Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երազում է սեփական միջոցներով Երևանում ստեղծել իր թանգարանը

Երազում է սեփական միջոցներով Երևանում ստեղծել իր թանգարանը
27.02.2018 | 13:10

ՆԻԿՈՂԱՅՈՍ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ հայ ազգային կերպարվեստի նշանավոր դեմքերից է, ճակատագրի քմահաճույքով ապրում է Մոսկվայում։ Եվ ճակատագիրը, որքան քմահաճ գտնվեց նրա նկատմամբ, նույնքան էլ լի էր բարեհաճությամբ, քանի որ լայն ճանապարհ բացեց նրա առաջ։ Նիկողոսյանը մի դիպվածի պատճառով ուղևորվում է Լենինգրադ, ընդունվում է «Հյուսիսային Վենետիկի» գեղարվեստի ակադեմիան և հեռացվում է` համակուրսեցուն ապտակելու համար։ Ճանապարհը մեկն էր` վերադարձ հայրենիք։ Այստեղ աշխատում է օրնիբուն, հղկում է վարպետությունը և 1944-ին ներկայանում է ցուցահանդեսի` Մոսկվայում։ Ներկայանում է` արժանանալով նշանավոր քանդակագործ Ալեքսանդր Մատվեևի ուշադրությանը։ Տպավորությունն այնքան մեծ էր, որ Մատվեևի երաշխավորությամբ Նիկողոսյանն ընդունվում է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտի 5-րդ կուրս։ Այսպիսով, Նիկողայոս Նիկողոսյանը բարձրագույն գեղարվեստական հաստատությունում սովորում է 3 տարի, ընդունվում է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան, ավարտում է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը` հաճախելով Մատվեևի արվեստանոց։


Նրա աշխատանքներից հայ հանրությանը քաջ հայտնի են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի և Վահան Տերյանի հուշարձանները (վերջինս տեղադրված է Երևանի Հարավարևմտյան զանգվածում), Ավետիք Իսահակյանի արձանը Գյումրիում և այլն։ Մոսկվան ևս քաջածանոթ է այս վարպետի գործերին։ Ի մասնավորի, «ԹՏրրՑՈվՌպ» հրապարակում տեղադրված խորհրդային կնոջ քանդակը, որը կոտրել էր այն տարիներին իշխող «խստաշունչ ռեալիզմի» կաղապարները, լի է քնարականությամբ։ Նիկողոսյանը միաժամանակ դիմաքանդակի փայլուն և ինքնատիպ վարպետ է, գնահատված ինչպես Մոսկվայում և Պետերբուրգում, այնպես էլ հայրենիքում։

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչն ու ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիրն այսօր էլ իր փառահեղ արվեստանոցում է, որը ճանաչված է Ռուսաստանի մայրաքաղաքի արվեստասերների և հյուրերի շրջանում։ Նրա 100-ամյակը լրանում է 2018-ի դեկտեմբերի 2-ին։ Տրետյակովյան պատկերասրահում մարտի 2-ից ապրիլի 22-ը կկայանա նրա աշխատանքների ցուցադրությունը, որտեղ ներկայացվելու են ոչ միայն քանդակներ, այլև դիմանկարներ, ինքնանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, գրաֆիկական թերթեր։ 2017-ին Նիկողայոս Նիկողոսյանը, ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանի առաջարկով, դառնում է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ։ Վարպետի երազանքը Հայաստան այցելելն է և իր ստեղծագործությունների մի ստվար մասը հայրենիքին նվիրելը։ Երազում է նաև սեփական միջոցներով Երևանում ստեղծել իր թանգարանը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ