«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Եթե Թուրքիան Աֆրինում բախվի սիրիական զորքերին, հակամարտությունը կարող է վերաճել ռուս-թուրքականի

Եթե Թուրքիան Աֆրինում բախվի սիրիական զորքերին, հակամարտությունը կարող է վերաճել ռուս-թուրքականի
27.02.2018 | 12:49

Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության 36 օրերին զոհվել է Սիրիայի 187 խաղաղ քաղաքացի, վիրավորների թիվը հասնում է 560-ի: Այս մասին օրերս տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության աղբյուրը: Վերջինս հաղորդել է նաև, որ Ջենդերես բնակավայրի շրջակայքում թուրքական ուժերի և քրդական ջոկատների միջև կատաղի մարտեր են ընթանում:


ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, սիրիական մամուլը հաղորդել է նաև, որ Աֆրինի դեմ Թուրքիայի բանակի հարձակման պատճառով ծանր վնաս են կրել խաղաղ քաղաքացիների տները և այդ քաղաքի ենթակառուցվածքները: Ինչպես տեղեկացրել է «Interfax»-ը` հղում կատարելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի վրա, թուրք զինվորականները Աֆրինում սկսված գործողությունների սկզբից ոչնչացրել են քուրդ և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2059 զինյալի: Թուրքիան Սիրիայի տարածք իր ներխուժումն ավելի հիմնավորելու նպատակով, Աֆրինի նկատմամբ գործողությունների սկզբից հայտարարել է, թե քրդական ուժերի կողմից նաև ԻՊ զինյալներ են կռվում, սակայն այդ կապակցությամբ առայսօր որևէ ապացույց չի ներկայացրել:


Հիշենք, որ Աֆրինի վրա Թուրքիայի բանակի հարձակումից հետո Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է այդ քաղաքի դեմ Թուրքիայի բանակի ռազմական գործողությունը և հայտարարել, որ Թուրքիան այդպիսով ոտնահարել է Սիրիայի ազգային ինքնիշխանությունը: Չնայած Աֆրինն արագորեն գրավելու, զինյալ քրդերից մաքրելու Էրդողանի հայտարարությանը, թուրքական բանակին և Թուրքիայի բազմակողմ աջակցությունն ունեցող, նրա կողմից կռվող «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինյալ խմբավորմանը դա դեռ չի հաջողվել, քանի որ քրդերը մեծ թիվ են կազմում և զինված լինելով ԱՄՆ-ի տված ժամանակակից զենքերով, լուրջ դիմադրություն են ցույց տալիս:
Փորձելով կատարել քրդերի հարցն արագորեն լուծելու վերաբերյալ թուրք հասարակությանն իր տված խոստումը (պատերազմի անցած ավելի քան 1 ամսում թուրքական կողմը, նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն, հարյուրավոր զոհեր է տվել, կորցրել թանկարժեք տեխնիկա, բացի այդ, պատերազմի յուրաքանչյուր օրը հսկայական ծախս է Թուրքիայի բյուջեի համար), Թուրքիայի բանակը, ըստ որոշ տեղեկությունների, անցել է քրդերի դեմ նապալմի, ինչպես նաև քիմիական զենքի կիրառման: Համենայն դեպս, այդ մասին հայտնել են քրդական աղբյուրները: Ըստ նրանց տեղեկացման, մարտագլխիկում թունավոր գազ պարունակող հրթիռներով իրականացված հարձակման պատճառով տուժել են Աֆրինում գտնվող Ալ-Մզեյնա գյուղի վեց բնակիչներ: Այդ մասին հայտնել է նաև ՏԱՍՍ-ը, որի հաղորդման համաձայն, տեղի հիվանդանոցի բժիշկ Ջոան Մուհամմադը հայտարարել է տուժածներից երկուսի վիճակի ծանր լինելու մասին: Աֆրինի հիվանդանոցի բժիշկների կարծիքով, թուրքական զորքերը քլոր են կիրառել։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից երկակի ստանդարտների կիրառման մասին է վկայում այն փաստը, որ նրանք չարձագանքեցին Թուրքիայի կողմից քրդերի նկատմամբ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ վերոնշյալ տեղեկությանը, չսպառնացին հարվածներ հասցնել Թուրքիային, ինչպես Սիրիայի նկատմամբ են վարվում: Մինչդեռ, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը անցյալ տարի ոչ թե սպառնաց, այլ շինծու պատրվակով, առանց Սիրիայի բանակի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցի, հրթիռային հարված հասցրեց Սիրիայի ռազմաօդային բազաներից մեկին, և այս տարի էլ է փորձում դարձյալ նույնաբնույթ շինծու մեղադրանքով հարվածել Սիրիային, համենայն դեպս, դրա համար քարոզչական, քաղաքական հենք է նախապատրաստում:


Քրդերը նեղն ընկնելով, իրենց զինուժի համեմատ Թուրքիայի բանակի անվիճելի գերազանցությունը գիտակցելով ու հասկանալով, որ, ուշ թե շուտ, կորցնելու են Աֆրինը, վերջերս Աֆրինի պաշտպանության համար օգնություն են խնդրել Սիրիայի իշխանություններից: Եվ սա` այն դեպքում, երբ մոտ 40 օր առաջ, մինչ Թուրքիայի հարձակումը, կտրականապես մերժել են Աֆրին նույն նպատակով Սիրիայի բանակի ստորաբաժանումներ մտցնելու վերաբերյալ պաշտոնական Դամասկոսի առաջարկը, հայտնել, որ չեն թույլատրի Սիրիայի բանակի մուտքն այնտեղ: Պատկերացնու՞մ եք` Սիրիայի տարածքում իրենց պետությունը հռչակելու անջատական գաղափարից (ամերիկյան ներշնչմամբ) այնքան էին կուրացել, որ Սիրիայի իշխանություններին ասել էին` չենք թույլատրում Սիրիայի բանակի մուտքն Աֆրին, կարծես թե Աֆրինն այլևս Սիրիայի տարածքում չէ: Սա նշանակում է հակադրվել իր իսկ երկրի տարածքում իր բանակային ուժերը տեղաբաշխելու պետության կամքին: Սիրիայի իշխանություններն իրենց զինծառայողների շրջանում ավելորդ զոհերից խուսափելու նպատակով, այն ժամանակ խելացի վարվեցին` Աֆրին զորք չուղարկելով ու քրդական ուժերին չբախվելով` այդ գործը թողնելով Թուրքիային` նախապես հավաստի տեղեկություն ունենալով, որ Սիրիայի տարածք է մտնելու և քրդերին իրենց տեղը դնելու համար դեպի Աֆրին է առաջանալու Թուրքիայի բանակը, որից հետո քրդերն իրենք են խնդրելու, որ Սիրիայի բանակը մտնի Աֆրին: Հենց այդպես էլ եղավ:
Վերջերս ԶԼՄ-ները հայտնել են, որ Աֆրինում գտնվող քրդական ջոկատները, որոնք նախկինում պայքարում էին Ասադի վարչակարգի դեմ, Սիրիայի կառավարության հետ համաձայնության են եկել` Աֆրինի տարածք Սիրիայի բանակի մուտք գործելու և թուրքական զինուժին դիմակայելու վերաբերյալ: Սիրիայի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Սիրիայի բանակի ու Սիրիայի ժողովրդական ջոկատների միջև այդ նպատակով պայմանավորվածության է ձեռք բերվել: Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը հղում կատարելով պաշտոնական որոշ աղբյուրների, հայտնել է, որ Սիրիայի բանակն այդ նպատակով մարտական պատրաստվածության է բերվել:


Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG) լրատվական հարցերով խորհրդական Ռիզան Հադուն օրերս ասել է. «Ողջունում եմ այն որոշումը, որ սիրիական բանակը Աֆրինը պաշտպանի Թուրքիայի հարձակումից, քրդական ստորաբաժանումները չեն կարող հետ պահել որևէ սիրիացու, որը կփորձի պաշտպանել Աֆրինը»:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, ինչպես տեղեկացրել է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, փետրվարի 19-ին հերքել է այն լուրերը, թե տեղի քրդական զինված ջոկատներին աջակցելու նպատակով Սիրիայի բանակը մտնելու է Աֆրինի շրջան:
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը,- ասել է նա:- Եթե նույնիսկ սիրիական լրատվամիջոցները նման լուր են տվել, իշխանություններն այն որևէ կերպ չեն հաստատել: Ըստ մեր անվտանգության ուժերի կողմից մեզ հասած տեղեկատվության, սիրիական կողմը որևէ ռազմական ուժ Աֆրին չի ուղարկել, դրա մասին խոսք չկա: Մեր հետախուզությունն ու անվտանգության ուժերն ուշի ուշով հետևում են այս լուրերին»:
Թուրքիայի փոխվարչապետը նաև հավելել է, որ եթե սիրիական բանակը մուտք գործի Աֆրին, «արդյունքը ծանր կլինի և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի, և՛ տարածաշրջանի համար»:
Իրադարձությունների նման զարգացման դեպքում տարածաշրջանի համար սպասվող արդյունքի ծանր լինելու վերաբերյալ Բեքիր Բոզդաղի ակնարկը շատ պարզ է. եթե Սիրիայի բանակը մուտք գործի Աֆրին ու բախվի թուրքական կողմի հետ, այն կարող է վերաճել երկու պետությունների միջև պատերազմի: Այդ պատերազմում, եթե չհաջողվի այն կանգնեցնել, Սիրիայի կողմից անխուսափելիորեն ներգրավվելու են Ռուսաստանը, Իրանը, Լիբանանի «Հըզբոլլահը», իսկ հակառակ կողմից, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը` ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակիցների հետ, հնարավոր է նաև` Իսրայելը: Թուրքիայի փոխվարչապետը դեռ նույնիսկ շատ համեստ է արտահայտվել, քանի որ նման բախումը ոչ թե ծանր, այլ շատ ծանր հետևանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար:
Բեքիր Բոզդաղից բացի, նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտարարել է, որ եթե Սիրիայի բանակը մտնի Աֆրին ու օգնի քրդական զինված ուժերին, թուրքական բանակը հակահարված կտա:


«Եթե Սիրիայի բանակը մտնի Աֆրին ու օգնի «Ժողովուրդների պաշտպանության ջոկատներին», որևէ մեկը չի կարողանա կանգնեցնել թուրքական ուժերին (Սիրիայի բանակին հարվածելու առումով- Ա. Հ.)»,- ասել է Չավուշօղլուն` ակնարկելով Ռուսաստանին և Իրանին:
Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարճ ժամանակ անց ճշտեց` Աֆրին մտնելու համար Սիրիայի բանակին չեն հարվածի, բայց եթե վերջինս փորձի պաշտպանել քրդերին, հաստատ հակահարված կստանա:
Թվում էր, թե ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը շատ լավ գիտակցում է նաև պաշտոնական Դամասկոսը, սակայն փետրվարի 20-ին տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են քրդաբնակ Աֆրինի շրջան: Այդ օրը Քրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) հայտարարել են, որ Սիրիայի կառավարությունն Աֆրին է ուղարկել զինվորական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվելով Թուրքիայի հետ սահմանին, պետք է հետ մղեն թուրքական բանակի հարձակումը: Սակայն, ըստ թուրքական աղբյուրների, ի պատասխան Սիրիայի կառավարամետ ուժերի այս քայլի, Թուրքիայի բանակն Աֆրինում նրանց ռմբակոծել է: Սիրիական ուժերը, թուրքական պետական «Անադոլու» գործակալության տեղեկացմամբ, նախազգուշացնող կրակոցներից հետո հետ են քաշվել:


Նույն գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի զինուժը հունվարի 21-ին շարունակել է օդային հարվածները Աֆրինում գտնվող քրդերի դիրքերին, իսկ Թուրքիայի կողմից քրդերի դեմ կռվող «Սիրիայի ազատ բանակի» անդամներին արդեն հաջողվել է ներխուժել Աֆրինի տարածք: Նկատենք, որ Աֆրին քաղաքի թեկուզ մասնակի գրավման վերաբերյալ այս տեղեկությունն անցած մոտ 1 շաբաթում այլ աղբյուրների կողմից իր հաստատումը չի ստացել:


«Հասկանալի է, որ PYD և YPG-ի («Դեմոկրատական միություն» կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների- Ա. Հ.) և ռեժիմի (Բաշար ալ Ասադի- Ա. Հ.) միջև համաձայնության վերաբերյալ լուրերը կրում են քարոզչական բնույթ,- փետրվարի 20-ի երեկոյան Թվիթերի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը:- Սակայն դա չի նշանակում, որ մութ, կեղտոտ գործարքներ չեն ընթանում: Բայց ով ինչ էլ անի, «Ձիթենու ճյուղը» պետք է շարունակվի և հասնի իր նպատակին»:
Ինքը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Աֆրին սիրիական ուժերի մուտքի վերաբերյալ նույն օրվա երեկոյան հայտարարել է, որ «Որոշ մերձկառավարական ուժեր (սիրիական.- Ա. Հ.) փորձել են մոտենալ սիրիական Աֆրինին, սակայն հրետակոծությունից հետո նահանջել են»:


Թուրքիայի նախագահը այնուհետև հայտարարել է. «Այժմ այդ հարցը փակված է: Մոտակա օրերին մենք կշրջապատենք Աֆրին քաղաքի կենտրոնը»:
Էրդողանի խոսքերով, այդ հաշվով (սիրիական բանակի` Աֆրին չմտնելու- Ա. Հ.) ինքն ունի պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փետրվարի 19-ին նրանք խոսել են հեռախոսով:
Այնուհանդերձ, «RT Arabic» հեռուստաընկերությունը փետրվարի 21-ի երեկոյան տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է մի քանի ջիպերով, «Սիրիայի ժողովուրդը միասնական է» կարգախոսով զինյալների մուտքը քաղաք: Մեքենաների վրա ծածանվել է Սիրիայի պետական դրոշը: Այդ ռեպորտաժում թղթակիցը հավաստել է, որ չնայած թուրքական բանակի բացած կրակին, մերձկառավարական ջոկատների մի մասին, այնուհանդերձ, հաջողվել է մտնել Աֆրին: Փետրվարի 21-ին այդ տեղեկությունը հաստատել է Աֆրինում քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչ Ռեյզան Հեդը:
«Էրդողանը, պարզվում է, ճանապարհային վատ ոստիկան է` հայտարարելով, թե ինքը կանգնեցրել է սիրիական ուժերի շարժումը, որոնք ուղևորվում էին Աֆրին,- «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ»-ին ասել է Ռեյզան Հեդը:- Այդ խոսքերը ճիշտ չեն` ուժերն արդեն Աֆրինում են»:
Ինչպես ակնհայտ է, Աֆրինում իրավիճակի վերաբերյալ թուրքական ու սիրիական աղբյուրների հայտնած տեղեկությունները խիստ հակասական են: Այնուհանդերձ, դատելով ամենից, Աֆրինում և Աֆրինի շուրջ իրավիճակն առաջիկայում է՛լ ավելի է թեժանալու: Քրդերն էլ են դա գիտակցում և դիմել են մի ուշագրավ քայլի: Շատ լավ հասկանալով, որ Աֆրինը գրավելուց հետո թուրքական բանակը շարժվելու է Հալեպի` քրդերի վերահսկողության ներքո գտնվող շրջաններ, գերակշիռ մեծամասնությամբ քրդերից բաղկացած և հակակառավարական խմբավորում հանդիսացող Սիրիայի դեմոկրատական ուժերը Սիրիայի կառավարության հետ համաձայնության գալուց հետո, փետրվարի 20-ից սկսել են նրան հանձնել Հալեպի հյուսիս-արևմուտքում գտնվող Շեյխ Մակսուդի, Աշրաֆիայի և Ալ Հեյդարիայի թաղամասերի վերահսկողությունը: Քրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) Սիրիայի կառավարությանն են փոխանցել նաև ալ-Խալյակ, Բաիդին, աշ-Շաֆիֆ և Շեյխ Հիդր շրջանների վերահսկողությունը, ինչի արդյունքում Սիրիայի կառավարությունն արդեն ամբողջական վերահսկողություն է ձեռք բերել Հալեպի նկատմամբ:


Հալեպն «Իսլամական պետությունից» և ահաբեկչական այլ կազմակերպություններից ազատագրելուց հետո, վերոնշյալ թաղամասերը գտնվում էին քրդական ուժերի վերահսկողության ներքո, բայց այժմ, հենց վերջիններիս համաձայնությամբ, Սիրիայի բանակին կապված ժողովրդական ուժերը Նեբել քաղաքի և Ալ-Զայար միջանցքի ճանապարհով մտել են նշված թաղամասեր: Քրդերը հիշյալ թաղամասերի վերահսկողությունից հրաժարվելով, այսպիսով հնարավորություն են ստացել այնտեղից իրենց զինուժը հանելու և փետրվարի 22-ին ուղարկելու Աֆրին` այնտեղ գտնվող ու թուրքական կողմին դեռ դիմակայող իրենց ազգակիցներին օգնելու նպատակով: Նույն օրը երեկոյան Թուրքիայի զինուժը հարվածել է (որոշ տեղեկությունների համաձայն, ռմբակոծել է, ըստ այլ տեղեկությունների, հարվածել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակած արկերով) Աֆրին մեկնող, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, 30-40 մեքենայից բաղկացած քրդական շարասյունը:
Ըստ արաբագետ Սարգիս Գրիգորյանի, կարելի է փաստել, որ սիրիական դրոշն արդեն ծածանվում է Աֆրինում։ Արաբագետը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ասել է նաև.
«Դամասկոսը որոշեց մտնել Աֆրին, իսկ քրդերը իրենց կողքին ընդունեցին սիրիական զորքերին, որ ընդհանուր ճակատ ստեղծեն Թուրքիայի դեմ: Եթե թուրքերը որոշեն առաջ շարժվել, ապա բախումներ կլինեն, որոնք այլևս տեղային չեն լինի, այլ կլինեն բախումներ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ