«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Խոնարհվեք` ՕԵԿ-ն է գալիս

Խոնարհվեք` ՕԵԿ-ն է գալիս
25.02.2018 | 13:47

ՀՎԿ-ն մեռավ, որ նորից ծնվի ՕԵԿ-ը: Ռեբրենդինգը չստացվեց` գաղափարը գուցե լավն էր, բայց շաղախ չեղավ, ու` վերածնունդը փլուզվեց` չկառուցված: Փետրվարի 24-ին ՕԵԿ-ն իր արտահերթ, 15-րդ համագումարը հրավիրեց Կառավարության տան նիստերի դահլիճում` իր համար ձախողակ ընտրություններից 10 ամիս հետո: Թվում էր` բավարար ժամանակ է 10 ամիսը, որ քաղաքական ասպարեզ վերադարձի հայտ ներկայացնող կուսակցությունը վերլուծի իրավիճակն ու նոր պայմաններին համարժեք գաղափարներ ներկայացնի: Չհնչեցին: Իրենք բացատրեցին` «Վերադարձ ակունքներին»: Իմաստ ունի՞ 21 տարի հետ գնալը: Որ ի՞նչ: ՈՒ՞ր է վերադառնում ՕԵԿ-ը: Եվ` ինչո՞վ:


1. Պարտության դեպքում կուսակցությունը փոխում է ղեկավարին: 15-րդ համագումարը միաձայն վերընտրեց Արթուր Բաղդասարյանին` հաստատելով, որ նոր ՕԵԿ-ը մնալու է հին մարդ-կուսակցությունը:


2. Վերլուծե՞լ է իր սխալները ՕԵԿ-ը: Իհարկե: «ՈՒնեցե՞լ ենք սխալներ մենք մեր գործունեության մեջ՝ իհարկե ունեցել ենք: Ճակատագրակա՞ն են եղել այդ սխալները՝ ես չեմ կարծում: Ազնի՞վ են եղել մեր նպատակները՝ իհարկե ազնիվ են եղել, մենք մտածել ենք համախմբվել, համախմբված պայքարել Հայաստանը այս, մեղմ ասած, խոր փոսից դուրս բերելու համար»` հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Այսինքն` սխալներ եղել են, բայց իրենց սխալները չեն: Իրենց են սխալ վերաբերվել` իրենց համախմբված պայքարին չեն միացել` իրենք ազնիվ էին, մնացածը` ոչ այնքան: Թեպետ հայտարարելով, որ ՕԵԿ-ը ճակատագրական սխալներ չի արել, Արթուր Բաղդասարյանն ինքնաբերաբար ընդունում է, որ ՕԵԿ-ը երկրի ճակատագրի մեջ դեր չի խաղացել:


3. Եզրակացություններ արե՞լ է ՕԵԿ-ը պարտությունից: Իհարկե: Ընտրություններից համարյա մեկ տարի հետո ՕԵԿ-ը հանկարծ հասկացել է, որ «Հայաստանում ոչ թե մրցակցություն է եղել քաղաքական հոսանքների միջև, Հայաստանում մրցակցություն է եղել փողի միջև՝ ով ինչքան փող ունի»` հայտարարեց Արթուր Բաղդասարյանը` նշելով, որ 60000 ձայն են հավաքել և արտախորհրդարանական առաջին ուժն են դարձել: Իսկապես` ինչպե՞ս կարող էր հոկտեմբերին կուսակցությունը հավաքել 21 տոկոս, 6 ամիս հետո` 4: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե քաղաքական, գաղափարական պայքար, այլ հասարակ գործարք, հասարակության և այն քաղաքական ուժերի անհատների միջև, որոնք ուղղակի վաճառել են իրենց քվեները»,- բացատրեց Արթուր Բաղդասարյանը, որ այդպես էլ չի հասկացել` ինչու՞ ՀՎԿ-ին թույլ չտրվեց ձայն գնել:


4. Ակունքներին վերադարձող ՕԵԿ-ը իր համար ընտրել է ամենաապահով անկյունը` Արթուր Բաղդասարյանն ասաց, որ «պայքարելու են երկրում տիրող սոցիալական ծանր վիճակի դեմ, բայց քաղաքական զարգացումներին առայժմ կողքից են հետևելու»։ Իսկապես` ի՞նչ գործ ունեն քաղաքականության հետ, սոցիալական հարցերը կան ու կան` ինչքան ուզեն կքննադատեն:


5. Թեպետ ինքը` Արթուր Բաղդասարյանն ուզում է իշխանափոխություն.
«Ո՞նց կարող է չուզեմ, ես ո՞նց չեմ ուզում իշխանափոխություն, ես ուզում եմ երկրում փոփոխություններ տեղի ունենան»` լրագրողներին ասել է նա, բայց նա ի՞նչ մեղք ունի, որ իշխանափոխության օրակարգ Հայաստանում չկա. «Մենք կարող ենք ընդվզել, մեր բողոքի ձայնը բարձրացնել, բայց օրակարգ դնել՝ ի՞նչ օրակարգ: Օրակարգում միշտ էլ կա, այո»: Այդպիսին է ՕԵԿը` ինքն էլ չգիտի` ինչ է ուզում:

6. ՕԵԿ նախագահը ապագա վարչապետի պաշտոնում տեսնում է նրան, ում ՀՀԿ-ն կառաջարկի։ «Սերժ Սարգսյանի՞ն են առաջադրելու՝ թող առաջարկեն, և Սերժ Սարգսյանն էլ ինքը, լինելով վարչապետ, իր իշխանության ծավալով պայմանավորված՝ կկրի համարժեք իրավական և քաղաքական պատասխանատվություն իր գլխավորած կառավարության գործունեության համար: Ես ինքս, որպես քաղաքական գործիչ, կողմ եմ բաց գործընթացներին, ոչ թե, ասենք, լինի, չգիտեմ, Սիմոն Սիմոնյանը, բայց ղեկավարի Աշոտ Աշոտյանը»` շատ խելամիտ է ասել ՕԵԿ նախագահը` մեսիջ ուղարկելով նախագահական, որ կողմ է Սերժ Սարգսյանին ու դեմ է Կարեն Կարապետյանին:


7. Արթուր Բաղդասարյանը մեսիջներ ուղարկեց նաև ապագա նախագահին. «Որպես մարդ շատ լավ եմ վերաբերվում՝ գրագետ, բարեկիրթ անձնավորություն է, որպես մտահոգություն ուղղակի ուզում եմ հնչեցնել, որ Արմեն Սարգսյանը վերջին 10-15 տարիներին՝ առնվազն, եթե չասենք ավելի շատ, Հայաստանի ներքին անցուդարձին ծանոթ մարդ չի եղել, չի ապրել այստեղ, այս ժողովրդի դարդով, հոգսով, ցավով, և, բնականաբար, լոնդոնյան կյանքը բոլորովին տարբերվում է հայաստանյան իրականությունից»: Այսինքն` շատ լավ ենք վերաբերվում, այնքան լավ, որ մեր կարիքը զգաս` «ներքին անցուդարձին», «դարդ ու ցավին» կծանոթացնենք: Միայն ասա:


8. Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը նաև անվտանգության հարցերին անդրադարձավ` նա պատերազմի վտանգն իրատեսական է համարում` հաշվի առնելով Ադրբեջանի մոլագար կեցվածքը, գործողությունները: «Անվտանգության սպառնալիքներ ունենք, որոնք չոքել են մեր երկրի դռանը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը` զուգահեռ նշելով Հայաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացումը:


9. Ի՞նչ է անելու վերադարձող ՕԵԿ-ը: «Մենք լինելու ենք յուրօրինակ խոսափող հասարակության և որոշում կայացնողների միջև, ազնվորեն բարձրացնելու ենք հասարակության մտահոգությունները: Մեր կուսակցությունը երբեք չի տառապել տենդային հիվանդությամբ՝ ամեն ինչը լուսավոր կամ մուգ ակնոցներով տեսնելու: Այսօր մեր երկրում ստեղծված այս տխուր մթնոլորտի պարագայում, երբ քաղաքական գործընթացներ տեղի չեն ունենում, ցանկացած պարագայում առաջընթացի միակ զենքը պայքարն է, հուսահատված մարդը որևէ բան անել ի զորու չէ, պետք է համախմբվենք: Մենք պայքարելու ենք, որ ՕԵԿ-ի այսօրվա վերածնունդը մեզ տանի վճռականության, պայքարի ճանապարհով, որ կարողանանք փուլ առ փուլ գնալ մեր ծրագրերի իրականացման ճանապարհով գնալ: Գնահատելով բացթողումերը, սխալները` գնալու ենք առաջ, որի հիմքում մեր հայրենիքն է»:
Իսկ պե՞տք է այդ խոսափողը, երբ բոլորը խոսում են «հիմքում հայրենիքը» ունենալով: Հուսահատված մարդուն ևս մեկ ամբիոնից իր հուսահատության պատճառները ներկայացնելն ի՞նչ է տալու: Եթե ՕԵԿ-ը վերադառնում է սոսկ խոսափող լինելու, միայն իրեն է պետք իր վերադարձը:


10. «Սիրեն ինձ, թե չսիրեն, հարգեն, թե չհարգեն, ես իմ երկրի 21 տարվա պատմության կրողներից մեկն եմ եղել, ունեցել եմ իմ սխալները, իմ թերությունները, ինչպես ամեն մի մարդ, բայց ես իմ կյանքում երբեք ոչինչ չեմ արել, որի համար կարող եմ գլուխ կախել կամ ոչ մեկի տունը չեմ քանդել, բազմաթիվ օջախներ շենացրել եմ: Որպես մարդ՝ ունեցել ենք մեր սխալները, իհարկե»` հպարտ հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Եթե չի արել, ինչու՞ է խոսում չանելու մասին: Ավելի ճիշտ էր անելիքներից խոսելը: Այդպես էլ կոնկրետ որևէ ծրագիր կամ նպատակ ՕԵԿ-ը չբացահայտեց: Ընդհանուր խոսքեր, կրկնվող մեղադրանքներ ու արդարացումներ, նոր` ոչինչ: Գուցե պատահականություն էր, որ Հայաստանի օրհներգը ՕԵԿ համագումարում հնչեց միայն Արթուր Բաղդասարյանի վերընտրությունից հետո: Բայց վստահաբար օրհներգն էլ ՕԵԿ-ին չի օգնի ալիքի վրա մնալ քաղաքական ասպարեզում: Փաստացի` Արթուր Բաղդասարյանը խախտեց լռությունը ու ՕԵԿ-ին կենդանություն տվեց Հայաստանի չորրորդ Հանրապետության ձևավորման սկզբում` իշխանությանը հրապարակային մասնակցության հայտ ուղարկելով` արտախորհրդարանական դաշտում նրա աջակիցը լինելու ու 2022-ին ԱԺ վերադառնալու պատրաստակամությամբ` իհարկե, ինչպես նախկինում, իրեն վերապահելով քննադատության իրավունքը, որ ձայն հավաքելու անցագիր է Հայաստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ ոչ միայն ՕԵԿ-ի ռեինկարնացիան էր, այլև` «Ժառանգության»: Հերթական ռոտացիայով` Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կուսակցությունը կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը: Երևի Րաֆֆի Հովհաննիսյանը երկար ժամանակով նորից մեկնում է ԱՄՆ: Ինչպես 21-ամյա ՕԵԿ-ը իր քաղաքական օրակարգի չգոյությունը բացահայտեց կամա-ակամա, այնպես էլ հասկանալի չէ` ո՞րն է լինելու 16-ամյա «Ժառանգության» քաղաքական օրակարգը: Րաֆֆի Հովհաննիսյանը ի՞նչ ժառանգություն է թողնում Արմեն Մարտիրոսյանին: Բարևելու ավանդու՞յթը: Սարերի քամի՞ն: Կորցրած թի՞մը: Դատարկ գանձանա՞կը: Արժեզրկված կուսակցական բրե՞նդը: Ո՞րն է լինելու Արմեն Մարտիրոսյանի ծրագիրը: Ընդդիմության համախմբու՞մը, որով անիմաստ զբաղվել է «Ժառանգությունը»` մեկ տասնամյակից ավելի` հռչակելով ցանկություններ, բայց գործնականում պատրաստ չլինելով միավորման: Գաղափարներ են պետք և ֆինանսներ: Ֆինանսների ստեղծումը հարուցում է կախվածություն: Կախվածությունը կանխում է գաղափարների գոյացումը: Մնում է ապրել անցյալով: Ինչպես ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պահանջեց` «ՕԵԿ-ը 21 տարի շարունակ պայքարել է և իր կատարած աշխատանքի առաջ պետք է խոնարհվել», ցանկացողները թող խոնարհվեն, ցանկացողները թող խոնարհվեն նաև 2013-ի «Ժառանգության» առաջ ու … առաջ գնան: Քանի դեռ չկան գաղափարներ ու ծրագրեր, երկու կուսակցություններն էլ մնալու են անցյալի, պոպուլիզմի ու պաթոսի շրջագծում: Իսկ այդ շրջանակից դուրս կյանքն է, որ նոր պահանջներ ու նոր իրավիճակներ է ստեղծում ու նոր լուծումներ պահանջում:

Դիտվել է՝ 3576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ