Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ստեղծագործող մարդը ինչ-որ տեղ նաև մարգարե է»

«Ստեղծագործող մարդը ինչ-որ տեղ նաև մարգարե է»
27.02.2018 | 13:14

Զրուցակիցս ավագ սերնդի նկարիչ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՍԱՀԱԿՅԱՆՆ է, որի նկարները գտնվում են, ի մասնավորի, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում և Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում:

-Ձեր վերջին աշխատանքների մասին խոսենք. ի՞նչ եք նկարել և ինչպե՞ս եք նկարել:
-Փետրվարին գրեթե չեմ աշխատել, պատրաստվում եմ աչքս վիրահատելու: Ժամանակավոր ստեղծագործական պարապուրդի մեջ եմ, սակայն հունվարին լիարժեք եմ աշխատել, շուրջ 30 գրաֆիկական գործ եմ արել, որոնցից մի քանիսը հետաքրքիր են ստացվել: Հիմա սպասում եմ, թե երբ կվերադառնամ արվեստանոց: Շատ եմ կարոտել ու համոզված եմ, որ այս անսպասելի դադարը նպաստելու է նոր նկարներ ստեղծելուն:
-Այսինքն, ծնունդին նպաստել է հղացման շրջա՞նը:
-Իհարկե: Կարող եմ մի գաղտնիք էլ բացել. այժմ պատրաստվում եմ մեծ ճակատամարտի, «հակառակորդներս» են կտավը, ստվարաթուղթը, վրձինն ու ներկը: Առհասարակ նկարելը, ստեղծագործելը նաև պայքար է, պայքարում ես, որ չդոփես տեղում, չնահանջես, ձգտես լավագույնին: Մի խոսքով, շատ հետաքրքիր բաներ են սպասվում, շատ են մտահղացումներս:
-Ձեր ստեղծագործությունները դյուրընկալելի չեն, պահանջում են ժամանակ և որոնում: Ովքե՞ր են Ձեր արվեստը գնահատողները:
-Ճիշտ եք, իմ գործերը դիտողը մի հայացքով դրանց իմաստը, ասելիքը չի ընկալի: Ես իմ աշխատանքը գնահատողին գիտեմ վաղուց, նրանք են, ովքեր երկու, երեք անգամ են ցուցահանդես այցելում և վերանայում նկարները: Աշխատելիս փորձում եմ այնպիսի բան ստեղծել, որ կարողանամ, այսպես ասած, «դիտողին բռնել», պահել նկարի մոտ, նրան մտածելու հնարավորություն ընձեռել:
-Այսինքն` աշխարհը Ձեր աչքերով եք արվեստասերին հասանելի դարձնում:
-Անպայման: Շատ կարևոր է, որ արվեստասերի մեջ հարցեր առաջանան, նա փորձի կռահել, թե նկարիչն ինչ է կամեցել իրեն ասել:
-Ստեղծագործող անհատը, այս պարագայում՝ կերպարվեստագետը, հաճախ է իր կտավներում խնդիրներ արծարծում, որոնք հասարակության առջև են ծառանում տարիներ հետո:
-Այո, նկարիչը, ստեղծագործող մարդը ինչ-որ տեղ նաև մարգարե է: Նա պիտի հաղթի իր ճակատամարտում, ահազանգ հնչեցնի, նախապատրաստի մարդկանց:

«ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ ԵՄ, ՍԱԿԱՅՆ ՓՆՏՐԵԼ ԵՎ ԳՏԵԼ ԵՄ ՍԵՓԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՍ»


-Երբվանի՞ց եք կերպարվեստում:
-Գուցե նշեմ 1952 թվականը, երբ ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Սովորեցի գունանկարի բաժնում, հիանալի մանկավարժների ձեռքի տակ, ինձ դասավանդել են Անժելա Սարգսյանը, Վերգինե Հայրապետյանը, Վարդգես Ստեփանյանը, Անատոլի Պապյանը: Նրանք ինձ շատ բան տվեցին, անչափ հարստացրին գիտելիքներս: Անատոլի Պապյանը շատ լավ նկարիչ էր, նրա ազդեցությունը, իհարկե, կրել եմ, սակայն փնտրել և գտել եմ սեփական ճանապարհս: 1957-1963 թթ. սովորել եմ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Իմ և շատերի բախտը բերել է, քանզի մեզ դասավանդում էին Արփենիկ Նալբանդյանը, Հմայակ Ավետիսյանը, Արա Բեքարյանը, Մանուկ Հովսեփյանը, իսկ դիպլոմային աշխատանքիս ղեկավարը Էդուարդ Իսաբեկյանն էր: Նրանց շատ եմ պարտական: Կյանքը կերպարվեստում առհասարակ շատ հետաքրքիր է: 1970-ից Հայաստանի նկարիչների միության անդամ եմ և մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Երևանում, այնպես էլ Խորհրդային Միությունում և արտասահմանյան երկրներում:
-Այսինքն, խորհրդային տարիներին հայ նկարիչը բնավ կաշկանդված չէր, կարող էր ազատ շրջագայել, մասնակցել ամենատարբեր ցուցահանդեսների:
-Իհարկե: Ինձ համար հատկապես հիշարժան է հարավսլավական ճամփորդությունս: 1976-ին ես և եղբայրս՝ Վլադիմիր Սահակյանը` Հայաստանից, ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից այլ նկարիչներ ժամանեցին, և մի մեծ խմբով Մոսկվայից մեկնեցինք Բելգրադ: Եղանք Սպլիտ և Դուբրովնիկ քաղաքներում, նկարում էինք և հաշվետու ցուցահանդեսով ներկայացանք Բելգրադի սովետական մշակույթի տանը: Իսկ երկու տարի անց նույն քաղաքում և նույն մշակութային տանը բացվեց իմ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ հարավսլավական թեմաներով, որոնք ես ստեղծել էի՝ շրջելով այդ երկրի քաղաքներում, նկարելով քաղաքային տեսարաններ: Անմոռանալի էր Դուբրովնիկ քաղաքն իր անկրկնելի կառույցներով, նկարագրով: Առհասարակ, հայ նկարիչները ամենատարբեր երկրներում և քաղաքներում մասնակցում էին ցուցահանդեսների, տարբեր ստեղծագործական հավաքների: Ինքս անհատական ցուցահանդեսներ եմ բացել Մոսկվայի «Բարեկամության տանը», Դոնեցկի պետական թանգարանում, Մարիուպոլի պետական պատկերասրահում և, վերջապես, Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի պատկերասրահում: Այս ամենը՝ պետական հովանավորությամբ: Ստեղծագործական գործուղումները ևս մշտական էին: Եղել եմ Կոլա թերակղզում և ՈՒզբեկստանում:
-Ցավալի, անգամ ամոթալի է այս մասին խոսելը, բայց խորհրդային տարիներին հայ նկարիչները, ի տարբերություն ներկա ժամանակի, գտնվում էին պետական համակարգի հոգածության ներքո:
-Մեր ցուցահանդեսների նկարները պարբերաբար գնում էին, հանրապետական ցուցահանդեսներում նկարիչների հետ պայմանագրեր էին կնքվում, նկարիչը սոցիալապես ապահով էր, զբաղվում էր ստեղծագործական աշխատանքով: Ռուսաստանից, օրինակ, պատվերներ էին բերում, ջրաներկով թեմատիկ աշխատանքներ էինք կատարում «լիստերի» վրա (նկարչական հասկացություն է, նշանակում է թերթեր), յուրաքանչյուրի համար ստանում էինք 800 ռուբլի: Եվ սա եզակի դեպք չէր:
-Զարմանալի երկիր էր ԽՍՀՄ-ը, այնտեղ բարեկեցիկ ապրում էին խիստ օրինապաշտ մարդիկ, արվեստի, գիտության և մշակույթի ներկայացուցիչները և... օրինախախտները, օրինակ, պահեստապետները, աշխղեկները, կոլտնտեսային ֆերմաների վարիչները և այլն: Այժմ նկարիչը, այս դեպքում Դուք, ինչպե՞ս է ապրում:
-Ցուցահանդեսների մասնակցելով: Բայց գնումներ չկան ո՛չ պետության, ո՛չ էլ անհատների կողմից: Դեպքից դեպք կարող են բախել արվեստանոցիդ դուռը և մի նկար գնել: Այնուամենայնիվ, նկարիչը գործ է ստեղծում, ստեղծագործում է, անկախ այն բանից, կգնե՞ն նրա նկարները, թե՞ ոչ, քանի որ նկարելը նրա էությունն է: Հետաքրքիր է, որ ցուրտ ու մութ տարիներին շատ գործեր էինք վաճառում: Հիմա քարացած վիճակ է:
-Հնարավոր չէ՞, որ կառավարությունը հայ կերպարվեստը պարբերաբար ներկայացնի միջազգային ցուցահանդեսներում, վաճառի նկարներն ու քանդակները, հանրահռչակի հայկական մշակույթը՝ ի դեմս մեր ազգային կերպարվեստի, նյութապես ապահովի նկարչին, շահի նաև ինքը թե՛ բարոյապես, թե՛ նյութապես:
-Ինչու՞ չէ, մենք այսօր շատ լավ նկարիչներ ունենք: Ամեն մեկը մի աշխարհ է, անհատականություն է: Ես լավատես եմ և համոզված եմ, որ ամեն բան լավ է լինելու: Ի դեպ, 2020-ին լրանում է 85 տարիս, և ես պատրաստվում եմ հոբելյանական ցուցահանդեսի: Սա մի՞թե լավատեսության նշան չէ:
-Վերջին, արկածախնդրական հարցս. Ձեզ հաճախ եմ տեսնում միությունում անցկացվող ցուցահանդեսներում: Երբ ցուցասրահ եք մտնում, ո՞ր նկարչի գործն եք փնտրում:
-Բարդ հարց է, բայց հետաքրքիր: Շատերին եմ հավանում, շատերին եմ փնտրում: Բայց նշեմ երեք անուն. փնտրում եմ քանդակագործ Հրանտ Հովսեփյանի, գեղանկարիչ Տիգրան Բաղդասարյանի, Զոհրաբ Միրզոյանի ստեղծագործությունները:

Զրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
  • Սփոփանք. Կարեկցում. 2014 թ.
Դիտվել է՝ 3682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ