Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մենք կարող ենք դուրս գալ փակուղուց

Մենք կարող ենք դուրս գալ փակուղուց
27.02.2018 | 12:44

(Նախորդ մասը)

Ո՛չ մի անդրադարձ չի կատարվում երկրի կյանքի լրջագույն խնդիրներին: Իսկ դրանք բազմաթիվ են կյանքի բոլոր ոլորտներում, և դրանցից յուրաքանչյուրին անդրադարձը, անգամ ամենաբարձր պաշտոնյայի կողմից, առ ոչինչ է, եթե դրանք հանրային քննարկման առարկա չեն դառնում, եթե դրանց վերաբերյալ պատկերացումների, կարծիքի ձևավորմանը, առավել ևս գործունեության ծրագրերի մշակմանը չեն ներգրավվում համապատասխան ոլորտների մասնագետներ, փորձագետներ, հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացիների խմբեր ու անհատներ:


ՀՀ իշխանությունները լայնորեն գովազդեցին Եվրամիության հետ մեր երկրի գործընկերության պայմանագրի ստորագրումը: Ինչպես և սպասվում էր, այն ներկայացվեց որպես նոր տնտեսական հնարավորությունների դրսևորման երաշխիք: Մենք արդեն փորձում ենք մեր ուսերին առնել ԵԱՏՄ-ն ԵՄ-ի հետ կապող օղակի և դրանից բխող առավելությունները վաստակողի դափնիները: Եվրամիությունը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, և փոխադարձ տնտեսական հետաքրքրությունները բավարարելու համար կապող օղակ կարող ենք դառնալ մե՞նք: Մյուս կողմից, մենք նույն կերպ պահանջված ենք լինելու ԵԱՏՄ անդամ, ինչպես նաև մեր հարևան այն երկրների կողմի՞ց, որոնք ԵՄ-ի հետ տնտեսական մերձեցման ճանապարհներ են փնտրում: Մի բան, որ լիովին տեսական մտավարժանք է: Նման բնույթի բաներ մեր իշխանությունները շատ անգամ են հայտարարել և դրանց ձախողման մասին այսօր չեն էլ հիշում:


Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ ԵՄ-ի հետ գործընկերության այս համաձայնագիրը մեզ ոչ թե բաց դռներ է խոստանում, որոնցով ոչ միայն մենք ենք անցնելու, այլև տանելու ենք նաև ԵԱՏՄ մեր գործընկերներին, մեզ հետ տնտեսապես, քաղաքականապես գործակցել ցանկացող հարևաններին և ոչ միայն: Մի՞թե հնարավոր չէ և հակառակը: Այս գործակցությունը ոչ թե համագործակցության նպատակ ունի, այլ մի գործակցությունը մյուսներին հակադրելու: Չէ՞ որ մենք ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Արևմուտքն ու Արևելքը, ավելի կոնկրետ՝ Ամերիկան, Եվրամիությունն ու Ռուսաստանը, ոչ թե կամուրջներ են գցում միմյանց հետ բարեկամանալու, այլ այրում են դրանք: Եվ արդյո՞ք ավելի հավանական չէ, որ մեր երկիրը կդառնա ոչ թե այդ միավորումների ազդեցությունների ներդաշնակեցման հարթակ, այլ մրցակցության և դուրսմղման: Ինչպիսի՞ն կլինեն մեզ համար դրանց հետևանքները: Այդ դեպքում մենք ի՞նչ ենք անելու երկիրը նորանոր ցնցումներից պաշտպանելու համար: Կամ կարո՞ղ ենք արդյոք: Երկիրը, որն ինքն ի վիճակի չէ հենց իր հարաբերությունները կարգավորելու իր անմիջական հարևան բարեկամ երկրի հետ, արդյո՞ք կարող է միջնորդի դեր ստանձնել երրորդ երկրի համար:


ՀՀ ներկա իշխանությունների թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը ոչ մի կասկած չի հարուցում առ այն, որ կառավարվում է դրսից: Որտեղի՞ց է կառավարվում մեր իշխանությունը: Հասարակության, փորձագիտական, քաղաքագիտական շրջանակների մի մասը ներկայացնում և հիմնավորում է այն տեսակետը, որ մեր իշխանությունները կառավարվում են Հյուսիսից, մեր ռազմավարական գործընկերոջ կողմից: Որ այդ փաստն առկա է, ոչ մի կասկած չի թողնում այն գույքային էքսպանսիան, որ իրականացնում է ՌԴ-ն մեր երկրում: Այն «Գազպրոմ-Արմենիայով» մուտք գործեց մեր տնտեսություն, այնուհետև կուտակվող պետական պարտքերի դիմաց ամբողջությամբ վերցրեց այդ նույն ընկերության հայկական կողմի բաժնեմասը, ապա՝ գործարաններ, ապա՝ Սևան-Հրազդան հիդրոկասկադը, ապա՝ կոնցեսիոն կառավարման համար նրանց տվեցինք երկաթուղին, այնուհետև ատոմակայանը: Ամեն անգամ, երբ մեր բանակի համար զենք-զինամթերք գնելու անհրաժեշտություն է առաջանում, մեր խնդրանքով ձևակերպվում է միջպետական պայմանագիր վարկ տարամադրելու վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ ՌԴ-ի պահանջով մենք մեկ օրվա ընթացքում հրաժարվեցինք Եվրամիության հետ կնքվելիք համապարփակ գործընկերության վերաբերյալ պայմանագրից և մտանք ԵԱՏՄ: Կարծում եք՝ սա լու՞րջ է:
Անդրադառնանք մեր թշնամուն զենք վաճառելու ՌԴ-ի գործելակերպին: Փաստ է, որ մեր իշխանությունները չեն կարողանում դրան հակազդել: Դա չի նշանակում, թե հակազդման հնարավորություն չկա: Ոչ: Դա նշանակում է, որ մեր իշխանությունները հակազդման իրենց բոլոր հնարավորությունները հանձնել են մեր ռազմավարական գործընկերոջը: Որպես իրենց անօգնականության արդարացում նրանց կողմից հնչում է տեսակետ, թե մի բան էլ լավ է, որ Ադրբեջանը ՌԴ-ից է զենք գնում: Դա նրանց որոշակի կախվածության մեջ է դնում ՌԴ-ից: Սա հենց մեր իշխանության անօգնականության ամբողջական ապացույցն է: Հակառակ պարագայում, եթե մենք կարողանայինք համաձայնության գալ մեր ռազմավարական գործընկերոջ հետ, որ նա զերծ մնար մեր թշնամուն զենք վաճառելուց, Ադրբեջանը ստիպված կլիներ զենք գնել մեկ այլ երկրից, բայց կրկնակի-եռակի թանկ, կամ, որ նույնն է, կրկնակի-եռակի քիչ: Բացի այդ, ՌԴ-Ադրբեջան միջպետական հարաբերություններն այդքան ջերմ չէին լինի:


Մյուս կողմից, մեր ռուսամետ քաղգործիչները պնդում են, թե ՀՀ իշխանությունները ոչ մի առիթ բաց չեն թողնում Արևմուտքի առաջ ռևերանսներ անելու, լինի դա ՆԱՏՕ-ի ծրագրերին խաղաղապահ ուժերով մասնակցությունը, անգամ՝ զորավարժություններին մասնակցելու նրանց պատրաստակամությունը, Եվրամիության հետ քաղաքականապես, տնտեսապես ավելի սերտ համագործակցության հակվածությունը: Դրան ապացույց՝ վերջապես կնքված ԵՄ-Հայաստան գործակցության պայմանագիրը: Իսկ մինչ այդ, այսինքն, պայմանագրի կնքմանն արժանանալու համար մենք ինչպիսի՛ օրենքներ անցկացրինք Ազգային ժողովում՝ իշխանության հենարան կուսակցությունը ներկայացնող պատգամավորական մեծամասնության անվերապահ օժանդակությամբ: Գենդերային հավասարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, ընտանեկան բռնության դեմ ուղղված և այլն: Հասարակական գիտակցության այն ձևերը, որոնք ներդրվում, արմատավորվում և պահանջվում են այսօր մեզանում, ոչ թե նպաստում են ժողովրդին ու երկիրը որպես ազգ ու հայրենիք կապելուն, միավորելուն, այլ բաժանում, հեռացնում են միմյանցից: Ազգային, հասարակական հավաքական գիտակցությունը տրոհում են խմբայինի՝ դասային, սեռային, կլանային, կուսակցական, կրոնական, բարոյական և բազմաթիվ այլ հայտանիշներով և դրանք հակադրում միմյանց՝ մեկի շահը մյուսի անհաջողության գրավական դարձնելով: Մեր հասարակության գլխին են փաթաթում ազգային կեցության հետ անհամատեղելի արժեքներ, որոնք ներսից խարխլում են ազգը, փշրում ազգային նպատակների համայնապատկերը:
Ճիշտ է, ոչ ոք չի կարող ժխտել, որ նախքան ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագրի կնքումն էլ Արևմուտքն ուներ իր ազդեցության լծակները և վարպետորեն կիրառում էր դրանք մեր իշխանությունների վրա, սակայն այդ մի քայլն արդեն օրինականացրեց հարաբերությունների հաստատված ձևաչափը: Դրանք գործընկերային չեն եղել և չեն էլ լինի: Դրանք վերահսկման և կառավարման հարաբերություններ են ԵՄ-ի համար: Իսկ մենք, որ մինչ այդ մեկի ծառան էինք, այժմ արդեն երկու տեր ունենք:


Մենք՝ որպես պետություն, պետականություն ոչ մեկի համար հետաքրքրություն չենք ներկայացնում, եթե ինքներս մեզ համար այն չենք գնահատում: Անվերահսկելի կոռուպցիան ու ժողովրդի թալանը, որ թույլատրվում են մեր իշխանություններին, նրանց վերահսկելի պահելու լավագույն միջոցներն են, որոնք լավագույնս են օգտագործում դրսից մեզ կառավարողները:


Եթե մենք, կախարդական փայտիկի միջոցով, հենց վաղը հայտնվեինք Եվրամիության կազմում, ապա ոչ հաջորդ տարի, ոչ էլ դրանից մի քանի տարի հետո մեր կյանքի որակը չէր լավանալու: Կվատանար, կվատթարանար նույն կերպ և նույն տեմպերով, ինչպես այն տեղի է ունենում այժմ, երբ մենք ԵԱՏՄ-ի կազմում ենք: Ինչու: Իհարկե հարցադրողների և պատասխանողների մեծ մասը, եթե ոչ բոլորը, գիտի և հասկանում է, որ մեր կյանքի որակի իրական պատճառները դրսում չեն: Դրանք՝ այդ պատճառները, մեր երկրում են, մեր քաղաքական, տնտեսական, հասարակական կառուցվածքում, այսպես ասած՝ համակարգում:
Ի՞նչ կարող ենք անել: Հասկանա՛լ, որոնք են մեր իշխանությունների իրական գործելակերպն ու նպատակները, մեկընդմի՛շտ հասկանալ, որ նրանց գործելաոճը չի փոխվելու անկախ ժողովրդագրական, տնտեսական, հասարակական ճգնաժամերի խորացումից, ճանաչել այն ծուղակները, որոնք նրանք դնում են հասարակական մտածողության արահետներում ու մայրուղիներում: Պետք է միանգամայն պարզորոշ պատկերացնել, որ երկրի վիճակի, բնակչության կյանքի որակի դրական տեղաշարժերի որևէ հույս չի կարելի փայփայել, քանի դեռ այս իշխանություններն իրենց ձեռքում են պահում երկրի կառավարման ղեկը: Պետք է հասկանալ և հավատալ, որ անփոխարինելի մարդիկ չկան՝ հատկապես իշխանությունում: Անկախ վաստակի կամ մասնակցության չափից, որ նրանք բերել են մեր պետականության կայացման կամ այդ նույն պետականության հիմքերը քանդելու գործում: Դա նշանակում է, որ եթե մենք մտադիր ենք թույլ չտալ կործանել երկիրը, մենք պետք է պահանջենք իշխանությունների փոփոխություն: Եվ դա պետք է ներկայացնել ու հասկանալ որպես մեր սահմանադրական իրավունքի իրականացման գործողություն, թույլ չտալ պիտակներ կպցնել (օտար ուժերին ծառայելու, երկրի ապահովությունն ու խաղաղությունը վտանգելու, իշխանությունների հայրենանվեր աշխատանքը թերագնահատելու, միջազգային հանրության առաջ երկրի իմիջը վարկաբեկելու): Եվ այդ համազգային կարևորության գործում հաջողության հասնելու ժողովրդի հնարավորությունը կախված է այն ճանապարհից ու միջոցներից, որոնք պետք է ընտրվեն այդ գործընթացը սկսելու և ավարտելու համար:
Ովքե՞ր են անելու: Դրդապատճառներ՝ այդ գործում ներգրավվելու, ունեն բոլորը: Անգամ սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք պարզապես երազում են, որ իրենց պատմական հայրենիքը լինի ուժե՛ղ, զարգացո՛ղ, առո՛ղջ հասարակությամբ երկիր, որտեղից ո՛չ ոք չի ուզենա հեռանալ և ո՛չ մի պատրվակով, ո՛չ մի ուղղությամբ: Նրանցից ոմանք փորձեցին իրենց վերածնված հայրենիքում «գործ դնել»՝ հայրենիքի հետ կապը ամրացնելու թաքուն կամ առերևույթ մտադրությամբ, ոմանք՝ իրենց գործունեությամբ ինչ-որ կերպ սատար կանգնելու ցանկությամբ: Նրանցից շատերը խաբվեցին տեղական իշխանությունների կամ իրենց տեղացի գործընկերների կողմից, կորցրին ներդրած միջոցներն ու դառնացած լքեցին հայրենիքը: Կամ թե նրանք, որոնց ամենամյա հանգանակությունների շնորհիվ հսկայական միջոցներ են հոսում դեպի Հայաստան ու Արցախ: Մեր անկախության տարիներին արտագաղթած հայրենակիցները, որոնք, չդիմանալով բազմատեսակ զրկանքներին ու հարստահարմանը, գործազրկությանն ու անօրինականությանը, հեռացան երկրից, որպեսզի կարողանան իրենց ու իրենց ընտանիքների համար ապրուստի միջոց վաստակել: Առավել քան հիմնավոր ու պատճառաբանված կարող է լինել մեր այն հայրենակիցների մտադրությունը՝ անկողմնակալորեն ներգրավվելու այդ գործընթացում, որոնք դեռևս չեն լքել հայրենիքը կամ ընդհանրապես լքելու մտադրություն չունեն, որոնք ամենօրյա, ամենժամյա զրկանքների գնով դեռևս կարողանում են իրենց կեցությունը հոգալ այս երկրում: Կարողանալ հոգալ կեցությունը չի նշանակում, թե կարողանում են ապահովել իրենց ու իրենց ընտանիքի անգամ նվազագույն պահանջները: Շատ դեպքերում դա ծայրը ծայրին հասցնել էլ չէ: Այդ մարդիկ, ընտանիքները անընդհատ սեղմում են իրենց գոտիները՝ կրճատելով և՛ սննդակարգը, և՛ նյութական մյուս պահանջները, առողջապահական ծառայություններին դիմում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այս մարդկանց մեջ մեծ թիվ են անապահով ընտանիքները, բնակարանային խնդիրներ ունեցողները, նպաստի ու թոշակի հույսին մնացածները: Եվ նրանց թիվը տարին տարվա վրա ավելանում է: Իշխանությունների տնտեսական ձեռքբերումները, ներդրումային բումերը, գործարար ակտիվության և այլ հնարովի ցուցանիշների բարելավման զեկույցները նրանց չեն կերակրում: Դրանք խաղ են, որի պարագծի մեջ «ժողովրդի կենսամակարդակ» հասկացությունը ներառված չէ: Այնպես որ, հասարակության այս ստվար շերտը իշխանափոխության գործընթացում ներգրավելը առավել քան կարևոր է: Անգամ նրանք, որոնք միջին, փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են և դեռևս կարողանում են նավարկել հարկային, մաքսային փոթորկուն ծովում, շահագրգիռ են երկրում իրավիճակը փոխելու հարցում: Այս կերպ շարունակվելու դեպքում, երբ անկանխատեսելի են հարկերի, տուրքերի չափերն ու փոփոխման պարբերականությունը, իսկ դրանք փոփոխվում են միայն դեպի խստացում և բարձրացում, ջրի երեսին մնալու նրանց շանսերն էլ են ձգտում զրոյի: Հարաբերականորեն անտարբեր կարող են լինել միայն նրանք, ովքեր ներկայացնում են խոշոր բիզնեսը, օլիգարխիան և գտնվում են իշխանությունների հատուկ հոգածության տակ: Նրանց գործը համակարգվում է բոլորովին այլ օրենքներով ու սկզբունքներով:


Բանակի և «Ազգ-բանակի» մասին: Առաջին հայացքից էլ պարզ է, որ այդ երկու երևույթների համադրումը կենսունակ է, եթե կենսունակ են բաղադրիչները: Այդ բաղադրիչներն են ազգը և բանակը: Ինչպես ազգի, այնպես էլ բանակի հիմքում ժողովրդագրական, եթե ոչ կայուն աճը, ապա գոնե կայունությունն է: Մնացա՞ծը: Ինքներդ դատեք:


Բանակին վերաբերող տեղեկատվությունը խիստ սահմանափակ է, այդ պատճառով մեր տեղեկացվածության աստիճանը նույնպես բարձր չէ: Այն, ինչ գիտենք, միայն պաշտոնական տեղեկատվության ներկայացրածն է, այսինքն՝ այն, ինչ սպրդում է այդ տեղեկատվության հետ, և այն, ինչ բանակի հետ առնչվողներն իրենց մաշկի վրա են զգում: Գիտենք, որ բանակի նյութապահովության գործընթացը թափանցիկ չէ, և որ միջնորդների առկայությունը բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում գնումների իրականացման գործում: Վկան՝ այն աղմկահարույց բացահայտումները, որոնց տեղյակ է նաև հանրությունը: Ժամկետային զինծառայողների նյութական ապահովության վիճակի բավարար տեղեկություն կարող է տալ յուրաքանչյուր զինծառայողի ծնող: Չէ՞ որ ինքն է որոշակի պարբերականությամբ հոգում այդ ծախսերը՝ հանդերձանքից սկսած, որքան էլ բանակային ղեկավարությունը հայտարարի, թե զինվորը բանակում խնդիր չունի: Մյուս կողմից՝ մենք լիովին անտեղյակ ենք, թե ինչ պարբերականությամբ, ինչ մակարդակով են կատարվում բանակը զինտեխնիկայով ու զինամթերքով ապահովելու աշխատանքները: Չգիտենք, թե ինչ ծավալներով են դրանք արտահայտվում բանակի բյուջեում, ինչ օրինապահությամբ են իրականացվում այն ծախսերը, որոնք արտացոլվում են այնտեղ: Զինտեխնիկայի վիճակի ու զինամթերքով ապահովվածության մասին դատում ենք ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայտնի դարձածից: Եվ այդ դատողությունները մխիթարական չեն: Մի բան տեսանելի է, որ մենք զինտեխնիկայի թարմացման, համալրման կամ պարզապես նախատեսված անհրաժեշտ ինչ-որ բան ձեռք բերելու համար պարբերաբար դիմում ենք վարկերի օգնությանը: Մեր ռազմավարական դաշնակցից ձեռք բերվող խմբաքանակների համար ձևակերպվում են միջպետական վարկեր, որոնց համար մի դեպքում վճարել ենք գույքով, մեկ այլ դեպքում այն ներկայացել է անհասկանալի պարտքի տեսքով, ինչի հետևանքով թանկացել է որոշակի ծառայության՝ ներքին սպառողին մատակարարելու գինը: Այս դեպքում էլ մենք զրո տեղեկություն ունենք, թե որ ստորաբաժանումների որ զինատեսակի պահանջարկը ինչ ծավալով է բավարարվում: Իսկ որ դրանք կարելի է ներկայացնել հանրությանն առանց պատռելու բանակային գաղտնիության քողը, հիմնավորելու կարիք չկա: ՌԴ ԳԳՀ-ն անգամ հեռուստատեսությամբ, անվտանգության խորհրդի նիստի ժամանակ անձամբ ներկայացնում է թվեր, թե ինչ ժամանակահատվածում ինչ զորատեսակների ինչպիսի սպառազինություններ ինչ հարաբերակցությամբ են նորացվել:

(շարունակելի)

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3173

Մեկնաբանություններ