«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Սայլի միայն 4-րդ անիվը փոխելով սայլի արագությունը չի մեծանա»

«Սայլի միայն 4-րդ անիվը փոխելով սայլի արագությունը չի մեծանա»
27.02.2018 | 12:59

Երկրում ընթացող բարեփոխումների հաջորդ կայարանն այս անգամ առողջապահության նախարարությունն է:
Ինչպես արդեն հայտնի է, մարտ ամսից մինչև հոկտեմբեր շուրջ 2700 անուն դեղորայք դեղատնից հնարավոր է գնել բացառապես բժշկի, տված դեղատոմսով: Առողջապահության նախարարության հավաստմամբ` այս «քայլը միտված է ոչ միայն ինքնաբուժումը բացառելուն, այլև բժիշկ-պացիենտ-դեղատան աշխատակից փոխհարաբերություններում պատասխանատվությունը ավելացնելուն»:


Կառավարության որոշմամբ դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը փոխվում են: Այսուհետ դեղատոմսի վրա պետք է գրվի դեղի ամբողջական անունը, քիմիական բաղադրությունը, բժիշկը պարտավոր է լրացնել այդ դեղատոմսի բոլոր կետերը: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվելու է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս: Ի դեպ, «Դեղերի մասին»օրենքը հստակ պատասխանատվություն և պատժամիջոցներ է նախատեսում սահմանված դրույթները չկատարելու և դրանք խախտելու դեպքերում։

ԱՐՁԱԳԱՆՔԸ
Առհասարակ, կառավարության կողմից այս կամ այն ոլորտում փոփոխություններն իրականացվում են այնքան անսպասելի և կարճ ժամանակահատվածում, որ հասարակությանն ու տվյալ ոլորտի մասնագետներին մնում է ենթադրություններով ու գլուխկոտրուկներով պարզել, թե կառավարության ուզածն ինչ է:
Վերջինիս մոտ սովորություն է ձևավորվել օրենքն ընդունել և նոր միայն քննարկել ու բացատրել, որ այն իբրև արվում է հանրության սոցիալական վիճակը, առողջությունը, սպասարկումը բարելավելու նպատակով:
Տասնամյակներ շարունակ դեղերը դեղատնից դուրս են գրվել դեղատոմսով, պարզապես անվերահսկողության պատճառով գործընթացն իր «շավղից» դուրս է սայթաքել, ու դեղատնից վաճառքն իրականացվել է տնավարի, ով երբ, որ պահին և որքան ցանկացել գնել է, շատ հաճախ առանց բժշկի ցուցումի, հետազոտման և դեղատոմսի: Ժամանակը ցույց կտա, թե որն է այս հապշտապ որոշման նպատակը, կամ որչափով է Հայաստանը պատրաստ լիովին կիրառելու դեղատոմսով դեղերի բացթողման միջազգային փորձը:

Նոր ընթացակարգի վերաբերյալ «Իրատեսը» ցանկացավ լսել ոլորտի մասնագետների կարծիքները:


«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» դեղագործական ընկերության տնօրեն ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ համոզմամբ` բնակչության շրջանում սովորություն դարձած ինքնաբուժումը բացառելու նպատակով դեղորայքի որոշ խմբեր պետք է ձեռք բերվեն դեղատոմսով:
-Առողջապահության նախարարության ընդունած դեղորայքի ձեռքբերման այս նոր կարգը թեև անհրաժեշտ էր, այնուհանդերձ դրան նախապատրաստվել էր պետք: Խոսքը հաստատագրված դեղատոմսերի ձևերի մասին է: Դեղատոմսը ձեռք բերելու համար հիվանդներն անպայման պետք է այցելեն բուժհաստատություն, ինչը լրացուցիչ ժամանակ և ծախսեր պահանջող գործընթաց է: Սկզբնական շրջանում, բնականաբար, խառնաշփոթություն կլինի, սակայն, եթե ուզում ենք, որ երկրում ինչ-որ բան փոխվի, հարկավոր է քայլ անել: Ցավոք, հայկական մենթալիտետի համաձայն մինչև վերջին օրը ոչինչ չի արվում, ոչինչ հայտնի չի լինում, մինչդեռ փոփոխություններին պետք է պատրաստ լինել վաղօրոք,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Լևոն Հակոբյանը:
Թեև «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ընկերության տնօրենը չհերքեց այն փաստը, որ այս գործընթացը կվնասի նաև դեղատնային բիզնեսին, քանի որ զգալիորեն կնվազի բնակիչների հոսքը դեղատուն, այնուհանդերձ, նա կարծում է, որ հետզհետե իրավիճակը կկայունանա. «Ջուրը մի տեղ որ կուտակվում է, հետո աստիճանաբար իր համար ճանապարհ է գտնում, շարժվում է առաջ, կարծում եմ, այս դեպքում էլ նույնը կլինի»:


Պարոն Հակոբյանը կարևորում է նաև բժշկական անձնական ապահովագրական համակարգի ներդրումը, նշելով, որ թեև այն կնպաստի հիվանդության կանխարգելմանը, այնուհանդերձ այդ գործընթացը նույնպես դժվար ընթացք կունենա, քանի որ սոցիալական ծանր վիճակի ու ցածր աշխատավարձի պայմաններում քաղաքացին չի կարող իր աշխատավարձից մի որոշ գումար հատկացնել բժշկական անձնական ապահովագրությանը:
Բժիշկ-պացիենտ-դեղատան աշխատակից փոխհարաբերությունները հստակեցնելու առողջապահության նախարարության քայլը դրական է համարում նաև Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն, մարզի գլխավոր հոգեբույժ ԳԱՅԱՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԸ:


-Առողջապահական ծառայությունում դեղատոմսերը միշտ կիրառվել և կիրառվում են, քանի որ դեղերի զգալի մասը դեղատոմսով է, ուստի այս ամենը նորություն չէ մեզ համար: Որպես առողջապահության ոլորտի աշխատող և որպես բժիշկ, այնուհանդերձ, ես կարծում եմ, որ թե բժշկի, թե բնակչի համար դեղատոմսով դեղ գնելու պարտադրանքը տեղին և դրական քայլ է, քանի որ ոլորտը կանոնակարգվում է, այն կնպաստի բժշկի, դեղատան աշխատողի աշխատանքի որակի բարձրացմանը, քաղաքացու մեջ կձևավորվի բժշկին դիմելու մշակույթ: Թեև մեր տարեցները պարտաճանաչ են բժշկին դիմելու հարցում, քանի որ այդ տարիքում նրանց մոտ հաճախ են առաջանում առողջության հետ կապված խնդիրներ: Բժիշկների աշխատանքի ծանրաբեռնվածության առումով նույնպես խնդիրներ կստեղծվեն: Սակայն հայտնի ճշմարտություն է, որ դրական և առաջադեմ քայլերի իրականացման ճանապարհին խնդիրներն անպակաս են: Եկեք հիշենք, թե ավտոմեքենայի ամրագոտին կիրառելու անհրաժեշտ պայմանը ինչ դժգոհությամբ ընդունեցին վարորդները, իսկ մի՞թե անվտանգության առումով դա ճիշտ չէր: Կամ հիշենք բանկային քարտերի ներդրման ընթացքը: Համոզված եմ, որ այս քայլը շատ դրական ազդեցություն կունենա առողջապահության ճշգրիտ վիճակագրության վրա, քանի որ դեղատոմսերի վերահսկողությունը կլեգալացնի այս ոլորտի վիճակագրությունը, մենք ավելի հավաստի տվյալներ կունենանք ազգաբնակչության առողջական վիճակի մասին,- ասաց տիկին Քալանթարյանը:

Նա վստահ է, որ այս բարեփոխման շնորհիվ բուժօգնությունը որակապես կբարելավվի, բժիշկը պատասխանատվություն կկրի իր նշանակած դեղի համար: Շատ հաճախ բժիշկը հեռախոսազանգով կամ թղթի կտորի վրա գրում է որևէ դեղի անուն, որը հաճախ չի ամրագրվում ամբուլատոր քարտում կամ հիվանդության պատմագրում, արդյունքում ստեղծվում է անվերահսկելի վիճակ: Տիկին Քալանթարյանի փոխանցմամբ բնակիչների հիմնական մտահոգությունն այն է, որ դեղատոմս գրելը կդառնա վճարովի:
-Ես չեմ կարծում, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան: Օրենքը տարածվում է բոլոր դեղատների վրա՝ մեծ, թե փոքր, և բոլորն էլ վերահսկվելու են, այնպես որ նման բան բացառում եմ: Բացի այդ, բոլոր դեղատները ներառվելու են էլեկտրոնային համակարգում, մտահոգվելու հարկ չկա,- ասաց տիկին Քալանթարյանը:


Իսկ առաջնային բուժօգնության օղակ համարվող պոլիկլինիկաները, որոնց ծառայությանը դիմում է բնակչության 60-65 %-ը, որքանո՞վ են պատրաստ աշխատանքային նոր ռիթմին, քանի որ կամա թե ակամա հայտնվելու են հիվանդների հոսքի ավելացման, հերթերի ու դրանից բխող դժգոհությունների քաոսում:
Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն ԱՆՆԱ ՍԻՍՈՅԱՆԻ խոսքով` դեղատոմսով դեղ դուրս գրելը պոլիկլինիկայի բժշկի առօրյա աշխատանքի մի մասն է:
-Անկասկած ճիշտ է, որ հիվանդը դեղը պետք է ստանա դեղատոմսով, այլ հարց է, որ մեզ մոտ կա ձևավորված կարծրատիպ, հիվանդն առանց դեղատոմսի ցանկացած ժամանակ դեղատնից ինքնաբուժման նպատակով գնում է իրեն անհրաժեշտ դեղորայքը: Այս խնդիրն այսուհետ կկանոնակարգվի, քանի որ դեղատնից առանց դեղատոմսի շատ քիչ դեղեր դուրս կգրվեն: Այլ հարց է, թե այս բարեփոխումը ինչ դժվարություններ կստեղծի: Բժշկի աշխատանքի ծանրաբեռնվածությունը կմեծանա, քանի որ նոր կարգի համաձայն նա պետք է ուսումնասիրի դեղերի ծավալուն ցանկը, գտնի հիվանդին անհրաժեշտ դեղը և մանրակրկիտ լրացնի դեղատոմսը: Դա աշխատատար գործընթաց է, որի ընթացքում, անշուշտ, հերթեր կգոյանան, այցելուները կդժգոհեն բժշկի աշխատանքից, պատճառաբանելով, թե նա դանդաղ է աշխատում: Եթե դրան էլ հավելենք այս կամ այն բժշկի մոտ հետազոտվելու պարտադրանքը, ապա բողոքներն անպակաս կլինեն: Իմ մտավախությունն այն է, որ ավելանալու է բժշկի աշխատանքի ծանրաբեռնվածությունը: Եթե բոլոր օղակներն աշխատեն օրենքի պահանջով, կարծում եմ, գաղափարը գործող տարբերակ է, և կցանկանայի, որ այն ընթանար անցնցում,- ասում է տիկին Սիսոյանը:

Անդրադառնալով առողջապահական միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությանը` տիկին Սիսոյանը նշեց, որ նախ և առաջ այն ենթադրում է տեխնիկական հագեցվածություն: Այսինքն, ցանկացած բժիշկ իր սեղանին պետք է ունենա համակարգիչ (ինչն այսօր բացակայում է- հեղ.), որով հիվանդի նշանակումներն ուղարկելու է դեղատուն, որտեղից էլ հիվանդը կստանա անհրաժեշտ դեղորայքը: Այսպիսով, կմեծանա բժշկի պատասխանատվությունն իր նշանակած դեղի հանդեպ, իսկ ոլորտի վերահսկողության արդյունքում կբացառվի դեղատան աշխատողի կողմից բժշկի նշանակած դեղորայքը մեկ այլ դեղով փոխարինելու անընդունելի երևույթը:
Տիկին Սիսոյանի խոսքով, դեղատոմս գրելու իրավունք ունեն ինչպես պոլիկլինիկայի, այնպես էլ ստացիոնար և շտապօգնության ծառայությունների բժիշկները, սակայն խնդիրն այն է, որ նրանք դեղերը գրում են ոչ թե դեղատոմսի համար նախատեսված թերթիկի, այլ սովորական թղթի վրա, իսկ հիվանդն այդ թուղթը ներկայացնելով տեղամասային բժշկին, ցանկանում է, որ վերջինս դրա հիման վրա իրեն դեղատոմս գրի, ինչից տեղամասային բժիշկը, բնականաբար, կհրաժարվի: Այս իրավիճակը ևս կանոնակարգման կարիք ունի:
-Կարծում եմ` խուճապի մատնվելու կարիք չկա: Ինչ վերաբերում է մեր պոլիկլինիկային, ապա այն շուրջ 40000 քաղաքացիների բարձրակարգ սպասարկման համար ապահովված է ինչպես որակյալ բուժանձնակազմով, այնպես էլ անհրաժեշտ սարքավորումներով,- հավելեց տիկին Սիսոյանը:

ԼԱՎ ԳՈՐԾԻ ՊԱՐԳԵՎԸ ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ Է
Բժիշկները սիրում են կրկնել՝ ավելի լավ է կանխել հիվանդությունը, քան բուժել: Այդպես է մտածում նաև քաղաքացին:
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հայտարարել է, որ եթե նախկինում իրենք չունեին դեղերի բացթողման վերահսկողական մեխանիզմներ, ապա արդեն սահմանված են ոլորտը վերահսկող որոշակի գործառույթներ: Կարելի է ենթադրել, որ առողջապահության նախարարությունը չի հետևում բժշկի կարգախոսին, թողնում է ոլորտում հիվանդությունը խորանա, հետո միայն մտածում այն բուժելու մասին: Փաստորեն, ոլորտում նախարարները հաջորդել են միմյանց առանց դեղերի բացթողման վերահսկողական մեխանիզմներ կիրառելու, կամ չեն մտածել դրա մասին, կամ չեն ցանկացել վերահսկել: Անվերահսկողությունը հանգեցրել է բնակչի մեջ «կարծրատիպերի» առաջացմանը, որն անվանում են ինքնաբուժում, և որը կարելի էր կանխել ոլորտի խիստ և հետևողական վերահսկման արդյունքում:


Ինքնաբուժմամբ զբաղվելն իրոք սխալ է, վտանգներով լի: Իսկ ինչու՞ է հիվանդը հաճախ խուսափում բուժհաստատության ծառայությունից, ինչու՞ է թողնում, որ «դանակը ոսկորին հասնի», նոր միայն դիմի բժշկին, կամ ինչո՞ւ են ասում «թշնամիս հիվանդանոցի դուռը չընկնի»: Որովհետև չունևոր հիվանդի գրպանի պարունակության և բուժսպասարկման (հատկապես հիվանդանոցներում) բարձր գներն անհամատեղելի են, և զարմանալի չէ, որ նվազագույն կամ միջին աշխատավարձ ստացող պացիենտը գերադասում է զբաղվել ինքնաբուժմամբ: Գուցե այստեղի՞ց սկսել: Եվ հետո մտածել բժշկի աշխատավարձի բարձրացման մասին, այլ ոչ թե քնաթաթախ ընդունած օրենքներով նպաստեն միայն դատավոր-դատախազի կամ պատգամավորի աշխատավարձերի ու կենսաթոշակների բարգավաճմանը:


-Եթե բժիշկը տեղյակ է, որ Ֆինլանդիայում իր կոլեգան ստանում է 5000 եվրո աշխատավարձ, իսկ Շվեդիայում՝ 8000 եվրո, ապա իր տնտեսական հնարավորություններով սահմանափակ ու աղքատ Հայաստանում բժիշկը, անկախ Հիպոկրատի հանդեպ տածած հարգանքից ու սիրուց, կթերանա իր աշխատանքում, ծառայության համար կպահանջի գումար, մտերիմների համար կամ թե իր պաշտոնավոր հիվանդի զանգով կգրի դեղատոմս: Ոլորտում այնքան խոր և չլուծված խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում, այնպես որ սայլի միայն 4-րդ անիվը փոխելով սայլի արագությունը չի մեծանա, բա մյու՞ս անիվները,- ասաց իմ իրատես ծանոթներից մեկը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ