«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Քաղաքական ինչ դասավորություն է այս պահին

Քաղաքական ինչ դասավորություն է  այս պահին
27.02.2018 | 11:34

Մինչ քաղաքական ուժերի` ըստ դասավորության կուշտ ու ողջ լինելուն անդրադառնալը, կատարենք մի քանի արձանագրում:
Նկատե՞լ եք` շախմատային տախտակի վրա, այն է` խաղադաշտում այլևս և մեկընդմիշտ չկան Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական օդիոզները, չմոռանանք նաև ՕԵԿ հոգեդարձումը: Ասել է` քաղաքական դաշտը նորովի է շարվում, քաղաքագիտորեն ձևակերպած` տրանսֆորմացիա է տեղի ունենում, քաղաքական էլիտա է փոխվում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ «ի սկզբանե» էր Կարեն Կարապետյանը, հետո եկավ նաև Արմեն Սարգսյանը: Կարծում ենք` էլի եկողներ կլինեն` պատկերն ի լրումին հասցնելու համար, բայց այս պահին ևս մեկ դիտարկում:


Նկատեցի՞ք` խաղի մոդերատորը, բոլոր դեպքերում, ինչ «նրբագեղությամբ շարեց» վերը նշված բոլորին. շատերին թվում էր, թե այդ իրե՛նք են այդպես «մտածում», երբ իրականում իրենց էին «մտածում». չբերենք օրինակներ, այլ արձանագրենք լոկ վերջին իրողությունը. առ այս պահը չի ասվել, թե ով է լինելու ապագա վարչապետը: Հասարակական-քաղաքական գիտակցությունն ինքնաբերաբար հանգում է այդ «որոշմանը»: Ավելին, բարձրաձայնում-քննարկում է այն բոլոր մակարդակներում` ընդդիմություն, քաղաքացիական սեկտոր և, իհարկե, իշխանական «հարկաբաժիններ»: Ասել է` այն, ինչ պետք է աներ հայտարարության «հեղինակը», անում-մտածում է «համայնքն» իր ողջ բազմազանությամբ` պատրաստելով ապագա վարչապետի մուտքը կառավարություն:


Բոլորը պատրաստ են, բոլորն արդեն գիտեն` ով է լինելու ապագա վարչապետը: Մնում են պաշտոնական արձանագրումն ու բարձրաձայնումը: Ի դեպ, հետաքրքիր է. դա հանրության գիտակցության մանիպուլյացիա՞, թե՞ քաղաքական գրագետ հաշվարկ է: ՈՒմ համար` ինչպես:
Նաև հետաքրքիր է. դա բնատուր վիճա՞կ, թե՞ բարձրագույն մաթեմատիկա-քաղտեխնոլոգիա է, որի համար պետք է լրջագույն թյունինգներ անցած լինել, «քրմական» գիտակցության բարձրակարգման դասընթացների տիրապետել: Չմոռանանք` մարդկությունը միշտ է աշխատել գիտակցական ու ենթագիտակցական «պարունակների տիրապետության» վրա. Հիմալայներն ու Կալյասը քաղաքական գուրուների (և` ոչ միայն) համար դեռ չեն կորցրել իրենց հմայքը: Սա` ի դեպ:


Մի խոսքով, չենք ասում, թե հայաստանյան մոդերատորը հասել է նրան, որ «խոսում է անապատի ջիների հետ»՝ հանց կասեր Կոելյոն, բայց որ քաղաքական խաղատախտակը մեզանում դանդաղ ու հաշվարկային` անթերի կառուցվում-առաջ է գնում, նույնպես փաստ է:
Բայց որ այդ տախտակի վրա «շարվածները»՝ հանց կասեր Վանոն, ոչ միայն «մի քանի փոր օգտագործված», այլև ֆիզիկական-բարոյական մաշվածության դեպրեսիայի մեջ են, նույնպես փաստ է: Եվ դեռ հարց է, արդյոք մեծն մոդերատորի սկսած այս տրանսֆորմացիաները կկարողանա՞ն ամբողջական տրանսֆորմացիա ապահովել հայաստանյան «ընկերային» կյանքի բոլոր սեգմենտների համար, թե՞ սկսված հետաքրքիր այս գործընթացներն այդպես էլ կվախճանվեն օրորոցում: Գեոքաղաքական խաղի համար` ոչ: Ղարաբաղյան զարգացումների համար` ոչ: ՀՀԿ-ի մեծ օգուտների համար` ոչ: Ժողովրդի, տնտեսության, բարոյահոգեբանական մենթալ պլանի, մարդու, որպես համամարդկային գերագույն ու մեծագույն արժեքի` համակարգային փոփոխումների համար... ցավալիորեն կասկածում ենք:
Թե չէ քաղաքական դասավորության առումով` բոլորն էլ ողջ են ու հետն էլ` կարգին կուշտ. ՀՀԿ-ն` մի քիչ շատ, հարյուրքանիամյա ՀՅԴ-ն՝ մասամբ, ուստի ատամները խրել ՀՀԿ-ի մաշկի մեջ, պոկ չի գալիս, ԲՀԿ-ն փորձում է դեն հրել ՀՅԴ-ի «ատամները», իր «գրավչությամբ» զբաղեցնել նրա տեղը տաշտի և ոչ` շախմատային տախտակի շուրջը, ընդդիմության գրեթե բոլոր թևերը վիրտուոզ խաղում են ՀՀԿ-ի տարբեր թևերի հետ, «դրսից» էլ` ինչ «կտան-կտան», քաղհասարակությունն էլ, ստացած գրանտների «գյորա», պայքարում է հանուն «մեծ» գաղափարների ու ժողովրդավարության:
Հա, համ էլ մարդու իրավունքների համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ