Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվ անցուդարձը չի դառնում ԸՆԹԱՑՔ

Եվ անցուդարձը չի դառնում ԸՆԹԱՑՔ
27.02.2018 | 11:41

Հայաստանում իրադարձությունները զարգանում են տարբեր ուղղություններով միաժամանակ: Արտաքին խնդիրներն առայժմ հետաձգենք: Սկսենք նախագահից: Ապագա: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրեցին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին։ 60 ստորագրություն արդեն կա: «Ելքի» իրավաբանները պատրաստել էին դիմում ՍԴ՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ իրավական խառնաշփոթի հարցով` ո՞ր Սահմանադրությամբ է ընտրվում նախագահը: Պատճառը մամուլում և սոցցանցերի բուռն բանավեճն էր` նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում նոր նախագահի պաշտոնակալության օրը, հետևաբար՝ նախագահը պետք է ընտրվի հին Սահմանադրությամբ: Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում բացատրել էր. «Դիմումով ՍԴ-ից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է ՀՀ նախագահին ընտրել ԱԺ-ում։ Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ»:

ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 21 պատգամավորի ստորագրություն։ Չհավաքվեց` «Ծառուկյան» խմբակցությունը չմիացավ չորրորդ նախագահի ընտրության կարգը ՍԴ-ում վիճարկելու նախաձեռնությանը: Նրանք սահմանադրագետների հետ խորհրդակցեցին ու պարզեցին, որ Սահմանադրության հետ հակասություն չկա: Համենայն դեպս, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ևս ասաց իր խոսքը. «Ես խորհուրդ կտամ շատ ուշադիր կարդալ 211-րդ հոդվածը՝ անցումային դրույթների: 125-րդ հոդվածով կա հիմնական իրավակարգավորում, կա նաև անցումային դրույթ, որոնց էությունն անցումային առանձնահատկություն սահմանելն է: 211-րդ հոդվածում հստակ սահմանված է, որ նախագահի ընտրության կարգն առաջին ընտրության պարագայում իրականացվելու է այս եղանակով: Այսինքն, հստակ սահմանված է, որ նախագահի ընտրությունն առաջին անգամ կատարվելու է Ազգային ժողովի միջոցով»: Արմեն Սարգսյանը հասցրեց լինել Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, հանդիպել պապական պատվիրակ, հայագետ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, Անթիլիասի Արամ Առաջին կաթողիկոսին: Վիեննա գնալուց առաջ ասաց, որ որևէ երկրում քաղբանտարկյալի առկայությունն անընդունելի է և կրկնակի կամ եռակի անընդունելի է Հայաստանում, վերադառնալուց հետո հարցազրույցներ տվեց Հ1-ին ու «Ազատությանը»: Նա տեղով լավատեսություն է: «Ինչու՞ համաձայնեցիք ՀՀ նախագահի առաջարկին» հարցին Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ոչ ասելը դասալքության նման կլիներ»: Եվ հավելել է. «Շատերը կարծում են, որ ՀՀ հաջորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, նրանից սպասելիքներ պետք չէ ունենալ: Կա մյուս ծայրահեղությունը, որ ՀՀ նախագահն ամեն ինչ կարող է: Իրականությունը երկուսի մեջտեղում է»: «Մեծ խնդիր է դրվում 4-րդ նախագահի վրա՝ ձևավորել նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը, խորհրդարանական նոր նախագահի մշակույթ ստեղծել»: Ասում եմ, չէ՞, տեղով լավատեսություն է: Եվ հիմքեր ունի` «Ծառուկյան» խմբակցությունը որոշեց կողմ քվեարկել նրա թեկնածությանը: Առաջին փուլով ընտրության հարցը լուծված է: Գուցե նույնիսկ 105-9 տարբերակով:


Լավատեսություն չկա ՀՅԴ-ում: Պատկերացնու՞մ եք` ինչքան պիտի զայրանա Արմեն Ռուստամյանը, որ ասի. «Մարդիկ կան, որ քնում, զարթնում են և միայն ուզում են տեսնել, որ ՀՅԴ-ն այլևս գոյություն չունի, դարձել է կցորդ, վերացել է: …Իրենց ձեռք չի տալիս ընդունել, որ գոյություն ունի իրենցից ոչ պակաս լուրջ քաղաքական ուժ, որն ունի իր օրակարգը և դրանից չի հրաժարվում: Սա իրենց քաղաքական հաշվարկների մեջ չի տեղավորվում, և զուտ մրցակցային առումով իրենք այդ դաշտը կորցնում են, ուզում են սեփականաշնորհել ամեն ինչ, բոլորը «քըխ են», իրենք «պուպուշ են»: Ո՞րն է զայրույթի պատճառը: Ապագա կոալիցիայի շուրջ ներքաղաքական անցուդարձը, կռվի միջոց դարձել է ռեյտինգային ընտրակարգի հարցը:

ՀՅԴ-ն կարծում է, որ հարցը չի պառակտի կոալիցիան` դա չի բխում իրենց նպատակներից, բայց և 100 տոկոս համամասնականի անցնելուց չի հրաժարվի` մարտավարությունը կփոխի` արագ մերժվելու փոխարեն դանդաղ համոզել ՀՀԿ-ին` առանց «Ծառուկյան» դաշինքին դիմելու: «Իրականության մեջ այդքան էլ կարևոր չէ` անունը կդնենք կոալիցիոն համագործակցություն, թե գործընկերային, մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ՝ հանուն մեր նպատակների և ծրագրերի իրականացման»,- կոմպրոմիսի տեղ է թողել Արմեն Ռուստամյանը: Փորձն իրենն անում է` պաշտոնաբաժանության բուռն փուլում ոչ մեկին պետք չէ նեղացնել:


Բայց նեղացածներ կան: Շատ նեղացածներ: Օրինակ` Արթուր Բաղդասարյանը: Փետրվարի 24-ին պարզվեց, որ ՀՎԿ-ն մեռավ, որ ծնվի ՕԵԿ-ը: Ռեբրենդինգը չստացվեց` գաղափարը գուցե լավն էր, շաղախը չկպավ` վերածնունդը փլուզվեց: ՕԵԿ-ը 15-րդ համագումարում հայտարարեց «Վերադարձ ակունքներին»: Պարտության դեպքում կուսակցությունը փոխում է ղեկավարին, համագումարը միաձայն վերընտրեց Արթուր Բաղդասարյանին` հաստատելով, որ նոր ՕԵԿ-ը մնալու է հին մարդ-կուսակցությունը: Վերլուծե՞լ են սխալները: «ՈՒնեցե՞լ ենք սխալներ մենք մեր գործունեության մեջ՝ իհարկե ունեցել ենք: Ճակատագրակա՞ն են եղել այդ սխալները՝ ես չեմ կարծում: Ազնի՞վ են եղել մեր նպատակները՝ իհարկե ազնիվ են եղել, մենք մտածել ենք համախմբվել, համախմբված պայքարել Հայաստանը այս, մեղմ ասած, խոր փոսից դուրս բերելու համար»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Փաստորեն, սխալներ եղել են, բայց իրենց սխալները չեն:


Եզրակացություններ արե՞լ է ՕԵԿ-ը պարտությունից: Ընտրություններից համարյա մեկ տարի հետո է ՕԵԿ-ը հասկացել, որ «Հայաստանում ոչ թե մրցակցություն է եղել քաղաքական հոսանքների միջև, Հայաստանում մրցակցություն է եղել փողի միջև»: Իսկապես` ինչու՞ հոկտեմբերին կուսակցությունը հավաքեց 21 տոկոս ձայն, 6 ամիս հետո` 4: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե քաղաքական, գաղափարական պայքար, այլ հասարակ գործարք, հասարակության և այն քաղաքական ուժերի, անհատների միջև, որոնք ուղղակի վաճառել են իրենց քվեները»,- բացատրեց Արթուր Բաղդասարյանը, որ այդպես էլ չի հասկացել` ինչու՞ ՀՎԿ-ին թույլ չտրվեց ձայն գնել: Ակունքներին վերադարձող ՕԵԿ-ն ընտրել է ապահով անկյուն` «պայքարելու են երկրում տիրող սոցիալական ծանր վիճակի դեմ, բայց քաղաքական զարգացումներին առայժմ կողքից են հետևելու»։ Թեպետ Արթուր Բաղդասարյանն ինքն ուզում է իշխանափոխություն, բայց ի՞նչ մեղք ունի, որ իշխանափոխության օրակարգ չկա: ՕԵԿ նախագահը ապագա վարչապետ տեսնում է նրան, ում ՀՀԿ-ն կառաջարկի, բայց. «Ես ինքս, որպես քաղաքական գործիչ, կողմ եմ բաց գործընթացներին, ոչ թե, ասենք, լինի, չգիտեմ, Սիմոն Սիմոնյանը, բայց ղեկավարի Աշոտ Աշոտյանը»,-`խելամիտ մեսիջ ուղարկեց ՕԵԿ նախագահը նախագահականին, որ կողմ է Սերժ Սարգսյանին ու դեմ Կարեն Կարապետյանին: ՕԵԿ-ը լինելու է խոսափող հասարակության և որոշում կայացնողների միջև:

Պե՞տք է ևս մեկ խոսափող, երբ բոլորը խոսում են «հիմքում հայրենիքը» ունենալով: Այդպես էլ կոնկրետ որևէ ծրագիր կամ նպատակ ՕԵԿ-ը չբացահայտեց: Ընդհանուր խոսքեր, կրկնվող մեղադրանքներ ու արդարացումներ, նոր` ոչինչ: Փաստացի` Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ին կենդանություն տվեց Հայաստանի 4-րդ Հանրապետության ձևավորման պահին` իշխանության ձևավորմանը հրապարակային մասնակցության հայտ ուղարկելով` արտախորհրդարանական դաշտում նրա աջակիցը լինելու ու 2022-ին ԱԺ վերադառնալու բուռն ցանկությամբ` անցյալի հետ հաշիվները փակած ու նոր սպասումներով լեցուն:
Անցյալի հետ հաշիվները փակված չեն Մարտի 1-ի մասով: Թեպետ անցել է 10 տարի: «Ելքի» հրավիրած խորհրդարանական լսումներում Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ասաց. «Պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները, և ո՛չ էլ հրաման տվողները»: Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարծիքով` Մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ: «Դա դաժան մրցակցություն էր, աններելի մրցակցություն էր՝ երկու կողմից միմյանց նկատմամբ այնպիսի բառապաշարով ու մեղադրանքներով, որը հանրության մոտ չէր կարող չառաջացնել այնպիսի իրավիճակ, որը կբերեր Մարտի 1-2-ի իրադարձություններին»,- ասաց նա, բայց չասաց, թե մեղավորն ով էր:

Նիկոյանն անկեղծ էր, երբ հարցեր էր ուղղում առաջին ու երկրորդ նախագահներին` 10 տարում չպատասխանված հարցեր, ու հայտարարում էր. «Դա բոլորիս խղճի վրայից պետք է դուրս գա, եթե որևէ մեկը սխալ է արել, միտումնավոր է արե՞լ, հանցագո՞րծ է, ուրեմն թող պատժվի որպես հանցագործ։ Թե չէ մենք ապրում ենք այդ ծանր բեռով: ՈՒ շատ դժվար է»: Ակնհայտորեն` այդպես ապրելը բոլորովին դժվար չէր ո՛չ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանի համար, որ ներկայացրեց 10 տարվա աշխատանքը, ոչ էլ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի համար, որ նախօրեին հայտարարում էր` «Քոչարյանին կանչենք, հարցաքննենք, որ ի՞նչ ասի», իսկ լսումների օրը` որ բոլոր հարցերի պատասխաններն ունի: Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց՝ 3 դատախազ է փոխվել, և լավ կլիներ, որ գործող գլխավոր դատախազը գար՝ որոշ հարցեր հստակեցնելու: «Ես չեմ ուզում, որ 11-րդ տարում նույն զեկույցը լսենք, այլ ունենանք գոնե մի փոքր առաջընթաց, ունենանք բացահայտում ինչ-որ հարցում, որը կառողջացնի մեր երկիրը և հնարավորություն կտա, Մարտի 1-ը փակելով, լուծել նաև այն խնդիրները, որոնք մեզ ամեն օր թուլացնում են»,- ասաց նա ու ուշադրություն հրավիրեց 0038 հույժ գաղտնի հրամանի վրա: «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը ներողություն խնդրեց Մարտի 1-ի զոհերի հարազատներից: Հետո հիշեցրեց գործող նախագահի հարցազրույցը, որ քանդել է պետք անվստահության պատը: «ՈՒզում եմ այստեղ բոլոր նստածներին դիմեմ՝ ուզու՞մ ենք այդ անհասկացվածության պատը քանդենք, թե ուղղակի մեր դիրքերում հնարավորինս խրամատավորվում ենք և ուզում այդ խրամատի մեջ մնալ ու հարցերի չպատասխանել»,- հարցրեց նա: Թեպետ պատասխանը ակնհայտ էր: Լսումները վարող Նիկոլ Փաշինյանը ամփոփեց` դատախազությունը հերթական անգամ կոծկեց իրականությունը, և ամբիոնից հնչող նրանց ցավակցությունները այս դեպքում ուղղակի ծաղր են. «2008-ի Մարտի 1-ին և դրանից առաջ ժողովուրդը դուրս է եկել ընդդեմ ապօրինությունների, ընդդեմ անարդարության, ընդդեմ բեսպրեդելի»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հավելեք` «Ժառանգության» վարչության նիստում նախագահ ընտրվեց Արմեն Մարտիրոսյանը և ասաց. «Մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք, ազատության և արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի»: ԱՄՆ վերադարձող Րաֆֆի Հովհաննիսյանից է պաթոսախտով վարակվել: Գերագույն հոգևոր խորհուրդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անդրադարձավ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության իրավիճակին և կարգալույծ չարեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ինչպես ակնկալվում էր, այլ ընդունեց Պոլսո Պատրիարքության Կրոնական ժողովի 2018-ի փետրվարի 9-ի որոշումը` սթափության կոչ ուղղելով` «սեփական ձգտումներից ու միջանձնային հարաբերություններից վեր դասելու և առաջնային նկատելու Կ. Պոլսո Աթոռի շահը՝ ամենայն իմաստությամբ և հանձնառությամբ սրբագրելու արձանագրված սխալ գործընթացները և վերականգնելու խաղաղությունը, միասնությունն ու համերաշխությունը պոլսահայոց ալեկոծյալ կյանքում»: Հավելեք մշակույթի 10-ամյա նախարար Հասմիկ Պողոսյանի ամիսուկեսով նախագահի խորհրդական նշանակվելը: Ապշեցուցիչ շաբաթ էր անցած շաբաթը` 10 տարվա կյանքի խճանկարը հավաքեց ու բեկոր առ բեկոր ապացուցեց` աշխարհում նոր ոչինչ չկա: Երբեմն միայն թվում է, որ փոփոխություններն անխուսափելի են: Իսկ ընդհանրապես ժամանակը կանգնած է, շարժվում են մարդիկ, որ երբեմն գիտեն, երբեմն չգիտեն` դեպի ու՞ր, և պտտվում են փակ շրջանակում` հատելու փոխարեն: Եվ անցուդարձը չի դառնում ԸՆԹԱՑՔ: 21-րդ դարը Հայաստանի՞նն է լինելու: Վազգենը շտապու՞մ էր:

Դիտվել է՝ 2576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ