Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայ-թուրք-ադրբեջանական եռանկյունը նոր ժամանակներում

Հայ-թուրք-ադրբեջանական եռանկյունը նոր ժամանակներում
26.02.2018 | 13:57

Հայաստանում ավարտվում է երեք նախագահների շրջանը: Քանի դեռ գործում է
2015-ին ընդունված Սահմանադրությունը, նախագահին ընտրելու է խորհրդարանը, և, ուրեմն, առաջին 3 նախագահներն իրենց ընտրությունների պատմությամբ մնալու են առանձին հարթակում: Երեքն էլ չլուծեցին Ղարաբաղի հարցը, թեպետ երեքն էլ քաղաքականություն մտան արցախյան շարժման ալիքի վրա: Երեքն էլ չլուծեցին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը: Ի՞նչ վիճակում է այդ հարցը հիմա: Պատմության մեջ շատ չխորանալու համար հետ գնանք ընդամենը մեկ տասնամյակ: 2008-ի մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանին լեգիտիմություն էր պետք: Ներքինը չկար: Արտաքինը պետք է գար փոխարինելու: Այդպես ասպարեզում հայտնվեց հայ-թուրքական հաշտեցումը, որի մասին Սերժ Սարգսյանը խոսեց Մոսկվայում` Երևան` ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Գյուլը եկավ: Պատասխան խաղին Անթալիա գնաց Սերժ Սարգսյանը: Ֆուտբոլում մենք ձախողվեցինք: Նախագահի հետ Թուրքիա գնացած լրագրողները ճաշակեցին Գյուլի տիկնոջ փաթաթած տոլման: Ի՞նչ եղավ հետո: Ասպարեզ եկան հայ-թուրքական արձանագրությունները, որ ստորագրվեցին 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում` Շվեյցարիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի խիստ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Ճիշտ է` որոշ ուշացումով: Մի քանի ժամվա: Բայց` ստորագրվեցին: ՈՒ` չվավերացվեցին: 9 տարի 5 ամսում: 2017-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտաբերեց իր հայտնի ՙառոչինչը՚` ժամկետ դնելով 2018-ի գարունը: Առանձնապես երկար ժամանակ չի մնացել: Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունը արձանագրություններից ու հարցը կփակվի՞: Ամենայն հավանականությամբ` այո:

Արձանագրությունների հարցը: Բայց ոչ հարաբերությունների: Ի սկզբանե արձանագրություններում խառնվեցին երկու տարբեր հարցեր` հաշտեցում ու կարգավորում: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մի քանի տողանոց փաստաթուղթ պիտի լիներ, եթե թուրքական կողմի պնդմամբ փաստաթղթում չհայտնվեր հաշտեցման գաղափարը` իր մեխանիզմով, այդ թվում` ցեղասպանության հարցն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովով, որը հայկական կողմի համար բացարձակապես անընդունելի է: Իսկ Թուրքիայի համար սկզբունքորեն կարևոր էր հենց այդ կետը: 6 տարի հետո լրանում էր ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Անկարային պետք էր նախապես կասեցնել հնարավոր ճանաչման ալիքը` մեջտեղ բերելով կեղծ հաշտեցման գործընթացը, որին, իբր, չխանգարելու համար Անկարայի հարյուրավոր դիվանագետներ լծվել էին ցեղասպանության ճանաչումով թուրք-հայկական հաշտեցումը չկասեցնելու գաղափարն արմատավորելուն համաշխարհային մայրաքաղաքներում: Ազդեց: Օրինակ` Բարաք Օբամայի վրա: Ինչպես հետո խոստովանեցին ու ներողություն խնդրեցին նրա աշխատակազմի անդամները: Սամանթա Փաուերը ասաց, որ նախագահը չէր ուզում վտանգել հաշտեցման գործընթացը, որ ավելի կարևոր էր դիտվում տարածաշրջանի համար: Թուրքիան իր խնդիրը փայլուն լուծեց: Բաքուն` նույնպես: Նախ` կասեցրեց իր համար անցանկալի իրավիճակի փոփոխությունը, հետո, որ ոչ պակաս կարևոր էր Իլհամ Ալիևի համար` ցույց տվեց` ինչ տղա է ու ինչպես է կարողանում հարցեր լուծել: Ի՞նչ արեցին միջնորդները: Դեռ այն ժամանակ պարզ էր, որ Շվեյցարիայի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի, հատկապես վերջին երկուսի շահերի համընկնումը կամ ձևական է, կամ խիստ կարճատև: Բարաք Օբամայի ընտրությունից հետո հարաբերությունների վերբեռնման լայնորեն գովազդվող ծրագիրը ձախողվեց:

2010-ից արդեն սկսվեցին տարաձայնությունները և պարզ էր, որ միջնորդները ստացան իրենց ցանկացած քաղաքական դիվիդենդները ու կողմերին թողեցին դեմ առ դեմ: 2013-ին Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուց հետո` Արևմուտքն ընդհանրապես կորցրեց հետաքրքրությունը հայ-թուրքական հաշտեցումի ու արձանագրությունների նկատմամբ: Հետաքրքրություն չավելացավ և Ռուսաստանում` Մոսկվային հայ-թուրքական բարեկամություն բոլորովին պետք չէ` անիմաստ է դառնում Գյումրու ռուսական ռազմաբազան, որի գոյությունը հիմնավորվում է Հայաստանը թուրքական սպառնալիքից պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Շվեյցարիայի խորհրդարանը 2003-ին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, խորհրդարանը, բայց ոչ կառավարությունը: Աշխարհի ամենաչեզոք ու ամենաանաչառ պետությունը միջնորդելով հայ-թուրքական հաշտեցմանը` կարգավորում էր հարաբերությունները Թուրքիայի հետ: Անկարայի ԵՄ անդամակցությունը այդ ժամանակներում դեռ համարվում էր հնարավոր ու ակտիվ բանակցվում էր: Բազում հարցերից մեկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելն էր և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումով` սահմանի բացումը: Անկարան աշխարհին ցույց տվեց` ինչքան ժողովրդավար, լայնախոհ և պատրաստակամ է եվրոպական ընտանիք ինտեգրվելու պայմանները կատարելու հարցում: Թերևս բոլորն էլ գիտեին, որ ոչ թե ՙֆուտբոլային դիվանագիտության՚, այլ ֆիկտիվ դիվանագիտության մասին է խոսքը, բայց ակտիվորեն խաղում էին խաղի իրենց հատվածը: Այդպես ձեռնտու էր բոլորին: Հայաստանին` ևս: Կվավերացնեին թուրքերը, թե չէին վավերացնի` կարճաժամկետ հեռանկարում Երևանը հայտնվում էր միջազգային քաղաքականության առաջին գծում` իր նախաձեռնությամբ սկսելով մի գործընթաց, որ ստացել էր գերտերությունների աջակցությունը: Հայաստանը դարձավ խաղացող:

Ճիշտ է` հետո բումերանգը վերադարձավ և հետհարվածով 1915-1923-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակը չդարձավ համաշխարհային իրադարձություն` Հայաստան չբերելով գերտերությունների ղեկավարներին` բացի Ֆրանսիայի ու ՌԴ նախագահներից և չմեծացնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման ու դատապարտման աշխարհագրությունը: Ավելին` Անկարան ևս մեկ հակաքայլ արեց` ապրիլի 24-ին նշելով Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակը, թեպետ նեղուցների պատերազմն ավարտվել էր ամռանը: Եվ Գալիպոլիում հավաքեց ավելի շատ ու բարձրաստիճան պաշտոնյաների ամբողջ աշխարհից` ցույց տալով իր առավելությունը ու աշխարհի նախապատվությունը: Խաղն ավարտվել էր և պետք էր վերջակետել:
2017-ի նոյեմբերին Բրյուսելում ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր կնքելուց հետո Երևանը կիսաբացում է նոր արձանագրություններ կազմելու ու նոր գործընթաց` 0 կետից, առանց նախապայմանների սկսելու դուռը: 2018-ի փետրվարին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում ՀՀ նախագահը խոսեց հենց այդ մասին: Նոր պայմանների ու նոր համաձայնագրի: Բայց դա արդեն կլինի այլ պատմություն: 2016-ի կեղծ պետական հեղաշրջումից հետո Էրդողանը Թուրքիայում պահպանում է արտակարգ դրության ռեժիմը և ահաբեկչության ու գյուլենականության դեմ պայքարի անվան տակ` մաքրում է ճանապարհը իր անսահմանափակ իշխանության հաստատման համար:

Ժողովրդավարությունը այդ Թուրքիայում արդեն հայհոյանք է, որի համար բանտարկում են կամ սպանում: Այս ընթացքում Անկարան կարողացել է հարաբերությունները փչացնել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, օրակարգից հանել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Խրվելով Սիրիայի պատերազմում և ռազմական համագործակցության գնալով Ռուսաստանի հետ` Էրդողանը նաև ՆԱՏՕ-ի հետ է հարաբերությունները լարել: Սա այն պահն է, որ Արևմուտքը կարող է նորից հիշել Հայոց ցեղասպանությունը և հայ-թուրքական չկարգավորված հարաբերություններն ու փակ սահմանը` Անկարային հին ու նոր հաշիվներ ներկայացնելով: 2019-ին նախագահ ընտրվելու դեպքում Էրդողանը անխուսափելիորեն սկսելու է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը: Իսկ Բաքու՞ն: Ադրբեջանը դարձյալ առարկելու է ու մեջտեղ է բերելու Լեռնային Ղարաբաղի չլուծված հարցը, բայց միշտ էլ մեծ հարցական է եղել` Բաքու՞ն է Անկարային իր նպատակներով օգտագործում, թե՞ Անկարան է խաղարկում Բաքվի խաղաքարտը իր նպատակների համար: Երևանը, Զանգեզուրը, Գորիսը գրավելու հայտարարությամբ Իլհամ Ալիևն ինքն իրեն դուրս է դնում տարածաշրջանի քաղաքական կարգավորումների լուրջ գործընթացներից: Նա սուբյեկտ չէ, այլ` օբյեկտ: Դա ևս հայ-թուրք-ադրբեջանական եռանկյան հետևանքներից է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պոլսի հայոց պատրիարքարանի հայտնի իրադարձություններով Էրդողանը հասկացրեց, որ իրեն է համարում թուրք-հայկական հարաբերություններում որոշումներ կայացնողը և իրեն է վերապահում վերջին խոսքը: Երևանը, ավելի ճիշտ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղի տվեց, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարգալույծ չարվեց: Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ արեց Թուրքիայի իշխանություններին պայմաններ ստեղծել պատրիարքական ընտրության համար: Սա ևս գործընթացի մաս է: Իսկ ընդհանրապես մեծ միֆ է, որ հայ-թուրքական սահմանը փակ է: Հայկական շուկայում թուրքական ապրանքները հայկականից շատ են: Քաղաքականությունը` քաղաքականություն, կյանքն իրենը վերցնում է: Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատելուն, Բաքուն դեմ է, Անկարան պիտի որոշի: Նախապայմաններ չեն լինելու: Լինելու են երկու տարբեր գործընթացներ` նախ դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու սահմանի բացում, հետո նոր` հաշտեցում: Միջնորդներ միշտ կգտնվեն:

Դիտվել է՝ 3565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ