Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայտարարե՞լ, թե՞ չհայտարարել պատերազմ

Հայտարարե՞լ, թե՞ չհայտարարել պատերազմ
27.02.2018 | 12:09

Փետրվարի 24-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողներին ասուլիսի էին հրավիրել Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը և ակումբի անդամ Աշոտ Թավադյանը: Թեման` Հայաստանի տնտեսությունը 2017-ին` ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում:
Ասուլիսից առաջ Արամ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ հարցրի.

-Ինչու՞ եք որոշել տարեսկզբին ամփոփումներ կատարել:
-Եվրասիական փորձագիտական ակումբը իր անդամ անվանի տնտեսագետներ Աշոտ Թավադյանին ու Թաթուլ Մանասերյանին խնդրել է հունվար-փետրվարին ընթացիկ տնտեսագիտական հետազոտություն կատարել 2017-ին Հայաստանի տնտեսության վիճակի մասին` ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում: Հետազոտության արդյունքները վկայում են, որ 2017-ը Հայաստանի տնտեսության համար եղել է հաջող տարի: Դա չափավոր լավատեսական տրամադրություններ է առաջացնում ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո մեր երկրի տնտեսական, սոցիալական, հասարակական խնդիրների հետագա լուծման իմաստով: Հայաստանի տնտեսությունը ցույց է տվել ԵԱՏՄ-ում ամենաբարձր զարգացման միտումները, տնտեսական ակտիվության աճի ինդեքսը կազմել է 7,7 %, որ ամենաբարձր ցուցանիշն է` համեմատած նույնիսկ 2012-ի 7,2 %-ի հետ: ՀՆԱ-ն անցած տարի կազմել է 5,4 %: Սա նույնպես ամենաբարձրն է ԵԱՏՄ-ում և հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է վերընթաց զարգացման պայմաններում: Մեր երկրում աճել են արդյունաբերությունը, գյուղմթերքների արտահանումը, առևտուրը, վերականգնվել են շինարարության ընդհանուր ծավալները` որոշ փոքր աճ արձանագրելով: Ամենակարևորը` աճել են և արտահանումը, և ներկրումը: Հայաստանի արտահանումն աճել է այնքան զգալի տեմպերով, որ առաջին անգամ հետխորհրդային պատմության մեջ գերազանցել է 2 միլիարդ դոլարը: Մեր տնտեսագետները պնդում են, որ արտահանման հաջող միտումները հիմք են, որ եթե Հայաստանի կառավարությունը արտահանումը խթանելու ջանքեր գործադրի, արտահանումն առաջիկա տարիներին կանցնի 3 միլիարդ դոլարը և արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կգերազանցի 30 %-ը: Այդ պայմաններում միայն հնարավոր կլինի ասել, որ մենք ունենք առողջ տնտեսություն:
-Ինչպե՞ս է Հայաստանի վրա ներգործում Ռուսաստանի տնտեսության վիճակը:
-ՌԴ-ն 2017-ին` դժվարին 2015-ից ու մասնակի դժվար 2016-ից հետո, կանգնեց կայուն զարգացման ճանապարհին: Եվ դա ամենադրական ազդեցությունն է ունենում ԵԱՏՄ տարածքի փոքր պետությունների տնտեսության վրա: Ընդհանուր առմամբ` ԵԱՏՄ-ի համար տարին եղել է հաջող, բոլոր անդամների տնտեսություններն աճի միտումներ են ցույց տվել հիմնական ցուցանիշներով, պակասել է գործազրկությունը: ՌԴ աշխատանքային շուկան շարունակում է ամենագրավիչը մնալ ԵԱՏՄ-ում: Մասնավորապես Հայաստանի համար: Արձանագրվել է տրանսֆերտների աճ 7 %-ով` մեկ միլիարդ 200 միլիոն դոլար: 10 ամսում ՌԴ-ից տրանսֆերտները Հայաստան մտնող բոլոր տրանսֆերտների 63 %-ն են:
-Ձեր նշած փայլուն ցուցանիշների հետ ինչպե՞ս եք համադրում գնաճը:
-Տարվա ընթացքում ինֆլյացիոն գործընթացները եղել են միանգամայն կառավարելի` 1 %-ի շրջանակներում: Շատ ավելի կայուն, քան այն երկրներում, որ ուղղակի ազդում են գնաճի վրա: Հունվարին, օգտվելով նավթի, գազի գնաճից` Հայաստանում եղան որոշ թանկացումներ: Մեր տնտեսագետները պնդում են, որ նույնիսկ գազի ու նավթամթերքների գնաճի պայմաններում հնարավոր էր այդ գնաճը կանխել: Այդ գնաճը ուղղակիորեն կախված չէ մեր արտաքին տնտեսական գործունեությունից: Ես կարծում եմ, որ գնաճը ավելանալու միտումներ չունի և կառավարության գլխավոր խնդիրներից մեկը, 2018-ին առողջացման ընդհանուր միտումների շարքում, լրջորեն հետևելն է հայկական տարադրամի արժեքի տատանումներին և խստորեն կանխելն է ինքնագլուխ թանկացման փորձերը, որ կատարում են անբարեխիղճ տնտեսավարողները:


Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ ԹԱՎԱԴՅԱՆԸ կարծում է, որ ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման աճը։ Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ-արտահանում 30 % հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։ 2017-ին արտահանումն առաջին անգամ գերազանցեց 2 մլրդ դոլարը, կազմելով` 2,2 մլրդ դոլար: 2017-ին ունենք 25 % արտահանման աճ: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից հետո արտահանումը աճեց 50 %: Առաջնահերթ խնդիր է արտահանման բազմատեսականացումը։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ արտահանումը 3 մլրդ դոլարի հասցնելու համար։ Հիմնականում դեպի ԵԱՏՄ շուկաներ 2017-ին աճեց արտահանումը քիմիական և դեղագործական արդյունաբերության (71,4 %), փայտամշակման արտադրության (50,5 %), տեքստիլի և տեքստիլ արտադրության (35 %) և սննդի պատրաստի արտադրանքի (27 %): 2017-ին արտահանումը ՌԴ աճել է 44,6 %: 2017-ին ՀՆԱ-ի աճը գերազանցեց 5 %, նախնական հաշվարկներով կազմելով 5,4 %, որ ավելին է ծրագրված 3,2 % աճից։ Երկրի մրցունակության մակարդակի բարձրացմանը նպաստել են ԵԱՏՄ-ի հետ մաքսատուրքերի վերացման համաձայնագրի ստորագրումը, ընթացակարգերի պարզեցումը՝ արտահանման արտոնագրերի ձևակերպումից և ստացումից մինչև մաքսային ձևակերպում, ռուսական ռուբլու կայունացումը` 2016-17-ին ռուբլին ամրացել է 22,5 %-ով, նույնքանով էլ բարձրացել է Ռուսաստան արտահանողների հասույթը արտարժույթով, գազի գների իջեցումը։ Հայաստանը գազ ստանում է 1000 խորանարդ մետրը 150 դոլարով և տարեկան սպառում է 2 մլրդ խորանարդ մետր գազ (2017-ին` 1,996 մլրդ խմ, աճ 7 %), էֆեկտը կազմում է 70 մլն դոլար։ ԵԱՏՄ-ի պայմանագիրը ստորագրելիս գազի գինը 400 դոլար էր 1000 խորանարդ մետրի դիմաց, Հայաստանի համար գինը 270 դոլարից իջեցվեց մինչև 189 դոլար։ Դրական ազդեցություն է ունեցել կառավարության որոշումը՝ 1/3-ով իջեցնել գազի գինը ջերմոցային տնտեսությունների և վերամշակող արդյունաբերության համար։

Էներգառեսուրսները արտադրանքի ինքնարժեքի մոտ 30 %-ն են, և գյուղտնտարտադրանքի ինքնարժեքն իջեցվեց 10 %-ով, որ նույնպես բարձրացրեց արտադրանքի մրցունակությունը։ Իրենց դերն ունեցան ՌԴ պատասխան պատժամիջոցները` ընդլայնելով ԵԱՏՄ երկրներից ՌԴ արտահանման հնարավորությունները։ Ավելացել է նաև ԵՄ արտահանումը։ Գունավոր մետաղների հանքաքարի, ալյումինի թերթերի, ֆերոձուլվածքի արտահանումը կազմում է դեպի ԵՄ արտահանման բացարձակ մեծությունը։ Պղնձի գինը 2016-17-ին բարձրացել է՝ 4400 դոլարից հասնելով 7000-ի՝ մեկ տոննայի դիմաց։ Մետալուրգիական հանքի արդյունահանումը 2017-ին աճել է 13,2 %, պղնձի խտանյութի արտահանումը աճել է 32 %: Ըստ ԵՄ փորձագետների` GSP+ համակարգի գնահատականով՝ Հայաստանը 2016-ին 8,7 մլն դոլար է խնայել։ ԵԱՏՄ արտահանման պարագայում արտահանողները խնայել են մոտ 60 մլն դոլար։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընդդիմախոսները նշում են, որ Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կրճատվել է 8 %-ով, պետական պարտքն ավելացել է 10 %-ով։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով` 2015-16-ին գրանցվել է Հայաստանի ՀՆԱ-ի աճ, 2017-ին` էական աճ։ ՀՆԱ հաշվարկը՝ կապված դոլարի փոխարժեքի փոփոխության հետ, կոռեկտ չէ և այս կամ այն ինտեգրացիոն համաձայնագրի հետևանք չէ: ՌԴ-ից ստացել ենք խիստ նպատակային վարկեր։ Երկու արտոնյալ վարկ՝ 300 մլն դոլարի չափով, ուղղվել են պաշտպանունակության ամրապնդմանը։ Հայաստանը ՌԴ-ից նաև 270 մլն դոլար և 30 մլն դոլար նպատակային վարկ է ստացել՝ որպես դրամաշնորհ` ատոմակայանը արդիականացնելու և շահագործման ժամկետը երկարացնելու համար։ 2017-ի 9 ամիսներին Հայաստան է այցելել 1,172 հազար զբոսաշրջիկ` նախորդ տարվա համեմատ 21 %-ով ավելի: Տրանսֆերտները դեպի Հայաստան 2016-ին եղել են 1,382 մլն դոլար, 2017-ի նախնական տվյալներով` 1,489 մլրդ դոլար: Գրանցվել է 7 % աճ` հիմնական տրանսֆերտները ստացվում են ՌԴ-ից` 63 %, ԱՄՆ-ից` 14 %, ՈՒկրաինայից` 5,5 %: Աշոտ Թավադյանը անհրաժեշտ է համարում համաձայնեցնել ԵԱՏՄ տնտեսական քաղաքականության գերակայությունները, հստակ սահմանել նպատակները, ձևավորել տնտեսության զարգացման նոր մոդել, կանխատեսել արդյունքները։ Նրա գնահատականով` չափազանց կարևոր է տնտեսական քաղաքականության (հատկապես դրամավարկային և հարկաբյուջետային) արձագանքը տնտեսական անվտանգության խախտման ֆիքսվող ազդակներին՝ ՀՆԱ անկում, առևտրային հաշվեկշռի պակասուրդի ավելացում, գնաճ։ Արտաքին բացասական ազդեցություններին դիմակայելու ունակությունը կարևոր նշանակություն ունի ներդրումների ներգրավման համար։ Հարկավոր է օգտագործել ԵԱՏՄ պայմանագրի բոլոր հնարավորությունները՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար։ Հրատապ խնդիր է, նկատի ունենալով ՌԴ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքը և ԵԱՏՄ պայմանագրի 4-րդ հոդվածը, ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին, ռազմավարական օբյեկտների կոոպերացման և արդիականացման ճանապարհային քարտեզի մշակումը։ Հրատապ են ԵԱՏՄ երկրների ստանձնած պայմանագրային պարտավորությունների հստակ կատարումը, մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացումը, առաջին հերթին՝ համաձայնեցումը գնաճի և ազգային արժույթների փոխարժեքի հարցում և անցումը ազգային արժույթով փոխհաշվարկների։ Չափազանց կարևոր են նաև կոռուպցիային դիմակայելու ծրագրերի մշակումը և հատկապես իրականացումը։ Հարկ է լուծել մաքսային խնդիրները և էներգառեսուրսների գների ազատականացման և կոորդինացման հետ կապված հարցերը ԵԱՏՄ-ում։


soyuzinfo.am կայքում հրապարակված հոդվածում Եվրասիական փորձագիտական ակումբի մեկ այլ անդամի` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ գնահատականով 2017-ը Հայաստանի տնտեսության համար հաջող էր թե՛ ներքին միտումների տեսանկյունից, թե՛ ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացների խորացման: Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ պաշտոնական վիճակագրության, 2017-ին 2016-ի համեմատ աճել է 7,7 %-ով, որ տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշն է:
Տնտեսական ակտիվության բարձր աճն ապահովվել է արդյունաբերության հաշվին, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 12,6 % -ով` 1 660,9 մլրդ դրամով, առևտրի ծավալը՝ 14 % -ով, 2 602,1 մլրդ դրամով, ծառայությունների աճը 14,4 % -ով, հասնելով 1,453,5 մլրդ դրամի, շինարարության ոլորտի վերականգնման հաշվին` 2,2 % -ով, հասնելով մինչև 415,8 մլրդ դրամի: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 3 % -ով` կազմելով 906,7 մլրդ դրամ: Որոշ ապրանքատեսակների ու արտադրական ապրանքների արտահանման աճը զգալիորեն աճել է, հատկապես դեպի ԵԱՏՄ երկրներ:

Միայն դեպի Ռուսաստան գինու արտահանման առումով գրանցվել է ռեկորդային աճ: Վերջին տարիներին հայկական գինու արտահանման 80 %-ը (1 միլիոն լիտր) կազմել է ռուսական շուկան, արտահանումը ՌԴ` 68,1 %: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տարիներին ՌԴ արտահանման ընդհանուր ծավալը աճել է ավելի քան 250 % -ով: 2017-ին Հայաստանը արտահանման ռեկորդային ծավալ է ապահովել՝ 2,242,2 մլն դոլար (անցյալ տարվա համեմատ աճել է 25,2 % -ով, որ վերջին 5 տարվա ամենաբարձր աճն է): Ներմուծումը կազմել է 4 182,7 մլն դոլար (նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 27,8 %): Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2017-ի վերջին կազմել է 6 425,6 մլն դոլար (նախորդ տարվա համեմատ աճը` 26,9 %): Ըստ ԱՎԾ-ի, Հայաստանն ավելացրել է արտահանումը ԱՊՀ երկրներ 40,3 % -ով, ինչը բացարձակ արժեքով կազմել է 579,5 մլն դոլար: ՌԴ արտահանման ծավալը կազմել է 541,5 մլն դոլար (մինչեւ 44,6 %), ՈՒկրաինա՝ 10,45 դոլար, Թուրքմենստան` 6 մլն դոլար (մինչև 5,7 %), Ղազախստան` 4,9 մլն դոլար (1,2 %), Բելառուս` 6,9 մլն դոլար (անկումը 48,3 % -ով) և դեպի այլ երկրներ` 9,6 մլն դոլար (աճը՝ 52,2 %): Արտահանումը ԵՄ երկրներ ավելացել է 32,2 %-ով և կազմել 633 մլն դոլար: Արտահանման ծավալների աճ է արձանագրվել 2017-ին` Բուլղարիա՝ 286,2 մլն դոլար (մինչեւ 87,8 %), Գերմանիա` 132,4 մլն դոլար (նվազել է 4,7 %-ով), Նիդերլանդներ՝ 90,7 մլն դոլար, 78,5 %, Դանիա` 3,4 անգամ, Հունգարիա` 2,1 անգամ, Մեծ Բրիտանիա` 3,1 անգամ, Կիպրոս` 4 անգամ, Շվեդիա` 5,2 %, Իսպանիա` 13 անգամ, Ֆինլանդիա` 11,7 անգամ: Դեպի այլ երկրներ Հայաստանն արտահանել է 1,030,2 մլն դոլարի ապրանք, որ 14,5 % -ով ավելի է, քան 2016-ին: Վրաստան արտահանվել է 155,2 մլն դոլարի ապրանք (5,6 % աճ), Շվեյցարիա` 269,3 մլն դոլար (աճը` 3,6 անգամ), Չինաստան` 123,7 մլն դոլար (28 %), Իրաք` 120,9 մլն դոլար (12,3 % անկում), ԱՄԷ` 102,8 մլն դոլար (61,1 % աճ), Իրան` 84,1 մլն (աճը` 11,8 %), ԱՄՆ` 68,4 մլն (76,5 % աճ): Ըստ ԱՎԾ-ի, ներմուծումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 27,8 % -ով` կազմելով 4 182,6 մլն դոլար: Արտաքին առևտրի շրջանառությունն ավելացել է, անկախացումից ի վեր հասնելով ռեկորդային ցուցանիշի` 6425500000 դոլար (26,9 % աճ): Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրել գնաճի տեմպերը մեղմելու ուղղությամբ: 2017-ի հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է 1 % գնաճ:

Դա տարածաշրջանում ամենացածր գնաճն է: Ըստ ԱՎԾ-ի` սպառողական գները Հայաստանում 2017-ի դեկտեմբերին 2016-ի դեկտեմբերի համեմատ (12-ամսյա գնաճի) աճել է 2,6 % -ով, ընդ որում՝ պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 5,3 %, ոչ պարենային ապրանքների գները՝ 1,7 % -ով, իսկ սակագների և ծառայությունների գները` 0,5 %-ով: Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով վառելիքի գնի բարձրացումը չպետք է հանգեցնի այլ ապրանքների գների բարձրացմանը: Ըստ ԱՎԾ-ի, 2018-ի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և լիցքավորման համար նախատեսված գազի գները վերջին մեկ ամսում աճել են 5,4 % -ով, 16,3 % և 11,8 %, 2017-ի հունվարի համեմատ տատանվելով՝ 28,7 %-ով, 37,3 %-ով և 10,9 %-ով: Միջազգային շուկայում կարագի գներն աճել են, Հայաստանի ներքին շուկայում, գների նվազման պայմաններում, շարունակում են մնալ բարձր:

Հ.Գ. Չգիտեմ` թվերից ու թվարկումից ով ինչ հասկացավ, բայց լրագրողի ու միջին վիճակագրական հայի իմ արդեն պատմական դարձող փորձը վկայում է և ԱՎԾ-ի պաշտոնական տվյալների, և տարատեսակ հետազոտությունների, մեղմ ասած, սլացիկ տարբերությունը իրական կյանքից: Թղթի վրա ամեն ինչ հարթ ու սահուն է, բայց այդ կաթն ու մեղրը կենսամակարդակն ու կյանքի որակը չեն բարձրացնում, հակառակը` գրպանիցդ հանում են «սև օրվա» փողերն էլ: Առավել ևս, որ այդ փողերը հանվում են նաև պետության գրպանից, որ կարող էր դառնալ նոր աշխատատեղ, նոր արտադրություն, աշխատավարձի բարձրացում: Ասուլիսում Աշոտ Թավադյանն ընդունեց, որ ԵԱՏՄ-ում, չնայած նվազմանը, դեռ կան սուբյեկտիվ գործոններ, օրինակ` կոռուպցիա: «Տնտեսական անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ կարող են լինել ամենուրեք և կան, տնտեսական պատերազմներ վարվել և վարվում են նաև ԵԱՏՄ ներսում»,- ասաց Արամ Սաֆարյանը և ընդգծեց, որ դա անթույլատրելի է, պետությունները շարունակելու են ձեռնարկել համատեղ քայլեր։ Աշոտ Թավադյանն առաջարկեց օգտագործել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները և դատարանի գործոնը` նշելով, որ ոչ մի հայ գործարար դեռ ԵԱՏՄ դատարան չի դիմել: Արամ Սաֆարյանը կարծում է, որ բոլոր խոչընդոտները կարող են լուծվել բանակցությունների, ԵԱՏՄ հանձնաժողովի հետ կառավարությունների երկխոսության արդյունքում: «Չեմ կարծում, թե դրանք այնքան դրամատիկ երևույթներ են, որ արժի խոսել պատերազմ հայտարարելու ոճով»,- ասաց նա: Գուցե և այդպես է, բայց եթե դու չես հայտարարում պատերազմ կոռուպցիային, անբարեխիղճ մրցակցությանը, ԵԱՏՄ-ում սեփական տնտեսական օրենքների ընդունմանը, պատերազմ հայտարարում են քեզ:


Հարցազրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ