«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ինչու՞ 118 տարվա մեջ առաջին անգամ փակվեցին Հարության տաճարի դռները

Ինչու՞ 118 տարվա մեջ առաջին անգամ փակվեցին Հարության տաճարի դռները
26.02.2018 | 22:03

Երուսաղեմում քրիստոնեական գլխավոր սրբավայրը` Տիրոջ գերեզմանի տաճարը կիրակի օրը փակեց դռները` ի նշան բողոքի Իսրայելի հարկային օրենսդրության փոփոխությունների ու նոր օրենսդրության դեմ, որ պետությանն արտոնում է եկեղեցուց հողակտորներ վերցնել: Տաճարի դռները փակելու համատեղ հայտարություն արեցին կաթոլիկ, հույն ուղղափառ ու հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները: Տաճարը բաժանված է քրիստոնեական համայնքների միջև` հույն ուղղափառ, կաթոլիկ, հայկական, նաև` ղպտիական, սիրիական ու եթովպական: Օրինագծի կողմնակիցները համարում են, որ եկեղեցականների տագնապները հիմնավորված չեն: Հիսուսի Հարության տաճարը քրիստոնյաների համար ամենասրբազան վայրն է: Հավատացյալները վստահ են, որ տաճարի տեղում է խաչվել, հուղարկավորվել ու հարություն առել Հիսուս Քրիստոսը: Ամեն տարի տաճար են այցելում միլիոնավոր ուխտավորներ ամբողջ աշխարհից: 1900-ից սա առաջին դեպքն է, որ տաճարի դռները փակվել են: Ինչի՞ց են հոգևորականները դժգոհ: Անորոշ ժամանակով տաճարի դռները փակելու մասին համատեղ հայտարարեցին Հռոմեական կաթոլիկ, Հույն ուղղափառ ու Հայ առաքելական եկեղեցու գլխավորները:

Հայտարարությունն ընդունվեց մամլո ասուլիսում, որին մասնակցեցին Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը, Սուրբ հողում Կաթոլիկ եկեղեցու կուստոդ Ֆրանչեսկո Պատոնը և Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Նրանք էլ ստորագրել են հայտարարությունը: Երեք եկեղեցիների գլխավորների խոսքով` որոշումն ընդունվել է ի նշան բողոքի «դիսկրիմինացիոն ու ռասիստական օրինագծի», որ քննարկում է Իսրայելի կառավարությունը: «Այդ արգահատելի օրինագիծը… եթե ընդունվի, թույլ կտա շահագործել եկեղեցական հողերը: Դա հիշեցնում է մեզ բոլոր նման օրենքները, որ եվրոպական Մութ դարերում ընդունվել են հրեաների դեմ»` մեջբերել է Guardian-ը` հոգևորականների հայտարարությունից:


Օրինագծի կողմնակիցները հաստատում են, որ իրենց հիմնական նպատակը պաշտպանելն է իսրայելցիներին, որ ապրում են նախկին եկեղեցական հողերի վրա, որ վաճառվել են դևելոփերական ընկերություններին: Հոգևորականների կարծիքով` նոր օրենքը կարող է եկեղեցու համար բարդացնել հողերի վաճառքը, որի հասույթները կրոնական կազմակերպությունների եկամտի հիմնական մասն են: Նրանք դժգոհ են եկեղեցու սեփականության նկատմամբ հարկ սահմանելու փորձից, որ Երուսաղեմում իրավաբանորեն հավասարեցված է կոմերցիոն անշարժ գույքին: Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատը նախկինում ասում էր, որ քաղաքը պետք է ստանա 650 միլիոն շեքել (168 միլիոն դոլար) հարկ եկեղեցական սեփականությունից: Բարկատը ճշտում էր, որ եկեղեցիները բացառութուն են մնում հարկային օրենսդրության մեջ, իսկ 650 միլիոն շեքել հարկը վերաբերում է նրանց պատկանող «հյուրանոցներին, ընկերություններին ու կառույցներին, որ ուղղակի կրոնական գործառնություններ չեն կատարում»: Ինչպե՞ս է արձագանքել Իսրայելի կառավարությունը: Եկեղեցու գլխավորների բողոքից հետո կառավարության մասնագիտական հանձնաժողովը մեկ շաբաթով հետաձգել է օրինագծի քննարկումը: Օրինագծի համահեղինակ, Կնեսետի պատգամավոր Ռեյչել Ազարիան ասել է ВВС-ին. «Ես հասկանում եմ, որ եկեղեցին բախվել է ճնշման հետ, բայց նրանց հողերը մնում են նրանցը, ոչ ոք չի պատրաստվում այդ հողերին ձեռք տալ»: «Իմ օրինագիծը վերաբերում է այն դեպքերին, թե ինչ կկատարվի, եթե հողի իրավունքը վերավաճառվում է երրորդ կողմին»` հավելել է նա: Ազարիան ճշտել է, որ օրենքի լրացումները վերաբերում են միայն այն եկեղեցական հողերին, որ վերավաճառվել են դևելոփերներին 2010-ից հետո: Ե՞րբ կբացվեն Հարության տաճարի դռները, անհայտ է:
ВВС


Հ.Գ. Հորդանանի տեղեկատվության նախարար Մուհամմադ ալ-Մումանին հայտարարել է, որ թագավորությունը դատապարտում է իսրայելական իշխանությունների գործողությունները Երուսաղեմի քրիստոնեական տաճարների հանդեպ և պահանջում «դադարեցնել Երուսաղեմի եկեղեցիների նկատմամբ ճնշումը»` հայտնում է WAFA գործակալությունը։ Ալ-Մումանիի խոսքով՝ Երուսաղեմի եկեղեցիները նախկինում չեն հարկվել, իսկ քաղաքային մարմինների կողմից նրանց բանկային հաշիվների սառեցումը անթույլատրելի է։ «Դա ոտնձգություն է Երուսաղեմի կրոնական սրբավայրերի պատմական կարգավիճակի հանդեպ և միջազգային իրավունք խախտում»,- ընդգծել է նա։
Ի՞նչ է կատարվում իրականում: Որքան էլ պարադոքսալ է` Երուսաղեմի քաղաքային իշխանությունը, պաշտպանելով իր շահերը, փաստացի պաշտպանում է գոյություն ունեցող պատմական ստատուս քվոն և եկեղեցական հողերի անձեռնմխելիությունը եկեղեցականներից: Պատմությունը 2010-ին չի սկսվել, այլ շատ ավելի վաղուց և շարունակվում է` սպառնալիք դառնալով հրեաների համար: Եկեղեցիները, իրենց հասույթները մեծացնելու համար, վաճառում են Երուսաղեմի Հին քաղաքում ու պատմական հատվածում հարյուրամյակներ իրենց պատկանած հողերը ընկերություններին, որ հետո վերավաճառում են արաբներին ու պաղեստինցիներին: Ստացվում է, որ հրեաները կորցնում են Երուսաղեմի պատմական կենտրոնի նկատմամբ սեփականության իրավունքները: Բնական է, որ Իսրայելի կառավարությունը վաղ թե ուշ պիտի կասեցներ այդ գործարքները և ստիպեր դադարեցնել հողերի վաճառքը արաբներին ու պաղեստինցիներին: Իհարկե, կա նաև երեք եկեղեցիների իրավունքների սահմանափակման փորձ, որ միշտ է եղել Իսրայելի կառավարության կողմից` հաշվի առնելով, որ Սուրբ հողի Հին քաղաքը համարյա ամբողջությամբ իրենց չի պատկանում: Ինչու՞ նման օրենք չի սահմանվում մուսուլմանական սրբավայրերի նկատմամբ: Որովհետև նրանք իրենց հողերը չեն վաճառում: Հակառակը` ի հաշիվ հույների, կաթոլիկների ու հայերի նոր տարածքներ են փորձում ձեռք բերել:

Ի՞նչ կորոշի Իսրայելի կառավարությունը մեկ շաբաթում: Դժվար է ասել: Համենայն դեպս` նրանք նահանջի տեղ չունեն: Սուրբ Հարության տաճարի դռները փակելը ծայրահեղ միջոց է` օրական 300000-500000 մարդ է լինում տաճարում: Եվ դա ֆինանսական ծանր հարված է Երուսաղեմի քրիստոնյա ուխտավորներին ու զբոսաշրջիկներին, որ հազարավոր դոլարներ են թողնում քաղաքի ու պետության բյուջեին: Հարցի լուծումը եկեղեցիների պատմական հողերի վաճառքի կանխումն է և պատմական ստատուս քվոյի անձեռնմխելիությունը ապահովելը: Փոխարենը` Իսրայելը պիտի հնարավորություն տա երեք կրոնական համայնքներին իրենց ֆինանսական կարիքները այլ տարբերակով հոգալ: Ինչպե՞ս` բանակցությունների թեմա է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ