «ՈՒշադրություն դարձնեն այն նոր իրողությանը՝ մոռացված «008 հրամանին», այս հարցը բարձրացնել և հասկանալ, որ 2008 թ. փետրվարի 23-ի հրամանը պարտադրած և հրամանն իրականացրած Միքայել Հարությունյանը կանչվի և հարցաքննվի:
Փաստահավաք խումբը կանչեց և հարցաքննեց, Միքայել Հարությունյանն ասաց, որ բանակը չի մասնակցել, այլ բանակային տրանսպորտային միջոցներ են մասնակցել: Իսկ երբ ապացուցեցինք, որ չկան ոստիկանության զորքերի զինվորներ, այլ կան բանակի այլ ստորաբաժանումերի զինվորներ, խնդիրը մնաց առկախ: Սա է լինելու նախաքննական մարմնի համար հիմնական մեխը, որ բացահայտեն, թե ինչն էր պատճառը, որ ԶՈՒ-ն, չունենալով ՀՀ-ի ներսում որևէ թշնամի, այդուհանդերձ բերվեց սահմաններից ներս»,- ասաց նա: Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ եթե դեռ չեն հասցրել իրենց վերջին զեկույցն ընթերցել, լավ հիմք է՝ նախաքննությանը հնարավորություն տալ և ուժային ամբողջ խճանկարի մասնակցությունը բացահայտել: «Ոչ թե լսել դատախազության զեկույցը, որը 10 տարի է՝ կրկնվում է: Չեմ ուզում նույն զեկույցը 11-րդ տարում լսել, նոր քննությունը հնարավորություն կտա, «Մարտի մեկը» փակելով, լուծել այն խնդիրները, որոնք մեզ ամեն օր թուլացնում են»,- ասաց նա:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ